75-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նոյեմբերի 1-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 75-րդ հանդիպումը:
Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց նախորդ օրը Երևանում երիտասարդության մի հատվածի կողմից օտար, անհասկանալի, ցավալիորեն հայկական արժեհամակարգը վիրավորող տոնակատարության մասին: Նա նշեց, որ այդ սատանայապաշտ տոնակատարության մուտքը Հայաստան ապահովում են վտանգավոր խնդիրներ հետապնդող, ապազգային, աշխարհաքաղաքացի ու ազգային պատկանելություն չունեցող գրանտակեր կենտրոններ ու տարրեր: Այսօրինակ վիճակը հղի է ամեն տեսակ ապազգայնացմամբ և երիտասարդության որոշակի հատվածի տանում է դաստիարակության այլ ուղղությամբ: Նման վիճակն առաջին հերթին պետք է անհանգստացնի Հայաստանի անվտանգության մարմիններին, քանի որ գնում է ուղղակի հակաազգային քարոզ: Անհրաժեշտ է վնասազերծել հակազգային նման պրոպագանդայով զբաղված կենտրոնները:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Աշխեն Մելքումյանը /«Ես ինչպես գնամ»/, Թագուհի Պետրոսյանը /«Չասված խոսքեր», «Անվերնագիր»/, Միշա Թադևոսյանը /«Գրքիս շապիկին», «Հերթի կանգնեք»/, Շուշան Հակոբյանը /«Նվիրում»/, Վահե Խալաֆյանը /«Էլ չունեմ ոչինչ ես ստանալիք», «Ես խենթի նման սիրում եմ կյանքը», «Լիցքեր»/, Մարգարիտա Հովսեփյանը /«Դրվածքն աշխարհի / Քոսոտ այծը»/, Իշխան Բադալյանը /«Հայաստան», «Հայկի երկիր, Հայաստան», «Ցնծա, հոգիս», «Հոսում է հոսելին»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Մարգարիտա Հովսեփյանը կատարեց երգիծական «Նախագահի կին եմ ես» երգը, Միշա Թադևոսյանը՝ «Տարիներ», «Մշո գորանի» երգերը, Արմեն Ջորջը` «Երևան» երգը:
Շուշան Հակոբյանն առաջարկեց ստեղծել «Չորեքշաբթի» գրական ակումբի դրոշ, դիմանիշ /բեյջ/:
Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Արդեն պատրաստ է և հավանության է արժանացել «Չորեքշաբթի» գրական ակումբի խորհրդանիշը, որով ակումբը հաստատել է իր «ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամի մաս լինելու հանգամանքը: Դրոշը կպատրաստվի սպիտակ պաստառից 1:2 հարաբերակցությամբ և կենտրոնական մասում կկրի «Չորեքշաբթի» գրական ակումբի խորհրդանիշը: Մտածվել է նաև դիմանիշի կերպարը /այն այս հաղորդագրության մեջ ներկայացվում է/: Ընդունելի լինելու դեպքում կպատրաստվի յուրաքանչյուր անդամի համար:
Իշխան Բադալյանը Տիգրան ՊետրոսՅանցին նվիրեց տասնամյակներ առաջ Բեյրութից բերված Հայաստանի Առաջին Հանրապետության զինանշան–խորհրդանիշի կրծքանշանը: Տիգրան ՊետրոսՅանցը Իշխան Բադալյանին նվիրեց Հայաստանի զինված ուժերի զինանշան–խորհրդանիշը:
Շուշան Հակոբյանի առաջարկով հանդիպման մասնակիցները մեկական տողով գրեցին «Կարոտ» վերնագրով հետևյալ բանաստեղծությունը`
ԿԱՐՈՏ
Դու իմ կարոտն ես, Հայաստան /Տիգրան/,
Հոգուս մեջ պահած անգին կրակն ես /Շուշան/,
Ես քո զինվորն եմ, Հայաստան /Վահե/,
Ես սիրում եմ քեզ /Աշխեն/,
Իմ հոգու անշեջ կարոտն ես /Մարգարիտա/,
Իմ լույսն ու հույսն ես /Թագուհի/,
Դու իմ երազն ես /Արմեն/,
Իմ վերադարձի միակ փարոսն ես, Հայաստան... /Տիգրան/:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
«Չորեքշաբթի» գրական ակումբի 75–րդ հանդիպման առթիվ հանդիպման մասնակիցների համար կազմակերպվեց փոքրիկ հյուրասիրություն:
|