| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Июль » 23 » ՀԱՅ ԳԵՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԱՅՔ
00:49 ՀԱՅ ԳԵՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԱՅՔ |
ՀՈՆԵՆՑ ՏՈՀՄԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ
Զաքարյանների ինքնօրեն իշխանապետությունում և նոր իշխանությունների կողքին բարձրացան
նաև ազնվական ծագում չունեցող, բայց հարստության տեր մեծատուներ, որոնք
իրենց հարստության շնորհիվ հասան բարձր դիրքի, պաշտոնի, դարձան նոր
տիրակալների՝ Զաքարյանների տնտեսական ու քաղաքական հենարանը:
Տիգրան Հոնենցը Զաքարյան շրջանի մեծահարուստներից մեկն է: Ապրել և
գործել է իշխանապետության մայարաքաղաք Անիում, Զաքարե Բ-ի ու նրա որդի
Շահնշահ Ա-ի օրոք: Հավանական է, որ Զաքարյանների կողմից 1199 թվականին
Անին գրավելուց անմիջապես հետո ՝ Տիգրան Հոնենցը նշանակվել է մայրաքաղաքի
հարկային վերակացու: Այդ խելամիտ ու գործունյա անձնավորությունը կարճ
ժամանակում հարկերի կապալառության, վաշխառության, առևտրի ճանապարհով
կուտակել է մեծ հարստություն, գնել Անի քաղաքի մի քանի թաղամասեր, գյուղեր,
հյուրատներ, առևտրային կրպակներ, ջրաղացներ, ձիթհաններ, այգիներ, ջրագծեր:
Նա կալվածքներ ուներ ոչ միայն Անիում ու շրջակայքում, այլև Մրենում,
Կարսում, Երևանում, Կոշում: Նա Անիի ամենախոշոր մեծատուն էր, ամենահայտնի
անձը, քաղաքում նրա անվամբ փողոց կար: Տիգրան Հոնենցի դերը երկրի տնտեսական
կյանքում շատ մեծ էր:
Իր անբավ հարստությունը Տիգրան Հոնենցը ծառայեցրել է Անիի պաշտպանական,
հոգևոր շինությունների, ջրագծերի կառուցման, մշակութային-լուսավորչական
գործին: Տիգրան Հոնենցի անունն
առաջին անգամ հիշատակում է 1213 թվականին: Այդ տարի մեծահարուստը նորոգել է
Անիի Մայր տաճարը, կառուցել աստիճաններ, նվերներ ընծայել, այդ թվում՝
երկու ձեռագիր տոնական: Իսկ մինչ այդ, հավանաբար, 1200-ական թվականների
կեսերին, Տիգրան Հոնենցի պատվերով Ախուրյանի կիրճի պռնկին գտնվող տարածքում
կառուցվել է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը Անիի Զաքարյան շրջանի
ճարտարապետական-կառուցողական զարդերից մեկն է: Հոյաշեն այս կառույցի
շինարարությունն ավարտվել է 1215 թվականին: Այստեղ կառուցվել են նաև
վանականների կացարաններ, իշխանական պալատ (ամենայն հավանականությամբ, հենց
իրենց՝ Հոնենցների համար), բաղնիք, ջրագիծ: Այդ շինությունները շրջապատվել
են հզոր պարիսպներով:
Տիգրան Հոնենցի Գրիգոր Լ:ուսավորիչ եկեղեցին արտաքինից ծածկված է
հարթաքանդակ գոտիով, իսկ ներսից ՝ որմնանկարներով: Այն կառուցել է Հոնենց
տոհմի ճարտարապետ Եղբայրիկը: Պատվիրատուն նորակառույց եկեղեցուն նվիրել է 8
գյուղ, 6 այգի, հյուրանոցներ, Հոտեցոնց փողոցի տները, կրպակներ, երկուական
բաղնիք, պանդոկ, երկակն ձիթհանք, 3 ջրաղացների հատվածներ, մի քանի ախոռ ու
մարագ, բանջարանոցներ, տարբեր հողակտորներ: Իր չափերով Տիգրան Հոնենցի
նվիրատվությունը կարող էր համեմատվել միայն Տայքի վանքի օծման առթիվ, 906
թվականին Սմբատ Ա Բագրատունի թագավորի և Սյունյաց իշխանների ընծայած
նվերներին:
 Տիգրան
Հոնենցի միջոցներով կառուցվել են նաև Բեխենց վանքը և Կուսանաց անապատի
եկեղեցին: 1222 թվականին Տիգրան Հոնենցի միջոցներով ճարտարապետ Եղբայրիկը
կառուցել է քաղաքային պարսպի բուրգերից մեկը, որ պատմական գրականության մեջ
ստացել է Եղբայրիկի բուրգ անունը: Պարսպի մեջ ագուցված խաչքարի ստորին
մասում արձանագրված է. <<Ես՝ Եղբայրիկս, ծառայ տեառն իմոյ Տիգրանայ,
նորին ողորմութեամբն շինեցի զարձանս>>:
Տիգրան Հոնենցի կառուցողական զարդերից մեկն էլ Ծաղկաձորի Այրային
թաղամասի Հոնենց տոհմի պանթեոն-դամբարանն է, որի պատերը ծածկված են եղել
տարբեր բովանդակոեւթյամբ որմնանկարներով: Դամբարանը պեղվել է 1910-ական
թվականների սկզբին: Հայաստանի պատմության թանգարանի <<Անի
քաղաքը>> ցուցասրահում, պատերից մեկի վրա ցուցադրվում էն նրբահյուս
մետաքսից կարված փոքրիկ աղջնակի հագուստ: Այդ հագուստները գտնվել են հենց
Տիգրան Հոնենցի դաբարանում: Այդ հագուստները եղել են 4-5 տարեկան մի
աղջնակի հագին: Աղջնակի մարմինը զմռսված է եղել և լավ պահպանվել է՝
հագուստով հանդերձ: Ցավոք, դաժանաբար են վարվել աղջնակի մարմնի հետ.
պարսկահայ բժիշկ Թաշչյանը երեխայի գլուխը կտրել և Պարսկաստան է տարել
<<որպես սեղանի զարդ>>, իսկ բժիշկ Կ. Բասմանջյանը Փարիզ է
տարել մարմինը:
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու թմբուկի նիստերից մեկի վրա ագուցված է
դիմահայաց արծվի հարթաքանդակ, որտեղ թռչունը հզոր պոչի վրա մագիլներով
պահում է գառան մարմինը: Այս պատկերը, սակայն, Զաքարյան տան զինանշանն է, և
Տիգրան Հոնենցը այն իր կառուցած հոգևոր շինության վրա փորագրել է՝
հավաստելու համար իր անվերապահ ենթակայությունը Զաքարյան տանը:
Տիգրան Հոնենցը ևս ունեցել է զինանշան: Տիգրան Հոնենցի զինանշանին
պատկերված են եղել արու և էգ առյուծներ: Այդ պարզվում է Հոնենց տոհմի
դամբարանից հայտնաբերված ու Հայաստանի պատմության պետական թանգարանում
պահվող դրոշի վրա եղած պատկերից: Ցավոք, պատմական գրականության մեջ դրոշը
ներկայացվել է շղարշ:
Դրոշը սև գույնի կտորից է: Սևի վրա ոսկեզօծ, նուրբ հյուսվածքով
պատկերված են դեմ-դիմաց կանգնած զույգ առյուծներ: Ձախ կողմում ավելի հզոր
արուն է՝ ամբողջ մարմնով ձգված, կարծես թռիչքի պատրաստ, գլուխը տիրաբար վեր
պարզած, պոչը տնկած: Նրա թիկունքին երևում է կենաց ծառը՝ իշխանատիրոջ,
տոհմի հաջորդայնությունն ապահովողի նշանը, իսկ ներքևում պարզորոշ ընդգծված է
հավերժության նշան՝ արևի կիսապատկերը: Աջ կողմում գլուխն իր տիրոջ մարմնին
փարած հեզ ու խոնարհ կանգնած է էգ առյուծը:
Առյուծների մարմնական եզրագծերը, ինչպես նաև արուի բաշը գործած են ոսկե
թելերով, իսկ մարմինները՝ մետաքսաթելով: Փաստորեն, ինչպես և Վաչուտյանների
զինանշանին, որտեղ պատկերված են արու և էգ արծիվներ, Տիգրան Հոնենցի
դրոշին պատկերված են արու և էգ առյուծներ, որոնք խորհրդանշում են սիրո,
ընտանիքի, հավերժության ուխտը:
Հայ իշխանական տների դրոշների մասին միայն հիշատակություններ կան:
Պատմիչ Մխիթար Այրիվանեցին գրում է, որ յուրաքանչյուր իշխանական տոհմ ուներ
իր դրոշն ու պատերազմական փողը, որ ժառանգաբար անցնում էր տոհմի ավագ
ներկայացուցիչներին: Նույնն է հաստատում նաև Մխիթար Գոշը, գրելով, որ
Մահկանաբերդի Արծրունի իշխան Վասակի մահվանից հետո նրա եղբայր Քուրդ
Արծրունին ստացել է <<զդրոշ նորա և զփոխ և զիշխանութին>>: Թեև
ընդունված է այն կարծիքը, որ որևէ հայ իշխանական տան դրոշ չի պահպանվել:
Սակայն Անեցի մեծահարուստ Տիգրան Հոնենցի դրոշը, որի վրա հյուսված է
վերջինիս զինանշանը, կարծիքի բացառումն է: Դրոշի սև գույնը և դամբարանում
գտնվելը, ամենայն հավանականությամբ, սգո խորհրդանշան է:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 65-68, Տիգրան Հայազն
ԴՍԵՂԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ
Ծնվող յուրաքանչյուր հայ երեխա մայրական առաջին գորովագութ խոսքերից հետո լսում է հայ զորավարների, հայոց պատմության վերելքների ու վայրէջքների մասին: Եվ
բոլոր պատմությունների մեջ ամենամեծ ակնածանքով տրվում են Հայոց աշխարհի
պաշտպանության վահան դարձած Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչների անունները:
Թե այս բնիկ հայկական ազնվական տոհմը ինչպիսի հերոսներ է ծնել, բավական է
հիշել Վասակի, Մուշեղի, Մանվելի, Վարդանի, Վահանի, Վարդի, Դավթի, Գրիգորի
անունները:
12-րդ դարի վերջերին, Միջին արևելքում, Բյուզանդիայում, Վրաստանում
ցրված Մամիկոնյան նախարարական տոհմի ճյուղերից մեկը հաստատվել է պատմական
Գուգարքում, ներկայիս Դսեղ գյուղում: Այս նոր իշխանական տան հիմնադիրը թեև
Սարգիս Մամիկոնյանն էր, բայց նրա պապի՝ Համազասպի անունով տոհմը երբեմն
Մամիկոնյանին զուգահեռ կոչում են Համազասպյան:
Իշխանատիրույթը փոքրերից է: Այն միավորում էր ընդհամենը Դսեղ, Մղարթ,
Կարմիր քար, Կկվաշեն, Ծաղկուտ, Իգատակ բնակավայրերն իրենց շրջակա հողերով:
Իշխանատան հիմնադիր Սարգիս Մամիկոնյանն ակտիվորեն մասնակցել է Հայաստանի
ազատագրության համար Զաքարյան եղբայրենրի մղած կռիվներին և 1201 թվականին,
հավանաբար, Բջնին գրավելու համար մղած մարտերում զոհվել է ու մեծ շուքով
թաղվել Զաքարյան տոհմի ընտանեկան հանգստարանում՝ Սանահինի վանքի գավթում:
Նրա գերեզմանին մի հոյաշուք խաչքար է կանգնեցվել:
Այս իշխանական ընտանիքը խնամիական կապերով կապված էր միջնադարյան
Հայաստանի անվանի իշխանական տների՝ Վաչուտյանների, Օրբելյանների,
Զաքարյանների, Ուքանանց, Դոփյանների հետ: Ընտանիքի որոշ անդամներ եղել են
Զաքարյանների զորավարները (Սարգիս Ա, Համազասպ Գ, Մամիկոն Գ), մի քանիսը
նվիրվել են հոգևոր ծառայության, եղել են Հաղպատի (Համազասպ եպիսկոպոս),
Հովհաննավանքի (Համազասպ և Ներսես եպիսկոպոսներ) առաջնորդներ:
Զաքարյաններին մատուցած ծառայությունների համար հողային կալվածքներ են
ստացել Ուրծ գավառում, Խաչենում:
Մամիկոնյան-Համազասպյան իշխանատունն իր իշխանանիստ մայրաքաղաք է դարձել
Դսեղ գյուղը, իսկ հոգևոր կենտրոնը՝ Դսեղից 2 կմ հյուսիս-արևելք, Մարց
գետակին հարող ձորալանջին կառուցած Բարձրաքարշ Սուրբ Գրիգոր վանքը:
Մամիկոնյան-Համազասպյան տան ներկայացուցիչների շինարարական
գործունեության արգասիք են Դսեղ գյուղի Լուսավորիչ եկեղեցին, Բարձրաքաշ
Սուրբ Գրիգոր վանական համալիրը, տասնյակ բարձրակարգ խաչքարեր, Դեբեդ գետի
վրա 1247 թվականին կառուցված կամուրջը: Առավել ընդգրկուն է այս իշխանատան
ներկայացուցիչների մշակութանպաստ գործունեությունը: Տասնամյակների է
հասնում այն ձեռագրերի թիվը, որ պատվիրել են Դսեղի Մամիկոնյանները: Դրանցից
Հովհաննավանքի առաջնորդ Համազասպ եպիսկոպոս Մամիկոնյանի պատվիրած
ձեռագրերից միայն վեցն են հասել մեր օրերը և այժմ գտնվում են Երևանի Մեսրոպ
Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում:

14-րդ դարի կեսին Մամիկոնյան-Համազասպյան իշխանատունը հեռացավ պատմության
թատերաբեմից, սակայն նրանց հաջորդները շարունակեցին ապրել Դսեղում:
Մամիկոնյան նախարարական տոհմի զինանշանի մասին հավաստի տեղեկություններ
չկան: Բայց ահա Դսեղի Մամիկոնյան-Համազասպյան իշխանատան զինանշանը
պահպանվել է:
Դսեղ գյուղի Լուսավորիչ եկեղեցին ավելի վաղ շրջանի կառույց էր, բայց
գյուղին տեր դառնալուց հետո՝ Սարգիս Մամիկոնյանը կամ նրա անմիջական հաջորդ
Սմբատ Ա-ն, 1200 թվականին բազիլիկ, միանավ եկեղեցին վերակառուցել են: Եվ
վերակառուցման ընթացքում էլ հարավային ավանդատան արևելյան ճակատին,
պատուհանի պսակից վերև տեղադրել են իրենց զինանշանը: Ուղղանկյուն քարի վրա
քանդակված է դիմադարձ երկգլխանի արծիվ, որը ճանկերով պահում է գառան
մարմինը: Հարթաքանդակը թեև բավականին հողմահարված-մաշված է, մանրամասները
չքացել են, բայց արծվի պատկերը լավ երևում է:
Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքային համալիրի գավթի արևելյան պատին
հնգանիստ ծավալի կենտրոնական ճակատին, պատուհանից վերև մնում է նույն
զինանշանի անխաթար օրինակը: Գավթի կառուցումն ավարտվել է 1247 թվականին:
Այդ նույն ժամանակ էլ քանդակվել է զինանշանը. նույն երկգլխանի արծիվն է:
Թռչունի գլուխները պատկերված են իրար նկատմամբ հակադիր դիրքով, գլխի
վերնամասերը լավ տեսանելի են, վիզը ձևավորված է եղևնանախշով: Թևերը
վերնամասում պարույրաձև գալարներով շրջան են կազմում և իջնում են ներքև՝
մինչև ճանկերը, որոնք խրված են գառան ողնաշարի մեջ և պինդ պահում են
կենդանուն պոչի վրա: Գառը, ինչպես և Լուսավորիչ եկեղեցու պատկերում,
ուղղորդված է գլխով դեպի ձախ և դեմքով նայում է դիտողին: Աշխատանքը թեև
իրականացված է առանց ավելորդ պաճուճանքների, սակայն քանդակագործական
կատարյալ գլուխգործոց է:
Դիտարկելով Դսեղի Մամիկոնյանների զինանշանը՝ համոզված կարելի է պնդել,
որ այն անպատճառ կապ ունի Մամիկոնյան տոհմի նախորդ շրջանի պատկերացումների,
տոհմում ավելի վաղ գործածված զինանշանների հետ: Հավանաբար, իրենց
զինանշանով Մամիկոնյան-Համազասպյան տան ներկայացուցիչները հաստատում են, որ
իրենք աչալրջորեն հսկում են Մայր Հայաստանի սահմանները և նրա հողին աչք
ունեցողներին կճռմեն գառան պես:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 61-64, Տիգրան Հայազն
|
|
Просмотров: 1325 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/8 |
|
|
| Օրացուց |
| « Июль 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | 31 | |
|