Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Среда, 12.12.2018, 23:38
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1523
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Июль » 18 » ՄԻ ԱՂԱՎԱՂԵՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
00:19
ՄԻ ԱՂԱՎԱՂԵՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ԵՂԵԼ Է ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԿՈՉՎՈՒՄ Է «ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ»

Տիգրան ՊետրոսՅանց
ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ
 


22-29 մայիսի, 1918 թվական:

Ապարանի հերոսամարտը հայ ազգի մղած եզակի կռիվներից է։ Այստեղ հիմնական կռվող ուժը ճակատամարտի առաջին օրվանից մինչեւ հաղթական ավարտը ապարանցի աշխարհազորայիններն էին։ Այդ նրանք են հավաքական որոշում կայացրել՝ փակել թուրքի ճանապարհը եւ պահպանել սեփական ընտանիքների պատիվն ու արժանապատվությունը։ Ապարանի հերոսամարտը սկսվել է 1918 թվականի մայիսի 22—ի կեսօրին, երբ Էսադ փաշայի դիվիզիան եւ Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10000 զինվոր ու թալանի պատրաստ 3000—ից ավելի դրսեկ, տեղացի թուրք ու քուրդ ելուզակ) մտել են Ապարանի գավառի սահմանը։ Հետախուզական առաջապահ գումարտակը ուշ երեկոյան հասել է Միրաքի կամրջի դիմաց, եւ թնդացել է նրանց վրա արձակված ապարանցի աշխարհազորայինների հրացանազարկը։

Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի վաղ, երբ մայիսի 15—ին թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ /այժմ` Գյումրի/ եւ Արագած սարի հարավակողմով ու հյուսիսակողմով շարժվել դեպի Հայաստանի սիրտը՝ Երեւան։ Հայաստանը պիտի պաշտպանվեր, պիտի կանգնեցվեին թուրքական հորդաները, բայց հարցն այն էր, թե որտե՞ղ։ Որոշվել է, որ հարավակողմից արշավող թուրքերի ճանապարհը պիտի փակվի Էջմիածնի մատույցներում՝ Սարդարապատում, իսկ հյուսիսակողմից արշավողների ճանապարհը փակվի... Արարատյան դաշտի մատույցներում։

Հյուսիսակողմով արշավող թուրքերն անարգել մտել են Սպիտակ, գրավել շրջակա գյուղերը եւ ընթացքից շրջվել դեպի Ապարանի ճանապարհը։ Համընդհանուր խուճապ է սկսվել։ Սկսել են տեղահանվել նաեւ Ապարանի սահմանային գյուղերը։ Հյուսիսակողմից արշավող թուրքերի ճանապարհը հնարավոր էր փակել Աշտարակի մոտ, Եղվարդում, Երեւանի սահմանագլխին։ Բայց Ապարանում թուրքերի առաջն առնելու մասին որեւէ պլան նախապես չէր կազմվել։ Եվ այդ ճակատագրական պահին, երբ թվում էր, որ այլեւս ոչ մի ուժ չէր կարող Ապարանի գավառամասում փակել թուրքերի ճանապարհը, Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանի հրամանով Ապարանի գավառապետ Սեդրակ Ջալալյանը եւ Ապարանի գավառի Արագյուղ գյուղի բնակիչ, Երեւանի ոստիկանության աշխատակից Արսեն Տեր—Պողոսյանը սկսել են ծանոթանալ իրավիճակին։ Նրանք հանդիպել են Տեր-Հովհաննես Տեր—Մինասյանի հետ։ Իրավիճակի վերլուծությունից ծնվել է ինքնապաշտպանության վճիռը. կանգնել թշնամու դեմ, չգաղթել եւ չհանձնվել նրա ողորմածությանը։ Ինքնապաշտպանության հրամանատարությունն իրենց վրա են վերցրել Սեդրակ Ջալալյանն ու Արսեն Տեր—Պողոսյանը, ստեղծվել է պաշտպանության խորհուրդ Տեր-Հովհաննես Տեր—Մինասյանի նախագահությամբ։

Սեդրակ Ջալալյանի անձնական պաշտպանության ձիավորները հրաման են ստացել փակել նահանջի ճանապարհը եւ զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց վերադարձնել Ապարան գյուղ։

Մայիսի 17—ին գավառում հայտարարվել է պատերազմական իրավիճակ։ Անընդհատ զարկել են եկեղեցիների զանգերը։ Գյուղերի տանուտերերը, քահանաները մարտի ընդունակ տասնութ տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց զինել եւ ուղարկել են պաշտպանության խորհրդի տրամադրության տակ։ Սեդրակ Ջալալյանն ու Արսեն Տեր—Պողոսյանը ուսումնասիրելով տեղանքը՝ որոշել են պաշտպանության առաջին գիծը հաստատել Նիգավան—Միրաք գյուղերի միջեւ ձգվող բարձունքներում։ Նորակազմ զորաջոկատներն էլ ուղարկվել են հենց այդ գիծը։

Մայիսի 20—ին այդ գծի վրա արդեն եղել է շուրջ 1500 աշխարհազորային։ Գավառում իրավիճակը կայունացել է, Ապարան գյուղից արեւելք գտնվող գյուղերի տեղահանությունը կանգնեցվել։
Հերոսամարտն ըստ օրերի

Մայիսի 22, կեսօր։ Պաշտպանության առաջին, ինչպես նաեւ ուղղակի Ապարան գյուղի մոտ ձեւավորված երկրորդ գծում աշխարհազորայինների թիվը հասել է 3500—ի։ Փաստորեն, Ապարանի գրեթե ամեն գյուղ մոտ հարյուր տղամարդ էր ուղարկել ճակատ։ Ճիշտ է, ժամանակակից զենք բոլորը չէ, որ ունեին, զինամթերքը սակավ էր, գնդացիրները երկուսն էին, իսկ թնդանոթներ չկային, բայց առկա էին անկոտրում կամք եւ սեփական հողը, տունը հարազատներին պաշտպանելու վճռականությունը։ Նույն օրվա երեկո։ ...Թուրքերի առաջապահ ջոկատները, որոնք ոչ մի դիմադրության չէին սպասում, գնդակոծությունից շփոթվել են եւ, կորուստներ տալով, հետ քաշվել ու սպասել մայիսի 23—ի լուսաբացին։ Գիշերվա ընթացքում, փաստորեն, ինչպես եւ Արագած լեռան արեւմտյան ստորոտին՝ Սարդարապատում, Արագած լեռան արեւելյան ստորոտին եւս ձեւավորվել է ռազմաճակատ։ Երեւանում ճիշտ է գնահատվել ստեղծված իրավիճակը եւ նույն գիշեր նոր ձեւավորված ռազմաճակատի հրամանատար է նշանակվել բազմափորձ Դրոն` Դրաստամատ Կանայանը։

Մայիսի 23։ Հայաստանում պահեստային զինված ուժեր չկային։ Ամբողջ օրը Ապարանի ռազմաճակատում թշնամուն դիմագրավել են ապարանցի աշխարհազորայինները։ Թուրքերը հրետանու եւ գնդացրային կրակով ճնշել են մոտ 8 կիլոմետրանոց ռազմաճակատի ամբողջ գիծը պահող աշխարհազորայիններին։ Չնայած համառ դիմադրությանը՝ կորուստները զգալի էին, եւ մարտական գործողությունները ղեկավարող Արսեն Տեր—Պողոսյանը երեկոյան հրամայել է նահանջել երկրորդ գիծ։ Ապարանի եւ ²ßï³ñ³ÏÇ գավառակների թիկունքային գյուղերից Սեդրակ Ջալալյանը կարողացել է մարտադաշտ ուղարկել աշխարհազորայինների մի քանի նոր ջոկատ։ Առաջինը մարտադաշտ են հասել 100 դովրեցիներ՝ քահանա Տեր Գեւորգի գլխավորությամբ։ Երեկոյան կողմ միայն ապարանցի աշխարհազորայինների թիվը հասել է 4500—ի, աշտարակցիների հետ՝ 5000—ի։ Դրոն ոտքի է հանել ու Ապարանի ճակատ ճանապարհել գրեթե բոլոր զինված խմբերը։ Մինչեւ կեսգիշեր Ապարանի ռազմաճակատ են հասել գանձակեցի պորուչիկ Զեմլյակի (Հարություն Նանումյան), զանգեզուրցի Յապոնի, գառնեցի Մարտիրոսի, Քաչալ Ղազարի, սասունցի Մանուկի, մակվեցի Մեսրոպի (հին բայազետցիների), բուլանղցի Մուրադի ջոկատները։

Մայիսի 24։ Արամ Մանուկյանի գիտությամբ՝ Երեւանի զորաբաժնի հրամանատարությունը որոշել է Սարդարապատից Ապարանի ռազմաճակատ փոխադրել կանոնավոր ռազմական միավորումներ։ Օրվա առաջին կեսին Արագածի ստորոտով՝ Արագած—ՔուչաÏ գյուղերի վրայով ճակատ է մտել եւ ռազմաճակատի ձախ կողմում դիրքավորվել գնդապետ Դոլուխանյանի 6—րդ հրաձգային գունդը, որը համալրվել էր հիմնականում ապարանցի մարտիկներով։ Նույն օրվա ընթացքում Ապարանի ռազմաճակատ են հասել փոխգնդապետ Կորելկովի հեծյալ գունդը, կապիտաններ Սակելյարիի եւ Կլիչի հրետանային մարտկոցները, որոնցից մեկը դիրքավորվել է Ապարան գյուղի "Դեմեր" կոչվող հատվածում։ Աշխարհազորի, զինված խմբերի, զորամիավորումների մարտիկների ընդհանուր թիվը 7000—ից անցել է։

Մայիսի 25։ Թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան Հայաստանի երեք ուղղություններում՝ Սարդարապատի, Ապարանի, Վանաձորի ուղղությամբ գործող զորամիավորումներին վճռական հարձակման հրաման է տվել, եւ այդ օրը Ապարանի ճակատը դարձել է Հայաստանում ծավալված պատերազմի կենտրոն։ Բավական էր թուրքերն այստեղ ճեղքեին պաշտպանությունը, եւ անմիջականորեն հարվածի տակ կմնար Սարդարապատը։ Կեսօրին, անձրեւի տակ թուրքերը փորձել են Սարալանջ գյուղից արեւելք ընկած հատվածում անցնել հորդացած Քասաղ գետը, դուրս գալ աշխարհազորայինների թիկունքը եւ կոտրել ապարանցիների դիմադրությունը։ Պահը դարձել է օրհասական, բայց տեղ հասած կադրային ջոկատները գրավելով Քասաղի երկու ափերի բարձունքները, կրակի տակ են առել թուրքերին ու ստիպել նրանց անկանոն նահանջել։ Օրվա երկրորդ կեսին թուրքերը կատաղի գրոհ են ձեռնարկել Արագածի փեշին։ Գերակշիռ ուժերով նրանց հաջողվել է ճեղքել հայերի պաշտպանությունը Ալուջայի ձորի մոտ եւ ավելի քան մեկ կիլոմետր թափանցել հայերի թիկունքը։ Ճակատը թեեւ մեծ դժվարությամբ, բայց փակվել է, եւ թուրքերը հայտնվել են երկկողմ կրակի տակ։ Եղվարդի կողմից մարտադաշտ հասած գնդապետ Զալինյանի 300 զինվորներն ու Արագածի փեշով առաջացող փարպեցի աշխարհազորայինների հարյուրյակը (Տեր Գեւորգ քահանայի գլխավորությամբ) փակել են թուրքերի ճանապարհը, եւ վերջիններս հայտնվելով եռակողմ կրակի տակ՝ գլխովին ոչնչացվել են (միայն քչերին է հաջողվել դեպի Արագածի գագաթը փախչելով՝ փրկվել)։ Կեսօրին Ապարանի ռազմաճակատում նոր վտանգի ուղղություններ են ի հայտ եկել։ Թուրքական հրամանատարության պահանջով Ապարանի գավառի արեւելյան կողմից՝ Ձորագլուխ գյուղի ուղղությամբ հարձակման են անցել Հանքավանում բնակվող թուրքերը։ Թշնամու ճանապարհն այս ուղղությամբ փակել է Ձորագլխի, Թթուջրի, Չքնաղի բնակիչներից կազմված միացյալ ջոկատը։ Մարտը տեղի է ունեցել Կարմիր վանք հնավայր—բնակավայրի մատույցներում։ Թուրքերին չի հաջողվել կոտրել ապարանցի աշխարհազորայինների դիմադրությունը եւ չորսժամյա մարտից հետո հետ են քաշվել՝ մարտադաշտում թողնելով քսանից ավելի դիակ։ Զոհվել է նաեւ ձորագլխեցի տիրացու Հարությունը։ Գրեթե նույն ժամանակ Բուժական գյուղի կողմից ավելի քան հինգ հարյուր թուրքեր նոր ճակատ են բացել Նորաշեն—Երնջատափ գյուղերի ուղղությամբ։ Հարձակման մասին տեղեկացված հայկական հրամանատարությունը այս ուղղությամբ եւս հասցրել էր պաշտպանական խրամատներ փորել Նորաշեն գյուղից շուրջ երկու կիլոմետր արեւելք գտնվող ավերակ բերդից մինչեւ Երնջատափ գյուղի քարհանքը։ Պաշտպանական այս հատվածում կենտրոնացվել են Նորաշեն եւ Երնջատափ գյուղերի գրեթե բոլոր տղամարդիկ. շուրջ երեք հարյուր տղամարդ։ Սկսված մարտի լուրն ստանալուն պես հայկական հրամանատարությունը այս ճակատ է ուղարկել Վարդենիս (գյուղ)ից հավաքագրված հարյուրյակը։ Այս ուղղությամբ մարտը շարունակվել է եւ այդ օրը մինչեւ մութն ընկնելը, եւ մինչեւ հաջորդ օրվա վերջը։ Այս ուղղությամբ եւս թուրքերին չի հաջողվել խուճապ առաջացնել արդեն երեք կողմից կռվող ապարանցիների դեմ եւ հնարավորություն ստեղծել թուրքական հիմնական ուժերի համար, ճեղքելու ռազմաճակատի կենտրոնական հատվածը։ Թուրքերն այս ուղղությամբ տվել են հարյուրից ավելի զոհ։ Հայկական կողմից զոհվել են 17 նորաշենցի, 3 երնջատափցի, 1 վարդենիսցի։ Ապարանի հերոսամարտի նախորդ ուսումնասիրողներից որեւէ մեկը Ձորագլխի եւ Նորաշեն—Երնջատափի ռազմագործողությունների մասին տեղեկություն չունի, իսկ որոշներն էլ կարծել են, թե թուրքերը ճեղքել են ճակատը եւ հասել մինչեւ Քուչակ եւ Երնջատափ։ Թուրքերն այդ օրը մարտադաշտում թողել են 1000—ից ավելի դիակ, գնդացիրներ, զենք, զինամթերք։

Մայիսի 26։ Դիրքային փոփոխություններ չեն եղել։ Թուրքերը մի քանի ուղղություններում փորձել են առաջ շարժվել, սակայն չի հաջողվել։ Օրվա վերջին Սարդարապատից Ապարան են փոխադրվել կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցը, գնդապետ Հովսեփյանի 5—րդ հրաձգային գունդը։

Մայիսի 27։ Ապարանի ռազմաճակատում հայ աշխարհազորայինների, զինված խմբերի, կադրային զինվորների թիվն անցել է 9000—ից։ Թեեւ թուրքերը դարձյալ թվական գերազանցություն ունեին, բայց հոգեբանական առավելությունն անվերապահորեն անցել էր հայերի կողմը։ Չկարողանալով դիմագրավել հայերի գրոհներին՝ թուրքերը թողել են Նիգավանը, Մելիքգյուղը եւ կենտրոնացել են Ճահճուտի մոտակա բարձունքներում։

Մայիսի 28։ Թիֆլիսում գործող Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանը հայտարարել է անկախ պետություն եւ ստանձնել իշխանության պատասխանատվությունը։ Բայց Ապարանի ռազմաճակատում այդ կարեւորագույն նորությունը դեռեւս չգիտեին։ Դրաստամատ Կանայանն անձամբ ամբողջ ճակատը տարել է թշնամու դեմ գրոհի։ Դիրքերը գրավվել են զոհերի գնով։ Այդ օրը զոհվել են սեբաստացի Ազարիկը, գանձակեցի Զեմլյակը, գառնեցի Մարտիրոսի հորեղբորորդին, այլ քաջորդիներ։ Չնայած կորուստներին՝ հայերը գրոհը չեն դադարեցրել նաեւ գիշերը։

Մայիսի 29։ Թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ են պարզել։

Հերոսամարտի պատմական նշանակությունը

... Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտն ավարտվել է փառահեղ հաղթանակով։ Թուրքերն այդ ճակատում տվել են 3000—ից ավելի զոհ։ ... Մեծ է Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտի պատմական նշանակությունը։ Այն չի զիջում Սարդարապատի ճակատամարտին։ Այդ հերոսամարտերը մեր ժողովրդի գոյատեւման նոր Ավարայրն էին՝ մեկը Արաքս գետի, մյուսը՝ Քասաղ գետի ափին։
Հերոսամարտի հուշարձանը

Ապարանցի եւ հարեւան գավառներից օգնության եկած աշխարհազորայինների, զինվորների հիշատակին բացառապես Ապարանի ժողովրդի պայքարի արդյունքում խորհրդային տարիներին՝ 1974—1979 թթ-ին,բազմավաստակ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, կանգնեցվել է սերունդների հիշողությանն ուղղված "Վերածնունդ" հուշարձան—կոթողը։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1979 թ-ի մայիսի 28—ին։ Հուշարձանի կառուցման աշխատանքներին զուգահեռ բարեկարգվել ու կանաչապատվել է շուրջ 7 հեկտար տարածք։ Տնկվել է մոտ 500 եղեւնի եւ ավելի քան 500 բարդի։ Հիմնվել են Նշանավոր հյուրերի, Զինակոչիկների, Նորապսակների ծառուղիները։

Արցախյան ազատամարտում զոհված ապարանցիներին հուղարկավորելու համար 1991 թ-ին ընտրվել է հուշարձանի արեւելյան եզրաթումբը, որտեղ տարիների ընթացքում ձեւավորվել է գերեզման—հուշահամալիր։

2000 թ-ի մայիսի 28—ին "Վերածնունդ" հուշարձանի արեւմտյան եզրաթմբի վրա հուղարկավորվել է Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի աճյունը։ Ճիշտ կլինի, որ այստեղ վերահուղարկավորվեն նաեւ ճակատամարտի կազմակերպիչներ Սեդրակ Ջալալյանի (թաղված է Դետրոյթում) եւ Արսեն Տեր—Պողոսյանի (թաղված է Բուխարեստի հայկական եկեղեցու մոտ) աճյունները։

Տասնամյակների ընթացքում Ապարանի հերոսամարտի հուշարձանը վերածվել է Հայրենիքի համար կռված եւ Հայրենիքի համար ընկած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի։

Ապարանի հերոսամարտի փառահեղ հաղթանակի առթիվ 2005 թ-ի մայիսի 28—ին "Նիգ-Ապարան կազմակերպություն" հայրենակցական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Արագածի շուրջը՝ ավելի քան 160 կիլոմետրանոց շրջագծով կազմակերպվեց, հիրավի, աննախադեպ միջոցառում՝ "Միասնության շուրջպարը"։

Գրականություն
Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Ապարանի հերոսամարտը, Ե., 2005 թ., 54 էջ /տպագրվել է հերոսամարտի ապարանցի 1074 մասնակցի անուն, լուսանկարներ/:
Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Խենթերը: Մի տոհմի պատմության հետքերը /Արսեն Տեր-Պողոսյանի տոհմի մասին/, Ե., 2008 թ., 48 էջ:
Տիգրան Պետրոսյանց, "Փառահեղ հաղթանակ": Ապարանի հերոսամարտի 90-ամյակը: "Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ, 13.05.2008 թ., էջ 3:


ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ-ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

ՍԵԴՐԱԿ ՍԱՐԳՍԻ ՋԱԼԱԼՅԱՆ

(ծն.1884 թ., Ապարան, գյուղ Քասաղ - 1959 թ., ԱՄՆ, Դետրոյթ) - հայ ռազմական, ազատագրական շարժման, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ, Ապարանի գավառամասի գավառապետ /1917-1918 թթ-ին/, Էջմիածնի գավառի գավառապետ /1918-1919 թթ-ին/, Երևանի միլիցիայի պետ /1919-1920 թթ-ին/։

Ավարտել է Երևանի ռուսական գիմնազիան: Գիմնազիան ավարտելուց մի քանի տարի անց Գալուստ Ալոյանի նախաձեռնությամբ` Դրոյի, Տիգրան Դևոյանի, Սմբատ Եղիազարյանի և ուրիշների հետ հիմնել է Հայ երիտասարդների դաշնակցության "Փոթորիկ" մարտական խումբը, որ ղեկավարում էր Նիկոլ Դումանը։ 1905-1906 թթ-ին հայ-թուրքական ընդհարումների ժամանակ մասնակցել է Երևանի, Նախիջևանի, Տավուշի ինքնապաշտպանությանը։ 1906 թ-ին ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1908 թ-ին ցարական պահնորդական գրասենյակը իմացել է "Փոթորիկ" խմբի մասին և նրա անդամներին աքսորել Սիբիր: Սեդրակը գաղտնի հասել է Թիֆլիս, սակայն ձերբակալվել և նույնպես աքսորվել է: 1913 թ-ին վերադարձել է աքսորից, վերականգնվել Սանկտ-Պետերբուրգի համալսարանում, ավարտել է 1917 թ-ին և իրավաբանի մասնագիտությամբ վերադարձել Հայաստան: Արարատյան նահանգի փաստացի ղեկավար Արամ Մանուկյանը նրան նշանակել է Ապարանի գավառամասի գավառապետ: Կարճ ժամանակում Ապարանի գյուղերից հավաքագրել է շուջ 700 մարդ և մաքրել Ապարանի թուրքաբնակ գյուղերը, ջարդել Ախուրյան գյուղի շրջակայքի թուրքական խմբավորումը, ապա` Էջմիածնի գավառի Մասիս կայարանը գրաված ու հացահատիկի պաշարը բռնագրաված թուրքերին:

1918 թ. մայիսի 15-ին թուրքերը մտան Գյումրի և երկու ուղղությամբ` Արագածի արևմտյան լանջով դեպի Երևան և Վանաձորի ուղղությամբ դեպի Կասպից ծով առաջացան Արևելյան Հայաստանի խորքը: Հեռատես Արամ Մանուկյանը Ապարանի գավառամասի գավառապետ Սեդրակ Ջալալյանին հանձնարարել է ամրացնել Ապարանի հատվածը, որտեղով, օգտվելով այդ ուղղության անպաշտպանությունից, կարող էին Վանաձորի ուղղությամբ շարժվող թուրքերը առաջանալ դեպի Երևան: Մայիսի 17-ին գավառամասի գավառապետ Սեդրակ Ջալալյանը, Երևանի միլիցիայի աշխատակից Արսեն Տեր-Պողոսյանը, Ապարանի հոգևոր հովիվ Տեր-Հովհաննես Տեր-Մինասյանը Ապարանի գավառամասում հատուկ դրություն են հայտարարել, աշխարհազոր կազմակերպելու համար զենք կրելու ենթակա 17 և ավելի տարիքի տղամարդկանց զորակոչել ու Ապարանի հյուսիսային հատվածում պաշտպանության գիծ են ստեղծել: Արամ Մանուկյանի ենթադրությունն իրականացել է` թուրքերը Սպիտակի լեռնանցքի կողմից, ընթացքից վերադասավորվել և Էսադ փաշայի դիվիզիայի ու Քյազիմ փաշայի երկու գնդերի ուժերով /շուրջ 9000 զինվոր և 3000-ից ավելի դրսեկ ու տեղացի քրդեր/, մտել են Ապարանի տարածք ու Սպիտակ-Երևան մայրուղով շարժվել դեպի Երևան: Մայիսի 22-ի երեկոյան, Ապարանի գավառամասի Միրաք գյուղի հատվածում, նախորոք ձևավորված ճակատագծում նրանց առաջխաղացումը կասեցրել են Սեդրակ Ջալալյանի կազմակերպած պաշտպանագծի աշխարհազորայինները: Սկսվել ու մինչև մայիսի 29-ը այդ հատվածում շարունակվել է Ապարանի հերոսամարտը։ Այն ավարտվել է հայերի փառահեղ հաղթանակով: Եվ անկախ նրանից, որ մայիսի 23-ին նորաստեղծ ռազմաճակատի հրամանատար է նշանակվել Դրաստամատ Կանայանը, հերոսամարտի ամբողջ ընթացքում Սեդրակ Ջալալյանը շարունակել է մնալ ապարանցի աշխարհազորայինների կազմակերպիչը և հաղթանակի ապահովման մեջ ունեցել իր ներկայանալի ներդրումը:

Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը 1918 թ-ի աշնանը Սեդրակ Ջալալյանին Ապարանի գավառամասի գավառապետից փոխադրել է Էջմիածնի գավառապետ, իսկ 1919 թ-ի սկզբին` Երևանի միլիցիայի պետ: Այս պաշտոնում Սեդրակ Ջալալյանը, հաշված օրերի ընթացքում, Երևանում կարգ ու կանոն է հաստատել: 1920 թ-ի նոյեմբերին Սեդրակ Ջալալյանն անցել է արտասահման: Միսաք Թորլաքյանն իր "Օրերուս հետ" հուշապատումի մեջ գրել է. "...1920 թվականի վերջերուն իրեն /իմա` Սեդրակ Ջալալյանին/ կը յանձնուի կառավարական պաշտօնեությունը երկրէն դուրս հանելու պարտականությունը" /Բեյրութ, 1963 թ., էջ 557-558/: Սեդրակ Ջալալյանն անցել է Պոլիս, ապա` Գերմանիա` ցեղասպան թուրք պաշտոնյաների ահաբեկումը կազմակերպելու նպատակով: Որոշ ժամանակ ուսուցչություն է արել Բուլղարիայում: Երկրորդ աշխարհամարտի սկզբին ձերբակալվել է որպես անգլո-ամերիկյան լրտես, սակայն Դրոյի միջամտությամբ ազատվել է: 1946-1951 թթ-ին եղել է Շտուտգարդի /Գերմանիա/ Հայ ազգային կոմիտեի նախագահը։ 1951 թ-ին բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: 1959 թ-ին մահացել և թաղվել է Դետրոյթում:

Գրականություն
Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Ապարանի հերոսամարտը: Ե., 2005
թ.:
Համլետ Գևորգյան, Սեդրակ Ջալալյան: Գործը և հուշերը: Ե., 2011 թ., 240 էջ: Խմբագիր` Տիգրան Պետրոսյանց:

ԱՐՍԵՆ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ

ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՄՍՈՆԻ /ծն. 19.05.1875 թ., Ապարանի գավառամաս, գ.Արագյուղ - 1938 թ., Ռումինիա, Բուխարեստ/, ազգային, ռազմական գործիչ, 1918 թ-ի մայիսի 22-29-ի Ապարանի հերոսամարտի կազմակերպիչ-աշխարհազորի հրամանատար, հունական բանակի գնդապետ (1920 թ.): Րաֆֆու հերոս Խենթի՝ Սամսոն Տեր-Պողոսյանի և նրա առաջին կնոջ՝ Աննա Տեր-Թադևոսյանի որդին է:

Ստացել է իր ժամանակի համար լավ կրթություն: Սովորել է Արագյուղի ծխական դպրոցում, ավարտել է Երևանի ուսուցչական սեմինարիան, Սանկտ-Պետերբուրգի հատուկ զինվորական դպրոցը:

19-րդ դարավերջին վերադարձել է Հայաստան և, ազգային-ազատագրական շարժման մասնակից իր ժամանակակից երիտասարդների նման, անցել է Արևմտյան Հայաստան և Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ մասնակցել բազմաթիվ մարտերիª աչքի ընկնել արտակարգ խիզախությամբ ու հնարամտությամբ: Հայ ազգային ազատագրական շարժման առաջնորդներից Նիկոլ Դումանի հրամանով 1905 թ-ի հունիսի 4-ին իր մարտախմբով եկել է Ապարանի տարածաշրջանի Արտաշավան գյուղ և միավորելով տեղական ուժերը` մոտ 150 ձիավոր ու հետևակ մարտիկ, պլանավորել է պաշտպանել Ապարանի և Աշտարակի հայկական գյուղերի բնակիչներին Արագած և Արայի սարերի ստորոտներին գտնվող Ուշի, Համամլու, Քուրդալու գյուղերի տեղաբնիկ թուրքերի ոտնձգություններից: (Ընդհանուր հրամանատարը Արսեն Տեր-Պողոսյանն էր իր 20 ձիավորով: Ջոկատի կազմում եղել են խմբապետներ Գրիգորը` 10 ձիավորով, Կարապետը` 13 հետևակով, Հովհաննեսը` 20 հետևակով, Արտեմը` 10 հետևակով, Բարսեղը` 19 հետևակով: Բոլորը միասին ընդամենը 98 զինվոր, ինչպես նաև 40-ից ավելի զինված գյուղացիներ): Օրվա կեսին թուրքերը նախահարձակ են եղել Սաղմոսավանք գյուղի ուղղությամբ: Այստեղ թողնելով մի խումբ մարտիկների` Արսեն Տեր-Պողոսյանը հիմնական ուժերով փոխադրվել է Ապարանի գավառամասի Արայի գյուղ, սակայն ստանալով թուրքերի հարձակման մասին լուրը` հիմնական ուժերով հարձակվել և մինչև կեսգիշեր գլխովին ոչնչացրել է Արայի լեռան ստորոտին գտնվող երկու թուրքական գյուղերի և Ուշի գյուղի թուրք զինյալներին` հիմնովին այրելով այդ գյուղերի թուրքերի տները: Հայերն ունեցել են մեկ զոհ, թուրքերը տվել են 150 սպանված ու 180 վիրավոր:

1907 թ-ին հերթական անգամ Արևմտյան Հայաստան զենք տեղափոխելիս, Արաքսի անցումի մոտ ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից և բանտարկվել Կարսի բերդում: Սամսոն Տեր-Պողոսյանի բոլոր փորձերը որդուն ազատելու ուղղությամբ ապարդյուն են անցել: Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման և 1908 թ-ին աքսորվել Սիբիր:

1917 թ-ին ազատվել է կալանքից և վերադարձել Հայաստան: 1917 թ-ին Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանը, հաշվի առնելով նրա անմնացորդ նվիրումը, անարդարությունների հանդեպ անհաշտ վերաբերմունքը և փորձը՝ նշանակել է Երևանի պարետ Արշո Շահխաթունուն ենթակա ռազմականացված ոստիկանության պետ: 1918 թ-ի մայիսի 17-ին Արամ Մանուկյանի հրամանով ապարանցիներից կազմված պահապան ջոկատով ուղարկվել է Ապարան՝ այս ուղղությամբ թուրքերի հավանական հարձակման դեպքում գավառի պաշտպանությունը կազմակերպելու և դեպի Երևան թուրքերի առաջխաղացումը կասեցնելու համար:

1918 թ-ի մայիսի 17-22-ին Ապարանի գավառամասի պետ Սեդրակ Ջալալյանի, շրջանի հոգևոր հովիվ Տեր-Հովհաննես Տեր—Մինասյանի հետ նախապատրաստական մեծածավալ աշխատանք է իրականացրել Ապարանի և հարևան շրջանների բնակչության շրջանում՝ աշխարհազոր կազմակերպելու, ռազմավարական դիրքեր նախապատրաստելու, այդ ուղղությունում ընդհանուր խուճապի մթնոլորտը մեղմելու ուղղությամբ: Մայիսի 22-23-ին անմիջականորեն ղեկավարել է Ապարանի պաշտպանական առաջին մարտերը, և աշխարհազորայինների միջոցով փակել Երևան արշավող թուրքական դիվիզիայի ճանապարհը` մինչև կառավարական ուժերը Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ հասել են Ապարանի ճակատ: Առանձնապես աչքի է ընկել Մայիսի 22-ին Միրաք գյուղի կամրջի մոտ նախապատրաստած ծուղակով: Թուրքական առաջապահ հետախուզական գումարտակը որևէ դիմադրության չսպասելով առաջացել է, իսկ Նիգավան գյուղի և Ուղտասարի լեռնաթևերում դարանակալած աշխարհազորայինները փակել են թուրքերի թիկունքը և անխնա ոչնչացրել շրջապատման մեջ հայտնված թուրքերին: Հետագա օրերին նույնպես հմտորեն է ղեկավարել իրեն վստահված չորս հազարից ավելի աշխարհազորայիններին:

Ապարանի հերոսամարտի ավարտից մեկ ամիս անց մեկնել է Պոլիս: Իր կյանքի գործը համարելով թուրքերի դեմ կռիվը, հույների կողմից ակտիվորեն մասնակցել է 1918 թ-ին սկսված հույն-թուրքական պատերազմին: Մարտերից մեկում գնդակային վիրավորում է ստացել (տարիներ անց այդ հողի վրա կատարված ծանր վիրահատությունից հետո մահացել է): Ցուցաբերած ռազմական հմտության, կազմակերպական ունակությունների համար հունական բանակի ղեկավարության կողմից արժանացել է գնդապետի կոչման: Հունաստանի թագավոր Կոստանդինը նրան պարգևատրել է շքանշանով:

Հույն-թուրքական պատերազմի ավարտից հետո վերադարձել է Հայաստան և կրկին ծառայության անցել ռազմականացված ոստիկանությունում: Խորհրդային Ռուսաստանի կողմից Հայաստանի Առաջին Հանրապետության ռազմակալումից հետո, 1920 թ-ի դեկտեմբերին անցել է Թիֆլիս, ապա` հեռացել արտասահման: 1921-1927 թթ-ին ապրել է Բեսարաբիայում, որ այդ ժամանակ Ռումինիայի մաս էր կազմում: 1927 թ-ին անցել է Ռումինիա: Չտիրապետելով ռումիներենին, չունենալով աշխատանք՝ հայտնվել է ծանր կացության մեջ: Օգնության ձեռք են մեկնել տեղաբնակ հայերը և նա նշանակվել է Բուխարեստում բնակվող Մելիք անունով հայազգի մի մեծահարուստի քաղաքից դուրս գտնվող կալվածքի կառավարիչ: Լինելով մեծ հայրենասեր, անհունորեն Հայաստանին սիրահարված մարդ, մշտապես մտածել է Հայրենիք վերադառնալու մասին: 1935 թ-ին նրան նման առաջարկ է արել նաև եղբայրը՝ Խորհրդային Հայաստանի նախկին ֆինանսների նախարար Վասակ Տեր-Պողոսյանը, որ այդ ժամանակ պաշտոնավարում էր Անդրֆեդերացիայի ֆինանսների նախարարությունում: Այդ թթ-ին ավելի քան 200 էջի վրա շարադրել է իր հուշերը (հուշերի երկու հաստափոր տետրերը, [1952]]-1953 թթ-ին, կասկածելի հանգամանքներում, Երևանում սովորող որդու՝ Սամսոն Տեր-Պողոսյանի զբաղեցրած տնից անհետացել են):

1938 թ-ի մարտ ամսին ծանր վիրահատության է ենթարկվել և մահից առաջ կտակել է մարմինը հողին հանձնել մայր հողում: Աճյունը դրվել է Բուխարեստի հայկական եկեղեցու գավթում: Հերոսին հրաժեշտ տալու համար եկել են երկրի բոլոր կողմերից: Հոգեհանգստի արարողությունը կատարել է անձամբ Ռումինահայոց եկեղեցու հովվապետ Վազգեն Պալճյան եպիսկոպոսը (ապագա Ամենայն Հայոց Վազգեն Ա Բուխարեստցի կաթողիկոսը): Հերոսի մարմինը թաղվել է Բուխարեստի հայկական գերեզմանոցում: 1947 թ-ին հոր կողքին թաղվել է նրա վաղամեռիկ դուստր 16-ամյա Մալվինան: 1948 թ-ին կինը՝ Մարգարիտը, որդին՝ Սամսոնը և դուստրը՝ Աննան ներգաղթել են Հայաստան:

Գրականություն
Արագյուղի 1855-1879 թվականների ծխամատյան: ՀՀ Ազգային արխիվ, ֆոնդ 47, ցուցակ 5, գործ 801:
Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Խենթերը. հանրագիտարան: Ե., 2008 թ., էջ 21-24:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ

Հովհաննես Համազասպի Տեր-Մինասյան, (ծն. 1880 թ., Ապարանի շրջան, Վարդենիս գյուղ - 05.04.1953 թ., Երևան), քահանա, Ապարանի շրջանի հոգևոր հովիվ, քահանա, Ապարանի հերոսամարտի կազմակերպիչներից:

1893 թ-ին ավարտել է Էջմիածնի ծխական հնգամյա դպրոցը, 1899 թ-ին` գերազանց գնահատականներով՝ Բաթումիի թեմական հոգևոր դպրոցը, 1904 թ-ին` զինվորական դպրոցը: 1905-1909 թթ-ին ենթասպայի աստիճանով ծառայել է ռուսական բանակում: 1899-1900 թթ-ին եղել է Բաթումիի հայկական եկեղեցու, 1910-1913 թթ-ին՝ Ապարանի շրջանի Վարդենիս գյուղի եկեղեցու դպիր: 1914 թ-ին հոր՝ Տեր-Համազասպի մահից հետո ձեռնադրվել է Վարդենիս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա: 1915 թ-ին նշանակվել է Ապարանի շրջանի հոգևոր հովիվ և Ապարանի շրջան հասած նոր գաղթականների պարենավորման կոմիտեի նախագահ:

1918 թ-ի մայիսի 22-29-ի Ապարանի հերոսամարտի կազմակերպիչներից մեկն է: 1918 թ-ի մայիսի 18-19-ին գավառամասի պետ Սեդրակ Ջալալյանի, Երևանի ոստիկանության աշխատակից Արսեն Տեր—Պողոսյանի, գյուղական տանուտեր-գյուղապետերի, գյուղական քահանաների միջոցով հնչեցվել են Ապարանի շրջանի 40-ից ավելի բնակավայրերի եկեղեցիների զանգերը՝ յուրաքանչյուր գյուղում հավաքագրելով ու զենքի տակ դնելով աշխարհազորայինների: Աշխարհազորային ջոկատները ղեկավարել են հիմնականում տանուտեր-գյուղապետերը և գյուղական քահանաները: Անձամբ Վարդենիս գյուղից հավաքագրել է մոտ 450-500 մարդ: Մայիսի 19-ին Վարդենիս գյուղի եկեղեցու շրջակայքում հավաքված ավելի քան 1000 մարդու մասնակցությամբ կազմակերպել է բացօթյա պատարագ և ժողովրդին ուղղված խոսքում ասել է. "Սիրելի ժողովուրդ, թշնամին հրով ու սրով է առաջանում՝ հետևում թողնելով համատարած կոտորած, թալան, ավերածություն: Շուտով նույն բախտին մենք ենք արժանանալու: Գյումրիի, Արթիկի ժողովուրդը միամիտ գտնվեց, խաբվեց, աղ ու հացով դիմավորեց թուրքերին և խստորեն տուժեց: Մենք այդ սխալը չենք կրկնի և թշնամուն կդիմավորենք գնդակով: Երդվենք Սուրբ խաչով, որ զենքը ձեռքներիս կզոհվենք հանուն մեր սուրբ կրոնի, ազգի փրկության և սերունդների կողմից չենք նզովվի և անարգանքի սյունին գամվի": Պատարագից անմիջապես հետո զենքով ապահովված 150 մարդու առաջնորդել է Նիգավան-Ճահճուտ-Միրաք հատվածը, որտեղ ձևավորվել է ճակատի առաջին գիծը: Մայիսի 20-21-ին զենքով ապահովվել են ևս 250 վարդենիսցիներ և դիրքեր գրավել Ապարան-Կայք-Քասաղ գետ-Սարալանջ հատվածում: Տեր-Հովհաննեսի ջանքերով այդ պահին ավելի քան 2000 բնակիչ ունեցող Վարդենիս (գյուղ)ից որևէ մարդ չի գաղթել, ավելին՝ մոտ 10 օր լինելով ճակատի գծին կպած՝ կերակրել է թե անմիջական պատերազմողներին, թե գյուղի բնակիչներին, թե Արթիկ-Սպիտակի տարածաշրջանից գաղթած և Վարդենիս (գյուղ)ի շրջակայքում ապաստանած 5-6000 մարդու (ծերեր, կանայք, երեխաներ): Մայիսի 23-25-ին զենքի տակ է դրել ևս 100-150 վարդենիսցու: Անձամբ ղեկավարել է պաշտպանական ու հարձակողական մարտեր Կայք-Սարալանջ հատվածում:

Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության երկուսուկես տարիներին նպաստել է երկրի պաշտպանունակության և շրջանի հոգևոր կյանքի կայացման գործին: Այդ հաշվի առնելով Ամենայն Հայոց կաթողիկոսը 1920 թ-ի օգոստոսին նրան արժանացրել է ավագության լանջախաչի և ծաղկյա փիլոն կրելու իրավունքի:

Մինչև 1930 թ-ը եղել է Ապարանի շրջանի հոգևոր հովիվը: 1930-1952 թթ-ին եղել է Էջմիածնի Սուրբ Շողակաթ, Թիֆլիսի Նավթուլուղի շրջանի, Երևանի Սուրբ Հովհաննես, Աստրախանի և Ղզլարի եկեղեցիների վանահայր, ավագերեց: 1952 թ-ի հոկտեմբերին նշանակվել է Գանձակի հայկական եկեղեցու վանահայր: Ծանր հիվանդացել և 1953 թ-ի մարտին փոխադրվել է Երևան: Մահացել է ապրիլի 5-ին: Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանի կարգադրությամբ Տեր-Հովհաննեսի վերջին օծումը կատարել է Տեր Սահակ եպիսկոպոսը: Ապրիլի 9-ին թաղվել է Երևանի Շահումյանի շրջանի գերեզմանատանը:

Գրականություն
Տիգրան Հայազն (Տիգրան Պետրոսյանց), Վարդենիս. հանրագիտարան: Ե., 2009 թ., էջ 185-186:
Տիգրան Պետրոսյանց, "Փառահեղ հաղթանակ": Ապարանի հերոսամարտի 90-ամյակը: "Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ, 13.05.2008 թ., էջ 3: /Տես էլեկտրոնային տարբերակը` http://hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20080513_2&flag=am:
Համլետ Գևորգյան, Սեդրակ Ջալալյան: Գործը և հուշերը: Խմբագիր Տիգրան Պետրոսյանց: Ե., 2011 թ.:

 

Просмотров: 1061 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/60
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Июль 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2018Сделать бесплатный сайт с uCoz