Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 28.03.2024, 16:28
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Январь » 15 » ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍ
21:50
ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍ
ՏԻԳՐԱՆԱԿԱՆ
Մեկդարյա արքայից-արքայություն
Շարք-պոեմ


ՏԻԳՐԱՆ ՄԵԾ



Ես քո պալատական պատմաբանն էի, Արքա Տիգրան,
Եվ դու ինձ շնորհեցիր գործակալի բարձր պաշտոն,
Եվ հերոսական մի կյանք ես ապրեցի հենց քո կողքին,
Եվ հայտնի աշխարհը քեզ հետ անցա ծայրեծայր:
Ես քեզ պատմեցի մեր ազգի պատմությունը,
Աշխարհակալ նախնիներիդ մասին,
Նրանց մասին, որ քեզնից հազար-հազար տարի առաջ
Արեգակի չորս կողմերով առաջացան…
Դու գիտեիր Եգիպտական նախնիներիդ մասին,
Այդ նրանց զարմից սերված փարավոն-արքաներն էին,
Որ անկրկնելի բուրգերը կառուցեցին:
Դու գիտեիր Արրատայի աշխարհակալ թագավորի մասին,
Դու գիտեիր Արմանիի աշխարհակալ թագավորի մասին,
Դու գիտեիր Արամ աշխարհակալ թագավորի մասին,
Դու գիտեիր Արա /Արգիշտի/ աշխարհակալ թագավորի մասին,
Դու գիտեիր Երվանդական Տիգրան թագավորի մասին:
Եվ քո պալատական աստղագետի խոսքը գիտեիր,
Որ եկել է նաև քո ժամանակը…
Ես քո կողքին էի, Արքա Տիգրան,
Որ աշխարհը այն՝ քո օրերի՝ մերձավոր ու հեռու
Քեզ հռչակեց մեծ, քեզ հռչակեց արքաների-արքա,
Քեզ հռչակեց Աստված:
Քեզ համար կարծես ամեն ինչ
Գրված էր ի վերուստ
Եվ դու գիտեիր քո անցնելիք ճամփան:
Չշտապեցիր երբեք և հետ չնկար,
Հասցրեցիր կերտել երկիր ու ճակատագիր,
Որ միլիարդներից միայն մեկին է տրված…
Չնախանձեցիր մեծերի բախտին,
Որ ապրել էին քեզնից առաջ,
Դու գրեցիր քո պատմությունը
Քո հանդուգն ձեռագրով:
… Դու արդեն հասուն անձ էիր,
Ամուսնացյալ արքայազն,
Երբ պատանդառյալ մեկնեցիր Պարթևաց երկիր:
Դու պատանդ-գերի չէիր,
Քո կարգավիճակն այլ էր, բարեկամական:
Եվ դու ուսումնասիրեցիր
Պարթևաց պալատական բարքն ու վարքը,
Ռազմական արվեստն ու մարտավարությունը,
Դիվանագիտական վեր ու դիրը…
Պարթևաց Միհրդատ Մեծ արքայից-արքան
Խորաթափանց, խորամանկ կառավար էր,
Քաջ, աննկուն մարտիկ ու զորավար
Եվ դու հատիկ-հատիկ ՛՛կողոպտեցիր՛՛ նրան,
Եվ հարկ համարեցիր նրա հետ լինել բարեկամ,
Եվ ամուսնացար նրա դստեր հետ,
Եվ, ապա, դստերդ՝ Արիոզատ Ավտոմային
Նրան տվեցիր կնության…
Եվ նրա բարեհաճ թողտվությամբ
Զորք տարար սկյութների դեմ պատերազմ,
Մասնակցեցիր բազում ռազմարշավների,
Հանդիպեցիր Չինաստանի դեսպանի հետ
Եվ քննեցիր Հայաստանի բաժին ՛՛Մետաքսի ուղին՛՛…
Այստեղ, քսանամյա գերության մեջ,
Դու առավել հասկացար,
Որ Արևելք ասածը նուրբ է ու բարդ,
Այստեղ է Արարիչը կտրել
Առաջին մարդու պորտալարը՝
Միլիոն տարի առաջ:
Եվ այստեղ՝ Արևելքում,
Դժվար է գոյատևել առանց հզոր մեջքապահ-հենարանի…
Պարթևական աշխարհն արդեն հասել էր միասնության
Եվ ձգտում էր տեր լինլ ողջ Արևելքին:
Միհրդատ Մեծ արքան թեև փեսադ ու աներհայրդ էր,
Բայց իր շահն ուներ
Եվ հորդ մահից հետո,
Ու նրա գահն ընդունելուց առաջ,
Ստիպեց քեզ հաստատել
Յոթանասուն հովիտների իրավական հանձնումն իրեն:
Դու նրա այդ քայլը երբեք չէիր ներելու,
Ուղղակի ժամանակի խնդիր էր լոկ
Տվածը հետ ստանալու համար…

Դու օծվեցիր Հայոց արքա
Հին ժամանակի 95 թվականին
Հայոց երկրի ծայր հարավում,
Մի աննշան սրբավայրում,
Որ քո կյանքի,
Կատարելիք մեծ գործերի տեսլականում
Պիտի դառնար Տիգրանակերտ մայր քաղաքի
Նոր քաղաքի կառուցման տեղ…

Որոշեցիր հայոց ազգի, հայոց հողի հավաք անել,
Մի ազգ՝ բազում թագավորություններ՝
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Հայոց Միջագետք,
Կորդուք, Կոմագենե, Կիլիկիա, Կապադովկիա…
Նպատակդ հայտնի դարձավ մանր ու մեծ թագավորներին,
Ծոփքի Արտանես արքան խռովություն բարձրացրեց
Ինչի համար գլխատեցիր նրան,
Ու Ծոփքը կցեցիր Մեծ Հայքին,
Եվ մոտեցար Փոքր Հայքի, Կապադովկիայի սահմաններին:
Ահա այստեղ դու արեցիր կարևոր քայլ՝
Չգրավել-միավորել հայաբնակ տարածքներն այդ,
Այլ դրանց վրա ստեղծել ևս մեկ մեծ Հայաստան՝
Մեջքապահ ու հենարան,
Քանզի այդտեղ, քեզնից առաջ,
Փոքր Հայքի հայոց արքա Անտիպատրոսը
Երկրի թագը դրել էր
Հայազգի Միհրդատ Եվպատորի գլխին…
Քո շահերը Միհրդատի շահերի հետ նույնանում էին
Եվ դուք կնքեցիք ռազմական պայմանագիր՝
Արևմուտքը և Հյուսիսը՝ Միհրդատին,
Հարավը և Արևելքը՝ քեզ:
Եվ հավելյալ՝ փեսայացար Միհրդատին,
Կին առնելով նրա դուստր Կլեոպատրային…
Եվ կնքված դաշինքի համաձայն
Քո զորքերը մտան Կապադովկիա
Եվ երկրի գահը տվեցին
Միհրդատի որդու խնամակալ Գորդեոսին:

Բանակներիդ շարժն արագ էր,
Հարվածները հատու և ճիշտ,
Վիրքը, Աղվանքն միացվեցին Հայաստանին:
Դու լուծեցիր թիկունքի խնդիրները,
Եվ շրջվեցիր դեմքով հարավ…
Իսկ Հարավում Յոթանասուն հովիտներն էին,
Որ տվել էիր գահիդ դիմաց:
Կասպից ծովից մինչ Կապուտան
Հովիտները վերադարձան հայրենի տուն:
Բանակներդ լայնածավալ հարձակումով
Գրավեցին Օսրոյենեն, Միգդոնիան, Ատրպատականը,
Կոմագենեն, Կորդուքն ու Կիլիկիան:
Գերտերություն դառնալու ճանապարհին
Մնում էր սահմանափակել Պարթևական ախորժակը,
Բայց որպես ազնիվ արքա ու տիրակալ,
Որ հարգում է հին բարեկամին,
Քո զորքերը շարժվեցին Պարթևական կայսրություն՝
Միհրդատ Մեծի մահից հետո միայն:
Պարթևական պատը ճեղքվեց,
Քո զորքերը հասան այդ երկրի մայրաքաղաք
Եվ այրեցին արքայական ամրոցը հին,
Ու պատերազմն ավարտվեց:
Պարթևական կայսրությունը մասնատվեց,
Եվ Գոտազ արքայից-արքան
Հրաժարվեց այդ կոչումից
Ու այն անցավ քեզ, Արքա Տիգրան,
Գահ բարձրանալուց տասը տարի հետո:
Եվ դու դարձար Արևելքի տիրակալ՝
Արքայից-արքա Տիգրան Մեծ…
Ու Արևելքից Արևմուտք, ու Հյուսիսից Հարավ
Արքայիկներ բազում ու արքաներ հզոր
Քո դեմ ծնկի եկան, Արքա Տիգրան:

Դու մեծ էիր, հզոր, ինքնակալ,
Եվ քեզ հրավիրեցին Ասորիքի գահին
/Հետո նաև Փյունիկիայի գահին/,
Եվ շուրջ քսան տարի խաղաղորեն
Առանց պատերազմի կառավարեցիր
Քեզ ենթակա ավելի քան
Երեք միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի մեջ
Ապրող տասնյակ ազգերի:
Երկիրդ այնքան մեծ էր,
Որ ունեիր երեք մայրաքաղաք՝
Արտաշատ, Տիգրանակերտ և Անտիոք:
Առևտրական բոլոր ցամաքային ուղիները
Քո ձեռքին էին,
Միջերկրականի ծովային ուղիներն էլ հատ-հատ գրավեցիր:
Երկրիդ գանձարանները լի էին ոսկով ու արծաթով,
Քո պատկերով ոսկե, արծաթե ու պղնձե դրամներ էին հատվում
Չորս քաղաքում՝ Արտաշատում, Տիգրանակերտում,
Անտիոքում, Դամասկոսում:
Մայրաքաղաք Տիգրանակերտից բացի
Քո անունով ուրիշ վեցը քաղաք կառուցեցիր Հայաստանում:
Կյանքդ, գործդ, իսկ առավել հարստությունդ
Ցնցում էր Հռոմին,
Թույլ չէր տալիս մեկ օր անգամ մոռանալ
Ոսկուդ ու արծաթիդ փայլի մասին,
Տաճարներում դրված աստվածներիդ
Ոսկե արձանների,
Ոսկե ու արծաթե զարդերի,
Հացի անբավ ամբարների մասին:

Եվ թշնամին եկավ:
Միհրդատի դեմ երրորդ պատերազմը հրահրող
Լուկիոս Լիկիանոս Լուկուլլոսը
Հայաստանում հանգրվանած Միհրդատի հետքով,
Առանց պատերազմի թույլտվության՝
Մտավ Հայոց երկիր:
Ծոփքի փոխարքա Մերուժանը
Տասը անգամ փոքրաթիվ զորագնդով ելավ նրա դեմ
Եվ ընկավ անհավասար մարտում:
Լուկուլլոսին շլացրել էին
Տիգրանակերտի հարստության մասին լուրերը
Եվ նա արագ հասավ ու պաշարեց Հայոց մայրաքաղաքը:
Արքա Տիգրան, երբ դու վեց հազար թիկնապահ գնդով
Հասար Տիգրանակերտ ու նայեցիր թշնամու զորքին
Թևավոր մի նախադասություն ասացիր ինձ.
՛՛Դեսպանության համար սրանք շատ են,
Պատերազմի համար՝ աննշան՛՛:
Հռոմեական բոլոր պատմիչները քո խոսքերը
Մեջ են բերել իրենց թողած գրքերի մեջ:
Եվ նույն գիշեր դու փորձեցիր հոռոմներին՝
Թիկնապահ գնդիդ կեսը մյուս կեսի նետերի տարափից
Խելագարված հոռոմների անկազմակերպ շարքը ճեղքեցին,
Մտան քաղաք և քաղաքից դուրս բերեցին
Կանանոցդ ու երկրիդ գանձերը գլխավոր:
Ամիսներ անց, ցավոք, քաղաքի մոտ զորքդ պարտվեց
Հռոմեական լեգիոններին,
Եվ կորցրեց հինգ հազար մարդ,
Բայց սնապարծ Լուկուլլոսը խաբեց Սենատին
Եվ ապսպրած նամակում գրեց, թե հաղթել է քեզ
Ու դու կորցրել ես ոչ ավել, ոչ պակաս՝ հարյուր հազար զինվոր,
Իսկ ինքը՝ ընդամենը հինգը զինվոր…
Տիգրանակերտն ընկավ…
Հույները դավաճանաբար բացեցին անառ բերդի դարպասները:
Լուկուլլոսը ստացավ այն, ինչի համար
Անիրավունք հասել էր Տիգրանակերտ,
Քաղաքը ավերվեց,
Թալանի իր բաժինը ոսկով ու արծաթով ավելի էր
Ութը հազար տաղանդից…
Բայց մեկ տարի անց՝
Արածանիի գետանցման ժամանակ,
Լուկուլլոսի զորքը խայտառակ ջարդ ստացավ,
Բայց նա կրկին Սենատի մոտ արդարացավ,
Թե սեպտեմբերին Հայաստանում ձյուն էր գալիս
Ու իր զորքը ցրտից ահաբեկված
Նահանջել է…

Հայոց երկու արքաները՝ Տիգրան Մեծը
Եվ Միհրդատ Եվպատորը
Քայլ առ քայլ դուրս մղեցին Լուկուլլոսին
Իր գրաված տարածքներից
Ու հաղթեցին բոլոր կռիվներում:
Հայոց զորքը չորրորդ անգամ
Հին ժամանակի 67 թվականին
Կրկին մտավ Կապադովկիա:
Ամիսներ անց հայկական բանակները
Զելայի մոտ գլխովին ջախջախեցին
Լուկուլլոսի լեգատ Տրիարիսի զորքերին:

Հռոմի Սենատը սա չներեց Լուկուլլոսին,
Ու հետ կանչեց նրան,
Եվ Ասիա պրովինցիան ու Արևելքը տվեց
Նոր զորավար, իմպերատոր Գնեոս Պոմպեոսին:
Պոմպեոսը Լուկուլլոս չէր
Եվ ավելի շատ անվան համար էր հասել այստեղ
Քան հարստության ու թալանի…
Նա շատ արագ բռնեց Միհրդատի հետքը
Եվ տարավ լուրջ հաղթանակներ,
Ու երբ Միհրդատ Եվպատորը պարտված, լքված
Փախավ Կողքիս, իսկ այնտեղից՝ Բոսֆոր,
Պոմպեոսը իր մոտ եկած Կրտսեր Տիգրանի հետ
Զորքով մտավ Ծոփքի տարածք:
Կարելի էր շահել ևս մի պատերազմ՝
Հաղթել Գնեոս Պոմպեոսին,
Բայց Հռոմը մի նոր մարդ կուղարկեր Արևելք,
Իսկ Հռոմում քծնողների,
Իշխանության ձգտողների,
Ժամիշխան-արկածախնդիրների,
Կաշառակեր կողոպտիչների պակաս չկար:
Եվ, Արքա Տիգրան, դու արեցիր հաղթական քայլ՝
Բարեկամության ուխտ առաջարկեցիր Հռոմին
Եվ քո Արտավազդ որդին
Առաջարկդ տարավ Ծոփքում բանակած Պոմպեոսին:
Պոմպեոսին ձեռնտու էր առաջարկդ,
Դու հաղթել էիր նրա դաշնակից
Պարթև Հրահատին ու նրան փեսայացած
Դավաճան որդուդ՝ Տիգրանին,
Քեզ հաղթելու հնարավորություն Պոմպեոսը թեև ուներ,
Բայց առավել՝ կարող էր կորցնել և այն, ինչ արդեն ուներ
Եվ ամեն ինչ:
Եվ ձեր դաշինքը կայացավ,
Դաշնագրով քեզ հայտարարեցին Հռոմի բարեկամ,
Դու հրաժարվեցիր Ասորիքից, Փյունիկիայից, Կիլիկիայից,
Տվեցիր վեցը հազար տաղանդ արծաթ Ծոփքի գանձարանից,
Բայց պահեցիր Հայաստանը Հայոց Միջագետքով
Եվ քո գահը անշարժ ու անփոփոխ:
Դու փառքի և Հայրենիքի լինելության
Ընտրությունն արեցիր
Հանուն Հայրենիքի լինելության…

Եվ այդ պահից դու ապրեցիր խաղաղ մի կյանք,
Խաղաղ մի կյանք Հայոց երկրում:
Դավաճան որդիներիդ չներեցիր, չհիշեցիր անգամ նրանց,
Եվ Հայոց թագով օծեցիր Արտավազդ որդուդ
Ու տասը տարի համատեղ թագավորեցիր:
Դու արքայակից Արտավազդին պատվիրեցիր
՛՛Մահից պետք չէ վախենալ,
Վախեցար՝ կորցնելու ես ամեն ինչ…
Արևելքը մի տուն է,
Եթե կրակ ընկավ՝
Ամբողջը կայրվի,
Մենք իրար դեմ չպիտի կռվենք,
Կրակ բերողն է մեր թշնամին…՛՛
Եվ սկսվեց երկարատև, ծանր մի աշխատանք
Արևելքը ընդհանուր թշնամու դեմ
Զորակոչի համար…
Արտավազդ որդիդ էր բանակցողը
Եվ, ի վերջո, Պարթև Հրահատը
Հասկացավ ու ըմբռնեց,
Որ միայն միասնաբար կարող են պայքարել
Հռոմի դեմ:
Եվ հին թվով 57 թվականին
Հայաստանի և Պարթևի թագավորները
Հաստատեցին դաշինք՝ Հռոմի դեմ…
Դու հպարտ էիր, Արքա Տիգրան,
Որդուդ՝ Արտավազդի համար,
Հպարտ, որ Հայաստանը թողնում ես զորավոր, դիվանագետ,
Հայրենասեր կառավարի:

Ես քո պալատական պատմաբանն էի, Արքա Տիգրան,
Եվ քեզ հետ կիսեցի կյանքիդ ուղին՝
Ծնվածդ օրից մինչ գերեզման,
Եվ գոհ եմ իմ ճակատագրից,
Որ պարգևեց ինձ հենց քո նման
Հայրենապաշտ մի տիրակալ:


14.01.2014

ԱՐՏԱՎԱԶԴ


Դու հորդ` Տիգրան Մեծի որդին էիր,
Արժանավոր որդին,
Արտավազդ արքա:
Հորդ կամքով օծվեցիր արքա-գահակից
Եվ եղար տիրակալ-գահակից,
Ապա՝ արքայից-արքա…

Դու տարածք ստացար
Քո արքա հորից,
Տիրակալ եղար այդ հողին,
Չկորցրեցիր դրանից մի թիզ,
Չդարձար Հռոմ-Տիզբոն առանցքի կատարող՝
Խաղացիր քո խաղը երկու կողմերում…

Երկիրդ հեռու պահեցիր կռվից,
Եղար զորավոր արքա,
Կռվեցիր քո հողի համար
Եվ Հայոց Միջագետքն հետ առար,
Որ խլվել էր Հայոց աշխարհից…

Քեզ փորձեց կոտրել
Անտոնիոս անունով մի սինլքոր,
Գող ու ավազակ զորավար,
Բայց դու մաս չդարձար նրա խաղին,
Քո հողը պահեցիր սրբորեն:
Եվ նա դավ սարքեց,
Երդումով քեզ կանչեց հանդիպման,
Ուխտադրուժ, ժանտաբար կալանեց քեզ,
Հայոց թագուհուն,
Տիգրան և Արտավազդ որդիներիդ,
Թալանեց գանձերը Հայոց,
Ավերեց Աստծո տուն Երիզան,
Ու քեզ շղթայած տարավ Եգիպտոս՝
Իր հոմանուհուն նվեր…
Սինլքոր, խաբեբա Անտոնիոսն այդ,
Որ չէր հաղթել քեզ մարտում՝
Խաբել-կալանել-շղթայել էր քեզ,
Խաբեց և աշխարհին
Ու քեզ ընտանյոք՝ ոսկե շղթաներով,
Տարավ իր հաղթահանդեսին…
Բայց և դու, և ընտանիքը քո
Գլուխ չտվեց հոմանուհուն նրա
Եվ կյանք չաղաչեց նրանից…

Գերի եղար, բայց ոչ ստրուկ,
Հպարտ ու հզոր ապրեցիր գերյալ
Գիտենալով, որ Արտաշես որդիդ
Լուծել է որդիական վրեժը
Եվ դուրս արել երկրից ոտքը հոռոմի,
Ու հպարտ գնացիր կառափնարան…

Հպարտ, արծվենի, թագակիր
Տիրակալ էիր Արտավազդ արքա,
Քեզ հիշում են այլոք,
Քեզ հիշում են մերոնք,
Եվ եթե չդառնայիր դավի զոհ
Պատմության մեջ լինելու էիր
Արևելքի հզորագույն արքա
Հորդ՝ Տիգրան Մեծից հետո…


