ՄԵԽԱԿ ՄԵԽԱԿՅԱՆԸ` 50 ՏԱՐԵԿԱՆ
26.05.2011 թ.
Լրացավ Արցախյան
ազգային ազատագրական շարժման հերոսներից մեկի, Հայաստանի Հանրապետության և
Արցախի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանների ասպետ,
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի
շրջանավարտ Մեխակ Վալենտինի Մեխակյանի 50 տարին:
Մայիսի 26-ին
համալսարանի գիտական գրադարանում կազմակերպվեց ցերեկույթ նվիրված Մեխակ
Մեխակյանի հոբելյանին: Մասնակցում էին հերոսի հայրը, համալսարանի
պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում սովորող դուստրը` Լուսինեն,
մարտական ընկերները, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
,,Մեխակը հայ
ազգի այն հերոսներից է, ով Անկախության, Ազատության, Պետականության
կերտողներից մեկն է և նրան պիտի հիշենք ինչպես հիշում ենք Վարդան
Մամիկոնյանին և մեր մյուս հերոսներին,,-բացելով ցերեկույթը նշեց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:
Համալսարանի պրոռեկտոր Լավրենտի Միրզոյանը նշեց, որ ,,հիշելով
մեր համալսարանի շրջանավարտ ու ուսանող հերոսներին` Հայաստանի Ազգային
հերոս Մովսես Գորգիսյանին, շքանշանակիր Մեխակ Մեխակյանին և մյուսներին
մենք մեր այսօրվա ուսանողներին փոխանցում ենք Հայրենիքի սիրո այն անափ
հիշատակը, որ ունեցել են նրանց նախորդները, որոնք Հայոց Հայրենիքի
անկախության ու սահմանների անխախտելիության համար զոհեցին իրենց կյանքը,,: Նա համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի անունից ողջունեց հերոսի հորը և հավաստիացրեց, որ մանկավարժականում միշտ կհիշեն հերոս-շրջանավարտին:
,,Զինվոր,, համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը ուսանողներին կոչ արեց նմանվել Մեխակ Մեխակյանին և ներկայացրեց կազմակերպության խորհրդի որոշումը Մեխակ Մեխակյանին հետմահու ,,Զինվոր Հայրենյաց,, մեդալով պարգևատրելու մասին: Նա մեդալը ամրացրեց հերոսի դստեր կրծքին:
Դիմելով հանդեսի մասնակից ուսանողներին Մեխակ Մեխակյանի մարտական ընկեր, պահեստի գնդապետ Մուշեղ Բաբայանը /Ջերմուկի Համո/ կոչ արեց նմանվել հերոսին և անձնական օրինակը դարձնել կենսակերպ, ապրելու և երեխաներ կրթելու միջոց:
,,Ես ինձ երջանիկ եմ զգում, որ հիշում եք իմ որդուն` Մեխակին,,- իր խոսքում նշեց հերոսի հայրը` Վալենտին Մեխակյանը: Նա նշեց, որ հիշելով հերոսներին` մենք միշտ զգոն ենք լինելու և անհրաժեշտության դեպքում նրանց նման պաշտպանելու ենք մեր Հայրենիքը:
Միջոցառման ավարտին մասնակիցները գրադարանի շենքի բակում տեղադրված խաչքարի պատվանդանին ծաղկեզամբյուղ և մեխակներ դրեցին:
|