76-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նոյեմբերի 8-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 76-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում նշեց, որ նոյեմբերի 10-ին «Նարեկացի» արվեստի միության ճեմասրահում բացվելու է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի 4–րդ կուրսի ուսանողներ Անիի, Աստղիկի, Հասմիկի, Մանիկի, Թերեզայի, Տաթևի, «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամ Գոռ Բակումյանի և իրենց դասախոս Սևադա Սարգսյանի համատեղ ցուցահանդեսը: Նա կոչ արեց «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներին մասնակցել ցուցահանդեսի բացմանը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Նանա Մկրտչյանը /«Վայրկյանական թուլություն»/, Մարիամ Գևորգյանը /«Մաթեմատիկական զուգահեռներ»/, Միշա Թադևոսյանը /«Ակնթարթ», «Աննկատ փոփոխություն»/, Մարգարիտա Հովսեփյանը /«Կյանք»/, Իշխան Բադալյանը /«Ուռկանդ վերցրու գնա այստեղից», «Մի կանգնիր, սիրելիս», «Տունդ Հայաստանն է, որդիս», «Դու ոչինչ չունես»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Նանա Մկրտչյանը կատարեց «Մարտիկի երգը» երգը, Նանա Մկրտչյան և Մարիամ Գևորգյան զույգը՝ «Հոյ իմ նազանի յարը» երգը, Միշա Թադևոսյանը` «Սարերի հովին մեռնեմ», «Վարդ սիրեցի», «Կռիվ ենք գնում» երգերը, Աստղիկ Հակոբյանը` «Զարթիր լաո» երգը: Նորեկ Փիրուզա Ղազանչյանը կարդաց երկու բանաստեղծություն:
Գոռ Բակումյանը ներկայացրեց հանդիպման մասնակից Տիգրան ՊետրոսՅանցի, Արմեն Ջորջի, Մարգարիտա Հովսեփյանի, Աստղիկ Հակոբյանի, Աշխեն Մելքումյանի, Միշա Թադևոսյանի մատիտանկարները:
Նանա Մկրտչյանի երեք վիպակները տեղադրվեցին «Չորեքշաբթի» գրական ակումբի էջում: Առաջիկայում տեղի է ունենալու այդ երեք գործերի քննարկումը:
Վերջում ցուցադրվեցին Սերենիկ Հովհաննիսյանի պատրաստած «Արամ Մանուկյան», «Զորավար» երգերի տեսահոլովակները:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|