06.12.2013

ԱՐՏԱՇԵՍ


... Եղբայր իմ, Արտաշես արքա,
Ես քեզ հանդիպեցի ծանր մի գիշեր,
Հարազատ Արածանի գետի ափին:
Դու տխուր էիր ու անգամ հուսահատ,
Մի սինլքոր խաբեբա Անտոնիոս
Երդումով հրավիրել էր հորդ՝
Արքայից-արքա Արտավազդին
Եվ ուխտադրժորեն,
Խախտելով Հռոմի հետ պապիդ՝
Տիգրան Մեծի կնքած
Գիրը Եղբայրության՝
Շղթայել էր նրան
Ու զորքով մտել Հայաստան:
Դու հետևում էիր թշնամուն,
Եվ փակեցիր նրա ճանապարհը
Դեպի Հայոց Միջնաշխարհ:
Գող ու խաբեբա,
Վախկոտ ու սինլքոր Անտոնիոսը
Թալանեց մի քանի գանձարան,
Թալանեց Երիզան,
Կտրտեց ու տարավ
Անահիտ աստվածուհու
Ոսկեձույլ արձանն անգամ...

... Բայց դու քո պապի թոռն էիր
Եվ քո հոր արժանավոր որդին,
Պապիցդ ժառանգել էիր զորավարի,
Հորիցդ՝ բանակցողի անուրանալի տաղանդ:
Եվ քայլ առ քայլ հաղթեցիր վախերիդ,
Դարձար Պարթևաց արքունիքի փեսա,
Հավաքեցիր նոր ու հզոր բանակ
Եվ բազմեցիր պապերիդ գահին:

... Ես քեզ հանդիպեցի երեք տարի հետո,
Արտաշատի արքայական քո պալատում,
Դու դողում էիր զայրույթի ցավից
Քեզ հասած լուրից սահմռկեցուցիչ:
Վախկոտ ու սինլքոր մի զորավար
Ալեքսանդրիայում գլխատել էր տվել
Աստծո շնչով օծյալ
Արքա հորդ և թագուհի մորդ,
Եվ քո ամեն բջիջ գոռում էր վրեժ:
Եվ որոշումդ մեկն էր
Եվ դու դրան տվեցիր
՛՛Հռոմեական գիշեր՛՛ անուն:

... Ես տեսա այդ գիշերը,
Մասնակից դարձա այդ վրեժին,
Մահ էր, արյուն, արյուն,
Եվ արյունով ներկված լուսաբացին
Հայաստանի հողի վրա
Մի կենդանի հոռոմ զինվոր ողջ չմնաց:

Քայլդ վրեժ էր մեծ՝
Օծյալ հորդ արյան համար,
Եվ ապտակ էր՝ եղբայրության ուխտը դրժած
Հռոմի երեսին:
Բայց Հռոմը վրեժդ չհասկացավ
Ու քեզ հայտարարեց ոխերիմ թշնամի,
Եվ Հռոմի պալատական պատմիչ Ստրաբոնը,
Հռոմեացու արյան փոխան,
Թույնով լցված տողեր թողեց պատմությանը՝
Խեղաթյուրեց պապիդ, հորդ
Եվ քո կերպարները:

... Բայց իրական պատմությունը
Այլ էր, այլ էր:
Եվ դու եղար հզոր արքա,
Պապիդ՝ Տիգրան Մեծի նման,
Ու նրա պես միշտ կրեցիր
Արքաների արքա տիտղոս:
Բանակներիդ երթն անկաս էր Արևելքում,
Արևելքը դու էիր՝ հաղթող և աննվաճ:

Իսկ Հռոմը:
Հռոմը դավ էր գրում՝
Հին, փորձված ձեռագրով՝
Խուսափելով դեմ առ դեմ պատերազմից՝
Դավադիր մահ ուղարկելով հերոսի մոտ...

... Ես, իմ եղբայր, չհասցրի,
Չհասցրի լինել կողքիդ՝
Թիկունք լինել դավի պահին:
Եվ պալատում արքայական,
Քո պապերի գահի կողքին
Դավը եկավ՝
Դավը եկավ բարեկամի անարգ ձեռքով
Եվ դու, եղբայր, զոհ գնացիր
Ոչ թե մարտում՝ ձիու վրա՝
Թշնամու դեմ մարտնչելիս,
Այլ դավաճան հայի ձեռքով՝
Գահիդ կողքին...

Ներիր, եղբայր իմ Արտաշես,
Ներիր, որ չհասա,
Չկանխեցի դաժան դավը վճարովի,
Որին հանդիպեցի հետո բազում անուններով՝
Սպարապետ Մխիթար,
Վազգեն Սպարապետ...

Եվ միշտ հենց այն պահին,
Երբ Հայոց երկիրը մեր
Եղել է հզոր թռիչքի մեջ...


24.12.2013

ՏԻԳՐԱՆ ԵՐՐՈՐԴ


Հորդ՝ Արտավազդ արքայից-արքայի
Միջնեկ որդին էիր՝
Արտաշեսից հետո ծնված
Ու կրտսեր Արտավազդից առաջ:

Հայրդ քեզ, կնոջդ, կրտսեր Արտավազդին
Ձեր թագուհի մոր և քրոջդ հետ
Տարավ Ասորիք՝
Անտոնիոսի հետ հանդիպման՝
Խնամախոսության:
Խնամախոսություն չեղավ,
Անտոնիոսի երդումն էր սուտ:
Նա ձեզ գերեց ու շղթայակապ
Տարավ Ալեքսանդրիա
Ու պարտադրեց գլուխ խոնարհել
Իր հոմանուհի Կլեոպատրային
Եվ կյանք խնդրել նրանից:

Բայց հայրդ օծյալ մարդ էր,
Աշխարհակալ Տիգրան Մեծի որդին,
Հզոր Հայաստանի ինքնակալ արքան
Ու նա գլուխ չխոնարհեց:
Եվ նույնն արեցիք դուք,
Ու պատանդ դարձաք
Հոմանուհու զնդան-բանտում:

Եվ զնդան-բանտում կինդ ծննդաբերեց
Երկորյակ զավակներիդ՝ տղա-աղջիկ,
Եվ Արտավազդ արքան
Որդուդ կոչեց Տիգրան,
Իսկ թագուհի մայրդ
Աղջկադ կոչեց Էրատո՝
Սիրո աստվածուհու անունով:

Մի օր լուր տարածվեց,
Որ Հռոմը կռվում հաղթել է Անտոնիոսին
Ու շուտով կմտնի Եգիպտոս:
Եվ Անտոնիոսը հորդ գերության
Անորեն քայլը պարտակելու համար
Հրամայեց գլխատել նրան:

Հռոմի զորքերը եկան,
Բայց դուք չազատվեցիք գերությունից,
Դուք զենք էիք Հռոմի ձեռքին
Ձեր եղբոր դեմ,
Որ վրեժի կռիվ էր սկսել Հռոմի դեմ,
Ու ձեզ տարան մի նոր գերություն՝
Տարան Հռոմ:

Դու հոգով երբեք չհեռացար քո արմատներից
Եվ Հռոմում զավակներիդ կրթեցիր հայերեն՝
Երազելով մի օր նրանց տեսնել Հայաստանում:

Քո եղբայր Արտաշեսը
Լուծեց ձեր արքա հոր մեծ վրեժը,
Ազատագրեց երկիրն Հայոց
Ու բազմեց Հայոց գահին
Եվ Օկտավիանոս կայսրից պահանջեց
Ազատ արձակել ձեզ՝ իր եղբայրներին...
Բայց Օկտավիանոսը նենգադավ
Մահ ուղարկեց Արտաշեսին:
Եվ Արտաշեսի գահը թափուր
՛՛Նվիրեց՛՛ քեզ՝
Կարգելով քեզ թագավոր Հայոց
Եվ Արևելքի արքաների արքա:

Դու Հայաստան վերադարձար ընտանիքով,
Սակայն կոտրած սրտով՝
Խորամանկ կայսրը պատանդ պահեց
Արտավազդ եղբորը քո...
Կայսրը համոզված էր,
Որ իր երկրում
Տասը տարվա գերությունդ
Զրկել է քեզ ինքնությունից
Ու հանձինս քեզ
Հայաստանում ինքը կունենա
Մի դրածո, մի խամաճիկ,
Իսկ եղբորդ գերությունը
Քեզ կպահի շղթայի մեջ:

Բայց դու այլ նպատակ էիր հետապնդում,
Եվ Հայաստանի հողին
Ոտք դնելուն պես՝ հայացար,
Հաստատեցիր, որ առյուծը կամ արծվը
Վանդակի մեջ երբեք չեն դառնում
Հլու շուն կամ ճնճղուկազգի:
Հաստատեցիր, որ քո ոգին
Առյուծի է, միտքդ՝ արծվի:
Եվ քո հողին ոտք դրեցիր
Հայաստանին միայն ծառայելու նպատակով:

Դու որպես վարձ դավաճանության
Գլխատեցիր Արտաշես եղբորդ վրա
Զենք բարձրացրած
Հռոմեասեր բարեկամներիդ,
Հայաստանից հետ ճամփեցիր
Հոռոմ զինվորներին,
Որ ուղարկվել էին քեզ հետ որպես ձեռնաշղթա,
Եվ Հռոմին հասկացրեցիր,
Որ Արևելքում մեկ տեր պիտի լինի
Եվ այդ մեկը դու էիր
Տիգրան Երրորդ արքաների արքա:

Հռոմն իր կաշվի վրա տեսավ ուժը քո
Ու վախ ապրեց,
Որ այրուձիդ մի օր
Բախելու է դարպասները հռոմեական...
Այդպես գրել է Օկտավիանոս կայսրն իր կտակում:

Տասնամյա մի կարճ ակնթարթում
Հայաստանդ ոտքի կանգնեց,
Հարստացավ, հզորացավ,
Արևելքում վերականգնեց
Հնից եկած գահ ու պատիվ:

Եվ դու քո մեծ պապ Տիգրան Մեծից հետո
Եղար գերդաստանիդ երկրորդ արքան,
Որ, նրա նման, քո իսկ ձեռամբ
Երկորյակ զավակներիդ՝ Տիգրանին և Էրատոյին
Օծեցիր Հայոց արքա
Եվ դարձար նրանց խորհրդական:

Դու ապրեցիր մի կյանք՝ երկու մասով՝
Գերության մեջ և Հայեց գահի վրա,
Դու ապրեցիր մի կյանք հայրենապաշտ
Եվ արքա զավակներիդ
Ու հայ ազգի ձեռքերի վրա
Գնացիր քո վերջին ճամփան հավերժության,
Հաստատելով, որ Հայրենիքը
Կամ սիրում են, կամ՝ ոչ,
Եվ չկա Հայրենիքը սիրելու
Մեկ այլ գիտակցություն,
Քան նրան ծառայելը որդիաբար...


02.01.2014

ԷՐԱՏՈ




Դու գահ բարձրացար հայրական կտակով
Քո եղբայր Տիգրանի հետ,
Եվ եղար արքա գահակից,
Գահազուրկ եղար նրա հետ,
Հեռացար հեռու Պարսկաստան,
Բայց նրա հետ դու կրկին
Հետ դարձար արքունի քո գահին…

Եղբայրդ զոհվեց կռվում,
Քո սուգն անձնական էր ու խոր
Եվ դու խռովյալ ու տխուր
Հեռացար հայրական քո գահից…

Եկան-գնացին ինքնակոչ արքաներ,
Գողացան երկրիդ արծաթն ու ոսկին,
Բայց ժողովուրդը հայոց
Մերժեց, սատակեց ինքնակոչ գողերին…

Դու երրորդ անգամ օծվեցիր արքա,
Հայոց թագն առար քո գլխին
Եվ խառնակ ու ծանր մի շրջան
Առաջնորդ եղար քո ազգին…

Չապրեցիր անձնական կանացի մի կյանք,
Ուսերիդ տարար հոգսը պետական
Եվ օրերիդ ծանր հոլովույթում
Պահեցիր գահը հայկական…

Դու ապրել ես, գործել
Հին ու նոր ժամանակների
Ծանոթ-անծանոթ սահմանին՝
Քսան դար առաջ,
Քսան դար անունդ
Ապրում, հնչում է հայի հոգում՝
Անվանդ չի լինի մոռացում…


29.08.2013

Просмотров: 731 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/16
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Январь 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz