Տասնօրյա ցուցադրություն
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՒՄ»
Դեկտեմբերի 9-18-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում գործել է «Հայաստանը նամականիշերում» ցուցահանդեսը, որի նպատակն էր փոքրաչափ տպագիր նյութերով ճանաչելի դարձնել Հայաստանը:
Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը ցուցահանդեսի նպատակի մասին նշեց. «Նամականիշերը թույլ են տալիս ստեղծագործական առավել մատչելի ձևով հայտնի իրողությունները հասցնել ամենալայն զանգվածներին: Նամականիշերը յուրատիպ տպագիր փաստաթղթեր են, որոնք փոքր ձևի մեջ ներկայացնում են երկիրը, այդ երկրի պատմությունը, երկրում տեղի ունեցած իրադարձությունները, երկրի ազգային առանձնահատկությունները, երկրի ճանաչված մարդկանց` զինվորականների, գիտնականների, արվեստի, գրականության ներկայացուցիչների, մարզիկների, երկրի բնական ու աշխարհագրական հրաշալիքների, կենդանական աշխարհի մասին»:
Ցուցահենդեսում 46 թերթերի վրա ներկայացվել էին Հայաստանի անկախության տարիներին ստեղծված նամականիշերի հետևյալ շարքերը՝ պատմություն, աշխարհագրություն, բնապահպանություն, կենդանական և բուսական աշխարհ, գիտություն, տեխնիկա:
Ցուցանմուշները վերցվել են նամականիշերի բավականին հատնի հավաքորդ Ռոբերտ Հակոբյանի հավաքածույից: Ռոբերտ Հակոբյանը մասնակցել է Հայաստանում և արտասահմանում բացված բազմաթիվ ցուցադրությունների, որոնց արդյունքում արժանացել է դիպլոմների ու մեդալների: Հավաքորդը Երևանի «Կիլիկիա» գարեջրի գործարանում արխիվի և թանգարանի պատասխանատուն է, ունի «Գարեջրագործ–վարպետ» կոչում:
Ցուցադրության 10 օրվա ընթացքում այն դիտեցին 7 հազարից ավելի ուսանողներ և դասախոսներ:
|