Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Հոդվածներ | Регистрация | Вход
 
Суббота, 04.05.2024, 11:10
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Статьи » Мои статьи

ԱՐԱԳԱԾ / ՄԱՐԴԻՔ

Արագած


 
Գյուղ
Արագած
40°29′19″ հս. լ. 44°21′16″ ավ. ե.
Երկիր Հայաստան
Մարզ Արագածոտնի մարզ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 3730[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
Արագած (Ապարանի տարածաշրջան) (Հայաստան)
Red pog.png
Արագած (Ապարանի տարածաշրջան) (Արագածոտնի մարզ)
Red pog.png

Արագած, գյուղ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում:

Աշխարհագրական դիրքը

Գյուղը գտնվում է Ապարան-Երևան ավտոմայրուղու աջ կողմում, Ապարան քաղաքից 10 կիլոմետր հարավ, Արագած լեռան արևելյան ստորոտին, Գեղարոտ գետակի ափին, հարթ տեղում: Տները երկհարկանի են, քարաշեն: Օդը առողջարար է, ջուրըª սառնորակ:

Բնակչությունը

1831 թ-ին կազմված "Ապարանի մահալի չափաբերական մատյանի" համաձայն 1828 թ-ին լքված գյուղատեղում բնակություն է հաստատել Մանազկերտից և մասամբ Ալաշկերտից գաղթած 64 ընտանիք /221 տղամարդ, 176 կին/: Ներգաղթյալններն իրենց շարքերից գյուղապետ են ընտրել Խաչատուրի որդի Մելիք Ներսեսին: 1842-1859 թթ-ին գյուղապետի պաշտոնում նրան փոխարինել է եղբայրը` Մելիք Գևորգը: 1845 թ-ին գյուղում բնակություն է հաստատել Մուշ քաղաքից գաղթած 7, 1859 թ-ին` ևս 2 ընտանիք: 1859 թ-ին գյուղում ապրել է 833, 1873 թ-ին` 1095, 1922 թ-ինª 1535, 1959 թ-ինª 1519, 1970 թ-ինª 2103, 1979 թ-ինª 2251 բնակիչ: 1840-ական թթ-ին գյուղի եկեղեցին կոչվել է Սրբուհի Աստվածածին: Գյուղում գործում են երկու դպրոց, հիվանդանոց, դեղատուն, կապի բաժանմունք: 1967 թ-ին շահագործման է հանձնվել 25 մահճակալանոց հիվանդանոցի շենքը, 1983 թ-ինª ,,Ալմաստ,, գործարանի մասնաճյուղը: Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ:

Պատմությունը

Գյուղի շրջակայքում պահպանվել են մ.թ.ա. 2-րդ և 1-ին հազարամյակների ամրոց-պահակակետերի, վաղ և ուշ միջնադարյան բնակավայրերի ավերակներ: 1897 թվականին անվանի հայագետ Գարեգին Ա Հովսեփյանը գյուղում մշո բարբառով գրի է առել ,,Սասնա ծռեր,, էպոսի նոր տարբերակը: Գյուղի ավելի քան 300 որդիներ 1918 թվականի մայիսի 22-ից 29-ը մասնակցել են Ապարանի հերոսամարտին (հաջողվել է պարզել 154-ի անունը): 300-ից ավելի արագածցիներ մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին /զոհվել է 184-ը/: Երեք տասնյակից ավելի արագածցիներ մասնակցել են Արցախյան ազատամարտին: Նրանցից Ռուբեն Շավարշի Հակոբյանը և Գևորգ Հուրմիկի Մանուկյանը /երկուսն էլ ,,Սասունցի Դավիթ,, ռազմականացված ջոկատից/ զոհվել են ազերիների դեմ մղված մարտերում:

Հայտնի Արագածցիներ

Արագած գյուղում են ծնվել կամ այդ գյուղի բնակիչներից են սերում եկեղեցական-մշակութային գործիչ Բենիկ վարդապետը, Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ Սիրակ Գրիգորյանը, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Նահապետ Հովհաննիսյանը, Գուսան Աշխույժը, բժշկական գիտությունների դոկտոր Վիլյամս Խաչատրյանը, տնտեսագիտության դոկտոր Աղասի Սարգսյանը, երկրաբանական գիտությունների թեկնածու Լիդա Թադևոսյանը, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արամ Խաչատրյանը, տնտեսագիտության թեկնածու Գայանե Սարգսյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Նվեր Թորոսյանը, ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ Ռոզա Գրիգորյանը, ՀՀ սպորտի վաստակավոր աշխատող Ռուբեն Կարապետյանը, գնդապետներ Գրիշա Մելքումյանցը, Ալբերտ Հարությունյանը, Տիգրան Մանուկյանը, քահանա Տեր Դանիել Տեր-Դանիելյանը, գրիչ Մկրտիչը, բանասաց Գևորգ Պետրոսյանը, գլխավոր բժիշկ Արամ Գալստյանը, դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանը, կուսակցական-պետական գործիչներ, հայր ու որդի Գևորգ Պետրոսյանը և տեխնիկական գիտությունների թեկնածու Ֆելիքս Պետրոսյանը, ժողովրդական երգերի կատարող Ժորա Գրիգորյանը:

Գրականություն

Արխիվային փաստաթղթեր

  • ՀՀ Ազգային արխիվ, ֆոնդ 93, g 1, գործեր 84, 103, 145:

Գրքեր

  • Մադաթյան Ք.Մ. Ալաշկերտի խոսվածքը (Ապարան-Արագածի տարածք), Ե., 1985:
  • Շահխաթունեանց Յով., Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. Բ, Էջմիածին, 1842:

Հոդվածներ

  • Համբարյան Ա.Ս., Ապարանի գյուղացիական շարժումների պատմությունից /Պատմա-բանասիրական հանդես, 1963, թիվ 1/:
  • Տիգրան Պետրոսյանց, Ապարանը գրական-պատմագիտական հիշատակություններում /Երիտասարդ գիտաշխատող, 1980, թիվ 1/:


Բենիկ վարդապետ

Բենիկ վարդապետ (Տեր-Դանիելյան Բենիկ Տեր-Ղևոնդի) /1864, Արագած (Ապարանի տարածաշրջան) գյուղ - հունվարի 21, 1952, Երևան/, հոգևոր-մշակութային գործիչ, Հայ Առաքելական եկեղեցու օծյալ վարդապետ (հետագայում հրաժարվել է հոգևոր կոչումից և կարգալույծ եղել), խմբագիր, Ապարանի հերոսամարտի մասնակից:

Գործունեությունը

1891 թ-ին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը և զբաղվել ուսուցչությամբ: 1896 թ-ին մեկնել է Ռուսաստան և սովորել Նովոռոսիյսկի կայսերական համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետում: Վերադարձել է Կովկաս, պաշտոնավարել տարբեր դպրոցներում, միաժամանակ աշխատակցել "Արձագանք", "Լումա", "Տարազ" և այլ պարբերականների: Բանավիճային բնույթի հոդվածներ է տպագրել հայ եկեղեցու, հատկապես Էջմիածնի հոգևոր առաջնորդների դեմ: Խորհրդային իշխանության տարիներին ապրել է Երևանում: Խմբագրել է "Ազատ եկեղեցի" պարբերականը: Մահացել է 1952 թ-ի հունվարի 21-ին: Թաղվել է Արագած գյուղի գերեզմանոցում: Ներկա գերեզմանաքարը պատվիրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գոհար Ենոքյանը:

Հրատարակել է.

  • Տեղեկագիր ։ 1900/1901 ուսումնական տարուայ ։ Կարդացուած է 1901 թ. հունիսի 10-ին տարեկան հանդիսի ժամանակ: Թիֆլիս, 1901 թ.:
  • Երուանդ վարդապետ Տ.-Մինասեան եւ հայոց եկեղեցու վերանորոգութեան խնդիրը: Թիֆլիս, 1910 թ.:
  • Դիմում հայ քահանայությանը:
  • Թալանի վանք:

Գուսան Աշխույժ

Գուսան Աշխույժ (Գրիգորյան Խաչատուր Սուքիասի) /1884, Արագած (Ապարանի տարածաշրջան) գյուղ - 1961/, գուսան, Հայաստանի գրողների միության անդամ (1939 թ.):

Գործունեությունը

Չորս տարեկան հասակում հիվանդացել է ծաղիկ հիվանդությամբ և կորցրել տեսողությունը: Երգել և ջութակ նվագել սովորել է հորից: Հորինել է երգեր և հեքիաթներ: 1900-ական թվականների սկզբին ընտանիքի հետ հաստատվել է Արմավիր քաղաքում: 1908 թ-ին Էջմիածնում լսելով երիտասարդ գուսանին` Գարեգին Լևոնյանը նրան անվանել է Աշխույժ: Երկու հազարից ավելի երգերի, բազմաթիվ հեքիաթ-սիրավեպերի ու պոեմների հեղինակ է:

Հրատարակել է.

  • Աշուղ Աշխույժի քնարը: Բաքու, 1908,
  • Ժողովրդի ընտրյալները: Ե., 1938,
  • Աշուղական: Ե., 1947,
  • Քնար: Ե., 1955,
  • Աղբյուր: Ե., 1958:

Վիլյամս Խաչատրյան

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԻԼՅԱՄՍ ԱՐԱՄԻ /1950, Արագած (Ապարանի տարածաշրջան) գյուղ/, նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր (1985 թ.), պրոֆեսոր (1988 թ.):

Գործունեությունը

1966 թ-ին ավարտել է Ապարանի միջնակարգ դպրոցը, 1972 թ-ինª կարմիր դիպլոմովª Երևանի պետական բժշկական համալսարանը, 1975 թ-ինª Սանկտ-Պետերբուրգի նյարդավիրաբուժական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան: 1972-1973 թթ-ին եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող: 1977 թ-ին նշանակվել է Սանկտ-Պետերբուրգի Պոլինովի անվան նյարդավիրաբուժական գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող: 1976 թ-ին պաշտպանել է թեկնածուական, 1985 թ-ինª դոկտորական ատենախոսություններ: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուների: 43 գիտական աշխատանքների, 6 գյուտերի և նորարարական առաջարկների հեղինակ է: Գիտական աշխատանքներից 10-ը հայերեն է, 24-ըª ռուսերեն, 5-ըª անգլերեն, 3-ըª ֆրանսերեն, 1-ըª ուկրաիներեն:



Աղասի Սարգսյան

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՂԱՍԻ ԶԱԼԻԲԵԿԻ /փետրվարի 11, 1938, Արագած (Ապարանի տարածաշրջան) գյուղ/, տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1985 թ.), պրոֆեսոր (1986 թ.):

Կրթությունը

1955 թ-ին ավարտել է Արմավիր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1961 թ-ինª Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության բաժինը, 1967 թ-ինª ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Նովոսիբիրսկի տնտեսագիտության ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան: 1994 թ-ին վերապատրաստվել է Լիոնի առևտրաարդյունաբերական պալատում, 1999-2000 թթ-ինª Ֆրանսիայի Փարիզ-12 համալսարանում, 2000 թ-ինª Լոնդոնի հաշվապահական քոլեջում:

Գործունեությունը

1961-1964 թթ-ին եղել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ավագ մեթոդիստ, 1967-1972 թթ-ինª նույն ֆակուլտետի հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի դասախոս, 1972-1975 թթ-ինª նույն ամբիոնի դոցենտ: 1975 թ-ին մրցույթով աշխատանքի է անցել Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում: 1975-1981 թթ-ին եղել է տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի վարիչ, 1981-1986 թթ-ինª հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի դոցենտ, 1986-1994 թթ-ինª հաշվապահական հաշվառման և տնտեսական գործունեության վերլուծության ամբիոնի վարիչ, 1994-2007 թթ-ին` Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր: 1967 թ-ին Նովոսիբիրսկի պետական համալսարանում պաշտպանել է "Ոռոգման ջրանցքների վերակառուցման արդյունավետությունը" թեկնածուական ատենախոսությունը, 1985 թ-ին` "Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգերի արտադրական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը" դոկտորական ատենախոսությունը:

Պարգևատրվել է

  • ՀՀ Անանիա Շիրակացի մեդալով (13.11.2000 թ.):

==Հրատարակել է==.

  • Ոռոգման համակարգերի տնտեսական արդյունավետության հաշվարկը գծային ծրագրման մեթոդներով: Մենագրություն: Ե., 1972 թ.,
  • Ոռոգման համակարգերի ռեսուրսների օպտիմալ օգտագործումը: Մենագրություն: Ե., 1983 թ.,
  • Հաշվապահական հաշվառում. ուսումնական ձեռնարկ (համահեղինակ),
  • Աուդիտ, ուսումնական ձեռնարկ,
  • Ֆինանսական հաշվառում, ուսումնական ձեռնարկ (համահեղինակ),
  • Կառավարչական հաշվառում, ուսումնական ձեռնարկ (համահեղինակ):


Լիդա Թադևոսյան

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԼԻԴԱ ԿՆՅԱԶԻ /մայիսի 13, 1930, Արագած (Ապարանի տարածաշրջան) գյուղ/, երկրաբանական գիտությունների թեկնածու (22.05.1958 թ.), դոցենտ (12.06.1965 թ.):

Գործունեությունը

1948 թ-ին ավարտել է Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը, 1953 թ-ինª Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, 1958 թ-ինª գերազանցությամբª Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան: 1958-1961 թթ-ին եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի երկրաբանական գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1961-1963 թթ-ինª ՀԽՍՀ երկրաբանական վարչության երկրաֆիզիկական արշավախմբի գրավիմետրական, ապաª թեմատիկ խմբի ղեկավար: 1963 թ-ին մրցույթով նշանակվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի դոցենտ: 1958 թ-ին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է "Անդրկովկասի երկրակեղևի խորքային կառուցվածքը" թեկնածուական ատենախոսությունը: Զբաղվել է ՀՀ տարածքի երկրաֆիզիկական դաշտերի առանձնահատկությունների ուսումնասիրությամբ: Հրատարակել է գիտական հոդվածներ: Եղել է բարձրագույն որակավորման հանձնաժողովի գիտական աստիճաններ շնորհող խորհրդի, Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի գիտական խորհրդի, մրցութային հանձնաժողովի, մեթոդական խորհրդի անդամ:

Հրատարակել է

  • Գրավիհետախուզական դասընթաց, ուսումնական ձեռնարկ: Ե., 1980 թ.:

Խմբագրել է

  • Հայաստանի տարածքի 1:200000 մասշտաբի գրավիմետրական քարտեզ: Մոսկվա, 1962 թ. (ԽՍՀՄ երկրաբանության նախարարության հանձնարարությամբ):


Ռոզա Գրիգորյան

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՌՈԶԱ ԿՆՅԱԶԻ /մայիսի 26, 1926, Արագած (Ապարանի տարածաշրջան) գյուղ/, Հայաստանի լրագրողների միության հիմնադիր անդամ (1957 թ.), ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ (1972 թ.):

Գործունեությունը

1943 թ-ին ավարտել է Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը, 1949 թ-ինª Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1948-1950 թթ-ին եղել է ՀԼԿԵՄ կենտկոմի հրահանգիչ, 1950-1960 թթ-ինª ՀԽՍՀ ռադիոյի պետական կոմիտեի մանկապատանեկան հաղորդումների, ապաª երիտասարդության համար տրվող հաղորդումների խմբագրությունների պատասխանատու խմբագիր, 1960-1966 թթ-ինª ՀԽՍՀ ռադիո-հեռուստատեսության կոմիտեի երիտասարդական և սպորտային հաղորդումների պատասխանատու խմբագիր, 1966-1988 թթ-ինª ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ռեֆերենտ: 1978-1979 թթ-ին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ռեֆերենտ: Մասնակցել է Հայաստանի ժուռնալիստների միության 1-ից - 10-րդ համագումարներին:




Ռուբեն Կարապետյան

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԴՐԱՍՏԱՄԱՏԻ /ապրիլի 10, 1950, Էջմիածին/, մարզական աշխատող, ըմբշամարտի պատանիների աշխարհի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր աշխատող (2002 թ.):

Գործունեությունը

1969 թ-ին ավարտել է Էջմիածին քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը, 1974 թ-ինª Հայկական պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտըª մարզիչ-մանկավարժի որակավորմամբ: 1971-1977 թթ-ին եղել է "Աշխատանք" կամավոր մարզական ընկերության հունա-հռոմեական ըմբշամարտի մարզիչ, 1977-1995 թթ-ինª Էջմիածին քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, 1995-1997 թթ-ինª Էջմիածնի քաղաքային խորհրդի սպորտկոմիտեի նախագահ, 1997-2002 թթ-ինª Էջմիածնի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության միացյալ տնօրինության գլխավոր տնօրեն: 1962 թ-ից զբաղվել է հունա-հռոմեական ըմբշամարտով: Երեք տարի եղել է ԽՍՀՄ հունա-հռոմեական ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ:

Մարզական նվաճումներ

  • 1967-1970 թթ-ին մասնակցել է հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնություններին և դարձել բազմակի չեմպիոն:
  • 1969 թ-ին Ծաղկաձորում մասնակցել է ԽՍՀՄ պատանիների առաջնությանը և դարձել չեմպիոն:
  • 1969 թ-ին ԱՄՆ-ում մասնակցել է պատանիների աշխարհի անդրանիկ առաջնությանը և 70 կիլոգրամ քաշային կարգում դարձել աշխարհի չեմպիոն:
  • 1970 թ-ին Ռումինիայի Կոստանցա քաղաքում մասնակցել է "Օլիմպիական հույսեր" միջազգային մրցումներին:


Գրիշա Մելքումյանց

ՄԵԼՔՈՒՄՅԱՆՑ ԳՐԻՇԱ ՄԱՆՈՒԿԻ, գնդապետ (1940 թ.), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից:

Գործունեությունը

Ծնվել է Արագած (Ապարանի տարածաշրջան) գյուղում: Ընտանիքի հետ հաստատվել է Կիսլավոդսկ քաղաքում: Ավարտել է Կիսլավոդսկ քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկը, Բաքվի ռազմակական բարձրագույն հրամանատարական ուսումնարանը, Մոսկվայի Միխայել Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: Հայրենական մեծ պատերազմի նախօրյակին ծառայել է Բրեստի ամրոցում: Բրեստի պաշտպանության ժամանակ զոհվել է:

Պարգևատրվել է

  • Կարմիր դրոշի շքանշանով (1939 թ.):


Տեր Դանիել Տեր-Դանիելյան

Տեր Դանիել Տեր-Դանիելյան (1873, Արագած (Ապարանի տարածաշրջան) գյուղ - 1954), Ապարանի հերոսամարտի մասնակից:

Գործունեությունը

Գրաճանաչ է դարձել հոր՝ Տեր Ղևոնդի մոտ: Սովորել է Արագած գյուղի ծխական դպրոցում: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1899 թ-ին վերադարձել է գյուղ, ամուսնացել: 1908 թ-ին, հոր մահից հետո, ձեռնադրվել է քահանա: Կրթված ու հարգված անձ է եղել: Թիֆլիսից ստացել և գյուղացիների համար կարդացել է «Մշակ» և «Հորիզոն» թերթերը:

Գյուղի ջոկատի հրամանատար

1918 թ-ի մայիսի 18-ին, Ապարանի գավառամասի տարածք թուրքերի ներխուժման նախօրյակին, գավառամասի վարչական ու հոգևոր առաջնորդներից ինքնապաշտպանական ջոկատ կազմելու հրաման է ստացել: Մայիսի 19-ին քահանայական հագուստի փոխարեն հագել է զինվորական համազգեստ, գյուղի կենտրոնում հավաքել է բնակչությանը և դրել պաշտպանության խորհրդի կոչով` զինվորագրվելու և Ապարանն ու Երևանը պաշտպանելու առաջարկով: Համագյուղացիներից կազմել է 150 հոգանոց ջոկատ և նույն օրվա կեսօրին շարժվել Ապարան գյուղ: Մայիսի 22-29-ին Արագած գյուղի ջոկատը, որ հետագա օրերին նույնպես համալրվել է, մասնակցել է Ապարանի հերոսամարտին ռազմաճակատի կենտրոնական հատվածի ուղղությամբ: Ջոկատի հրամանատար քահանան նույնպես մասնակցել է մարտական գործողություններին և անձնական օրինակով ոգևորել համագյուղացիներին:

Հաղթանակից հետո գյուղում շարունակել է իր քահանայական գործունեությունը մինչև 1929 թ-ը: 1929-1952 թթ-ին եղել է Օշական գյուղի քահանան:



Մկրտիչ


Մկրտիչ, 19-րդ դարի հայ գրիչ:

Կենսագրություն

Մկրտիչը ծնվել է Ապարանի Արագած գյուղում: Կրթություն ստացել է Ափնագյուղի քահանայի մոտ: Զբաղվել է ձեռագրերի ընդօրինակությամբ: 1869 թ-ին ավարտել է "Ախտարք" ձեռագիր ժողովածուն: Ձեռագրի մեջ կան նաև պայմանագրեր, մուրհակ, նամակ, վկայական, տաղ: Ձեռագիրն այժմ պահվում է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտում:



Ֆելիքս Պետրոսյան

Պետրոսյան Ֆելիքս Գևորգի (1933, Ապարան - օգոստոսի 25, 1985, Երևան), տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, կրթական, գիտական, պետական գործիչ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1980-1985 թթ-ին և 1985 թ-ին):

Կրթությունը

1950 թ-ին ավարտել է Ապարանի միջնակարգ դպրոցը, 1956 թ-ին` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, ապա` Կիևի ճարտարագիտական ինստիտուտի ասպիրանտուրան:

Գործունեությունը

Մասնագիտական աշխատանքի է գործուղվել ՌԴ Գորկի քաղաք: 1958-1964 թթ-ին եղել է Երևանի էլեկտրաապարատների գործարանի ճարտարագետ, ավագ ճարտարագետ, գործիքաշինական արտադրամասի պետ, 1964-1973 թթ-ինª Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավագ դասախոս, մետաղների տեխնոլոգիայի և մետաղաբանության ամբիոնի դոցենտ, ամբիոնի վարիչ, 1973-1975 թթ-ինª Երևանի էլեկտրամեխանիկական գործարանի գլխավոր տնօրեն, 1975-1977 թթ-ինª ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերության ու տրանսպորտի բաժնի վարիչի տեղակալի, 1977-1981 թթ-ինª նույն բաժնի վարիչ: 1981 թ-ին նշանակվել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ: 1980 թ-ի փետրվարի 24-ին Երևանի թիվ 54 ընտրատարածքից ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է Գերագույն խորհրդի արդյունաբերության հանձնաժողովի անդամ: 1985 թ-ին ընտրվել է ՀԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: 1981 թ-ից եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ:

Պարգևատրվել է

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:




Категория: Мои статьи | Добавил: tigranhayazn (13.11.2011)
Просмотров: 2282 | Рейтинг: 5.0/14
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz