79-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նոյեմբերի 29-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 79-րդ հանդիպումը:
Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկներին` Մանկավարժական համալսարանի մագիստրոս Անի Հովսեփյանին /սկզբնական կրթության ֆակուլտետ, 2–րդ կուրս/, բակալավրիատի առաջին կուրսեցիներ Ռուզաննա Սարգսյանին /պատմության և իրավագիտության ֆակուլտետ/, Անուշավան Հովսեփյանին /կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ/:
Հանդիպման առաջին մասում բավականին բանավիճային խոսակցություն ծավալվեց Աշխեն Մելքումյանի մագիստրոսական թեզի` «Ժամանակակից ընտանիքներում ամուսնալուծությունների հիմնախնդիրները» թեմայի շուրջ: Խոսվեց ամուսնալուծությունների սոցիալական, հոգեբանական պատճառների մասին, նշվեցին պատմական և ժամանակակից գործոնները և փորձ կատարվեց օգտակար աղբյուրներ ներկայացնելու Աշխենին` աշխատանքն ավարտին հասցնելու համար:
Տիգրան ՊետրոսՅանցն ասաց, որ ՀՊՄՀ գիտական գրադարանն ամփոփել է 2014 թ–ի արդյունքները և լավագույն ընթերցողների թվում են նաև «Չորեքշաբթի» գրական ակումբի հինգ անդամներ` Միշա Թադևոսյանը, Թեհմինե Մակոյանը, Գայանե Պողոսյանը, Քնարիկ Հովհաննիսյանը, Անի Հովսեփյանը: Նա եզրակացրեց, որ ուսանողների այդ հաջողության գրավականը նաև «Չորեքշաբթի» գրական ակումբն է:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Արմենուհի Մելքոնյանը /«Ախ այդ սերերը»/, Էվելինա Միրզոյանը /«Շատ են ասում»/, Միշա Թադևոսյանը /«Պետք է»/, Անի Հովսեփյանը /«Մարդու հոգին», էտյուդ/, Ռուզաննա Սարգսյանը /«Անավարտ թռիչքներ», պատմվածք/, Աշխեն Մելքումյանը /«Նորություն ես»/, Աստղիկ Հակոբյանը /«Հեքիաթը շարունակվում է»/, Մարգարիտա Հովսեփյանը /«Խիղճը»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Նաիրա Շահինյանը մեկական բանաստեղծություն կարդաց Պարույր Սևակից և Համո Սահյանից, Անի Հովսեփյանը` Ավետիք Իսահակյանից: Մարգարիտա Հովսեփյանը կատարեց երգիծական երգը: Միշա Թադևոսյանը կատարեց «Իմ յար», Աստղիկ Հակոբյանը` «Ֆիդայի», Անուշավան Հովսեփյանը` «Թաթուլ Կրպեյան» երգերը:
Էվելինա Միրզոյանը Տիգրան ՊետրոսՅանցին նվիրեց իր պատրաստած «Տեղերի եկեղեցի» կտավը /ծղոտի ցողունից հավաքված/:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|