Տիգրան ՊետրոսՅանց
ԱՌԱՆՑ ՑԱՎԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ
/ԿՏԱԿ/
Ինձ պետք չէ ուրիշ մի կենսագրություն,
Պետք չէ մեկ այլ հող-երկրում ապրել,
Կամ ուրիշ մի դարում անցած,
Կամ ապագայում կրկին ծնվել…
Ինձ պետք չէ ապրել ուրիշ մեկի կյանքը,
Լինել Հայկ Նահապետ,
Արամ Աշխարհակալ,
Արա Գեղեցիկ,
Տիգրան Մեծ,
Արշակ Արքա,
Զաքարե Զաքարյան
Կամ՝ Դավիթ Բեկ…
Ես գոհ եմ ու երջանիկ,
Որ ծնվել եմ իմ հոր ու մորից,
Ծնվել եմ հայ՝ Հայաստանում,
Ապրել եմ քսաներորդ դարի ուղիղ կեսը
Ու հիմա ապրում եմ արդեն քսանմեկում…
Ես ապրել եմ այն կյանքը,
Ինչ ինձ էր տրված
Եվ կոչվում էր ճակատագիր:
Ես շնորհակալ եմ իմ ճակատագրից,
Որ ինձ պարտադրեց
Ապրել հայ՝ Հայաստանում,
Լինել ծառա՝ Հայաստանին,
Լինել այն՝ ինչ կամ,
Ամեն լուսաբացի աչքերով փարվել Արարատին
Աղոթք հղել Արև հային…
Ես արմատներով խրվել եմ
Այս հողի մեջ՝ իմ գոյությամբ՝
Ծառի նման բազմաարմատ,
Եվ քարի նման ծանր ու անշարժ
Հավերժորեն կմնամ այստեղ…
Ես սիրում եմ իմ հողը սուրբ,
Որ հատիկ-հատիկ
Թրջվել է հայի արյամբ
Ու դրանով է դարձել անմեռ…
Չեմ ունեցել այլ լեզվով ապրելու ցանկություն,
Ես սիրում եմ միայն հայի լեզուն,
Չեմ խոնարհել գլուխս ուրիշ ազգերի հանճարների առաջ,
Իր բոլոր թերություններով՝ լավագույնն աշխարհում
Դիմացկուն, հպարտ ու հանճարող հայն է միայն,
Հայ կինը՝ միակն ու եզակին Արևի տակ,
Հայաստանը՝ պորտն ու դրախտը աշխարհի
Եվ աղը մի պտղունց տիեզերքի…
Չեմ երազել ոսկի, արծաթ,
Չեմ հաշվել երբեք ուրիշի ոսկին,
Խորթ է ինձ ուրիշի ոսկին
Հաշվելու գործը անշնորհակալ…
Երբ էլ փակեմ աչքերս,
Ես այդ կանեմ հանգիստ,
Առանց ցավի հիշողության
Եվ այդ օրն անգամ կլինի տոն Հայաստանում…
Ես չեմ երազել գերեզմանի մասին
Եվ այդ չէ ապրածս կյանքի իմաստը երկնավոր,
Ուզում եմ այրվել ու մոխրացած
Թռչել քամու բերանն ընկած տերևի պես
Եվ սփռվել ամբողջ Հայաստանում…
Եվ եթե իրոք մարդն ունի վերադարձ
Ու կարող է հետ գալ նորից երկիր,
Ես մի երազանք ունեմ միայն
Կրկին ծնվել հայ՝ Հայաստանում,
Եվ ծնվել միայն իմ հոր ու մորից…
|