ՀԱՅ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ
Համաշխարհային պատմության գանձարանում հայ ժողովրդի մեծագույն ներդրումներից մեկը
հայ զինվորականությունն է: Ունեցե՞լ է հայ ազգը պետականություն, երկար
դարերով զրկվա՞ծ է եղել պետականությունից՝ ոչ մի նշանակություն չունի,
Հայաստանում, թե Հայաստանից հեռու, հայ զորավարների պակաս չի եղել: Նրանց
քանակն ու առավել ևս նրանց անունն ու հռչակը շատ ու շատ ազգերի երազանքը
կարող էր լինել:
Քրիստոսի ծննդից առաջ 2492 թվականին, մեզանից ուղիղ 4503 տարի առաջ,
Հայ ազգի ավանդադիր Հայկ Նահապետը զորավարական սխրանք է գործել և իր եռաթև
նետը մխրճել թշնամու՝ Բելի սիրտը: Սրա մասին գրել ու կատարված սխրանքի
նկարագրությունն ավանդել է Պատմահայր Մովսես Խորենացին:
Հիշենք մի պատմություն, որ հայ պատմիչ Փավստոս Բուզանդն է արձանագրել:
360-ական թվականների սկզբներին Պարսից Շապուհ Երկրորդ արքան պատերազմ է
սկսել Հայաստանի դեմ: Սակայն բոլոր ճակատամարտերում պարտվել է Հայոց
սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Չկարողանալով զենքով տիրել Մեծ Հայքին,
Շապուհը դիմել է խորամանկության և, խաղաղության ու բարեկամության դաշն
կնքելու պատրվակով, իր մայրաքաղաք Տիզբոն է հրավիրել Հայոց Արշակ Բ արքային
և Հայոց Սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Հրավիրել և ուխտադրժորեն ձերբակալել
է իր հյուրերին: Պատմիչը գրել է. <<Շապուհ թագավորը հրամայեց իր
առաջը բերել Վասակ Մամիկոնյանին՝ Մեծ Հայքի զորավար-սպարապետին: Սկսեց նրան
անարգել, որովհետև Վասակը փոքր էր մարմնով: պարսից Շապուհ թագավորն ասաց.
<<Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ
չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս
ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ>>: Վասակը, պատասխան տալով, ասաց.
<<Այժմ դու ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր,
որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս: Բայց մինչև
ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, մյուս ոտքս՝ մի այլ
լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ
ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում>>: Շապուհ թագավորը
հարցրեց և ասաց. <<Դե ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու
գետին էիր տանում>>: Վասակն ասաց. <<Երկու լեռներից մեկը դու
էիր, մյուսը՝ Հունաց թագավորը>>: Գիտենալով, որ իր ապրելու ժամանակն
անգամ որոշված է, միևնույնն է, Վասակ Մամիկոնյանն ամբողջացրել է հայ
զորավարի կերպարը. խնդիրը տարածքային մեծության ու բազմաքանակ բանակի մասին
չէ, հայ զորավարն, այո, հզոր ու անփոխարենելի է:
Ու քանի-քանի Վասակ Մամիկոնյաններ են ղեկավարել Հայաստանի զորքերը,
քանի-քանի հայազգի Վասակ Մամիկոնյաններ են ղեկավարել այլ պետությունների՝
Պարսկաստանի Արաբական պետությունների, Բյուզանդիայի, Եգիպտոսի, ավելի ուշ
շրջանում Թուրքիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Ռուսաստանի բանակները:
Համընդգրկուն ու տարողունակ է հայոց զորավարական պատմությունը, այն
տարածքային, ժանակային ու աշխարհագրական սահմաններ չի ճանաչում: Օտար
երկրներում հայկազունները եղել են վարչապետ ու նահանգապետ, լիազոր դեսպան,
արտակարգ դեսպանորդ ու արտակարգ դեսպան, քաղաքապետ ու համհարզ,
փոխհյուպատոս ու խորհրդական, արքա ու տիրակալ, թագավոր ու մարզպան, նախարար
ու իշխանապետ, թագադիր իշխան ու սպարապետ, իշխանաց իշխան ու հազարապետ,
իշխան ու զորավար, մելիք ու զորական, կայսր ու կոմս, դուքս ու աթաբեկ,
սեպուհ ու սատրապ, ասպետ ու մարաջախտ, կյուրապաղատ ու յուզբաշի, պայլ ու
պատրիկ, սիր ու սարդար, գունդստաբլ ու ամիրսպասալար, ամիրա ու բդեշխ, բեկ
ու կատեպան, հեջուբ ու մաղխազ, խան ու փաշա, ջանցլեր ու սեբատոս, վեստ ու
սինեջալ, գեներալ, ծովակալ ու մարշալ: Աշխարհի ո՞ր ազգն է այսքան
տիտղոսների ու կոչումների արժանացել: Թերևս միայն հայերը:
Եվ այնուամենայնիվ այդքան միանշանակ չէ նաև այն հանգամանքը, որ
օտարներին անգամ անմնացորդ ու բոլորանվեր ծառայած հայազգի զորականներն են
ըստ արժանվույն գնահատվել ու աստիճանների արժանացել: Յուրաքանչյուր երկրում
էլ գործել է ինքնապահովագրման գրեթե նույն մոտեցումը, որ լավագույնս է
ձևակերպված 11-րդ դարի երկրորդ կեսի բյուզանդական տեսաբան Կեկավմենոնի
<<Խորհուրդներ կայսերը>> աշխատության մեջ: Նա կայսերը խորհուրդ
է տվել. <<Ես քեզ բան ունեմ ասելու, Տեր Սուրբ: Սենեքերիմը, Դու
գիտես, որ հին թագավորներից էր սերում: Նա ցանկանալով իր երկրը տալ
Ծիրանածին տեր Վասիլ Կայսերը, և դառնալ նրա ծառան [Վասիլն] ընդունել է
պարգևը, և նրան մագիստրոսի աստիճանով պատվել, բայց ոչ ավել, թեպետև
[Սենեքերիմը] թագավոր էր՝ հին թագավորներից սերող: Օտարերկրացիներին, եթե
նրանք նույնիսկ իրենց երկրի թագավորական զարմից սերեն, բարձր աստիճաններ մի
շնորհիր, ոչ էլ վստահիր նրանց բարձր պաշտոններ: Հակառակ դեպքում Դու և Քեզ
կխայտառակես այդպես անելով և Քո հռոմայեցի իշխանավորներին: Եթե Դու,
օրինակի համար [կայսրություն] եկած օտարերկրացուն շնորհես պրիմիկերիոսի կամ
զորավարի աստիճան, ապա հռոմայեցի զորավարին ի՞նչ [ավելի] աստիճան կարող ես
շնորհել: Բոլոր դեպքերում նրան թշնամացնելու ես: Իսկ [օտարերկրացու]
երկրում էլ, երբ լսեն, որ իրենց [հայրենակցին] նման աստիճան ու պաշտոն են
տվել, բոլորը ծիծաղելու են և ասելու, թե մեզ մոտ նա ոչինչ էր, գնաց Ռոմանիա
և արժանացավ նման աստիճանի, պարզ է, որ Ռոմանիայում հարմար մարդ չկար, դրա
համար է, որ մեր [հայրենակիցը] այդպես բարձրացավ>>: Այսպիսի դաժան
չափորոշիչը, որ անգամ գրավոր խորհուրդ է Բյուզանդիայի կայսրին՝ գործել է թե
հույների, թե արաբների, թե թուրքերի, թե ռուսների և թե մնացած ազգերի
համար:
Որքան էլ ծանր լինի թվարկությունը, այնուամենայնիվ հայցելով Ձեր
ներողամտությունը, բերում ենք Բյուզանդական կայսրությանը ծառայած առավել
հայտնի հայազգի զորավարների ցանկը՝ ըստ դարերի.
4-րդ դար՝ Բակուր, Վարազ.
5-րդ դար՝ Խանարանգես.
6-րդ դար՝ Ադոլիս, Ակակիոս, Արատիոս, Արտաշիր, Արտավազդ, Արտավան
Արշակունի, Բուզ, Գղակ, Գրիգոր Արշակունի, Գրիգոր, Թովմա, Թրոյլաթ,
Համազասպ, Հերակլիոս, Հովհաննես Գուզես, Հովհաննես նախարար, Մաղաս, դուքս
Մուշեղ Մամիկոնյան, Ներսես Բասենցի, Ներսես Պատրիկ, Շմավոն, Սահակ, Սիտտաս,
Վահան Արշակունի.
7-րդ դար՝ Ալեքս-Մուշեղ Մամիկոնյան, Գրիգոր, Դավիթ Հայկազն, Դավիթ
Սահառունի, Թեոդորոս, Իսահակ Հայկազն, Մանուել, Մժեժ (668թ-ին կարճ
ժամանակով կայսր է հռչակվել), Մժեժ Գնունի Կյուրապաղատ, Մուշ, Շապուհ
Ամատունի, Պետրոս, Սահակ Կամսարական, Սահակ Մամիկոնյան, Վահան, Վահրամ,
Վալենտին Արշակունի, Վասակ Արծրունի, Վարազ-Գնել Գնունի, Վասակ Արշակունի,
Վասակ Պատրիկ.
8-րդ դար՝ Արտավազդ Կյուրապաղատ (741թ-ին կարճ ժամանակով կայսր է
հռչակվել), Արտավազդ Մամիկոնյան, Գրիգոր Մամիկոնյան, Մուշեղ, Նիկետ,
Նիկեփոր, Վարազբակուր Պատրիկ, Վարազտիրոց, Վարդ Արծրունի, Տրդատ Պատրիկ,
Փիլիպիկոս Վարդան (711-713թթ-ին՝ կայսր).
9-րդ դար՝ Ալեքս, Անտիգոնոս, Արշավիր, Գուրգեն, Լևոն Լալակոն, Լևոն Ա
Հայկազն (813-820թթ-ին կայսր), Թովմա Սլավոն, Հովհաննես Խալդ, Հովհաննես Ա
Կուրկուաս, Կոստանդին Տաքսարաս, Մանվել Մամիկոնյան, ծովակալ Մարիանոս
Մամիկոնյան (810), Մլեհ, Մլեհ Գևորգ, Մուշեղիկ, Նիկեփորոս Փոկաս Պատրիկ,
Պետրանոս Մամիկոնյան Մագիստրոս, Պետրոս Բուլղար, Սմբատ Պատրիկ (կեսար
Վարդասի փոսան), Սմբատիկ, Ստիլիանոս Զաուցես, Վարդ Փոկաս, Վարդան Հայկազն
Պատրիկ (802թ-ին 50 օրով հռչակվել է կայսր), կեսար Վարդան Մամիկոնյան,
Վասիլ Արշակունի (Վասիլ Ա Մակեդոնացի կայսր), Քրիստոփոր, Քուրդիկ Հայկազն.
10-րդ դար՝ Ազոտոզ, ծովակալ Ալեքսիոս-Մուսելե, Անդրանիկ Մոկացի, Աշոտ
Բագրատունի, Գրիգոր Բագրատունի, Գրիգոր Մագիստրոս, Գուրգեն Հայկազն,
Թեոփիլոս Կուրկուաս, Թորոս մեծ իշխան Հաշտենցի, Նիկեփորոս Բ Փոկաս (963-969
թթ-ին՝ կայսր), Լևոն Փոկաս, Հովհաննես Չմշկիկ (969-976թթ-ին՝ կայսր),
Հովհաննես Բ Կուրկուաս, Կոստանդին Սկլերոս, Կոստանդին Փոկաս, Մլեհ
Մագիստրոս, Միքայել Բուրցես, ծովակալ Միքայել Քուրդիկ, Մխիթար Վասիլ,
ծովակալ Մուշեղ Ալեքս, Մուշեղ Ռոմանոս, Պանգրատուկաս, Պրոկոպիոս, ծովակալ
Ռոմանոս Ա Լակաբենոս (920-944թթ-ին՝ կայսր), Ռոմանոս Կուրկուաս, Ռոմանոս
Տարոնեցի, Սահակ, Սահակ Հանձթցի, Վահրամ, Վասիլ Հայկազն, Վարդ Բոյլ, Վարդաս
Սկլերոս (976թ-ին իրեն հռչակել է կայսր), դուքս Վարդաս Փոկաս Մագիստրոս
(987թ-ին իրեն հռչակել է կայսր).
11-րդ դար՝ Ահարոն Բուլղար, Բագրատ Վխկացի, Բակուրան, Գաբրիել, Գրիգոր
Բակուրյան, Գրիգոր Մագիստրոս Պահլավունի, Թորոս Կյուրապաղատ, Խաչատուր
Շիրակունի վեստ,Կատակալոն Կեկավմենոս, Հասան Արծրունի, Հովհաննես
Պռոտոսպաթար, Ճնճղուկ Արծրունի, Նիկեփորոս Փոկաս, Պարսամ, Վասիլակ, Վարազ
իշխան.
12-րդ դար՝ Գրիգոր, Փիլարետ:
Այս ցուցակում ընդգրկվել է 141 անուն: Եվ սա՝ միայն առաջին մեծության
զորավարները: Իսկ որքան էին նրանք Բյուզանդիոնի բանակի միջին հրամկազմում:
Կարելի է այն տպավորությունն ստանալ, որ Բյուզադիան որպես վահան պահել ու
պահպանել են հայ զորավարներն ու զինվորականները և 12-րդ դարից հետո նրանց
բացակայության պատճառով 1453 թվականին Բյուզանդիան պարտվեց ու վերացավ:
Այս զորավարների անուններն այսօր գուցե ոչինչ չեն ասում, սակայն նրանց,
հենց նրանց առաջ են դողացել այն ժամանակների հայտնի աշխարհի տիրակալները:
Այս զորավարներից շատերը առաջնորդել են 50-100 հազարանոց բանակներ:
Բայց այս ցուցակից ընդհամենը մեկ տասնյակ մարդու անուն է մտել մեր
առանձնացրած 200-ի մեջ: Մենք սկսել ենք Հայկ Նահապետով (նա մ.թ.ա. 2492
թվականին Խոշաբ գետի ափին հաղթել է Բելին), ընդգրկել մինչև գրքի
տպագրությունն ընկած շուրջ 4503 տարվա ժամանակաշրջան և այդ ժամանակի մեջ
առանձնացրեփլ 200 զորավարի: Այս երկու հարյուր զորավարների ընտրությունն
ինչ խոսք սուբյեկտիվ է այն պարզ պատճառով, որ ցանկացած համեմատություն միշտ
էլ թերի ու անձնավորված է:
Մինչև 18-րդ դարը գործած զորավարներից ընտրել ենք նրանց, ովքեր
զորաբանակ են ղեկավարել (եղել են զինված ուժերի հրամանատար՝ թագավոր,
սպարապետ, գունդստաբլ), իշխանություն իրականացնողի կողմից լիազորվել են
ճակատամարտ ղեկավարել: Այդ առումով ընտրյալ բոլոր զորավարները
համապատասխանում են ներկայացված պահանջներին (այդպիսիք ընտրվածների կեսն
են՝ մոտ հարյուրը):
18-21-րդ դարերում, երբ պետության ներսում զինված ուժերը մեծաթիվ են
եղել, և արդեն միայն մեկ մարդ չէր ղեկավարում զինված ուժերը կամ բանակը՝
ընտրությունը կատարել ենք դիվիզիայի հրամանատարից սկսած, և ավելի բարձր
պաշտոններում եղածներից (կորպուսի, ռազմաճակատի, օկրուգի, բանակի
հրամանատրներ): ԳԵՆԵՐԱԼՆԵՐ
Իշխան ԱՐՂՈՒԹՅԱՆ-ԵՐԿԱՅՆԱԲԱԶՈՒԿ ՄՈՎՍԵՍ
Հայկական Մարզի կառավարիչ (1829-1832թթ-ին)
Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (25,06,1845թ.)
Ռուսական բանակի գեներալ-համհարզ (20.07.1848թ.)
Իշխան Մովսես Զաքարի Արղության-Երկայնաբազուկը (ծն. 1798թ., Թիֆլիս-
20,02,1855թ., թաղված է Սանահինի վանքի տոհմական գերեզմանոցում, այժմ՝ ՀՀ
Լուռու մարզ) ռուսական բանակի ռազմական գործիչ է, հայ-գրիգորյանական:
1816թ. ավարտել է Թիֆլիսի ազնվական ուսումնարանը (վարժարանը): Բանակում
ծառայությունն սկսել է 1817 թ-ին, Կովկասի գլխավոր հրամանատար Ա.Պ.
Երմոլովի միջնորդությամբ, Սանկտ-Պետերբուրգի լեյբ-գվարդիայի հեծյալ գնդում:
1827թ-ի մարտի 23-ին, իր խնդրանքի համաձայն, զինվորական մայորի կոչումով
փոխադրվել է Կովկաս, որտեղ ծառայել է ավելի քան 27 տարի: Մասնակցել է
1826-1828թթ. ռուս պարսկական, 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմներին,
Երևանի, Աբասապատի, Սարդարապատի, Թավրիզի գրավմանը (1827թ.): Աչքի է ընկել
Օլթիի գրավման ժամանակ: Եռանդուն մասնակցություն է ցուցաբերել
պարսկահպատակ հայերի ներգաղթի կազմակերպման գործում: 1829թ-ին նշանակվել է
Հայկական մարզի կառավարիչ: 1832-1837թթ-ին եղել է Թիֆլիսի հետևակային գնդի
հրամանատար (այդ ժամանակ գունդը գտնվում էր Երևանի բերդում),
1837-1838թթ-ին՝ Թիֆլիսի եգերական գնդի հրամանատար, 1838-1841 թթ-ին՝
Նուխիի ջոկատի հրամանատար, 1841-1842թթ-ին՝ Սամուրյան ջոկատի հրամանատար,
1844-1847թթ-ին՝ Դերբենդի զինվորական օկրուգի, Միջին և Հարավային Դաղստանի
ռուսական զորքերի հրամանատար: 1847թ-ին նշանակավել է Դերբենդի նահանգապետ,
ապա Մերձկասպյան երկրամասի զորքերի հրամանատար և քաղաքացիական նահանգապետ:
Դաղստանում հիմնել է Թեմիրխան-Շուրա քաղաքը (այժմ՝ Բույնակսկ, Դաղստան): Իր
զորաջոկատով բազմիցս արշավել է լեռնականների առաջնորդ Շամիլի դեմ: 1854թ-ի
ձմռանը հաղթահարել է Կովկասյան գլխավոր լեռնաշղթան և դուրս եկել Շամիլի
թիկունքը: 1842 թ-ին արժանացել է գեներալ-մայորի
աստիճանի: Պարգևատրվել է Սուրբ Ալեքսանդր Նևսկու (1848թ.), Սպիտակ Արծվի
(1847թ.), Սուրգ Գեորգիի 4-րդ (1829թ.), 3-րդ (1848թ.,), Սուրբ Վլադիմիրի
3-րդ (1842թ.), 2-րդ (1845թ.), 1-ին (1851թ.), Սուրբ Աննայի 2-րդ (1838թ.),
1-ին (1843թ.), 1-ին՝ կայսերական թագով (1844թ.) աստիճանի շքանշաններով,
<<Խիզախության համար>> ոսկե սվինով (1844թ., 1847թ.) , Ալմաստե
նշանով (1851թ.), 30 տարի ծառայելուց համար՝ ոսկե զենքով (1851թ.): 1872թ.
Թեմիրխան-Շուրա (Բույնակսկ) քաղաքում կանգնեցվել է գեներալ-համհարզ, իշխան
Մովսես Արղության-Երկայնաբազուկի հուշարձանը (ավերվել է 1921թ-ին):
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ
ՀՀ բանակի գեներալ-գնդապետ (25.05.2007.)
ՀՀ պաշտպանության նախարար (2008թ -)
Սեյրան Մուշեղի Օհանյանը (ծն. 01,07,1962թ., Լեռնային Ղարաբաղ, ք. Շուշի)
ԼՂՀ և ՀՀ պետական ու ռազմական գործիչ է, Արցախի հերոս (02.09.1999թ.):
1983թ. ավարտել է Բաքվի համազորային հրամանատարական ռազմական ուսումնարանը:
1979-1992թթ-ին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1983-1988թթ-ին եղել է
Գերմանիայում տեղակայված խորհրդային զորախմբի զորամասերից մեկի
մոտոհրաձգային դասակի, ապա՝ վաշտի հրամանատար, 1988-1992թթ-ին՝
Ստեփանակերտում տեղակայված 23-րդ դիվիզիայի 366-րդ մոտոհրաձգային գնդի
վաշտի, գումարտակի հրամանատար: 1992թ-ի մարտ-դեկտեմբեր ամիսներին եղել է
Ստեփանակրետում կազմավորված Հայկական առանձին գնդի հրամանատար,
1992-1993թթ-ին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ,
1993-1994թթ-ին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պետ, 1994-1998թթ-ին՝ ԼՂՀ
պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1998-1999թթ-ին՝
զորամիավորման հրամանատար: 1999թ-ի օգոստոսի 2-ին նշանակվել է ԼՂՀ
պաշտպանության նախարար, 2000թ-ի հունվարի 17-ին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի
հրամանատար: 2007թ-ի մայսիս 6-ին նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր
շտաբի պետ - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1995թ-ի մայիսի
5-ին արժանացել է ԼՂՀ բանակի գեներալ-մայորի, 2000 թ-ի մարտի 14-ին՝ ԼՂՀ
բանակի գեներալ-լեյտենանտի զինվորական աստիճանի: Մասնակցել է Արցախի
ազատագրության համար մղված բոլոր մարտերին: Հայրենի հողի համար մարտերից
մեկում կորցրել է ոտքը:
Պարգևատրվել է ՀՀ Տիգրան Մեծ (20,09,2003), ՀՀ Մարտական
խաչ 1-ին (20.09.1996թ.), ԼՂՀ Մարտական խաչ 1-ին (08,05,1996թ.),
աստիճանի, ԼՂՀ Ոսկե արծիվ (02.09.1999թ.) շքանշաններով, ՀՀ
<<Հայրենիքին մատուցած ծառայությունների համար>>, 1-ին
աստիճանի (18,09,2006), ՀՀ ՊՆ <<Մարշալ Բաղրամյան>>,
<<Անբասիր ծառայության համար>> 1-ին աստիճանի, ԼՂՀ
<<Շուշիի ազատագրման համար>>, <<Մայրական
երախտագիտություն>> մեդալներով, ՀՀ ՊՆ <<Զինանշան>>
հուշամեդալով, Հայ Առաքելական եկեղեցու <<Սուրբ Ներսես
Շնորհալի>> պատվո բարձր շքանշանով (2008թ.), ՌԴ ԱԳՆ առընթեր
արատասահմանյան երկրների հետ միջազգային համագործակցության ռուսաստանյան
ընկերության <<Վալերի Բրյուսով>> մեդալով (2008թ.): 2007թ-ի
մայսիս 9-ին Ստեփանակերտում ընդունել է ԼՂՀ բանակի զորահանդեսը:
Իշխան ԹԱՐԽԱՆՈՎ ԻՎԱՆ
Ռուսական բանակի բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ (1893թ.)
Իշխան Իվան Ռոմանի Թարխանովը (Իվան Ռամազի Թարխանաշվիլի, Իվան Ռամազանի
Թարխան-Մոուրավի, իշխան Թարխանով) (ծն. 03.06 1846թ., Թիֆլիս -
24.08.1908թ., Սանկտ-Պետերբուրգ) ռուսական բանակի ռազմաբժշկական
ծառայության գործիչ է, բժշկագիտության դոկտոր (1871թ.) պրոֆեսոր (1877թ.),
ակադեմիկոս (1882թ.), Փարիզի կենսաբանական ընկերության թղթակից-անդամ:
Սերում է Թարխանյանների հնագույն իշխանական տոհմից: 1869թ. ավարտել է
Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան: 1869-1877 թթ-ին եղել է
նշանավոր ֆիզիոլոգ Ի. Սեչենովի օգնականը: 1869թ-ին առաջինը գիտական
աշխատանք է կատարել զգացող նյարդերում սումմացիայի երևույթների
փորձարարա-ֆիզիոլոգիական վերլուծությամբ: 1871թ-ին Ի. Սեչենովի
ղեկավարությամբ պաշտպանել է <<Արյունաչզրկված և արյունազրկված
գորտերի զգայող նյարդերի, ողնուղեղի և գլխուղեղի վրա ջերմության
ազդեցության մասին>> թեմայով դոկտորական ատենախոսությունը:
1877-1895թթ-ին եղել է Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի
ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր: Երկար տարիներ եղել է ռազմաբժշկական
ակադեմիայի գիտնական քարտուղարը, որ ակադեմիայի ամենապատվավոր պաշտոնն է
եղել: 1895-1901թթ-ին դասախոսել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանում:
1895թ-ից համագործակցել է պրոֆեսոր Պելլի մասնավոր դեղագործական
լաբորատորիայի հետ և գիտական աշխատանքներ կատարել սպերմինի վերաբերյալ:
Հաճախակի եղել է արտասահմանում,, աշխատել Գրաց քաղաքի համալսարանի
լաբորատորիայում:
Գիտական աշխատանքները վերաբերվում են
էլեկտրաֆիզիոլոգիային, կենտրոնական նյարդային համակարգին, քնի, հիպնոսի
ֆիզիոլոգիային, մարդու օրգանիզմի վրա արտաքին ազդակների, ջերմության, ցրտի,
լույսի, ռենտգենյան, իոնիզացնող ճառագայթների ներգործությանը: Նկարագրել է
մաշկագալվանական ռեակցիան, որը դասագրքերում կոչվել է <<Թարխանովի
ֆենոմեն>>: Զբաղվել է սոցիալական հիգիենայի հարցերով:
Ժողովածուներում, հանդեսներում, թերթերում և առանձին գրքերով հրատարակել է
բազմաթիվ գիտական աշխատություններ: Սերտ կապեր է ունեցել Թիֆլիսի հայ
համայնքի և հայ բժիշկների հետ և նրանց մասնակցությամբ հրատարակել է հայերեն
բժշկական գրքեր: ՍԱԼԱՇԻ ՖԵՐԵՆՑ
Հունգարական բանակի գեներալ (1944թ.,)
Հունգարիայի պետության ղեկավար (1944թ. հոկտեմբեր - 1945թ. մարտ)
Ֆերենց Սալաշին (Ֆերենց Արտաշեսի Սալոսյան) (ծն. 06.01.1897թ. -
12.03.1946թ., Բուդապեշտ, գնդակահարվել է) հունգար զինվորական, քաղաքական
գործիչ, Հունգարիայի ֆաշիստների պարագլուխ: Հայրը հունգարահայ զինվորական
է: Ծառայել է հունգարական բանակում, մասնակցել է Առաջին Համաշխարհային
պատերազմին: 1925-1935թ-ին եղել է հունգարական բանակի գլխավոր շտաբի սպա:
1930թ-ին մտել է <<Հունգարական կյանքի ուղի>> գաղտնի
կազմակերպության շարքերը: 1935թ-ին փոխգնդապետի կոչումով արձակվել է
պահեստազոր: 1935թ-ին հիմնադրել է <<Ազգային կամք>>
կուսակցությունը, 1937թ-ին այլոց հետ ստեղծել է Հունգարական ազգային
սոցիալիստական կուսակցությունը: 1939-1945թթ-ին եղել է նախորդ երկու
կուսակցությունների հիման վրա ստեղծված <<Խաչաձևված նետեր>>
կուսակցության (իր անունով՝ սալաշիստների կուսակցության) առաջնորդ: 1938թ-ի
մայիսին երեք տարով ազատազրկման է դատապարտվել՝ Հունգարիայի գահաժառանգ,
դիկտատոր Միկլոշ Խորտիի դեմ <<հակապետական հրահրման>>
մեղադրանքով: 1940 թ-ին ազատ է արձակվել Հիտլերի պահանջով և փոխադրվել է
Գերմանիա: 1944 թ-ի մարտի 19-ին Գերմանիան օկուպացրել է Հունգարիան և
հնարավոր է դարձել Ֆերենց Սալաշիի վերադարձը Հունգարիա: 1944թ-ի
օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, հիտլերականների աջակցությամբ, նախապատրաստվել
է իշխանության զավթումը՝ նպատակ ունենալով թույլ չտալ Հունգարիայի դուրս
գալը գերմանաֆաշիստական դաշինքից: 1944թ-ի հոկտեմբերի 16-ին իրականացրել է
հեղաշրջում, գրավել է իշխանությունը, նշանակվել Հունգարիայի պետության
ղեկավար-վարչապետ, հայտարարվել <<Ազգի առաջնորդ>>:
1944թ-ի նոյեմբերի 11-ին հայտարարվել է Միկլոշ Խորտիի
ռեգենտության պաշտոնաթողությունը և նշանակվել է Հունգարիայի պետության
ռեգենտ: 1944թ-ի նոյեմբերին հայտարարեց ընդհանուր զորահավաք՝ խորհրդային
զորքերի առաջընթացը կանգնեցնելուհամար: 1945թ-ի մարտի 27-ին
կառավարությունը դադարեցրել է իր գործունեությունը: 1945թ-ի մայիսի 9-ին
Զալցբուրգում հանձնվել է ամերիկացիներին, սակայն վերջիններս հետագայում
նրան հանձնել են Հունգարիայի իշխանություններին: Հունգարիայի ժողովրդական
դատարանը նրան դատապարտել է մահապատժի:
Իշխան ԲԵԲՈՒԹՈՎ ՎԱՍԻԼԻ
Հայկական Մարզի կառավարիչ (1830-1828թթ-ին)
Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (10.10.1843թ.)
Ռուսական բանակի հետևազորի գեներալ (բանակի գեներալ, 1856թ.)
Ռուսաստանի պետական խորհրդի անդամ (1857թ.)
Կովկասի փոխարքայի պաշատոնակատար (1857-1858թթ-ին)
Վասիլի Օսիպի Բեբութով (Բարսեղ Հովսեփի
Բեբության) (ծն. 1791թ., Թիֆլիս - 10.03.1858թ., Թիֆլիս) ռուսական ռազմական
ականավոր գործիչ է, հայ-գրիգորյանական: Արժանացել է Ռուսաստանի բարձրագույն Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանի (1854թ.):
Սովորել է Թիֆլիսի ազնվական դպրոցում և 1807-1809թթ-ին՝ Պետերբուրգի
առաջին կադետային կորպուսում: Զինվորական ծառայությունն սկսել է 1809 թ-ի
դեկտեմբերի 13-ին Խերսոնյան գրենադական գնդում: 1810 թ-ին նշանակվել է
Կովկասյան զորքերի հրամանատար գերենալ Տորմասովի համհարզ, իսկ 1812թ-ին նրա
հետ փոխադրվել է Լատվիա: Մասնակցել է 1812 թ-ի Հայրենական պատերազմին,
կռվել ֆրանսիական մարշալ Մակդոնալդի դեմ և հասել մինչև Մեմել: 1816թ-ին
նշանակվել է Կովկասի կառավարչապետ Ա.Պ Երմոլովի համհարզ: 1817 թ-ին,
դիվանագիտական հանձնախմբի կազմում, գեներալ Երմոլովի հետ Հայաստանով անցել է
Թավրիզ ու Թեհրան: 1821-1825 թթ-ին եղել է լեյբ գվարդիայի Սեմյոնովյան
կապիտան, ապա՝ Մինգրելյան գնդի հրամանատար: Մասնակցել է կովկասյան
մուսուլմանական ցեղերի դեմ մղվող մարտերին: 1825-1827թթ-ին եղել է
Իմերեթիայի կառավարիչ: Քաջաբար մարտնչել է 1828-1829թթ. ռուս-թուրքական
պատերազմում, ռազմավարական մեծ հմտություն դրսևորել Ախալցխայի գրավման ու
պաշտպանության ժամանակ (1828թ-ի օգոստոսի 9-ին ջախջախել է Քոսա Մահմեդ
փաշայի 30 հազարանոց բանակը): 1830-1838թթ-ին եղել է Հայկական մարզի
կառավարիչ: 1844թ-ին նշանակվել է Հյուսիսային և Լեռնային Դաղստանի զորքերի
հրամանատար, կռվել լեռնականների առաջնորդ Շամիլի դեմ:
1847-1853թթ-ին և 1854-1858 թթ-ին եղել է Անդրկովկասյան
եկրամասի քաղաքացիական վարչության պետ և գլխավոր վարչության նախագահ:
1853-1856թթ. Ղրիմի պատերազմի ժամանակ եղել է Կովկասյան կորպուսի
հրամանատար: Աչքի է ընկել Բաշքյադիքլարի (01.12.1853թ., թուրքերը տվել են 8
հազար սպանված) և Քյուրուկ-Դարայի (24.06.1854., 20 հազարանոց բանակով
գլխովին ջախջախել է Մուստաֆա փաշայի և նրա խորհրդական, անգլիացի գեներալ
Գյույոնի 60 հազարանոց բանակին) ճակատամարտերում: Քյուրուկ-Դարայի մոտ
տարած փայլուն հաղթանակի մասին լուրն ստանալուց հետո Նիկոլայ Ա կայսրն ասել
է. <<Իշխան Բեբութովն ուզում է զարմացնել ինձ իր հաղթանակներով, իսկ ես նրան կզարմացնեմ իմ պարգևներով>>,
և Կովկասում առաջիններից մեկը, նրան պարգևատրել է Ռուսաստանի կայսրության
բարձրագույն՝ Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանով (այս պարգևը նախատեսված չէ
գեներալ-լեյտենանտի կոչման համար): 1854թ-ին նշանակվել է Հյուսիսային
Կովկասի և Անդրկովկասի քաղաքացիական մասի կառավարիչ և Ռուսաստանի
սահմանային զորքերի հրամանատար: 1857թ-ին հաստատվել է Ռուսաստանի Պետական
խորհրդի անդամ և Կովկասի փոխարքայի պաշտոնակատար: Գեներալ-մայորի աստիճանի
արժանացել է 1828թ-ի սկզբներին: Պարգևատրվել է Սուրբ Ալեքսանդր Նևսկու
երկու (1849թ., 1850թ.), Սպիտակ Արծվի (18472.), Սուրբ Գեորգիի 4-րդ
(1830թ.), 3-րդ (1846թ.), 2-րդ (1853թ.), Սուրբ Վլադիմիրի 4-րդ (1820),
2-րդ (1845թ.), Սուրբ Աննայի 4-րդ (1812թ.), 1-ին (1829թ.), պարսկական՝
Առյուծի և Արևի 1-ին (1835թ.) աստիճանի շքանշաններով, <<Խիզախության
համար>> ոսկե սվինով (1829թ.), 35 տարի ծառայելու համար ՝ ոսկե
զենքով (1852թ.), Պարսկաստանի շահի ադամանդազարդ նկարով (1851թ.):
ՆԻԿՈԼԱՅ ՂՈՐՂԱՆՅԱՆ
Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի դերակալ գեներալ (26.03.1919թ.)
Նիկոլայ Ադամի Ղորղանյանը (ծն.
1878թ., Թիֆլիս - 16.02.1921թ., Երևան, կացնահար սպանվել է բոլշևիկների
հրամանով թուրք մսագործի ձեռքով, թաղվել է Սունդուկյանի թատրոնի զբոսայգու
եղբայրական գերեզմանում) Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի ռազմական
գործիչ է, ռուսական բանակի հեծելազորային Ադամ Սողոմոնի Կորգանովի որդին:
Ավարտել է Միխայելովո-Վորոնեժյան կադետական կորպուսը, Նիկոլաևյան
հեծելազորային ուսումնարանը, սպայական հեծելազորային դպրոցը: Առաջին
համաշխարհային պատերազմին մասնակցել է Արևմտյան ճակատում և ռոտմիստրից
հասել է գնդապետի կոչման, պատերազմի վերջին եղել է Արխանգելոգրադյան հեծյալ
գնդի հրամանատար: 1917թ-ին եկել է Հայաստան և ծառայության անցել Հայկական
կորպուսում: Մասնակցել է Վանաձորի ճակատամարտին և 4 օր պահել ճակատի
կենտրոնական հատվածը: 1918թ-ի օոգոստոսի 9-ին նշանակվել է Ապարանի
հեծելազորային միացյալ գնդի հրամանատար, 1919թ-ի մարտի 26-ին՝ ռազմական
նախարարության հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնակատար (դերակալ
գեներալ), 1920թ-ի սկզբին՝ Վաղարշապատի կայազորի պետ: 1918-1920 թթ-ին
մասնակցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
1921թ-ին, հավատալով բոլշևիկների խոստմանը, չի հեռացել Հայաստանից: Սակայն ձերբակալվել է և զոհ է գնացել կարմիր նենգությանը:
ԴԱՆԵԻԼ ԲԵԿ-ՓԻՐՈՒՄՅԱՆ
Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (28.05.1919թ.)
Դանիել-Բեկ Աբիսողոմի Փիրումյանը (Փիրումով) (ծն. 22.11.1861թ., Լեռնային
Ղարաբաղ, Ասկերանի շրջան, գ. Նախիջևանիկ - 1921թ., թաղված է Սուրբ Գայանե
եկեղեցու բակում) բանակի ռազմական գործիչ է, Պողոսբեկ Փիրումյանի հորեղբոր
որդին: Ավարտել է Շուշիի քաղաքային ուսումնարանը: Զինվորական ծառայությունը
սկսել է 1881թ-ին: 1881-1883թ-ին սովորել է Թիֆլիսի հետևակային
յունկերային ուսումնարանում, 1913թ-ին ավարտել է Օրանիենբաումի (այժմ
Լենինգրադի մարզ, ք. Լոմոնոսով) սպայական հրաձգային դպրոցի դասընթացը:
Մասնակցել է 1918թ-ի Սարդարապատի հերոսամարտին, եղել է ռազմաճակատի
հրամանատար, դրսևորել է զորավարական մեծ հմտություն և խիզախություն,
ռազմաճակատի կենտրոնական հատվածում ջախջախել է թշնամուն: 1918թ-ի հուլիսի
20-ին նշանակվել է նորաստեղծ ՀՀ բանակի 1-ին բրիգադի հրամանատար: 1918թ-ին
արժանացել է գեներալ-մայորի աստիճանի: 1920թ-ի սեպտեմբերին նշանակվել է
Կարսի գեներալ-նահանգապետ: Հակտեմբերի 30-ին ՝ Կարսը թուրքերի կողմից
գրավելու ժամանակ, գերի է ընկել:
Գերությունից ազատվել է 1921թ-ի հոկտեմբերին Ալեքսանդր Մյասնիկյանի ջանքերով:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Ռուսական բանակի գեներալ-մայոր (27.11.1915թ.)
Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (28.05.1919թ.)
Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար (15.06.1918թ. - 17.02.1919թ.)
ՀՀ բանակի ռազմական խորհրդի անդամ (24.04.1919թ.)
Հովհաննես Բարսեղի Հախվերդյանը (Իվան Վասիլիի Հախվերդով) (ծն.
29.07.1873թ., Սանկտ-Պետերբուրգ - 1937թ., ստալինյան բռնության զոհ)
ռուսական և Հայաստանի Առաջին Հանրապետության բանակների ռազմական գործիչ է,
հայ-գրիգորյանական: Սովորել է Սանկտ-Պետերբուրգի 1-ին կադետային
կորպուսում, գերազանցությամբ ավարտել է Պավլովսկի ռազմական ուսումնարանը,
1902թ-ին՝ գերազանցությամբ՝ գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան:
Ծառայությունը բանակում սկսել է 1890թ. սեպտեմբերի 1-ին: Սպայական կոչումը
ստացել է 1891թ-ին: 1895թ-ին՝ արժանացել է պորուչիկի, 1900թ-ին՝ շտաբս
կապիտանի, 1902թ-ին՝ կապիտանի, 19010թ-ին՝ գնդապետի կոչման: 1902-1904թթ-ին
եղել է վաշտի հրամանատար, 1904-1909թթ-ին՝ գումարտակի հրամանատար,
բանակային կորպուսի շտաբի սպա, համհարզ, 1909-1914թթ-ին՝ Թուրքեստանի
զինվորական օկրուգի շտաբի ավագ համհարզ, 1914թ-ին Սանկտ-Պետերբուրգի
զինվորական օկրուգի Սվենբորգի ամրոցի զորքերի շտաբի պետ, 1916-1917թթ-ին՝
Տրապիզոնի 127-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ, 5-րդ Ֆինլանդական, ապա՝
3-րդ հրաձգային դիվիզիաների հրամանատար: 1917թ-ի վերջին ռուսական Կովկասյան
բանակը փլուզվել է: 1917-1919թթ-ին ակտիվ մասնակցություն է ունեցել
ազգային զորամիավորումների, մասնավորապես Հայկական առանձին կորպուսի
կազմավորման գործում: Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից հետո,
1918թ-ի հունիսի 15-ից մինչև 1919թ-ի մարտի 27-ը եղել է Հայաստանի
Հանրապետության զինվորական առաջին նախարար: Նրա ղեկավարությամբ մինչև
1918թ-ի աշունը կազմավորվել է ՀՀ զինվորական նախարարությունը, ձևավորվել
հայկական ազգային զինված ուժերը, ստեղծվել Հայկական առանձին դիվիզիան,
ազատագրվել Թուրքիայի կողմից բռնազավթված որոշ հայկական տարածքներ,
հաղթանակով ավարտել հայ-վրացական պատերազմը: 1919թ-ի ապրիլի 25-ին
նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի՝ Սպարապետի շտաբի պետ,
մայիսի 28-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: Խորհրդային Ռուսաստանի
կողմից Հայաստանի Հանրապետության ռազմակալումից հետո բանտարկվել է և
ուղարկվել Բաքու: 1921թ-ին ազատվել և հաստատվել Խորհրդային Հայաստանում,
զբաղվել դասախոսական աշխատանքներով , եղել է մի շարք բարձրագույն
ուսումնական հաստատությունների զինղեկ:
1937թ-ին ենթարկվել է ստալինյան բռնաճնշումների և
մահացել: Ռուսական 1-ին, և 2-րդ Մանջուրական բանակների կազմում մասնակցել է
1904-1905թթ ռուս-ճապոնական պատերազմին (աչքի է ընկել Լյաոյանի, Շանհայի,
Մուկդենի ճակատամարտերում), 1914-1918թթ Առաջին համաշխարհային պատերազմում
նախ Արևմտյան ճակատում կռվել է գերմանացիների, ապա՝ Կովկասյան ճակատում
թուրքերի դեմ: Պարգևատրվել է Սուրբ Վլադիմիրի 4-րդ (1906թ.), Սուրբ Աննայի
4-րդ (1902թ.), 3-րդ (1905թ.), 2-րդ (1906թ.), Սուրբ Ստանիսլավի 3-րդ
(1905թ)., 2-րդ (1906թ.), բուխարական <<Ոսկե աստղ>> 2-րդ
(1906թ.) աստիճանի շքանշաններով, <<Ի հիշատակ 1904-1905թթ.
ռուս-ճապոնական պատերազմի>> բրոնզե, <<Ի հիշատակ Ալեքսանդր Գ-ի
գահակալության և Նորին կայսերական մեծությունների թագադրության>>
արծաթե, <<Ռոմանովների տան գահակալության 300-ամյակի>> բրոնզե
մեդալներով:
ՔՐԻՍՏԱՓՈՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ
Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի հրետանու գեներալ-մայոր (մարտ, 1919թ.)
Քրիստափոր (Խաչատուր) Գերասիմի
Արարատյանը (ծն. 18.06.1876թ., ք. Նալչիկ - 10.12.1937թ., Երևան,
խորհրդային բռնության զոհ, գնդակահարվել է Երևանի մերձակա Ավանի ձորում՝
ներկայիս գազանանոցի տարածքում), Հայաստանի առաջին Հանրապետության բանակի
ռազմական գործիչ է: 1892թ. ավարտել է Թիֆլիսի կադետային կորպուսը, 1896թ.՝
գերազանցությամբ՝ Պետերբուրգի Միխայլովյան հրետանային ուսումնարանը, 1914թ.
՝ Ցարսկոյե Սելոյի սպայական դպրոցը, 1926թ.՝ Մոսկվայի Մ.Վ. Ֆրունզեյի
անվան ռազմական ակադեմիային կից բարձրագույն հրամկազմի դասընթացը՞ 1896թ-ին
ծառայությունն սկսել է Թիֆլիսի մոտ գտնվող Կոջորիի Կովկասյան հրետանային
բրիգադում: 1905-1906 թթ-ին կամավոր ծառայել է Արևելքում և մասնակցել
1904-1905թթ-ին ռուս-ճապոնական պատերազմին, աչքի ընկել Սիպի Հայի և
Խերուսիի ճակատամարտերում: 1914-1917թթ. Առաջին համաշխարհային պատերազմին
մասնակցել է Արևմտյան ռազմաճակատում, եղել է 21-րդ հրետանային բրիգադի 1-ին
հրետանային մարտկոցի հրամանատար, ապա՝ շտաբային սպա, ռուսական հրետանային
առաքելության դիրքերում տեղակայված ռումինական հրետանու տեսուչ: Ռուսաստանի
կայսեր տապալումից հետո ռումիններից առաջարկ է ստացել գեներալի աստիճանի
շնորհումով ծառայել նրանց բանակում, որից հրաժարվել է: 1918թ-ի հունվարին
Թիֆլիսում հանդիպել է ռուս-ճապոնական ռազմաճակատից հայտնի գեներալ-մայոր
Թովմաս Նազարբեկյանին և նրա առաջարկով նշանակվել նորաստեղծ Հայկական
առանձին բանակային կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար: 1918թ-ի մայիսի
22-27-ին մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին: Հայաստանի Հանրապետության
կազմավորումից հետո ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1918թ-ի օգոստոսի 9-ին նշանակվել է Հայկական առանձին
դիվիզիայի հրետանային բրիգադի հրամանատար: 1919թ. մարտին ստացել է հրետանու
գեներալ-մայորի աստիճան և նշանակվել Հայաստանի Հանրապետության զինվորական
նախարար (մինչև 1920թ. մայիսը): Այս շրջանում հայկական զինուժի թվակազմն
աճել է, հայկական ռազմամիավորումների ջանքերով Հայաստանին են միացվել
Թուրքիայի կողմից
բռնազավթված
տարածքները, ճնշվել են Հայաստանում թուրք-թաթարական ազգաբնակչության
հակահայկական շարժումները: Նախարարի պարտականությունից ազատվելուց
անմիջապես հետո նշանակվել է ՀՀ զինված ուժերի հրետանու վարչության պետ: Այս
պաշտոնում ակտիվ մասնակցություն է ունեցել հայ-թուրքական պատերազմին,
մասնակցել է Կարսի ճակատում ծավալված մարտական գործողություններին: Գերի է
ընկել թուրքերին Կարսի զավթման ժամանակ (1920թ. հոկտեմբեր): Ազատվել է
Հայաստանի կառավարության ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանի միջնորդությամբ:
1921-1925թթ-ին եղել է Հայկական 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայի
հրամանատարի տեղակալ - հրետանու պետ: Զորացրվել է 1926թ-ին: Զորացրվելուց
հետո եղել է Երևանի պետական համալսարանի և գյուղատնտեսական ինստիտուտի
ռազմագիտության ամբիոնների վարիչ: Պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ, Սուրբ
Աննայի 4-րդ, Սուրբ Ստանիսլավի 3-րդ, 2-րդ աստիճանի շքանշաններով, ոսկե
զենքով (Մոսկվայի ռազմական ուսումնարանների 1896թ-ի շրջանավարտների
զորահանդեսում ցուցաբերած գերազանց պահվածքի համար, հանձնել է անձամբ
Ալեքսանդր 3-րդ կայսրը, պարգևի կոթին եղել է <<Գեներալ Մոիսեյ
Արղութինսկի-Դոլգոռուկովին՝ Կովկասի փոխարքա, կոմս Ալեքսեյ
Երմոլովից>> մակագրությամբ):
ՀԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
Ռուսական բանակի գեներալ-մայոր (30.08.1917թ.)
ՀՀ Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (1919թ.)
Հակոբ (Յակով) Գերասիմի Բագարատունին (ծն. 25.08. 1879թ.. Վրաստան, ք.
Ախալցխա - 23.12.1943թ., Անգլիա, Լոնդոն) ռուսական բանակի ռազմական և
պետական գործիչ է: 1898 թ. ոսկե մեդալով ավարտել է Թիֆլիսի արական
գիմնազիան, ապա՝ Կիևի առաջին ռազմական ուսումնարանը: Մասնակցել է 1905թ.
ռուս-ճապոնական պատերազմին: 1907թ. ավարտել է Գլխավոր շտաբի Նիկոլաևյան
ակադեմիան: 1908-1914թթ-ին ծառայել է Թուրքեստանյան զինվորական օկրուգում:
Կատարել է ռազմա-քաղաքական և հետախուզական կարևոր հանձնարարություններ
Իրանում, Մոնղոլիայում, Տիբեթում, Կորեայում, Աֆղանստանում, Միջինասիական
Բուխարա, Կաշգար, Կուշկա, Մերվ, Տաշքենդ քաղաքներում: Տաշքենդում
բացահայտել է պանթուրքական էմիսարների դավադրությունը: Ակտիվորեն մասնակցել
է Առաջին համաշխարհային պատերազմին: Եղել է դիվիզիայի, ապա՝ բրիգադի շտաբի
պետ: 1917թ-ի փետրվարից ծավալել է ակտիվ հասարակական-քաղաքական
գործունեություն: 1917թ-ի հուլիսի 12-ին նշանակվել է Պետրոգրադի զինվորական
օկրուգի գլխավոր շտաբի պետ, օգոստոսի 30-ին ստացել է գլխավոր շտաբի
գեներալ-մայորի աստիճան: Գեներալ Լ. Տիգրանյանի և Հ. Զավրյանի հետ կազմել է
Հայկական կորպուսի կազմակերպման ծրագիրը: 1917թ-ի նոյեմբերին նշանակվել է
նորաստեղծ Հայկական կորպուսի հրամանատար, սակայն ոչ մի ճանապարհով չի
կարողացել հասնել Հայաստան:
1918թ-ի գարնանը գեներալ Ի.Ս. Բաղրամյանի հետ ղեկավարել
է Բաքվի հայության պաշտպանությունը: Բաքվի կոմունայի անկումից հետո,
1918թ-ի հունիսի 31-ից մինչև սեպտեմբերի 15-ը, եղել է Կասպիական նավատորմի
կենտրոնական կոմիտեի (Ցենտրոկասպիի դիկտատուրա) ռազմածովային կոմիսար:
1919թ-ի փոտրվարին Ավետիս Ահարոնյանի և Պողոս Նուբարի կողմից նշանակվել է
Հայկական միացյալ ռազմական առաքելության պետ (որի կազմում էր նաև
Անդրանիկը), ապա մինչև 1920 թ-ի վերջը գործել է ԱՄՆ-ում: 1920 թ-ի
նոյեմբերին նշանակվել է Հայաստանի Առաջին հանրապետության դեսպան
Անգլիայում: Մասնակցել է 1921 թ-ի Լոնդոնի և 1923 թ-ի Լոզանի
կոնֆերանսներին: Պարգևատրվել է Սուրբ Գեորգի 4-րդ, 3-րդ, սուրբ Ստանիսլավի
3-րդ (1905թ.), 2-րդ, Սուրբ Վլադիմիրի 4-րդ, 3-րդ, Սուրբ Աննայի 4-րդ
(1905թ.), 3-րդ, 2-րդ, Բուխարայի Ոսկե աստղի 3-րդ (1914թ.) աստիճանի
շքանշաններով:
ՄՈՎՍԵՍ ՍԻԼԻԿՅԱՆ
Ռուսական բանակի գեներալ-մայոր (22,08,1917թ.)
Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (28,05,1919թ.)
ՀՀ բանակի ռազմական խորհրդի անդամ (24.04.1919թ.)
Մովսես Բաբայի Սիլիկյանը (Սիլիկով) (ծն.
14,09,1862թ., Ելիզավետապոլի նահանգ, Նուխիի գավառ գ. Վարդաշեն -
10,12,1937թ., խորհրդային բռնության զոհ, գնդակահարվել է Երևանի մերձակա
Ավանի ձորում, ներկայիս գազանանոցի տարածքում) ռուսական և հայկական
բանակների ռազմական գործիչ է, հայ-գրիգորյանական: 1882 թ. ավարտել է
Մոսկվայի 2-րդ զինվորական գիմնազիան, 1884 թ. 3-րդ Ալեքսանդրովյան
զինվորական ուսումնարանը, 1904 թ.՝ Սպայական հրաձգային դպրոցը:
Ծառայությունը բանակում սկսել է 1884թ-ի օգոստոսի 14-ին: Հիմնականում
ծառայել է Կովկասյան զինվորական օգրուգում: Եղել է վաշտի, գումարտակի
հրամանատար: 1914թ-ին նշանակվել է Երևանի զինվորական պարետի օգնական, 1915
թ-ին՝ 8-րդ գնդի հրամանատար, 1916 թ-ին՝ Վանի զորախմբի հրամանատար: Աչքի է
ընկել Մուշի, Բիթլիսի գրավման, Էրզրումի գրոհի ժամանակ: Էրզրումի գրավումից
հետո նշանակվել է Էրզրումի պարետ: 1911թ-ի հունիսի 25-ին արժանացել է
գնդապետի կոչմանը, 1917թ-ին օգոստոսի 22-ին՝ գեներալ-մայորի աստիճանի: 1918
թ-ի հունվարին նշանակվել է Հայկական բանակային կորպուսի 1-ին հրաձգային
դիվիզիայի, ապա՝ Երևանյան զորախմբի հրամանատար: Սիլիկյանի հմուտ
ռազմավարությամբ թուրքական զորամասերը ջախջախիչ հարված են ստացել
Սարդարապատի մատույցներում և Ապարանում, ու կասեցվել է նրանց հարձակումը
Երևանի ուղղությամբ:
1919թ-ին նշանակվել է Գավառի տարածաշրջանայի ճակատի
հրամանատար, 1920թ-ի աշնանը՝ Կարս-Ալեքսանդրապոլի ճակատի ընդհանուր
հրամանատար և փարձել է կանգնեցնել առաջացող թուրքերին, սակայն այդ նրան չի
հաջողվել: 1921թ-ի հունվարին աքսորվել և բնակություն հաստատել
Դոնի-Ռոստովում: Խորհրդային բռնաճնշիչ մեքենան հաջորդ բոլոր տարիներին
հանդիպել է անվանի զորավարին: 1927թ-ին և 1935թ-ի նոյեմբերին նա
ձերբակալվել է, սակայն հանցանքների ապացուցված չլինելու պատճառով ազատ
արձակվել: Պարգևատրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության՝ Գեորգիևյան խաչի
1-ին (18,11,1918թ.), Ցարական՝ Սուրբ Ստանիսլավի 2-րդ (1910թ.) աստիճանի
շքանշաններով: ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ
Ռուսական բանակի գեներալ-մայոր (1907թ.),
Հայաստանի առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (15,07,1919թ),
Հայոց Սպարապետ (25,03,1919թ),
Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի հետևազորի գեներալ (բանակի գեներալ, 26,01,1920թ),
Թովմաս
Հովհաննեսի Նազարբեկյանը (Ֆոմա Նազարբեկով) (ծն. 01,01,1855թ. -
17,02,1931թ., Թիֆլիս) ռուսական և Հայաստանի Առաջին Հանրապետության
բանակների ռազմական գործիչ է, հայ-գրիգորյանական: Սերում է հին տոհմական
ազնվական ընտանիքից: 1879թ. ավարտել է Մոսկվայի 2-րդ զինվորական վարժարանը,
1876թ.՝ Ալեքսանդրյան զինվորական ուսումնարանը: Ծառայությունը
լեյբ-գվարդիայի Երևանյան 13-րդ հեծելազորային գնդում սկսել է 1876թ.
օգոստոսի 10-ին: 1877-1881 թթ-ին եղել է 4-րդ գումարտակի համհարզ, 13-րդ
վաշտի հրամանատար, 1881-1895 թթ-ին՝ Վրացական հեծելազորային գնդի 2-րդ,
ապա՝ 1-ին վաշտերի հրամանատար, 1895-1896 թթ-ին՝ գնդի ավագ սպա, գնդի
դատարանի նախագահ, 1896-1901 թթ-ին՝ 4-րդ պահեստային գումարտակի
հրամանատար, 1902-1904 թթ-ին՝ Անդիջանի գումարտակի հրամանատար, 1904-1906
թթ-ին՝ Կիրսանի 286-րդ հետևակային գնդի հրամանատար, 1906-1907 թթ-ին՝
Օլոնեցկի 14-րդ հետևակային գնդի հրամանատար: 1907-1914 թթ-ին՝
գեներալ-մայորի աստիճանով եղել է պահեստազորում: Առաջին համաշխարհային
պատերազմի սկսվելուց հետո զորակոչվել է զինվորական ծառայության: 1914 թ-ին
եղել է Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, 1917թ-ին՝ Երևանյան
ջոկատի պետ և կորպուսի հրամանատարի իրավունքներով նահանգի զորքերի
հրամանատար, 1917-1918թթ-ին՝ Հայկական առանձին բանակային կորպուսի
հրամանատար, 1919-1920 թթ-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության զորքերի
հրամանատար-սպարապետ, ռազմական խորհրդի նախագահ:
Մասնակցել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական (Արդահան),
1904-1904թթ. ռուս-ճապոնական (Մուկդեն) պատերազմներին: Կռվել է Կովկասյան
ռազմաճակատում: Նազարբեկյանի դիվիզիայում է գործել Անդրանիկի Հայկական
կամավորական առաջին գունդը: 1915թ-ի ապրիլի 17-18-ին Դիլմանի մոտ ռուսական
զորաբանակը Նազարբեկյանի հրամանատարությամբ պարտության մատնեց Խալիլ բեյի
թուրքական կորպուսին: 1918թ-ի մայիսին նրա ընդհանուր հրամանատարությամբ
հայերը հաղթանակներ են տարել Սարդարապատի ու Ապարանի հերոսամարտերում:
1919թ-ի մարտի 25-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության բանակի ռազմական
խորհրդի նախագահ, 1919թ-ի ապրիլի 24-ին միաժամանակ նշանակվել է զինված
ուժերի գլխավոր հրամանատար-սպարապետ: Հայաստանում խորհրդային իշխանության
հաստատվելոից հետո բռնադատվել է, աքսորվել: Բանակում ծառայել է 39 տարի:
Պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ (19,06,1915թ.), Սուրբ վլադիմիրի 3-րդ
(03,03,1905թ.), 2-րդ (10.06.1916թ.), Սուրբ Աննայի 3-րդ (1878թ.), 2-րդ
(26,11,1892թ.), 1-ին (25.03.1915թ.), աստիճանի շքանշաններով , <<Խիզախության համար>>
ոսկե զենքով (1904թ.): 2004թ-ի օգոստոսի 6-ին Մոսկվայի զինվորական օկրուգի
զինվորական դատախազության որոշմամբ արդարացվել է: Զինվորական գրող,
գնդապետ Հայկ Հայրապետյանի <<Վերջին սպարապետը>> կենսագրական
վեպը ներկայացնում է Թովմաս Նազարբեկյանի կյանքն ու զինվորական անցած
ճանապարհը (ռուսերեն, Մոսկվա, 1995թ., 303 էջ, 5000 օրինակ):
ԴԱՎԻԹ ԽԱՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Ֆրանսիայի դիվանագիտական գործիչ (1800-1810-ական թթ-ին)
Իրանի դիվանագիտական գործիչ (1810-1828 թթ-ին)
Իրանի բանակի խան (գեներալ, 1818թ-ին)
ԴԱՎԻԹ ԽԱՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ (Դավիթ խան Ասպետ Մելիք Շահնազարյանց)
(ծննդյան թվականը անհայտ է - 1831/33թթ.) Իրանի դիվանագիտական գործիչ է,
սերում է Գեղարքունիքի տեր Մելիք-Շահնազարյանցների հնագույն տոհմից:
1824թ-ին Մոսկվայից Վրաստանի կուսակալ Երմոլովին գրած նամակում իր մասին
գրել է. <<....ծնված եմ Նոր Ջուղա քաղաքի մեջ, բայց հայրենիքս
Գեղարքունիքն է և շառավիղն եմ Մելիք բեկ Շաբուրովի ազգատոհմից, որ էր որդի
Մելիք-Շահնազարի, և կբնակեր Մազրայ գյուղում>>: Մոր հղի ժամանակ
գերեվարվել է ու ծնվել է Նոր Ջուղայում: Կենսագրական տարբերակներից մեկի
համաձայն, 17-18 տարեկան հասակում, փախել է իր տիրոջից և Բաղդադում
ապաստանել մի անզավակ հայ վաճառականի ընտասնիքում, նրա օժանդակությամբ
տիրապետել պարսկերեն, ֆրանսերեն լեզուներին, ապա՝ ուղարկվել Փարիզ՝
ֆրանսերենին հիմնավոր տիրապետելու նպատակով: Այստեղ նրան ճանաչել է Հակոբ
Շահան-Ջրպետը, որ գործակցում էր Նապոլեոն կայսեր հետ: Ու վերջինիս
միջնորդությամբ, 1804թ-ին, Նապոլեոնը որոշակի հանձնարարությամբ Դավիթին
սուր նվիրելով՝ ուղարկել է Թեհրան Իրանի Ֆաթհ Ալի շահի մոտ: Կրկնակի
դեսպանորդությամբ վերադարձել է Փարիզ և նոր նամակներով վերադարձել Թեհրան:
1810-1828թ-ին ծառյել է Իրանի Շահի մոտ, կատարել դիվանագիտական
հանձնարարություններ: 1816թ-ին նշանակվել է Ֆրանսիայում Իրանի դեսպան:
1818թ-ին Փարիզում ֆրանսերեն ու պարսկերեն լեզուներով հրատարակել է Իրանի
պատմության մասին <<Տեղեկագրություններ>> աշխատությունը:
Ամենայն հավանականությամբ 1818թ-ին թողել է պարսից ծառայությունը և
վերադարձել է Երևան՝ տոհմական կալվածքները ետ ստանալու նպատակով:
Սակայն ոչ քաղաքացիական իշխանությունների , ոչ դատական
մարմինների միջոցով չի կարողացել խնդիրը լուծել: Երևանի նահանգապետ,
հեծելազորի գեներալ Վասիլ Բեհբութովի խորհրդով և միջնորդությամբ դիմել է
Ռուսաստանի կայսրին՝ տոհմական կալվածքների դիմաց թոշակ նշանակելու
խնդրագրով: Մելիք-Շահնազարյանցներին ցմահ նշանակվել է տարեկան 3000 արծաթ
թոշակ, բայց բարոյական ու ֆիզիկական անապահովությունից մահվան դուռ հասած
երևելի անձը, լուրն ստանալու հաջորդ օրը, կնքել է մահկանացուն: Այդ
ժամանակներում գոյատևելու համար վաճառել է Նապոլեոն Բոնապարտից նվեր ստացած
սուրը, Իրանի Շահից ստացած Առյուծի և Արեգակի շքանշանը (ըստ
ժամանակակիցների մինչև 1810-ական թվականները Իրանում շքանշան չի եղել և
որպես այդ շքանշանի հեղինակի առաջին շքանշանը տրվել է Դավիթ ծանին):
ՍԻՆԱՆ ՓԱՇԱ
ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱԶԳԻ ԳԵՆԵՐԱԼԸ
Սինան փաշան (Սինան Մեծ, Խոջա Սիմար Սինան) (ծն. 09. 05. 1490թ.,
Արևմտահայաստան, Կեսարիա, գյուղ Աղրնաս - 08. 06. 1588թ., Կոստանդնուպոլիս)
թուրքական ռազմական գործիչ է, աշխարհում առաջին հայազգի գեներալը:
1502թ. ավարտել է Կ. Պոլսի քրիստոնեական դպրոցը: 1503-1510թթ-ին սովորել է
զինվորական դպրոցում: Այս դպրոցն ավարտելուց հետո քրիստոնեական ծագում
ունեցող ենիչերական զորամասում նշանակվել է սակրավոր սպա: Մասնակցել է 1524
թ-ի Բալկանյան և 1534 թ-ի Բաղդադի պատերազմերին: Կառուցել է կամուրջներ,
պաշտպանական շինարարություններ, ռազմական ճանապարհներ: Այս արվեստում հասել
է կատարելության և 1539 թ-ին նշանակվել օսմանյան սուլթանության գլխավոր
ճարտարապետ: Ռազմական կառույցների հետ միասին հիսուն տարում Թուրքիայում
կառուցվել է շուրջ 360 շինություն (131 մեծ ու փոքր մզկիթ, 55 մեդրեսե
/դպրոց/, 19 դամբարան, 7 գրադարան, 14 իմարաթ, 3 հոսպիտալ, 8 կամուրջ, 5
կամուրջ-ջրանցույց, 17 իջևանատուն, 31 պալատ, 35 բաղնիք, բազում պահեստներ և
այլ շինություններ): Կառույցներ ունի Սարաևոյում (մզկիթ, 1531թ.),
Եվպատորիայում (Ջումա Ջամի մզկիթ, 1552թ.), Բիտոլայում (Հայդար Կադի ջամիյա
մզկիթ, 1561թ.), Դամասկոսում (Տակիա Սուլեյմանիյե մզկիթ, 1554թ.),
Վիշեգրադում (Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջը Դրինա գետի վրա, 1571թ.):
1569-75թթ-ին Ադրիանապոլիսում կառուցած Սելիմիյե մզկիթը համաշխարհային
ճարտարապետության հայտնի օսմանյան ճարտարապետության գլուխգործոց է:
Իր շինություններով դարձել է 5-7-րդ դարերի
հայ-բյուզանդական գմբեթաշինության ավանդույթները շարունակող մեծագույն
վարպետ: Վայելել է օսմանյան տիրակալների անվերապահ վստահությունը և այն
ծառայեցրել է ազգակից հայերին: 1573թ-ին սուլթան Սելիմ Երկրորդի հրամանով
Կեսարիայի հայերը ենթարկվել են բռնի տեղահանության և տարվել Կիպրոս կղզի:
Հայերի տեղահանությունը կանխելու նպատակով Սինան փաշան դիմել է Սուլթանին:
Վերջինս ընդառաջելով գլխավոր ճարտարապետին՝ հրամայել է նրա ազգականներին
ներում շնորհել և չտեղահանել: Այդ հրամանագիրը բարեբախտաբար պահպանվել է և
1930 թ-ին նախ հրատարակվել է թուրքերեն, ապա թարգմանվել նաև հայերեն:
|