78-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՀՅՈՒՐԸ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷՐ
Նոյեմբերի 22-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 78-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում ներկայացրեց ակումբի նոր անդամ, ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի 2–րդ կուրսի ուսանող Մարինե Սահրադյանին:
Տիգրան ՊետրոսՅանցը կարդաց ակումբի անդամ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Հրաչյայի /Ժորա Հակոբյան/ նամակը. «Ֆրանսահայ գրող Վահե Քաչան իր «Դևը արթնացավ» վեպի մեջ մի այսպիսի միտք է արտահայտել. «Երբ մարդ մենակ է ապրում` արտառոց բաների մասին է մտածում»: Երբ նստեցի այս նամակը գրելու, չգիտեմ ինչու այս միտքը եկավ: Ինձ հարազատ հարցումով ասեմ, որ գուցե այն պատճառով, որ այստեղ կարդալու և խորհելու բարենպաստ պայմաններ կան: Գուցե: Միգուցե: Այսուամենայնիվ արտահայտված մտքի մեջ հոգեհարազատ շեշտ կա: Ամեն շաբաթ այստեղից մտովի գալիս եմ մեր հարազատ թեք տանիքով տուն ու ձեզ հետ եմ լինում` ձեր քննարկումների ժամանակ: ... Արտառոց չէ արդյոք, 1.
որ լսում եմ պարոն ՊետրոսՅանցի այն նախադասությունը, թե «Ժամացույցը ընթանում է միշտ նույն ուղղությամբ», 2. որ երբեմն ականջիս մեջ հնչում են բանաստեղծական հանգավորումներ, 3. որ հատվածներ եմ հիշում ընկերներիս բանաստեղծություններից: Եվ ամենաարտառոցը այն չէ, որ «Մշակութային լուսանցք»–ին մասնակցում եմ մեծագույն սիրով: Հետաքրքիր է ու առտառոց: Կարոտել եմ բոլորիդ: Անգամ նրանց, ովքեր հեռացել են մեծամտաբար: Կարոտում եմ մեր «Չորեքշաբթի»–ին` շաբաթ օրերին: 18 նոյեմբերի 2014 թ.: Գևորգյան հոգևոր ճեմարան»:
Հանդիպման առաջին բաժնում Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց օրվա հյուրին, արձակագիր, մշակույթի գործիչ Դավիթ Սարգսյանին:
Դավիթ Սարգսյանը հանգամանալից ներկայացրեց այն միջավայրը, որտեղ ինքը ձևավորվել է որպես մտավորական, գրող, մշակույթի մարդ: Նա խոսեց ընտանիքի, հոր` գրող Մկրտիչ Սարգսյանի և նրա իր վրա ունեցած մեծագույն ազդեցության մասին: Խոսեց իր կենսագրության մաս կազմող աշխատանքների մասին, նշեց, որ եղել է խմբագիր, բաժնի վարիչ, հրատարակչության տնօրեն, Ազգային գրադարանի տնօրեն և ներկայում Սարդարապատի ազգագրական թանգարանի Մուսա Լեռ մասնաճյուղի կառավարիչն է: Հիշեց, որ առաջին բանաստեղծությունը գրել է չորրորդ կամ հինգերորդ դասարանում և այն տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում: Խոսեց իր հրատարակած գեղարվեստական ու վավերագրական մեկ տասնյակի հասնող գրքերի մասին: Դեպքեր պատմեց հայ գրականության մեծերի հետ հանդիպումներից: Նա հանդիպման մասնակիցներին կոչ արեց շատ կարդալ, ծանոթանալ համաշխարհային, հայ դասական ու ժամանակակից գրականությանը, գրական նորույթներին, քանի որ միայն այդպես ինֆորմացված կլինի ստեղծագործող մարդը և կկարողանա համաքայլ գնալ ժամանակի հետ:
Դավիթ Սարգսյան մարդու, մշակույթի գործչի, գրողի մասին խոսք ասաց լրագրող–վավերագրող, մշակութային գործիչ Հովհաննես Պապիկյանը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Թեհմինե Մակոյանը /«Նվիրում», «Հայրենիք»/, Մարինե Սահրադյանը /«Չի հասկանա ոչ ոք»/, Արմենուհի Մելքոնյանը /«Օտարացանք»/, Սուսաննա ՄարգարՅանը /«Աշնանային», «Իմ աշունը»/, Շուշան Հակոբյանը /«Արի միանանք», «Անվերնագիր»/, Աննա Ավետիսյանը /«Այնպես ուզում եմ», «Եթե ես հանկարծ»/, Քնարիկ Հովհաննիսյանը /«Հուշի ծվեն»/, Աշխեն Մելքումյանը /«Ես սիրում եմ քեզ»/, Հրաչյա Հարությունյանը /«Էությանս դու ձուլվել ես»/, Իշխան Բադալյանը /«Աշխարհ, դու Հային լավ չես ճանաչում», «Եդեմաբուխ գետը հայոց», «Քառյակներ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց Մարգարիտա Հովսեփյանին «Մանուկների աշխարհում» գրքի հրատարակության համար:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Մարգարիտա Հովսեփյանը կատարեց «Նախագահի կին եմ ես» կատակերգը, Թեհմինե Մակոյան – Մարինե Սահրադյան զույգը` «Գինի լից» երգը: Համո Սահյանի բանաստեղծություններից կարդացին Մարիամ Գևորգյանը և Հովհաննես Պապիկյանը:
Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման մասնակիցներին կոչ արեց կարդալ ֆեյսբուքյան «Չորեքշաբթի» էջում տեղադրված Նանե Մկրտչյանի երեք վիպակները` քննարկելու համար:
Ցուցադրվեցին Սերինե Հովհաննիսյանի պատրաստած «Արամ Մանուկյան», «Զորավար» տեսահոլովակները:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|