Փետրվարի 1-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր
սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:
Հանդիպման առաջին մասում ստեղծագործող ուսանողների հյուրն էր բանաստեղծ, թարգմանիչ, կրթական գործիչ Հովհաննես Սարոյանը:
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ՝ Ծնվել է 18.05.1952 թ., Կոտայքի մարզ, գ.Ձորաղբյուր:
1969 թ. ավարտել է Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցը, 1973 թ.՝ Խաչատուր
Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը: 1973-1987 թթ-ին աշխատել է
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի միջնակարգ դպրոցում, հայրենի գյուղի
դպրոցում, Աբովյանի շրջանի Գեղադիր գյուղի դպրոցում: Եղել է հայոց լեզվի և
գրականության ուսուցիչ, ուսմասվար, դպրոցի տնօրեն: 1987-1991 թթ-ին եղել է
Աբովյանի շրջժողկրթբաժնի մեթոդկաբինետի վարիչ, 1991-1995 թթ-ին՝ նույն
բաժնի վարիչի տեղակալ, 1995-1996 թթ-ին՝ Կոտայքի շրջանային տարածքային
վարչության պետ, 1996-1998 թթ-ին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության
Երևանի տարածքային վարչության պետ, 1998-2001 թթ-ին՝ Երևանի քաղաքապետարանի
կրթության վարչության տեսչական բաժնի պետ, 2001-2002 թթ-ին՝ ՀՀ
կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության լեզվական հսկողության
բաժնի վարիչ, 2002-2005 թթ-ին՝ նույն տեսչության վարչական իրավախախտումների
բաժնի պետ: 2007 թ-ին ստեղծել է ՛՛Սարոյան կոնսալտինգ՛՛ ՍՊ ընկերությունը,
2009 թ-ին հիմնադրել է ՛՛Տաճար՛՛ հանդեսը: Ներկայում ղեկավարում է
՛՛Վերնատուն՛՛ գրական ակումբի աշխատանքները: Գրական առաջին քայլերը կատարել
է 5-6-րդ դասարաններում սովորելիս: Առաջին բանաստեղծական գիրքը՝ ՛՛Անավարտ
զրույց՛՛-ը հրատարակել է 1987 թ-ին: Հետագա տարիներին տպագրել է մեկ
տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուներ /՛՛Երգող ձկնիկը՛՛, ՛՛Հուշերի
կապույտ հովտում՛՛, ՛՛Ակնթարթ՛՛, ՛՛Առագաստներ՛՛, ՛՛Բացատ՛՛, ՛՛Խեցի՛՛,
՛՛Հատընտիր՛՛ ևն/: Թարգմանել ու հրատարակել է ռուս հայտնի երգիչ Վլադիմիր
Վիսոցկու բանաստեղծությունների երկու գիրք:
Գրական ակումբի
հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց
Հովհաննես Սարոյանի կենսագրությունը: Խոսեց ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի
այն կուրսի մասին, որը ավարտել է բանաստեղծը: Այդ նույն կուրսն են ավարտել
բանաստեղծ, Հայաստանի մշակույթի նախարար Հակոբ Մովսեսը, լեզվաբան,
դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, բանաստեղծ Սեդով Բունիաթյանը, Վրեժ
Սարուխանյանը, Արտակ Առաքելյանը և հայտնի այլ դեմքեր:
Հովհաննես Սարոյանը
խոսեց իր բանաստեղծական աշխարհի մասին, նշեց ինչպես է սկսել նախ
ոտանավորներ, ապա բանաստեղծություններ գրել: Նա խորհուրդներ տվեց ակումբի
երիտասարդ անդամներին: Դրվատանքով խոսեց նաև ակումբի որոշ անդամների
բանաստեղծությունների մասին, որոնք կարդացել է համացանցում: Նա նաև
ներկայացրեց իր բանաստեղծություններից մեկի հիման վրա ստեղծված երգը և
կարդաց դեռ չհրատարակված մի քանի բանաստեղծություն: Ակումբի անդամների կողմից բանաստեղծին ուղղված շնորհակալական խոսք ասաց Վահե Խալաֆյանը:
՛՛Մշակութային լուսանցք՛՛ բաժնում Արարատ Խաչատրյանը
կարդաց բանաստեղծ Համո Սահյանի ստեղծագործություններից մեկը, Մարիամ
Գևորգյանը՝ հատված Լևոն Շանթի ՛՛Հին աստվածներ՛՛ դրամայից,
երգչուհի-բանաստեղծուհի Լիլիթ Պիչոյանը կատարեց մի երգ: