Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 17:15
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Главная » 2011 » Август » 24 » ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ,, ՕՐԱԹԵՐԹ
01:18
,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ,, ՕՐԱԹԵՐԹ

Գիրքը՝ ուսանողի սեղանին

Դրանք գրադարաններում «չեն հանգրվանում»

Մեկ այստեղ, մեկ այնտեղ, մեկ այս ուսանողի ձեռքին, մեկ՝ այն։ Այդպիսին է գրքերի «կյանքը», մասնավորապես, Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։ Դա էլ հիմք հանդիսացավ առանձնացնելու 100—ից ավելի գիրք ընթերցած ուսանողներին։ Արդյունքում մանկավարժական համալսարանի 11 ուսանողներ դարձան երեկվա հերոսները։ Նրանք ընթերցողների շարքում ամենաբարձր ցուցանիշներն էին արձանագրել։
«Տարին ամփոփելու ժամանակ մեր մեջ միտք հղացավ առանձնացնել այն ուսանողներին, ովքեր 100—ից ավելի գիրք են կարդացել։ Հարյուրավորների շարքից մենք ընտրեցինք ամենաբարձր ցուցանիշներն արձանագրածներին։ Մեր 10 ֆակուլտետներից, նաեւ զինվորական հոգեբանություն բաժնից ընտրվեց մեկական այդպիսի ուսանող»,–երեկ «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Երեւանի մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը։
Երեկ լավագույն ընթերցողները՝ հպարտության զգացումն աչքերում, իրենց խրախուսական պարգեւներն ստացան բուհի կողմից. գրքերի կապոց, վկայական եւ էլեկտրոնային ընթերցասրահի քարտ։ Սակայն դա ամբողջը չէր։ 100—ից ավելի գիրք ուսումնասիրելուց հետո նրանց հանգիստ է անհրաժեշտ։ Այդ փաստը հաշվի առնելով՝ բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը առաջարկեց բուհի հաշվին հանգիստն անցկացնել Աղավնաձորում։
«Մյուս տարի արդեն կընտրվի լավագույններից լավագույնը եւ հաղթողը, որպես մրցանակ, կստանա Ֆրանսիայի ավիատոմս»,–հավաստիացրեց նա։
Օրը հատկանշական էր հատկապես բուհի նախկին շրջանավարտների համար։ Նրանք հիշել էին իրենց ուսանողական տարիներն ու երիտասարդությունը։
ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Պետրոսյանը ներկաների հետ «կիսվելով»՝ հուզված ձայնով ասաց, թե նախքան դահլիճ մտնելը շրջել է միջանցքներում, լսարաններում, նույնիսկ շոշափել է պատերը՝ մեկ առ մեկ հիշելով անցած—գնացած օրերը. «Մանկավարժական բառը լսելիս ես երիտասարդանում եմ»։
Բուհը նրանց հիշողություններն ու երիտասարդանալու պահերը որոշեց երկարացնել՝ հանձնելով «Պատվավոր ընթերցող» էլեկտրոնային գրադարանի այցելության քարտեր։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

23-12-2010





Մեծ շուքով կնշվի մայիսյան հերոսամարտերի 90—րդ տարին

Սարդարապատի համալիրում նախատեսվում է անցկացնել զինվորական մեծ շքերթ

Մայիսյան հաղթանակների 90—րդ տարին կլրանա մի քանի օրից, ստեղծված կառավարական հանձնաժողովը նախապատրաստել է միջոցառումների մեծ շարք։ Անցկացվելիք միջոցառումների եւ Ապարանի հերոսամարտի մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Նիգ Ապարան» հայրենակցական միության խորհրդի անդամ Տիգրան Պետրոսյանցը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը։
Նրա տեղեկացմամբ, նախատեսված մարզային ու հանրապետական ավելի քան 100 միջոցառումներից շատերն արդեն իրականացվել են, առաջիկա օրերին ծրագրվում է անցկացնել ամենազանգվածային արարողությունները։ Մայիսի 25—ին մեծ միջոցառում է նախատեսվում Ապարանում, կկազմակերպվի քայլերթ դեպի Ապարանի հերոսամարտը խորհրդանշող հուշարձան, որը կառուցվել է դեռեւս 1974—79 թվականներին ապարանցիների միջոցներով, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով։ Ապարանում կլինի նաեւ զինվորական շքերթ, մեծ հյուրասիրություն։ Մայիսի 27—ին տոնը կնշվի Վանաձորում, իսկ նույն օրը երեկոյան Սարդարապատում կմեկնարկի գլխավոր համերգ—ներկայացումը։ Սարդարապատի համալիրում նախատեսվում է անցկացնել նաեւ զինվորական մեծ շքերթ՝ ավիացիայի ներգրավմամբ եւ պարաշյուտիստների մասնակցությամբ։
Տ. Պետրոսանցը մանրամասն ուսումնասիրել է Ապարանի հերոսամարտի պատմությունը։ Նրա ներկայացմամբ, տարիների հեռավորությունից հատկապես կարեւոր է հայ հայտնի քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի հեռատես քայլը, երբ 1918թ. մայիսի 17—ին Երեւանում նա հանձնարարում է Դրոյին եւ գավառապետ Սեդրակ Ջալալյանին՝ Ապարանի հատվածում չենթարկվել տեղահանության, չլքել բնակավայրերը, պաշտպանություն նախապատրաստել եւ դիմադրել մինչեւ վերջ։
Ըստ բանախոսի՝ ճակատամարտի սկզբում հայկական ուժերը հասնում էին ընդամենը 3000—ի, եւ միայն պայքարի սկզբում հայ մարտիկների ու կամավորականների թիվը հասավ շուրջ 9000—ի։ Նա ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքին, որ հայերը դեռեւս մի քանի տարի առաջ ռուսներից կարողացել էին ձեռք բերել շուրջ 3000 հրացան, այնպես որ, վկայություններն այն մասին, թե Ապարանում հայերը կռվում էին բահերով ու քարերով, փոքր–ինչ չափազանցված են։ Հայերը դիրքավորվում են նախօրոք պլանավորված տեղում՝ նեղլիկ ձորում եւ կարողանում են ամբողջությամբ կործանել թուրքական այն ստորաբաժանումը, որն առաջինն էր մտել Ապարան։ Կատաղի մարտերը շարունակվել են մինչեւ մայիսի 29—ը, թուրքական ամենամեծ գրոհը կազմակերպվել է մայիսի 28—ին։ Նրա պատմելով՝ մայիսյան այդ օրերին եղանակը նույնպես բարեհաճ չի գտնվել. տեղացել է հորդառատ անձրեւ ու կարկուտ, այն ժամանակ դեռեւս բավականին մեծ Քասախ գետը վարարել ու դարձել է ավերածությունների պատճառ։ Ապարանի մարտերում թուրքերի կորուստը հասել է 3000—ի, իսկ հայերինը՝ 200—ի, թեեւ Տ. Պետրոսյանցը վստահ է, որ սա ճիշտ տվյալ չէ։
Հատկանշական է, որ եթե Սարդարապատում թուրքական զորքի դիմաց հիմնականում կանգնած էր կանոնավոր բանակ՝ Երեւանյան դիվիզիան, ապա Ապարանում հաղթանակի դափնիները գերազանցապես պատկանում են տեղի բնակչությանը։
Նրա կարծիքով, Ապարանի հերոսամարտը խորհրդային տարիներին փոքր–ինչ մոռացության է մատնվել, նսեմացվել է հաղթանակի նշանակությունն այն պատճառով, որ այս ճակատում հայկական ուժերը գլխավորել է դաշնակցական գործիչ Դրաստամատ Կանայանը։ «Եթե չլինեին Ապարանի հերոսամարտը եւ մայիսյան հաղթանակները, հայ ժողովուրդը գոյություն չէր ունենա, 1918 թվականի մայիսի 28—ին չէր հռչակվի Հայաստանի առաջին Հանրապետությունը, չէին լինի Խորհրդային Հայաստանն ու երրորդ հանրապեությունը»,–վստահ է Տ.Պետրոսյանցը։ Ի դեպ, նրան հաջողվել է 4500 ապարանցի աշխարհազորայինների շարքում անուն առ անուն պարզել 1070 հայ կամավորականի։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ

23-05-2008


«Նիգ–Ապարան» ՀԲՀԿ–ն 5 տարեկան է

Կազմակերպությունը շարունակելու է ծրագրերը

«Նիգ—Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարից անցել է 5 տարի։ Օրերս գումարված՝ հայրենակցական կազմակերպության 3—րդ համագումարը, որի աշխատանքներին մայրաքաղաքի եւ մարզային 10—ական, համայնքային 300 եւ 11 ներկայացուցչություններից մասնակցում էր 981 պատվիրակ։ Համագումարին ներկա էին նաեւ պետական եւ հասարակական կազմակերպությունների եւ հայրենակցական միությունների ներկայացուցիչներ։
Համագումարի ընթացքում վեր հանվեցին ոչ միայն վերջին երեք տարիներին կատարված աշխատանքները, այլեւ նախանշվեցին հետագա գործունեության ուղիները։ Ներկայացնելով 2005—2007 թթ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը՝ կազմակերպության անդամ Տիգրան Պետրոսյանցը նշեց, որ այդ ժամանակահատվածում իրենց հաջողվել է ձեւավորել կուռ եւ մարտունակ կառույց, որը բազում հաջողություններ է արձանագրել իր գործունեության ընթացքում։ Այդ նշանակալի իրադարձություններից նա մատնանշեց հատկապես Սլովակիայի մայրաքաղաքում հիշատակի խաչքարի տեղադրումը, համահայկական հնչողություն ստացած միասնության շուրջպարը, Ապարանում կանգնեցված՝ շախմատի աշխարհի 9—րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի արձանը, «Ծառատունկ–2006» միջոցառումը, որոնք, ըստ բանախոսի, առավել ցայտուն են դարձնում կազմակերպության դերակատարումը հասարակական կյանքում։ Ինչ վերաբերում է տարածքային գործունեության ընդլայնմանը, ապա նշենք, որ կազմակերպության տարածքային կենտրոններ են ստեղծվել ինչպես Երեւան քաղաքի տարբեր համայքներում, այնպես էլ մարզերում, իսկ կազմակերպության ներկայացուցչություններ են բացվել ՌԴ—ում, Վրաստանում, Հունաստանում, Գերմանիայում, Իսպանիայում եւ Ավստրալիայում, թեպետ Տիգրան Պետրոսյանցը ստեղծված կառույցների աշխատանքը դեռ չի համարում բավարար։
2005–2007 թթ. ժամանակահատվածում «Նիգ–Ապարան» ՀԲՀԿ— ին անդամարգրվել է եւս 58 հազար մարդ. այժմ կազմակերպությունն ունի շուրջ 93 հազար անդամ։ Բանախոսի տեղեկացմամբ, կազմակերպության անդամները միայն ծագումով ապարանցիներ չեն. անդամագրվածների մոտ 10 տոկոսը Հայաստանի տարբեր շրջաններից են, իսկ 1 տոկոսը՝ ՀՀ տարածքից դուրս բնակվող օտարերկրացիներ։
«Մեր գործունեության նպատակը Ապարանի, Արագածի շրջանների եւ պատմականորեն Նիգ գավառի մեջ ընդգրկված բնակավայրերի տնտեսական, մշակութային խնդիրների լուծմանը նպաստ բերելն է»,–նշեց Տիգրան Պետրոսյանցը։
Նա անդրադարձավ կազմակերպության ներքո գործող հանձնախմբերի կատարած աշխատանքներին։ Առողջապահության հանձնախմբում ստեղծված 14–20 հոգուց բաղկացած արտագնա խումբը երեք տարիների ընթացքում համայցեր է կատարել Ապարանի եւ Արագածի տարածաշրջանների շուրջ 30–ից ավելի բնակավայրեր, որի արդյունքում համալիր ստուգման է ենթարկվել 5 հազար մարդ։ Բուժկետերին է հանձնվել առողջապահության նախարարությունից ստացված մարդասիրական օգնության ծրագրով նախատեսված 10 մլն դրամից ավելի դեղորայք։ Իսկ կրթական ոլորտում ունեցած ներդրումների մասով՝ կազմակերպությունն անցյալ տարի ԵՊՀ, ԵԲՀ եւ Երեւանի ֆիզմաթ դպրոցում հիմնել է շախմատի աշխարհի 9—րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան մեկական կրթաթոշակ։ Կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ իրականացվել է եւս մեկ համընդգրկուն ծրագիր։ ՌԴ–ում բնակվող մեր հայրենակիցների՝ ուսման բնագավառում կատարած ներդրման շնորհիվ, հայաստանյան բուհերի 4 կուրսերում սովորող սոցիալապես անապահով 100 ուսանողներ այս ամսվա ընթացքում կազմարերպության գրասենյակից ստանալու են 100–ական ԱՄՆ դոլարին համարժեք կրթաթոշակ։ Իրականացվել է նաեւ Ապարանի 3—րդ դպրոցի շինարարությունը։
Իսկ մշակույթի հանձնախմբի կատարած աշխատանքներից Տիգրան Պետրոսյանցը առանձնացրեց հատկապես այն, որ նախորդ տարի Երեւանի «Առագաստ» սրճարանի տարածքում տեղադրվել է վաղամեռիկ բանաստեղծ Սլավիկ Չիլոյանի կիսանդրին։ Կազմակերպվել են բազմաբնույթ համերգային ծրագրեր, միասնության «Ծառատունկ–2006» միջոցառման շրջանակներում։ Իսկ արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական եւ միջազգային կապերի հանձնախմբերն ուսումնասիրել եւ գույքագրել են տարածաշրջանի առկա վիճակն ու եղած հնարավորությունները։ Այս ծրագրի շրջանակներում իրականացվել է Ապարանի ջրագծի շինարարությունն ու շահագործումը, գազաֆիկացվել են նաեւ մի շարք գյուղեր։
«Նիգ–Ապարան» ՀԲՀԿ պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը իրենց գործունեության ամենամեծ ձեռքբերումը համարում է այն, որ կազմակերպության բազմահազար անդամներ այսօր միասնական են այդ գաղափարի շուրջ, որը հոգեբանական մեծ ձեռքբերում է։ «Ես սա համարում եմ այն առանցքը, որի շուրջ մենք աշխատել ենք։ Այն, ինչ մենք ցանկանում էինք իրականացնել, այսօր ճշմարտություն է եւ իրողություն։ Այդ ձեռքբերումների մեջ ենք տեսնում մեր հետագա անելիքները եւ դրանց իրականացման գրավականը։ Մեր երկիրը դեռ զարգացման ճանապարհ ունի անցնելու, եւ այդ ճանապարհը դժվարին է լինելու։ Հայաստանը բարօրության արժանի հանգրվանին դեռ չի հասել, եւ մենք բոլորս կոչված ենք աջակցելու, որ մեր հասարակությունը ապրի բարեկեցիկ կյանքով։ Հաջորդ կարեւոր ձեռքբերումը այն է, որ մեր կառույցում անդամագրված են եւ մեզ հետ համախմբված են քաղաքական տարբեր հայացքներ ունեցողներ, նույնիսկ ընդդիմադիրներ, որոնց հետ համատեղ աշխատանք ենք կատարում։ Այդ համախմբման շնորհիվ ենք մենք հասել քաղաքակիրթ վիճաբանություններ անցկացնելուն եւ քաղաքակիրթ հասարակություն ձեւավորելուն»,–նշեց Աղվան Հովսեփյանը։
Նշենք, որ համագումարի ավարտին, ըստ հաստատված կանոնադրության, կազմակերպությունն առաջին վկայականներով եւ մեդալներով պարգեւատրեց գործունեության մեջ ակտիվություն ցուցաբերած կազմակերպության անդամներին, բարերարներին։
Նույն օրվա մեկ այլ որոշման համաձայն, հանձնվեց երկու կարգ խորհրդանշող հուշամեդալ։ Առաջին՝ «Պատվավոր անդամ» հուշամեդալով պարգեւատրվեցին «Նիգ—Ապարան» հայրենակցական բարեգործական կազմակերպության նախագահ Վրեժ Մարկոսյանը, աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, պատգամավոր Լեւոն Խաչատրյանը եւ այլք։ Իսկ «Մեր բարեկամ» անվամբ հուշամեդալը «Նիգ–Ապարան» ՀԲՀԿ կողմից շնորհվեց հատուկ ոչ կազմակերպության անդամ հանդիսացող այն անձանց, ովքեր առավելագույնս օգնել, օժանդակել եւ նպաստել են միջոցառումների ծրագրերի իրականացմանը։ Այս հուշամեդալով պարգեւատրվեցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը եւ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
16-10-2007



Տեխնիկական փոփոխություններ

«Դաշինք» կուսակցությունից պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակի փոփոխությունները պայմանավորված են տեխնիկական պատճառներով, որոնք առնչվում են անհրաժեշտ փաստաթղթերի ոչ լրիվ հավաքմանը»,–«Արմինֆո»—ի թղթակցին հայտարարել է «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը։
Նրա ասելով, պատգամավորական աթոռի հավակնորդների թվի կրճատման համար, այդ թվում նաեւ Գորիսի 37—րդ ընտրատարածքում «Դաշինք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի ինքնաբացարկին առնչվող ոչ մի քաղաքական պատճառ չի եղել։
Հիշեցնենք, որ «Դաշինք» կուսակցության համամասնական ցուցակը կրճատվել է 9 մարդով, քանի որ նրանք չեն կարողացել հավաքել գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Հետեւաբար, «Դաշինք» կուսակցությունը գրանցման համար փաստաթղթեր ներկայացնելիս ավելի վաղ հայտարարված ցուցակից հանել է Անդրանիկ Թեւանյանին, Արա Եղիազարյանին, Տիգրան Պետրոսյանցին, Վիկտոր Հակոբյանին, Արիս Հակոբյանին, Արտակ Միրզոյանին, Վարդան Թովմասյանին, Գարեգին Ղազարյանին եւ Էդուարդ Սարիբեկյանին։

03-04-2007



Կուսակցական եւ անկուսակցական «թրամարտեր»՝ ընտրատարածքներում

Ո՞ւմ ձեռքը կհասնի ընտրողի ձայնին

Օրենքով սահմանված կարգով ապրիլի 2—7—ը ԿԸՀ—ն որոշում կկայացնի ԱԺ պատգամավորության առաջադրված թեկնածուների գրանցման վերաբերյալ, եւ կորոշվի, թե ովքեր են մասնակցելու պատգամավորական մանդատների համար նախընտրական պայքարին։ Եթե ԿԸՀ—ն որեւէ մեկին չգրանցելու որոշում չընդունի, նախընտրական պայքարին կմասնակցեն 27 կուսակցություն եւ մեկ դաշինք՝ համամասնական 90 մանդատի համար, եւ 173 անձինք՝ մեծամասնական 41 տեղի համար. նրանք սահմանված ժամկետում ԿԸՀ են ներկայացրել առաջադրման համար անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերը։

«9» թվի խորհուրդը

Մեծամասնական ընտրակարգով առաջադրված 173 թեկնածուներից միայն 9—ն է կին։ Քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել են 70 հոգի, մնացած 103–ին առաջադրել են տարբեր կուսակցություններ։ Առանձնահատուկ է թիվ 40 ընտրատարածքը, որտեղ բոլոր 6 թեկնածուներն էլ քաղաքացիական նախաձեռնությամբ են առաջադրվել, թեեւ նրանցից երկուսը ՀՀԿ անդամ են, իսկ մեկը՝ Միքայել Վարդանյանը, որը միակ գործող պատգամավորն է այդ ցանկում, 2003—ին խորհրդարան էր անցել ՀՅԴ համամասնական ցուցակով։
Քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվածների ճնշող մեծամասնությունն անկուսակցական է, բացի 9 հոգուց։ Քաղաքացիական նախաձեռնությամբ եւս երկու հանրապետական են առաջադրվել թիվ 19 ընտրատարածքում եւ մեկը՝ թիվ 22—ում։ Նույն սկզբունքով առաջադրվել են մեկական հոգի ԲՀԿ—ից, ՍԻՄ—ից, ՄԱԿ—ից, ԱՎՄԿ—ից եւ երկու հոգի՝ ԱՎԿ—ից։
Մյուս կողմից, կան 67 անկուսակցական թեկնածուներ, որոնցից 9 հոգու առաջադրել են տարբեր կուսակցություններ՝ 4—ին ՀՀԿ—ն, երկու հոգու՝ «Դաշինքը», մեկական հոգու՝ ԱԺԿ—ն, «Ազգային միաբանությունը» (իրենց համամասնական ցուցակի 13—րդ տեղը զբաղեցնող՝ նախկին կոմունիստ Խորեն Սարգսյանին), ԺՈւԿ—ը («ԱՄ»—ից նոր դուրս եկած Աղասի Արշակյանին, որը նաեւ ԺՈւԿ—ի համամասնական ցուցակի 3—րդ տեղում է)։

Ներկա  ԱԺ—ից ապագա ԱԺ

41 ընտրատարածքներից միայն հինգում (թիվ 23, 26, 31, 32, 39) ներկա գումարման խորհրդարանի պատգամավորներ չեն առաջադրվել։ Նրանք առաջադրված են մնացած 36 ԸՏ—ներում, որից յոթում՝ երկուական հոգի։ Նրանց մի մասը նախկինում պատգամավոր է ընտրվել համամասնական ցուցակներով։
Տեսնենք, թե ո՞ր պատգամավորներն են իրար հետ մրցակցելու եւ մեզ ծանոթ էլ ո՞ւմ հետ։ Թիվ 5 ԸՏ—ում նախկինում «Արդարություն» դաշինքի կազմում ընտրված, այժմ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված Թաթուլ Մանասերյանը կմրցակցի ՀՀԿ—ական մեծամասնական պատգամավոր Լեւոն Սարգսյանի, ինչպես նաեւ իր նախկին դաշնակից Հայկ Բաբուխանյանի, դարձյալ այժմ ընդդիմադիր ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ։
Թիվ 6—ում «ԱՄ» նախկին անդամ, ԺՈւԿ համամասնական ցուցակում նույնպես ընդգրկված Աղասի Արշակյանի մրցակիցը մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հարություն Փամբուկյանն է (ՀՀԿ), ինչպես նաեւ նրա հայրենակից Տիգրան Պետրոսյանցը («Նիգ—Ապարանի» փոխնախագահ, ԱՎՄԿ)։
Թիվ 9—ում ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի եւ նախկինում «ԱՄ» անդամ, մեծամասնական պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի թրերը խաչվելու են միմյանց ու ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի, ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանի եւ ԱԺԴԿ—ում Սադոյանի աջ թեւի՝ երիտասարդ Կարեն Վարդանյանի հետ։
Անկուսակցական Գրիգորի Մարգարյանի եւ ՕԵԿ—ական Հեղինե Բիշարյանի «գոտեմարտը» կլրացնի դրա իսկական մասնագետ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը (թիվ 11)։
Եվս երկու ընդդիմադիր՝ նախկին «Արդարություն» դաշինքից, մրցակցելու են թիվ 12 ԸՏ—ում։ Խոսքը ԱԺԴԿ նախագահ Արշակ Սադոյանի եւ ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանի մասին է։ Հիշեցնենք, որ ԱԺԴԿ երկու անդամ, այդ թվում՝ Սադոյանը, առաջադրվել են ԺՈւԿ ցուցակներով եւ սեփական կուսակցական ցուցակով չեն գնալու ընտրությունների։ Իսկ Վ. Մկրտչյանը նաեւ ՀԺԿ ցուցակի 9—րդ տեղում է։
Նախկինում «Արդարություն» դաշինքի քարտուղար եւ շեփոր Վիկտոր Դալլաքյանն այժմ ոչ մի համամասնական ցուցակում չկա։ Նա պատրաստվում է թիվ 30 ԸՏ—ում մրցակցել «ժողպատգամավոր» Վահրամ Բաղդասարյանի հետ։ Նրանց մրցակիցներն են լինելու նաեւ ԱՎՄԿ եւ «Դաշինքի» երկու ներկայացուցիչ։
Կոալիցիոն նախկին գործընկերներն էլ են մրցակցելու. թիվ 33 ԸՏ—ում առաջադրված են պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը (ՀՀԿ) եւ Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ)։ Նրանք ունեն եւս մի մրցակից՝ Հայկազ Մովսիսյանը, որն անկուսակցական է եւ քաղաքացիական նախաձեռնությամբ է առաջադրված։

Նախագահները՝  պատգամավորի  թեկնածու

Տասնմեկ կուսակցությունների՝ ԲՀԿ, «Դաշինք», ՀՀՇ, ՀՔԴՄ, «Հայոց հայրենիք», ՀԱԿ, ՀԱԱԿ, ԱԺԴԿ, ԺՈւԿ, ՀԱՄԿԿ, ՀՄԿ առաջնորդներն առաջադրված են մեծամասնական ընտրակարգով։ Նրանցից միայն ՀՔԴՄ—ն է, որ համամասնական ընտրակարգով չի մասնակցում ընտրություններին. նա, ինչպես նաեւ մարքսիստները մեծամասնական պայքար են տանելու միայն կուսառաջնորդի մակարդակով։
ՀՀԿ—ն առաջադրել է 25 մեծամասնական թեկնածու, ՕԵԿ—ը՝ 15, ԲՀԿ—ն՝ 13, ՀՀՇ—ն՝ 7, ՀԵԿ—ը՝ 6, «ԱՄ»—ն՝ 4, ՀՅԴ—ն՝ միայն Հրայր Կարապետյանին, որը ներկա խորհրդարանում ՀՅԴ խմբակցության քարտուղարն է։ Վերջինիս մրցակիցների թվում են ՀՀՇ—ական Արամ Մանուկյանը, ԲՀԿ անդամ Հայրապետ Հայրապետյանը, «ԱՄ» փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանը, ՀՀԿ կողմից առաջադրված, անկուսակցական Զոհրաբ Զոհրաբյանը (թիվ 4 ԸՏ)։
ՀԱՄԿԿ նախագահ Վազգեն Սաֆարյանը թիվ 3 ԸՏ—ի չորս թեկնածուներից մեկն է։ Մյուսը նույնպես կուսղեկավար է՝ ԺՈւԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը։ Նրանց մրցակիցներն են ԲՀԿ—ական Աշոտ Տոնոյանը եւ ՀԵԿ անդամ Հայկ Գրիգորյանը։ «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Արշակ Բակլաչյանը մրցակցելու է ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի (ՀՀԿ), ՕԵԿ երիտասարդական միության նախագահ Սամվել Ֆարմանյանի եւ ուսուցիչ, «ԱՄ» անդամ Գարեգին Կոստանյանի հետ թիվ 2 ԸՏ—ում։
«Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը մրցակցելու է ՀՀԿ—ական պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի եւ անկուսակցական Սամվել Հարությունյանի հետ՝ թիվ 37 ԸՏ—ում։ ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը փորձելու է պատգամավորական մանդատ ստանալ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ պայքարում, այն ընտրատարածքում (թիվ 10), որտեղից ավանդաբար ընտրվում է Խ. Սուքիասյանը։ Նրանց մրցակիցներն են երկու անկուսակցական թեկնածուներ։
Մարքսիստ Դավիթ Հակոբյանն առաջադրվել է թիվ 41 ԸՏ—ում, որտեղ առաջադրված են նաեւ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը (ՀՀԿ), «Երեւան գարեջուր» ՓԲԸ տնօրեն Հակոբ Գառնիկի Հակոբյանը եւ անկուսակցական Ժորա Սահաբալյանը։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ավանդական ընտրատարածքի ավանդական միակ թեկնածուն է (թիվ 28 ԸՏ)։ Մեկական թեկնածուներ են գրանցվել եւս 4 ընտրատարածքներում՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (թիվ 7), ՀՀԿ—ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանը (թիվ 20), ԲՀԿ—ական պատգամավոր Մելիք Մանուկյանը (թիվ 27), գյուղնախարարի տեղակալ, ՀՀԿ—ական Սուրիկ Պողոսյանը (թիվ 32)։

Այլ վիճակագրություն

Երկուական հոգի են առաջադրվել թիվ 1, 16 եւ 38 ԸՏ—ներում։ Թիվ 1—ում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ—ական Ռուբեն Հայրապետյանը եւ ՀՀՇ—ական Հովհաննես Իգիթյանն են մրցակցելու, թիվ 16—ում՝ անկուսակցական պատգամավոր Սամվել Սահակյանը եւ ԲՀԿ—ական Տիգրան Ստեփանյանը, թիվ 38—ում՝ ՀՀԿ—ական պատգամավոր Վահե Հակոբյանը եւ ՕԵԿ—ական Գերասիմ Ալավերդյանը։
Ինն ԸՏ—ում մրցակցելու են 3—ական, տասն ԸՏ—ում՝ 4–ական, չորս ԸՏ—ում՝ 5—ական, երեք ԸՏ—ում՝ 6—ական, երեք ԸՏ—ում՝ 7—ական, մեկ ԸՏ—ում՝ 8 (թիվ 14 ԸՏ), մեկում՝ 9 (թիվ 12 ԸՏ) եւ երկուսում՝ 10—ական թեկնածու։ Վերջինը վերաբերում է թիվ 4 եւ թիվ 31 ԸՏ—ներին։
Ծ. ՆԱԶԱՐՅԱՆ

06-03-2007

Просмотров: 2244 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/27
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Август 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz