74-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հոկտեմբերի 25-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 74-րդ հանդիպումը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Հռիփսիմե Մարտինյանը /«Կուզեի լինել»/, Աստղիկ Հակոբյանը /«Անվերնագիր»/, Աշխեն Մելքումյանը /«Սիրելիս»/, Մարգարիտա Հովսեփյանը /«Սրտիս հատորը»/, Իշխան Բադալյանը /ութը քառյակ/, Շուշան Հակոբյանը /«Ասում ես գրեմ», «Այնպես եմ սիրում», «Բանաձև»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Մարգարիտա Հովսեփյանը կատարեց ազգագրական «Իմալ ենեմ» երգը, Աստղիկ Հակոբյանը՝ «Դու էլ գիտես» երգը, Արմեն Ջորջը` «Հայրենիք» երգը: Նանա Մկրտչյանը կարդաց Պարույր Սևակի «Ախր քեզ ինչպես ասեմ» բանաստեղծությունը, Արփինե Գևորգյանը ներկայացրեց ռուսերենից իր կատարած քառյակի թարգմանությունը:
Պատմաբան, մշակութաբան Ռուբեն Նահատակյանը և ճարտարագետ, մշակութաբան, բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Հարությունյանը ներկայացրեցին վերջինիս բանաստեղծություններից մի քանիսը: Հրաչյա Հարությունյանը «Չորեքշաբթի» գրական ակումբին և Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանին նվիրեց իր թարգմանած «Պարականոն ավետարաններ» գրքի Ա հատորի մի քանի օրինակ:
Ցուցադրվեցին Սերինե Հովհաննիսյանի պատրաստած «Զորավար», «Արամ Մանուկյան» տեսահոլովակները:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|