Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 13.12.2018, 00:15
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1523
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Ноябрь » 4 » ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ - 135
14:11
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ - 135

Արամ Մանուկյան – 135
ՈԳԵԿՈՉՈՒՄ–ՀԱՄԵՐԳ

2014 թ–ի հոկտեմբերի 29-ին, «ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամը, հայ պետական, քաղաքական, ռազմական գործիչ Արամ Մանուկյանի 135–ամյակի առթիվ, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում կազմակերպեց «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ 135 . ՈԳԵԿՈՉՈՒՄ–ՀԱՄԵՐԳ» միջոցառումը:

Համերգասրահի դահլիճի կամարների տակ առաջին անգամ հնչեց բեյրութցի երգիչ Րաֆֆի Հալեպլեանի «Արամ Մանուկյան» երգը /ձայնագրվել է 2010 թ–ին/:

Համերգավարներ Լուսինե Համբարյանը և Աշխեն Մելքումյանը բացեցին միջոցառումը:

Միջոցառումը Տերունական աղոթքով օրհնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը:

Արամ Մանուկյանին նվիրված զեկուցումով հանդես եկավ «Զորավար» հիմնադրամի տնօրեն, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն, պատմաբան Տիգրան Պետրոսյանցը:

Համերգային բաժնը սկսվեց Տիգրան ՊետրոսՅանցի «Արամ Մանուկյան» բանաստեղծությամբ, որը ներկայացրեցին Լուսինե Համբարյանը և հեղինակը:

Ելույթ ունեցան հայրենասիրական երգերի կատարող Սահակ Սահակյանը /«Գինի լից»/, Հայաստանի Հանրապետության ոստիկանության մշակույթի կենտրոնի մանկական երգչախումբը /«Ոստիկանություն»/ և «Նկարագիր» պարախումբը /«Հրեշտակներ»/, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը /«Հառաչանք», «Արամի երգը», «Արծիվ սլացիր»/, «Կարին» երգի-պարի ավանդական խումբը /«Շատախի ռազմապար», «Յարխուշտա»/, «Վան» ավանդական երգի-պարի համույթը /«Դեպի Վան»/, Արսեն Համբարյան /«Ձայն մը հնչեց», «Հաղթականչ»/, Գոռ Մեծոյանը /«Տարեք, կռունկներ, մեր փափագը մըր Էրգիր», «Էրգրիս հողը»/, Տաթև Պիչոյանը և Անի Մելքոնյանը /«Վերադարձ», «Օրոր»/, Տաթևիկ Այվազյանը /«Հայաստան աշխարհ»/, Տիգրանուհի Արմենակյանը /«Կիլիկիա», «Թռչեի մտքով տուն»/, Լիլիթ Համբարձումյանը /«Հայաստան» /հեղինակ` Լիլիթ Համբարձումյանի/, «Հայաստան» /հեղինակ` Գուսան Ոսկեհատ/, Լուսինե Տոնոյանը /«Հայաստան», «Մենք ենք, մեր սարերը»/, Վարդան Գալստյանը /«Քաջ զինվոր», խոսք՝ Աշոտ Գալստյանի, երաժշտություն՝ Վարդան Գալստյանի/:

Համերգն ավարտվեց «ԶՈՐԱՎԱՐ» երգի հնչյունների տակ /խոսք՝ Տիգրան ՊետրոսՅանցի, երաժշտություն՝ Լիլիթ Համբարձումյանի/:

ԽՈՍՔ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ
/29 հոկտեմբերի 2014 թ., Երևան, Արամ Խաչատրյան համերգասրահ/

Տիգրան ՊետրոսՅանց
«Զորավար» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն

Տիկնայք և պարոնայք
Պարոնայք սպաներ և կուրսանտներ
Հայրենակիցներ

Արամ Մանուկյանը դարձել է կամ դառնում է 135 տարեկան: Մինչև հիմա ստույգ հայտնի էր նրա ծննդյան տարին 1879 թվականը:
Մինչ մեր օրերը ընդունված էր ասել, որ նա ծնվել է Սյունիքի Դավիթ Բեկ գյուղում:
Սակայն պատմաբան Արմեն Ասրյանն ապացուցում է, որ Արամ Մանուկյանը ծնվել է 1879 թվականի մարտի 19–ին Շուշի քաղաքում:
Անվերապահ է, որ Արամ Մանուկյանի ծնողները Սյունիքի Դավիթ Բեկ գյուղից են: Գյուղում պահպանվել է նրանց միհարկանի տունը և տնից ոչ հեռու գտվող հայրական դարբնոցը:
Դավիթ Բեկ գյուղում կամ Շուշի քաղաքում Արամ Մանուկյանի ծնվելու հանգամանքը որևէ բանով չէր փոխելու այն կյանքը, որ ապրեց Արամ Մանուկյանը: Ի վերջո, նա հայոց պատմության կարևորագույն դեմքերից մեկն է և հավասարապես կարող է լինել թե այսօր վիճելի բնակավայրերի` Դավիթ Բեկ գյուղի կամ Շուշի քաղաքի ծնունդ, թե երևանցի, որտեղ ավարտել է թեմական դպրոցը, ապա` վերակերտել Հայոց պետականությունը, թե կարսեցի, որտեղ կայացել է որպես հեղափոխական ու գաղափարական գործիչ, թե վանեցի, որտեղ դարձել է լուսավորչական, քաղաքական, զինվորական առաջնորդ և պետական գործիչ:
Արամ Մանուկյանը, ինչպես բոլոր մարդիկ, մեկ կյանք ուներ, բայց նա այդ մեկ կյանքը նվիրաբերեց Հայոց պետականությանը և անկախ ապրած ժամանակում կուսակցական պատկանելությանը` հավերժության ժամանակում դարձել է ազգի մեծագույն զավակ:
Արամ Մանուկյանը (իսկական անուն–ազգանունը` Սարգիս Հովհաննիսյան) Վանունց ցեղից է` Ավանեսյան–Հովհաննիսյաներից: Արամ Մանուկյանի հորը «ղոնդաղ սաս» մականունն էին տվել, նա հրացանի փայտե կոթ սարքող էր և գյուղում դարբնոց ուներ:
Նախնական կրթություն ստացել է Շուշի քաղաքի ծխական դպրոցներից մեկում: Այդ դպրոցից հեռացվելուց հետո ընդունվել է Երևանի թեմական դպրոցը, որն ավարտել է 1903 թվականին:
Վաղ հասակից անդամակցելով Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը` նա ամբողջ կյանքում անմնացորդ նվիրվել է այդ գաղափարների կենսագործմանը: Եվ կուսակցության շարքերում շարքային անդամից աճել ու դարձել է մի ամբողջ ազգի քաղաքական, պետական, ռազմական առաջնորդ: «Մեր կուսակցության մեջ ոչ ոք Արամի աստղը չունի»,-գրել է Սարգիս Օհանջանյանը:
20-րդ դարի սկզբին ռուսաց քաղաքականությունը հայոց եկեղեցու և ոչ միայն եկեղեցու հանդեպ, կոշտացել է: Այս շրջանում իրենց գործունեությամբ ասպարեզ են մտել մի շարք հայրենանվեր գործիչներ: Եվ նրանցից թվում Արամը:
Արամը առաջիններից էր, որ խոսեց ռուսաց կառավարության դեմ կռվի անհրաժեշտության մասին: Այդ ուղղությամբ Արամի գործունեությունը չսահմանափակվեց միայն Բաքվով: Նա անցել է Գանձակ, ապա` Թիֆլիս, Գյումրի, Կարս: Ամեն տեղ քաղաքական ըմբոստությունների ոգին Արամն էր: Կարսում Արամը մի կողմից զբաղվել է տեղական կուսակցական-կազմակերպչական գործերով, մյուս կողմից` զինական խմբերի պատրաստությամբ` Արևմտյան Հայաստան ճանապարհելու համար: Խմբերի մեծ մասը ջարդվել է սահմանի վրա, որը խիստ ազդել է Արամի վրա և նա, հակառակ Կարսի կենտրոնական կոմիտեի համաձայնության, անցել է Արևմտյան Հայաստան և հաստատվել Վանում:
Այստեղ Արամը կայացել է որպես գաղափարական, կազմակերպական գործիչ, առաջնորդ, դարձել տեղի ամենաճանաչված գործիչներից մեկը եթե ոչ ամենաճանաչվածը:

Արամը և իր ընկերները Վասպուրականում եռանդուն գործունեություն են ծավալել բնակչության շրջանում: Արամի երկար տարիների գործունեությունը մեծ նպաստ է բերել հայրենասիրական տարամադրությունների սերմանմանը Վասպուրականում: Ձևավորվել է նոր պայքարող սերունդ և պատահական չէր, որ Վան-Վասպուրականը Արևմտյան Հայաստանի այն քիչ վայրերից էր, որ մինչև վերջ պայքարի օրինակ ցույց տվեց: Հերոսական դրվագներով էր հագեցած Վանի 1915 թվականի ամբողջ ապրիլ ամսվա ինքնապաշտպանությունը: 1915 թվականի ապրիլի 5-ին կազմվել է «Վանի ինքնապաշտպանության զինվորական մարմին»-ը։ Վերջինիս կազմում սկզբնապես մտել են Արմենակ Եկարյանը (արմենական, ռազմական ղեկավար), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան) և Բուլղարացի Գրիգորը (երկուսն էլ դաշնակցական)։ Հետո Զինվորական մարմնի կազմում ընդգրկվել են նկարիչ Փանոս Թերլեմեզյանը (անկուսակցական) և Արամ Մանուկյանը (դաշնակցական)։ Թուրքական բազմաքանակ զինվորական միավորումներն ու դրանց միացած տեղական քրդական հրոսակները մեկ ամիս պաշարել ու գրոհել են քաղաքը, բայց որևէ էական հաջողության չեն հասել:
Քաղաքի պաշարմանը մասնակցած Ռ. դը Նոգալեսը բարձր գնահատական է տվել Արամ Մանուկյանին, որպես Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչներից մեկի։ Գ.Սբորդոնին Արամ Մանուկյանին համարել է Վանի հայության դիմադրության ոգին:
Վանի հերոսամարտի ամբողջ ծանրությունը Արամի վրա էր: Նա Իշխանի և Վռամյանի կորստից հետո մնում էր միակ ապավենն ու ընտրյալ առաջնորդը Վասպուրականի պայքարող հայության համար:
1915 թվակականի մայիսի 5–ին, ռուսական զորքերի կողմից Վանի գրավումից հետո, Արամը նշանակվել է Վանի նահանգապետ, նրան շնորհվել է ռուսական պետության գեներալի աստիճան:
Նա մի քանի օրվա ընթացքում կարողացել է քաոսի ու ավերածության մեջ ստեղծագործական աշխատանքի լծել բոլորին:
Շուրջ 70–օրյա նահանգապետության օրերին Արամն հաստատել է, որ ինքը բնածին պետական գործիչ ու ղեկավար է: Իսկ ինչպես էին դիմում Վանի նահանգապետին` «Վանի նահանգի վսեմ կառավարիչ», «Վսեմ նահանգապետ Վանի», «Վսեմ նահանգապետ», «Վսեմապատիվ պարոն Արամ», «Տեր նահանգապետ», «Նորին Գերազանցություն նահանգապետ Վանի»... Սրանք դիմելաձևեր են, որ հատուկ ասվում են երկրի ղեկավարին: Փաստորեն նահանգի բոլոր կառույցները և օտարերկրյա ներկայացուցիչները Արամ Մանուկյանի անձի պարագայում դիտարկում էին պետության ղեկավարի:
Այստեղ` Վանում, Արամ Մանուկյանը փորձարկեց Անկախ Հայաստանի կառավարման մոդելը: Նահանգում ձևավորեց հորիզոնական և ուղղահայաց կառավարման օրգաններ և այն ղեկավարում էր միապետի կարգով:
Արամը ռուսական զորքերի նահանջից հետո հայության գաղթի կազմակերպիչն էր, որի շնորհիվ Վասպուրականի բնակչության մեծագույն մասը փրկվեց թուրքական յաթաղանից:
Վանի հերոսամարտի ընթացքն ու արդյունքը հայտնի է: Կարող ենք փաստել, որ այն Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած մյուս ինքնապաշտպանական կռիվներից տարբերվում էր իր կազմակերպվածությամբ, ժողովրդի համախմբվածությամբ և տվեց իր արդյունքը:
1916-1917 թվականներին աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային Բյուրոյում:
1917 թվականին որպես Հայոց Ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ Արամ Մանուկյանը ժամանել է Երևան:
Երևանի Ազգային խորհուրդում իր առաջին իսկ զեկույցում Արամ Մանուկյանը խոսել է սեփական ուժերին ապավինելու անհրաժեշտության մասին և առաջարկել վերակազմել Ազգային խորհուրդը, ընտրել փոքրակազմ ու դյուրաշարժ մարմին: Առաջարկը միաձայն ընդունվել է և ընտրվել է Հատուկ կոմիտե, որին տրվել է գործելու կատարյալ ազատություն:
Այս պահից սկսյալ Արամ Մանուկյանը կազմել է Արարատյան երկրամասի կառավարություն Վանի նահանգի օրինակով, ուղղահայաց ու հորիզոնական կառավարման համակարգ` գյուղապետ, գավառապետ, քաղաքապետ, վարչություն–նախարարություններ, ոստիկանական և հարկային մարմիններ: Փաստորեն 1918 թվականի մայիսի 28–ի անկախության հռչակումից առաջ Արամ Մանուկյանը Հայաստանում արդեն կայացրել էր պետություն` դառնալով այդ պետության ղեկավարն ու զինվորական պատասխանատուն:
«Արամի կիրքը կարելի է համեմատել դինամիտի հետ, որ յուրաքանչյուր փոքրիկ շփմամբ կարող է պայթել և դղրդացնել ամբողջ շրջապատը և համեմատել էլեկտրական կոճակի հետ, որ թեթևապես սեղմվելով կարող է լուսավորել անվերջ տարածություններ»,-գրել է Օնիկ Մխիթարյանը:
Արամի հասկանում էր, որ վաղ թե ուշ պետք է բախում լիներ թուրքերի հետ: Նա իրատեսորեն հույսը չէր դնում արտաքին օգնության վրա, այլ եռանդուն քայլերով ժողովրդին պատրաստում էր դիմագրվելու ապագա փորձությունները:
Էրզրումի անկման լուրն ստանալուց հետո Երևանի ազգաբնակչությունն ու զինվորականությունը մի բազմամարդ ժողովում որոշեցին Արամին հայտարարել դիկտատոր, փաստացի` միապետ: Մարտ ամսի առաջին օրերից նա դարձավ Երևանի բովանդակ իշխանության մարմնացումը: Ձեռք-ձեռքի տված Դրոյի, զորավարներ Նազարբեկյանի, Սիլիկյանի, նահանգական կոմիսար Ս.Թորոսյանի, քաղաքական կուսակցությունների և կառավարական ու հասարակական մարմինների հետ` նա ցուցաբերեց արտակարգ եռանդ և ամենատագնապալի վայրկյանին ձեռնհասությամբ վարեց Արարատյան դաշտի հայ ժողովրդի ճակատագիրը:
Հաջողվեց բացել ռազմավարական նշանակություն ունեցող գլխավոր ճանապարհները, մաքրել խռովությունների բուն ծառայող մահմեդական բնակավայրերը, կարգ ու կանոն հաստատել ենթակա շրջաններում: Նա միջոցներ ձեռք առավ դասալքության և ավազակության դեմ: Նրա տրամադրության տակ կար 16-18 հազար մարզված ու բավական կարգապահ բանակ, որ ձևավորվել էր Հայկական կորպուսի ուժերից: Ֆինանսական դրությունը կարգավորելու համար պարտադիր տուրք դրվեց ժողովրդի վրա:
«Երբեք, գուցե, հայ կյանքում իշխանությունն ու հասարակությունը այնպիսի համերաշխ միություն չէին կազմել, քան 1918 թվականի գարնան և ամառվա պատմական ամիսներին»,- գրել է Սիմոն Վրացյանը:
1918 թվականի այդ վճռական օրերին նա դրսևորեց կամքի անվերապահ ուժ: Ժողովուրդը հասկացել էր, որ այդ զոհողություններին նա գնում է հայրենիքի համար: Այդ հասկանալով` նա վճռական պահին կանգնեց Արամի կողքին և ամեն հարցում օժանդակեց նրան ընդհանուր գործի հաջողության համար:
Արամը մարդկանց համախմբելու վարպետ էր` նրանց հետ լեզու գտնելու և գործի մղելու արվեստի մեջ: Արամի այդ գիծը փրկարար դեր կատարեց Երևանում` Հայաստանի Հանրապետության հիմնադրության նախօրեին:
Իսկ այդ նախօրեն բերեցին Գյումրի մտած, ապա Հայաստանի երեք ուղղություններով Հայաստանը նվաճելու մղված թուրքական ամենամարտունակ Դարդանելյան հինգ դիվիզիաները: Հայ ժողովուրդը` զինվոր, գյուղացի, քաղաքացի, մտավորական, կուսակցական, անկուսակցական դուրս եկան թշնամու դեմ: Սարդարապատում, Ապարանում, Վանաձորում երեք ճակատով պատերազմ մղող հայ ժողովուրդը հաղթեց և այդ հաղթանակի արդյունքում էլ վերակերտեց Հայաստանի անկախ պետականությունը` Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Եվ այդ հաղթանակի ոգին Արամ Մանուկյանն էր:
Երբ Երևանը վտանգի մեջ էր և սպասվում էր, որ այն կգրավվի, շատերը խոսում էին Արամին քաղաքից հեռացնելու մասին, որ փրկեն նրա կյանքը, բայց Արամը նրանց պատասխանեց, թե իր համար գերադասելի է թուրքերի ձեռքով կախաղան բարձրանալ Ազգային խորհրդի շենքի առջև, քան հեռանալ քաղաքից: Ապա ավելացրեց, որ քաղաքից հեռանալու մասին չէ, որ պետք է մտածել, այլ քաղաքը փրկելու մասին:

«Նա պատրաստված հռետոր չէր, բայց երբ խոսում էր, այլևս ոչ մի առարկություն չէր լսվում: Այդ խոսքի մեջ անկեղծության, հավատքի և տրամաբանության այնպիսի որակ և քանակ կար, որով նա կարող էր կատաղած ամբոխները զսպել և հուսալքված բազմությունները կատաղեցնել»,- ասվել է Արամի մասին:
Նա գիտեր մարդկանց ինչպես հրամայել, որ գնան մեռնելու:
«Նրա կազմակերպչական ուժն այնքան տիրական էր, որ ոչ ոք չէր կարող ընդդիմանալ: Երբ նա խնդրում էր, կարծես հրամայում էր»,- գրել է հուշագիրը:
Արամի հանդեպ սովորական տրամադրություններ ու միջակ համակրություններ չկային: Կամ նրան պաշտում էին, կամ ուզում էին սպանել նրան:
Արամը անխնա էր ավազակների, թալանչիների նկատմամբ, նույնիսկ Չոլախ Գևորգը, որ աչքի ընկնող դաշնակցական էր և կողոպուտով ու շահատակություններով էր զբաղվում հայ ժողովրդի համար բախտորոշ օրերին, չխուսափեց պատժից` նա գնդակահարվեց Արամի հրամանով: Երբ Գևորգի տղաներից մեկը հարց տվեց, թե օրը ցերեկով փողոցում կարե՞լի էր գնդակահարել, Արամը պատասխանեց, թե ով որ ներկա բացառիկ ծանր պայմաններում չի ենթարկվի իշխանությանը ու կհետևի Գևորգի օրինակին` նույնպես կգնդակահարվի:
Երբ Եղվարդ գյուղը հրաժարվեց հաց տալ զորքին, Արամի հրամանով գյուղը ռմբակոծվեց, որից հետո գյուղը կատարեց իր պարտավորությունները:
Հայրենիքի համար մինչև վերջ պայքարելու հաստատակամությունը երևում է հետևյալից:
1918 թվականի հուլիսի 23–ից, Հայաստանի Հնարապետության նոր կառավարությունում Արամ Մանուկյանը վարում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը:
Արամ Մանուկյանի ներքին գործերի նախարար դառնալու մասին Սիմոն Վրացյանը գրել է. «Արամը միակ մարդն էր, որ այդ օրերին ընդունակ էր կարգ ու անդորրություն պահել երկրում և պետական շինարարություն սկսել»: Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործոց նախարարության լիազորություններն աննախադեպ էին: Իր հիմնական գործառույթն իրականացնելուց զատ, նախարարությանն էին ենթարկվում կապի եւ հեռահաղորդակցության ոլորտը, երկաթուղին, դպրոցական համակարգը, որոնք միայն հետագայում տարանջատվեցին ներքին գործերի մարմիններից: Հայ ազգային-ազատագրական շարժման ականավոր դեմքերից, հասարակական, պետական գործիչ Ռուբենը /Ռուբեն Կարապետի Տեր-Մինասյան, 1882-1951 թթ./ իր «Հայ յեղափոխականի մը յիշատակները» գրքում Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործոց նախարարության մասին խոսելիս մեջ է բերել Հայաստանի խորհրդարանում պատգամավոր Հայկ Ազատյանի արտասանած խոսքերը. «Քաջազնունին մի խրտուիլակ եւ մումիա է, իսկ միւս նախարարները` արբանեակներ Արամի շուրջը. փաստորեն ոչ թէ կառավարութեան, պարլամենտի /Ազգային Խորհուրդ/ իշխանութիւն կայ, այլ` Արամի եւ Դաշնակցութեան» /հատոր 7, էջ 313/:
Արամ Մանուկյանը նաև խորաթափանց դիվանագետ էր, օգտագործում էր ամեն հնարավորություն, որը բխում էր երկրի շահերից:
Երբ Խալիլ փաշան գալիս է Երևան, Հայաստան երկիրը ներկայացնող Արամ Մանուկյանը նրա հետ սրտառուչ հանդիպում է ունենում: Այդ մասին Արամն ասել է. «Այո՛, այս ժողովրդի փրկության համար համբուրեցինք մինչև իսկ Խալիլին»: Հենց այս նույն Խալիլ փաշայի միջոցով Կարսից մեծ քանակության փամփուշտ ստացավ երկիրը: Ճիշտ է, Խալիլն այդ արել էր սեփական կաշին փրկելու համար, բայց կարևոր էր, որ Արամն այդ պահը կարողացավ օգտագործել լուրջ ռազմական պաշար երկիր մտցնելու համար:
Մենք` հայերս, Հայկ Նահապետին հիշում ենք: Նա սպանել է Հայաստան մտած Բելին, բռնակալից փրկել իր ժողովրդին և հիմնել Հայոց պետականությունը: Նրանից 4400 տարի հետո նրա հետնորդներից մեկը` Արամ Մանուկյանը Հայաստանի հիշողություն դարձող տարածքի մի ածուի վրա վերակերտել է Հայոց պետականությունը: Հայաստան ստեղծելու և այն վերակերտելու գործընթացներում երկու անհատների` Հայկ Նահապետի և Արամ Մանուկյանի դերակատարությունն անհերքելի է և նրանց վերապահված է Հայոց պատմության մեջ միակ համեմատական համարժեքությունը:
Ես համոզված եմ և հավատացած, որ հիմա Արամ Մանուկյանի հոգին հրճվանքի մեջ է: Այս դահլիճում նստած են նրա ոգու կրող հայերը, նրա երազած հայոց երիտասարդությունը հանձինս Հայոց բանակի ապագա սպաների, հանձինս այս երկրի ուսանողության:
Այո, Արամ Մանուկյանի հոգին անմահ է: Եվ որպեսզի այն նաև հաջորդ հազարամյակներում լինի մեր կողքին ու հսկի մեր լինելությանը, եկեք միասին ՈԳԵԿՈՉԵՆՔ նրան, միասին կրկնենք` փառք Արամ Մանուկյանին կոչը.
– Փառք Արամ Մանուկյանին:
Բայց ցավով պիտի փաստեմ, որ Արամ Մանուկյանը ոչ միայն չի արժևորվում որպես Հայոց պետականության հիմնադիր և Հայոց Առաքելական եկեղեցու կողմից չի սրբացվում, այլ պատմագրության կողմից արժանի գնահատականի չի արժանանում: Պետք չէ մոռանալ, որ պատմությունն իրողությունների ու իրադարձությունների գործընթաց է, պետք է անաչառորեն լուսաբանվի, մեկնաբանվի, ազգի պատմության մեջ եզակի դերակատարություն ունեցող գործիչները պետք է գնահատվեն պատմության մեջ ունեցած դերով ու կատարած գործերով:
Բայց այս ելակետից բացառիկ անհարիր է Արամ Մանուկյան գործչին վերաբերող իրականությունը:
Արամ Մանուկյանի տան մասին: Երբ 1917 թվականի դեկտեմբերի կեսերին Արամը եկավ Երևան: Նրան` Վանի նահանգապետին, Արևելյան Հայաստանի այդ պահի ղեկավարին ցնծությամբ դիմավորեցին: Երևանի պատվարժան քաղաքացիներից մեկը`Ֆադեյ Քալանթարյանը, նրան նվիրեց իր համար ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով այն ժամանակի Ցարսկայա փողոցում 1910 թվականին կառուցված երկհարկանի տունը: Այս փոքրիկ շինությունն այդ պահից դարձավ Հայոց պատմության մաս: Այդտեղ 1917 թվականի դեկտեմբերի կեսերից մինչև 1919 թվականի հունվարի 29-ը, մինչև իր մահը, ապրել է Արամ Մանուկյանը: Այդ տանն է նրա մահից չորս ամիս առաջ ծնվել նրա դուստրը` Սեդան: Արամ Մանուկյանի մահից հետո այդ տանն է ապրել նրա այրին` Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Եկատարինա Զալյան-Մանուկյանը, 1920 թվականից սկսյալ նաև Հայաստանի Հանրապետության երրորդ վարչապետ Համազասպ Օհանջանյանը` ընտանիքի հետ։ /Փակագծում ասենք, որ Ցարսկոյե փողոցը 1919 թվականին` Արամի մահվանից հետո, Հայաստանի կառավարության որոշմամբ անվանափոխվել է` դառնալով Արամի փողոց: 1921թվականից մինչև 1991 թվականը այն կրել է Սպանդարյան անունը, 1991թվականին փողոցը վերստին վերանվանվել է Արամի փողոց/:
2005 թվականին Երևանի քաղաքապետարանը Արամի, Բուզանդի, Կողբացու փողոցներով եզրափակված տարածքը օտարել է: Արամի տան հատվածը ևս մտել է օտարված հողի մեջ: Այդ տարածքը գնել է «Գլենդել Հիլզ»-ը:
Քաղաքապետարանը ներկայացնողները երբեմն հայտարարում են, որ Արամի տունը չի վաճառվել, այն տեղում է: Փառք Աստծո, որ «Գլենդել Հիլզ»-ը այն չի փաթեթավորել ու տարել: /Փակագծում ասեմ, որ մեր ոխերիմ թշնամուց ավելի վատ է վարվել. հանել է շենքի ծածկը, առաջին–երկրորդ հարկերի կտուրները և արդեն 10 տարի սպասում է, թե երբ այդ չորս պատը կավերվեն ու կդադարի չեղած տան մասին խոսակցությունը/: Այո, Արամի տունը իր տակ եղած հիմնահողով վաճառվել է: Բայց ոչ միայն շենքի տակ եղած հիմնահողը, այլ նաև այդ հողի վրա գտնվող չորս պատը: Իսկ այդ պատերը Հայոց հոգևոր պատմության մասունք են, քանի որ այդ պատերի ներսում եղած բնակարանում է ապրել և մահացել Արամ Մանուկյանը: Իրականում վաճառվել է ոչ թե Արամի 9 հասցեի սովորական հիմնահողը, այլ Հայաստան պետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունը:
Հիմա եկեք պատկերացնենք, որ Փարիզի քաղաքապետը բիզնես կառույցներին վաճառի ֆրանսիական թագավորների Լուվրի պալատը, Լոնդոնի քաղաքապետը վաճառի Ուինստոն Չերչիլի տունը, Հավանայի քաղաքապետը վաճառի Ֆիդել Կաստրոյի տունը: Պատկերացրեցիք: Դժվար: Նման բան անհնար է պատկերացնելն անգամ:
Բայց վերադառնանք հայկական իրականություն:
Քաղաքապետարանի թե այն ժամանակի, թե ներկա պատասխանատուները կարող են հակադարձել, որ ինչ վատ բան կա. վաճառել են, որ վերականգնվող «Հին Երևան» ծրագրի շրջանակում Արամի 9 հասցեի ավերակի դիմապատը պահպանվի`վրան էլ ցուցանակ, որ այդ պատի հետևում ապրել է Հայաստանի նորօրյա պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը:
Այսպես կարելի է արդարացնել ցանկացած սրբապղծություն:
Մարդիկ մոռանում են, որ գործել ու գործում է մի բարոյական եզրույթ. չվաճառել ազգի մեծերի հիշատակը: Սա անհերքելի իրողություն է: Այս դեպքում գործ ունենք Երկիր, Պետություն ստեղծող մարդու հիշատակի հետ: Փաստորեն վաճառել են Երկրի բարոյական հիշողությունը:
Երկրի, մայրաքաղաքի պատասխանատուներն իրենցից առաջ ապրած Մեծերի հիշատակը հարգելով պիտի երիտասարդներին ազգային ինքնահարգանք ներարկեն: Քանի որ ասվածին հակառակ վերաբերմունքով, որպիսին վերը նկարագրվեց Արամ Մանուկյանի անձի, գործունեության, հիշատակի հանդեպ, անհնար է երիտասարդ սերունդ դաստիարակել:
Հարգելի պատասխանատուները պիտք է հիշեն, որ մոռացումը վաղը, մյուս օրը չոքելու է նաև իրենց դռանը: Իսկ կապվելով Արամ Մանուկյանի անձի հետ` իրենք հնարավոր է նաև հիշվելու հնարավորություն ստանան:
Արամ Մանուկյանի գերեզմանի և այժմյան գերեզմանին խաչքար կանգնեցնելու մասին: Հայ ժողովուրդը իր հերոսին` Արամ Մանուկյանին, հուղարկավորել է ներկայիս Կոմիտասի այգու Պանթեոնում և օրվա Ամենայն հայոց կաթողիկոսը աղոթքով հրամայել է, որ ազգի մեծ որդու գերեզմանն անշարժ մնա: Սակայն եկել են գենետիկ այլ արարածներ և նրա աճյունը նախ շարժել ու թաղել են Կոզեռնի գերեզմանոցում, ապա` այստեղից ավելի ուշ տեղափոխել ու հողին հանձնել Թոխմախի գերեզմանոցում մեկ այլ ընտանիքի գերեզմանատարածքում և մտածել, որ այն այդպես էլ կկորչի ու կմոռացվի:
Բայց: Այդպես չեղավ: Արամի գերեզմանատեղը չմոռացվեց:
Հայրենասեր հայերի մի խումբ` Վարագ Առաքելյան, Գարեգին Մխիթարյան, Արցախ Բունիաթյան, Ժորա Բարսեղյան, Մկրտիչ Սահրադյան, ուրիշներ 1979 թ–ին նախ ճշտել են թաղման տեղը, ապա որոշել Արամ Մանուկյանի գերեզմանին խաչքար կանգնեցնել: Խաչքարը նախկին քաղբանտարկյալ ու նվիրյալ Գուրգեն Արմաղանյանի տան բակում պատրաստել է քանդակագործ Գառնիկ Ամիրջանյանը: Բացարձակ գաղտնիության պայմաններում այն 1982 թվականի օգոստոսի 11–ին Սերգեյ Մարդանյանի մեքենայով հասցվել է Թոխմախի գերեզմանոց և ճանապարահատվածից գերեզմանոցի չորս բանվոր, ձեռքերի վրա, առանց որևէ տեխնիկայի օգտագործման, այն հասցրել են Արամ Մանուկյանի գերեզմանին ու տեղադրել մի փոքր ավելի ուշ Վարագ Առաքելյանի մի ծանոթի տված պատվանդանի վրա: Այս ամենն ասացի, որ պատկան մարմիններն Արամ Մանուկյանի աճյունը տեղափոխելու պարագային չանհանգստանան խաչքարի տեղափոխության դժվարությունների հարցով: Այն ինչպես ձեռքով հասցվել է գերեզմանոց, այդպես էլ ձեռքով կիջեցվի մինչև ճանապարհահատված: Իսկ ավելի ճիշտ կլինի, որ հավերժ մնա նույն տեղում` ապրող իշխանավորներին հիշեցնելու համար, թե ինչպիսի դեգերումների են դատապարտել մեծ հային իր հավերժության ճանապարհին:
Այս տարվա հուլիսի 1–ին Արամ Մանուկյանի հիշատակի միջոցառումների ծրագիր է ստանձնել «Զորավար» հիմնադրամը: Ամբողջ ծրագիրը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին, Երևանի քաղաքապետին, որոշ նախարարությունների: Մի շարք հարցերի առթիվ կան պատասխաններ, որոշ հարցերի պատասխաններից պատկան մարմինները խուսափում են:
Բայց հավաստիացնում ենք ձեզ, որ «Զորավար» հիմնադրամը շարունակելու է
1. Աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ վերականգնելու պատմական ճշմարտությունն ու Արամ Մանուկյանի մասունքները Կոմիտասի այգու Պանթեոն տեղափոխելու և վերահուղարկավորելու համար` կառավարության պահանջներին համապատասխան:
2. Աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ` Հայաստանի Հանրապետության «Արամ Մանուկյան» շքանշան հիմնելու համար:
3. Աշխատել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի հետ` հայ ժողովրդի պատմության դասագրքերում Արամ Մանուկյանին առանձին կենսագրություն ներկայացնելու համար:
4. Աշխատել Հայաստանի Հանրապետության կապի և տրանսպորտի նախարարության հետ` Արամ Մանուկյանին նվիրված նամականիշերի շարքի հրատարակության և շրջանառության մեջ դնելու համար:
5. Աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ` Արամի 9 հասցեում գտնվող Արամ Մանուկյանի տունը «Գլենդել Հիլզին» կամ մեկ այլ անհատի վաճառելու գործարքը չեղարկելու ուղղությամբ, այն պետության հաշվեկշռում վերականգնելու, «Հին Երևան» մեռելածին ծրագրից հանելու, պետական միջոցներով վերականգնելու և «Արամ Մանուկյան» տուն–թանգարան հիմնելու համար: Այսօր այստեղ հայտարարում եմ, որ հակառակ պարագայում «Զորավար» հիմնադրամը կհայտարարի «Արամ Մանուկյանի տան փրկագնություն» համահայկական դրամահավաք` տունը նորօրյա տերերից վերագնելու համար:
6. ԱշխատելԵրևանի քաղաքապետարանի ավագանու հետ` Արամ Մանուկյանի արձանը Երևան քաղաքում տեղադրելու որոշում կայացնելու համար և քաղաքապետարանի հետ` Արամի 9 հասցեի Արամ Մանուկյանի տան կողքի միհարկանի տան տեղում այն տեղադրելու համար:
7. Աշխատել 2015 թվականի առաջին եռամսյակում կազմակերպել գիտական կոնֆերանս Արամ Մանուկյանին նվիրված և նյութերը հրապարակել:
8. Աշխատել 2015 թվականի մայիս ամսին Երևան քաղաքի ավագ դպրոցներում «Իմ Արամ Մանուկյանը» շարադրությունների մրցույթ կազմակերպելու համար:

Ուզում եմ խոսքս ավարտելուց առաջ մեկ անգամ էլ հիշեցնել մեկ այլ մեծ հայի` Նիկոլ Աղբալյանի խոսքերը Արամ Մանուկյանի մասին, որ նա արտասանել է Արամ Մանուկյանի թաղման արարողության ժամանակ. «... Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք, արդյոք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղել եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվել եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը...»:
Եվ վերջում Արամ Մանուկյանի կնոջ, Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ, բժշկուհի Եկատերինա Զալյան–Մանուկյանի մարգարեկան խոսքերը, որ մահվան մահճում 1951 թվականին ասել է աղջկան` Սեդա Մանուկյանին. «Ես չտեսա, բայց դու անպայման կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կգնահատեն քո հորը: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը չի մոռանա նրան»:
Այսօրը Արամ Մանուկյանի հիշատակության օր է: Այսօրը Արամ Մանուկյանի փառաբանության օր է: Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է մեր հոգում պահել Արամ Մանուկյանի անունն ու հիշատակը: Մենք պարտավոր ենք նրան պահել մեր սրտում, հոգում ու գիտակցության մեջ: Այսուհետ յուրաքանչյուրիս պարտքն է հետևողական լինել այսօրյա ու գալիք սերունդների դաստիարակության հարցում, սնել նրանց հայրենասիրության ոգով, դաստիարակել իսկական Արամ Մանուկյաններ:
Հայ ազգի համար Արամ Մանուկյանը հավերժությունն է: Եվ հավերժականի մեջ Արամ Մանուկյանը հայ ազգի հայրենասիրական, դաստիարակչական դիմագիծն է:
Կեցցե Արամ Մանուկյանին:
Կեցցե հայ ժողովրդին:
Կեցցե Հայոց պետականությանը:

Просмотров: 703 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/4
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Ноябрь 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2018Сделать бесплатный сайт с uCoz