Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 03:29
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Главная » 2013 » Май » 27 » ԻՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐ ԳՐՔԻՑ
01:06
ԻՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐ ԳՐՔԻՑ

ԱՆԻ ՔԱՂԱՔԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ

Անին Հայաստանի մայրաքաղաքն է եղել 961-1045 թվականներին:
    Անին կառուցվել է Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում՝ կիրճերով պաշտպանված, ծովի մակերևույթից 1500 մետր բարձրությամբ հրվանդանի վրա: Քաղաքի տարածքը Հայաստանի հնագույն բնակավայրերից է եղել: Այստեղ պահպանվել են կիկլոպյան պարիսպի մնացորդներ, մ.թ.ա. 8-7-րդ դարերի դամբարաններ: Անիի ստորգետնյա քարայրներից մեկում գտնվել է մ.թ.ա. 1-ին հազարամյակի բրոնզե ապարանջան, քաղաքի տարածքից հայտնաբերվել են Տիգրան Մեծի արծաթյա դրամներ:
     Պատմիչներ Եղիշեն և Ղազար Փարպեցին Անին առաջին անգամ հիշատակում են 5-րդ դարում՝ որպես Կամսարական իշխանների ամրոց: 783 թվականին Բագրատունի իշխան Աշոտ Մսակերը Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցի հետ:
     Կամսարականների շրջանին են պատկանում Աղջկաբերդի և Անիի միջնաբերդի կառույցները: Միջնաբերդը շրջափակված է բուրգավոր պարիսպներով: Հետագայում դրանք Բագրատունիների կողմից ներառվել են ընդհանուր պաշտպանական համալիրի մեջ:
     953 թվականին Աբաս Բագրատունուց գահը ժառանգած Աշոտ Գ-ն, 961 թվականին Անանիա Ա Մոկացի կաթողիկոսի ձեռամբ՝ մեծ հանդեսով, բազմաթիվ հյուրերի ու հայոց ողջ բանակի ներկայությամբ թագադրվեց Անի քաղաքում ու Անին հայտարարվեց երկրի մշտական մայրաքաղաք:

     992 թվականին, Գագիկ Ա թագավորի օրոք, Ամենայն Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին տեղափոխվեց Անի: Եվ Անին ստացավ այնպիսի դեր, ինչպիսին ունեին քրիստոնեական Հայաստանի մայրաքաղաքներ Վաղարշապատն ու Դվինը:
     Աշոտ Գ Ողորմածը 963-964 թվականներին կառուցեց քաղաքի ներքին բուրգավոր ու աշտարակավոր պարիսպը: Նրա օրոք անցկացվեց քաղաքի ջրմուղը, կառուցվեցին պալատի որոշ հատվածները: Մայրաքաղաք հայտարարվելուց ընդհամենը երկու տասնամյակ հետո Անին արդեն տարածվում էր միջնաբերդից հյուսիս-որևելք ընկած սարահարթի վրա, և Աշոտ Ողորմածի որդի ու հաջորդ Սրբատ Տիեզերակալը ութ տարվա ընթացքում կառուցեց 2,5 կմ երկարությամբ արտաքին հզոր պարիսպները, ամրացրեց ու ամբողջացրեց Աղջկաբերդի, Անիի միջնաբերդի, Ծաղկաձորի, Գլիձորի պարիսպահատվածները: Միաժամանակ ավարտվեց պալատի ամբողջացումը, կառուցվեցին 17 մուտք-դամբասները, Ախուրյանի կամուրջները, իջևանատները, ամբողջական թաղամասեր ու փողոցներ, բազմաթիվ եկեղեցիներ (Մայր տաճարը, Գագկաշենը, Առաքելոցը,. Սուրբ Փրկիչը և այլն), իշխանական ապարանքներ, հիվանդանոցներ, ստորգետնյա քարտուններ: Ամրացնելով Անին՝ Բագրատունիները քաղաքը ևս շրջապատել էին պաշտպանական ամրոց-կայաններով (Մաղասաբերդ, Տիգնիս):

1045 թվականին՝ Բագրատունիների անկումով, դադարեց նաև մայրաքաղաքի հետագա բարգավաճ կյանքը: Անին, թերևս, մի թռիչք էլ ունեցավ Զաքարյանների իշխանապետության մայրաքաղաք եղած ժամանակ (1201-1236թթ):
Թշնամիների մշտական ավերածությունների հետևանքով Անին ավերվեց, դատարկվեց ու մոռացվեց: Այսօր Հայաստանի երբեմնի շքեղաշուք մայրաքաղաքի նույնքան շքեղ ավերակները մնում են թուրքիայի բռնազավթված տարածքում՝ Արաքսի մյուս ափին:
      10-11 -րդ դարերի այդ ժամանակահատվածում, լինելով աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը համահայոց մայրաքաղաքը՝ Անին, պիտի ունենար զինանշան:
     Սմբատ Տիեզերակալը կառուցելով արտաքին մեծ պարիսպները գլխավոր դարբասի մոտ՝ պարսպի վրա տեղադրել տվեց զինանշանի պատկերը:
     Այս զինանշանային պատկերը բազմաստիճան ու բարդ է: Ներքևի կամ առաջին աստիճանը կազմում է բարձր շրջանակով ընդհանուր պատից առանձնացված երկհարկ եկեղեցատիպ ուղղանկյուն շրջանակը: Առաջին հարկի կամ մեծ ուղղանկյան մեջ արձանային եղանակով քանդակված է գլխով դեպի ձախ ուղղված հովազ՝ վարգի պահին: Հովազի մարմինը երկայնակի ձգված է, երկար վիզը ձգված է վեր, մեջքը ճկված է ներքև, առջևի ձախ թաթը հետ է ընկած, հետևի նույն ոտքը՝ առաջ, որով ապահովված է հավաստի վարգը, պոչը՝ մարմնին զուգահեռ, ձգված է օդում: Քանդակն իրականացված է հարթ մշակումով: Շրջանակի երկրորդ հարկի քարի վրա կլոր շրջանակ-փոս է փորված, ինչը փոխարինում է գնդին՝ իշխանության նշանին: Երկրորդ հարկի շրջակալի կենտրոնից դեպի վեր, ինչպես եկեղեցու գմբեթի վրա, գունավոր, ռոմբավոր խաչ է դրված: Խաչը հենված է եռանկյունաձև ռոմբի վրա: Խաչի կենտրոնական ռոմբի կենտրոնում ևս շրջանակ-փոսիկ է փորված՝ որպես իշխանության նշան:
     Ամբողջ պատկերն իր համաչափության մեջ եկեղեցու կերպար ունի:
     Անի քաղաքի զինանշանին հետագայում էլ մնացել է հովազը: Այդ է ապացուցում 1273 թվականին Անի քաղաքում պատրաստված փորագրազարդ գրակալի վրայի հովազի պատկերը: Կենդանին այստեղ գլխով ուղղված է դեպի աջ և դարձյալ պատկերված է վարգի պահին:  Գլուխը ուղղահայաց դիրքով է, վզի գնդավոր օղակը, ինչպես նաև առջևի աջ թաթի վրա պատկերված գունդը, իշխանության նշան են: Հովազի մեջքին հենված հիմքի վրա փորագրված է շրջանակավոր վարդյակ, որ փոխարինում է կենաց ծառին և խորհրդանշում է հավերժությունը:


ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ

Հայոց պատմական տոհմերից մեկի՝ Բագրատունիներին մեծ առաքելություն վիճարկվեց: 9-րդ դարի 50-ական թվականների կեսին Արաբական խալիֆայությանը ենթակա Հայաստանի կառավարիչ նշանակված Աշոտ Բագրատունին, հենվելով իր տոհմի ռազմական ուժի վրա, համախմբելով ազատատենչ իշխանական տները՝ 3 տասնամյակում քայլ առ քայլ գնաց դեպի անկախություն: Եվ վերջապես՝ 885 թ. վերականգնեց 428թ. կորսված Հայաստանի անկախությունը և մեծ շուքով օծվեց Հայաստանի թագավոր:
      Բագրատունիների հայոց թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ Գագիկ Ա թագավորի օրոք՝ 989-1020 թվականներին, երբ կրկին վերանվաճվեցին Դվինն ու Նախճավանը, և Երասխը կրկին սահման դարձավ Հայաստանի և Ատրպատականի միջև:
    Սակայն 11-րդ դարի 20-ական թվականներից հետո իրադրությունը փոխվեց: Արևելքից եկել ու սպառնում էին սելջուկների հրոսակները, արևմուտքից նվաճողական առաջխաղացումն էին համառորեն շարունակում անահեռատես բյուզանդական կայսրերը, որոնք, փոստորեն, իրենց ձեռքով ավերում էին արևմուտքի ճանապարհը պաշտպանող վահանը՝ Հայաստանը: 1045թ. բյուզանդական կայսրը խաբեությամբ Կ.Պոլիս է հրավիրում Գագիկ Բ թագավորին, որ դիմագրավում ու հետ էր մղում բյուզանդական բանակներին, և գերում է նրան: Ընկնում է Բագրատունիների 160-ամյա թագավորությունը:
   Բագրատունիների թագավորության տարիներին առաջացան Վասպուրականի, Կարսի, Սյունիքի, Լոռու թագավորությունները, Խաչեն-Փառիսոսի, Տարոնի իշխանությունները, որոնք ենթական էին Բագրատունիների կենտրոնական թագավորությանը:
     Բագրատունյաց Հայաստանը Միջին Արևելքի ամենածաղկուն երկրներից մեկն էր, առևտրական կապերի մեջ էր հայտնի գրեթե բոլոր երկրների հետ: Այստեղ կառուցվում էին նոր ու ամուր քաղաքներ, մշակույթի ու հոգևոր համալիրներ: 961թ-ին մայրաքաղաք հռչակված Անին այդ ժամանակի աշխարհի ամենահզոր ու ամենաբազմամարդ քաղաքներից էր:
      Հայտնի չէ, թե հնում, երբ Բագրատունիները հայոց Արշակունի թագավորների թագադիրներն էին կամ Մարզպանական Հայաստանի կառավարիչները, ինչ զինանշան ունեին, բայց Հայաստանի թագավոր եղած ժամանակ նրանց զինանշանի վրա առկա են թե՝ առյուծի, թե՝ արծվի պատկերներ:
    Բագրատունիների առյուծի պատկերով հնագույն զինանշանը գտնվում է Կարսի Առաքելոց եկեղեցու հարավային ճակատին: Առաքելոց եկեղեցին կառուցվել է Աշոտ Երկաթի եղբոր՝ Աբաս Բագրատունի թագավորի օրոք՝ 930-943 թվականներին: Առյուծի պատկերն իրականացված է հարթաքանդակի եղանակով քարի վրա փորված քառակուսու ներսում: Առյուծը գլխով ուղղված է դեպի աջ և նայում է դիտողին: Որպես իշխանության նշան՝ առջևի աջ թաթը բարձրացրած է վեր,պոչը՝ վեր տնկված: Թեև պատկերն իրականացված է առանց մանրամասների ընգծման, այնուամենայնիվ, խոսուն է: Փաստորեն, լինելով Առաքելոց եկեղեցու պատին, ամենայն հավանակությամբ, զինանշանը պատկանում է Աբաս թագավորին: 
    Անիում գտնված սալաքարի վրա առյուծի պատկերը իրականացված է քանդակային եղանակով: Առյուծը գլխով ուղղված է դեպի աջ և բացարձակապես կրկնում է Կարսի քանդակը: Առավել մանրամասնորեն են քանդակված կենդանու կուրծքը, վիզը, դեմքը: Կուրծքը ուռցրած է, բաշը հարթ է, հոնքը հաստ ու ընդգծուն է: Ճակատին ռումբիկ է փորագրված, որը խորհրդանշում է իշխանապետ լինելը:
     Հենց այս առյուծապատկերն է որպես Բագրատունիների խորհրդանիշ պատկերվել է Հայաստանի Առաջին Հանրապետության և Հայաստանի Երրորդ Հանրապետության զինանշաններին՝ վահանի առակողմյան վերին հատվածում: 
    Անիում գտնվել են գլխով դեպի աջ ուղղված ևս երկու զինանշանային քանդակներ:
   
Վստահորեն կարելի է փաստել, որ Բագրատունիների կենտրոնական իշխանության զինանշանը ևս գտնվում է Կարսի Առաքելոց եկեղեցու գմբեթի խորշերից մեկում:
      Զինանշան-արծիվը քանդակված է արձանային եղանակով և ունի ուղղահայաց կառուցվածք: Թռչնի թևերը հպված են մարմնին, կուրծքը դուրս ցցված է, վիզը թեքված է մի փոքր ձախ, գլուխը ցավոք, ջարդված է: Հզոր ճանկերի մեջ պոչին սեղմած պահում է ինչ-որ անորոշ կենդանու: Քանդակն իրականացված է թեփուկաքանդակային եղանակով:
     Բագրատունիների անիական շրջանից հայտնի է զինանշանային մեկ այլ տարբերակ, որը գտնվում է Անիի Մայր տաճարի արևմտյան ճակատին: Այստեղ՝ կենտրոնական մասում, իրար զուգահեռ, երկու խորշերի գլխին , գրեթե նույն ոճով քանդակված են զինանշան-արծվի պատկերներ: Թռչունն ունի հորիզոնական կառուցվածք, պատկերված է այն պահին, երբ երկնքից, թևաբախումով, բացված պոչով իջնում ու ճանկում է զոհին: Ամբողջ պատկերը շարժման մեջ է. հզոր թևերը ալիքաձև, ոլորուն ճախրում են օդում, մագիլները խրվել են աննշան ու անորոշ զոհի մարմնի մեջ ու սեղմվել են հզոր պոչին: Թռչնի գլուխը մի փոքր ձախ է թեքված եղել, որով որոշվում է նաև կրծքի ձախ ուղղվածությունը: Ինչպես և Կարսում, Անիի Մայր տաճարի երկու արծիվների գլուխներն էլ կոտրված են, որով զինանշանային այս անզուգական պատկերները որոշ չափով խամրում են: Զինանշանային արծվաքանդակները թեև զուրկ են մանրամասների ընգծումից և ընդհանրապես մշակված չեն, սակայն լավագույնս են արտահայտում հզոր թագավորների՝ Բագրատունիների կարգավիճակը. նրանք այնքան հզոր էին, որ նրանց դեմ թշնամիներն աննշան ոչնչություն են: Բագրատունիների այս զինանշանը կերտվել է Գագիկ Ա թագավորի օրոք, երբ Բագրատունիները գտնվում էին փառքի գագաթնակետին, և նրանց զինանշանն էլ այդ է ապացուցում:
    Անիի մայր տաճարի զինանշանային պատկերի նմանությամբ՝ երկու նույնատիպ արծվապատկերներ են փորագրված Անիի միջնաբերդի պալատական եկեղեցու ներսում: Եկեղեցին կառուցվել են Բագրատունիները՝ 10-11-րդ դարերում:
    Ավելի ուշ Բագրատունիների զինանշանային պատկերները որդեգրեցին իրենց Բագրատունյաց տոհմից սերված համարող՝ նրանց իրավահաջորդ Զաքարյանները: Զաքարե Բ-ի և Իվանե Աճի համար որոշ փոփոխություններով օգտագործվեց Կարսի Առաքելոց եկեղեցու արծվապատկերները, իսկ Վահրամյանները որդեգրեցին Անիի Մայր տաճարին գտնվող զինանշանը՝ դրանում որոշ հավելում կատարելով:

ԿԱՄՍԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ
Կասարականները միջնադարյան հայկական նշանավոր տոհմերից են: Ավանդությունը
վկայում է, որ Կամսարականները սերում են պարթև կամ պահլավ Կարենյան տոհմից: Իբր պարսից Սասանյանները կոտորել են այդ տոհմի ներկայացուցիչներին, սակայն կոտորածից փրկված Պերոզամատի որդի Կամսարը հեռացել է Հայաստան, և Հայոց արքա Տրդատ Մեծը նրան պարգևել է արքունական Շիրակ և Երասխաձոր  գավառները, և որ այս Կամսարի անունով էլ տոհմը կոչվել է Կամսարականք: Նախարար Կամսարի ավագ որդու՝ Արշավիր Ա-ի անունով Երասխաձոր գավառը, ինչպես նաև երբեմն տոհմը կոչվել է Արշարունիք: Ավանդությունը ավանդություն, սակայն եթե անգամ ճիշտ լինի Կամսարականների պարսկական ծագումը, այնուամենայնիվ, նրանք իրենց հայրենիքի՝ Հայաստանի իսկական զավակներն էին և վաղ միջնադարում իրենց գործուն ներդրումն են ունեցել ինչպես հայկական քաղաքակրթության, հայրենիքի պաշտպանության, այնպես էլ հայոց մշակույթի զարգացման գործում:
     Կամսարական տոհմի ներկայացուցիչները բարեկամական սերտ կապերով էին կապված Արշակունի և Մամիկոնյան տոհմերի հետ և աչքի էին ընկնում արիությամբ: Նրանք հայոց բանակի կազմում մարտադաշտ էին հանում 600 հեծյալ զինվոր:
    8-րդ դարի սկզբներից, Կամսարականները, որ հիմնականում հունական կողմնորոշում էին որդեգրել, քայլ առ քայլ սեղմվում են այս շրջանում հզորացող Բագրատունիների կողմից և, չկարողանալով հակադրվել նրանց, 8-րդ դարի վերջին Շիրակն ու Արշարունիքը վաճառում են Բագրատունիներին ու հեռանում Փոքր Ասիա և Բյուզանդիա:

     Կամսարականների տոհմի ներկայացուցիչներն աչի են ընկել շինարարական ու մշակութանպաստ գործունեությամբ: Ներսեհ Գ-ն է կառուցել Թալինի Կաթողիկե և Սուրբ Աստվածածին եկեղեցիները: Կամսարականներն են հովանավորել Մրենի տաճարի, Կամրջաձորի վանքի (նույնացվում է ժամանակակից Զոր գյուղի եկեղեցու հետ), Խծկոնքի համալիրի Սուրբ Կարապետ եկեղեցու, Ծպնի գյուղի եկեղեցիների (բոլորն էլ այժմ գտնվում են Թուրքիայի տարածքում) կառուցումը: Կամսարականներն են հիմնադրել Բագրատունյաց Հայաստանի ապագա մայրաքաղաք Անին:
     Կամսարականների տոհի զինանշանի վրա ցուլի (գուցե՝ եզան) պատկերն է դաջված եղել (հատկանշական է, որ <<կամսար>> բառը պարսկերեն նշանակում է <<եզան գլուխ ունեցող>>): Մեզ հասած միակ օրինակը պահպանվել է Ծպնիի եկեղեցում: Այս եկեղեցին գտնվում է Կարսի մարզում, Նախիջևան գյուղի հյուսիս-արևմտյան կողմում: Այն և՛ արտաքուստ, և՛ ներքուստ  խաչաձև գմբեթավոր եկեղեցի է: Կառուցվել է 7-րդ դարում: Եկեղեցիների այդ տիպին են պատկանում Արթիկի շրջանի Լմբատավանքը և Ապարանի շրջանի Լուսագյուղի Վերին վանքը:
     Եկեղեցու ներսում այլ պատկերների թվում փորագրված է Կամսարականների զինանշան-հարթաքանդակը: Այն զբաղեցնում է շարաքարերից զգալիորեն մեծ մի ամբողջական քարի երես: Ցուլը պատկերված է կանգնած՝ գլխով՝ ձախ ուղղությամբ: Կենդանին հզոր կառուցվածք ունի, ողնաշարը ուղիղ ու ձիգ է,  ոտքերը ամուր և կորովի. գլխով շրջված դեպի դիտողը: Արտաքին նշաններից երևում է, որ ցուլը ցանկացած վայրկյան պատրաստ է հարձակման և հարվածի: այդ են հաստատում աչքերի ուռած ելուստները, հուր ցայտելու պատրաստ ռունգերը, վզի ձգվածությունը, դեպի վեր ծռված առջևի ոտքերը (ցուլը մարտից առաջ միշտ ոտքով փորում է գետինը) և ձգված պոչը: Ցուլի պատկերը շարժուն է, թափանցիկ, կենդանի, թեև քանդակագործը ոչ մի մանրամասն չի շեշտել, բացի կենդանու եղևնանախշ պարանոցից:
    Որդեգրելով ցուլի պատկերը՝ Կամսարականները, հավանաբար, իրենց վերագրել են առասպելական ուժի, աննկուն կռվողի, ցանկացած նպատակ իրագործողի խորհրդանիշ-գաղափարներ, որոնք լիովին կարողացել են ապացուցել իրենց հայրենանվեր գործունեությամբ:
ԳՆԹՈՒՆԻՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ

Հայկական հնագույն նախարարական տոհմերից է՝ Գնթունիների իշխանական տունը:
Գնթունիների մասին հիշատակություններ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Սեբեոսի, Հովհաննես Դրասխանակերտցու, վրաց Անանուն պատմիչի (9-րդ դար), Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ), Սամուել Անեցու, Ստեփանոս Օրբելյանի և հետագա պատմիչների երկերում: Գրավոր վկայությունների շարքը լրացնում են Ապարանում, Զովունիում, Անձավում, Օղուզլույում (Անի քաղաքի մոտ) փորագրված վիմագիր արձանագրությունները: <<Գահնամակի>> համաձայն՝ Գնթունիները Հայոց արքունիքում զբաղեցնում էին 21-րդ գահը, իսկ <<Զորանամակի>> համաձայն՝ ներգրավված էին հայկական բանակի հյուսիսային զորախմբի մեջ և ունեին 300 հեծյալ զինվոր:
     Գրավոր աղբյուրների համաձայն՝ Գնթունիները մեկ հազարամյակից ավելի իշխել են պատմական Նիգ գավառում (ներկայումս՝ Ապարանի, Արագածի, Եղվարդի, Աշտարակի հյուսիս-արևեյլյան տարածաշրջանում) և որոշակի ներդրում ունեցել համահայկական քաղաքական, զինական և մշակութային կյանքում:
     Մովսես Խորենացին  գրում է Հայոց Աբգար թագավորի օրոք՝ 1-ին դարում գործած Զորա Գնթունու մասին, իսկ Փավստոս Բուզանդը հիշատակում է, որ Արշակ Արշակունին 353-357 թվականների միջև հռոմեական կայսեր մոտ բանակցելու ուղարկված դեսպանախմբում ընդգրկել է Դեմետ Գնթունուն: 400 թվականին պարսից Վռամ արքան Սամ Գնթունուն նշանակել է Սյունյաց նահապետ: 9-րդ դարի վերջին Հասան Գնթունին Բագրատունիների թագավորության զորահրամանատրն էր, իսկ Աշոտ և Վասակ Գնթունիները նույն շրջանում նշանակվել էին Գուգարքի կառավարիչներ:

     Ավարայրի ճակատամարտին մասնակցել և իր 19 զինվորների հետ նահատակվել է Տաճատ Գնթունին, իսկ տոհմի մեկ այլ իշխան ճակատամարտից հետո տարվել է պարսից արքայի ատյան: Այս տոհմից կարող է լինել 630-641 թվականների Ամենայն Հայոց կաթողիկոս Եզր Փառաժնակեցին:
    Գնթունիների մեծագույն ներդրումը քրիստոնեական վաղ շրջանի հոգևոր շինությունների կառուցումն է: Քասախ գետի երկայնքով նրանք 4-5-րդ դարերում կառուցել են Քասաղի, Ջարջարիսի, Զովունիի (երեք), Աստվածընկալի, Ափնայի, Եղիպատրուշի, Բուժականի միանավ ու եռանավ եկեղեցիներն ու տաճարները: Եզր Փառաժնակերտցի կաթողիկոսը կառուցել է Էջմիածնի Գայանե, իսկ Հասան Գնթունին՝ Անի քաղաքի մոտ գտնվող Օղուզլու գյուղի հոյաշեն եկեղեցիները:
         Գնթունիները պատմության թատերաբեմից հեռացել են 930-ական թվականներին:
     Գնթունիների զինանշանը փորագրված է նրանց տոհմական նստավայրում՝ Ապարան քաղաքում 4-րդ դարի սկզբներին կառուցված Քասաղի բազիլիկ տաճարի արևմտյան մուտքի բարավորի վրա:
    Գնթունիների զինանշանային քանդակն իր նկարագրով կրկնում է Արարատյան թագավորների և Արտաշեսյանների զինանշանային պատկերագրության ձևը: Ինչպես առաջինները՝ ունի երկայնակի ուղղանկյուն կառուցվածք: Կենտրոնում, հավերժության ու ութաթև աստղի փոխարեն, տեղադրվել է այդ ժամանակաշրջանին հատուկ հավասարաթև խաչ, որը վերցվել է կլոր շրջանակի մեջ և իր հերթին օղակվել է խաղողի ողկույզներով: Խաչի երկու կողմերում քանդակված են գլխով դեպի խաչը շրջված արու եղջերուներ: Եղջերուները քանդակված են քայլ անելու դիրքով, այդ են վկայում առջևի բարձրացրած և քայլի պատրաստ ոտքերը: Եղջերուները կանգնած են իրենց թիկունքից մինչև խաչի շրջանակի ներքին հատվածը ձգվող գծի վրա: Գծերի տակ, երկու կողմերում, դարձյալ փորագրված են խաղողի ողկույզներ:
    Այս պատկերաքանդակի զինանշան լինելու լավագույն հաստատումը եղջերուների մարմնի կենտրոնական մասում, մարմնից վերև կենաց ծառերի քանդակներն են:
    Զինանշանի գծային ուղղանկյունը նույնպես եզրափակում է կլոր շրջանակների մեջ փորագրված խաղողի ողկույզնեով:
    Գնթունիների զինանշանը իրականացված է խոր փորվածքով, կենդանիների և առարկաների իրատեսական պատկերագրությամբ:

ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Հայաստանում Արտաշեսյանների արքայատոհմն իշխել է մ.թ.ա. 189-ից մինչև մ.թ. 1 թվականը:
    Արտաշեսյան արքայատոհմիհիմնադիրը Արտաշես Ա-ն է: Մ.թ.ա. 189թ. Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյան թագավորության պարտությունից հետո, նա Հայաստանը հայտարարել է անկախ պետություն:
     Արտաշես Ա-ն արձանագրություններում իրեն անվանել է <<Երվանդական>>, որով փաստել է տոհմակցական կապը մ.թ.ա. 590 թվականից Հայաստանում իշխող Երվանդունիւ արքայատոհմի հետ:
     Արտաշես Ա-ն վերամիավորել է Հայաստանից անջատված կամ խլված ծայրագավառները և ստեղծել միաձույլ, համազգային պետություն:
    Արտաշեսյան արքայատոհմի ամենաականավոր ներկայացուցիչը Տիգրան Բ Մեծն է, որի օրոք Հայաստանը դարձել է Մերձավոր Արևելքի ամենահզոր պետությունը: Նրանից սկսած՝ Արտաշեսյան արքաները կրել են <<արքայից արքա>> տիտղոսը, իսկ Տիգրան Բ-ն՝ նաև <<Աստված>> պատվանունը:
     Հռոմի հետ պատերազմներում՝ մ.թ.ա. 69-66 թվականներին Տիգրան Բ-ն կորցրել է նվաճված հողերը, բայց պահպանել Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը:
    Տիգրան Մեծի որդին՝ Արտավազդ Բ-ն, և թոռը՝ Արտաշես Բ-ն, զոհվել են Հռոմի կայսրության դեմ մղվող պայքարում:
    Տիգրան Բ-ի և նրա հաջորդների պայքարը Հռոմի դեմ ունեցել է նաև հելլենիստական առաջավոր քաղաքակրթությունը պաշտպանելու նպատակ:

 
 Արտաշես Բ-ի մահից (մ.թ.ա. 20թ.) հետո արքայա-տոհմական անկում է ապարել., իսկ մ.թ. 1 թվականից հեռացել է պատմության թատերաբեմից:
     Արտաշեսյան տոհմի զինանշանն առկա է այդ արքայատոհմի ներկայացուցիչների կտրած դրամներին՝ թագի վրա: Լավագույն օրինակը պահպանվել է Արտաշեսյան Տիգրան Բ Մեծի թագի վրա: Այն իր արմատներով հարազատ է Արարատ-յան արքայատան զինանշանին և իրենից ներկայացնում է հետևյալ պատկերը. կենտրոնում ութաթև աստղ է, որը խորհրդանշում է արևը՝ հավերժությունը, նրա աջ և ձախ կողմերում մեկական արծիվներ են, որոնք պոչերով հենված են աստղի հիմքին և գլխով շրջված են դեպի արևը: Արծիվը ուժի և իմաստության խորհրդանիշն է: Եվ այս դեպքում  էլ արքայատոհմի ներկայացուցիչները զինանշանը որդեգրելիս համոզմունք են ունեցել, որ հավերժությունը (արև) կարող է գոյություն ունենալ միայն ուժով (արծիվներ):

     Ինչպես և այլուր, Արտաշեսյան տարբեր արքաների պարագաներում ևս, առկա են զինանշանային տարբերականեր, օրինակ՝ Տիգրան Բ-ի որդի և հաջորդ Արտավազդ Բ-ն նույն տիգրանյան թագի վրա կրել է միայն աստղի նշանը:
    Արտաշեսյան զինանշանը պատկերված է հայաստանի Առաջին Հանրապետության և Հայաստանի Երկրորդ Հանրապետության զինանշանների վրա (վահանի աջակողմյան ստորին հատվածում):



ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ

Հայկական լեռնաշխարհում պետական առանձին միավորումների մասին պատմական տեղեկություններ կան շումերական արձանագրություններում՝ սկսած մ.թ.ա. 28-27-րդ դարերից: Շումերական, աքքադական, ասուրական արձանագրություններում Հայկական լեռնաշխարհի տարածքում հիշատակվում են Արատտա, Արմանի, Արմե-Շուպրիա, Հայասա-Ազզի, Նաիրի, Բիայնա, Ուրուատրի (Արարատի) պետական կազմակերպությունները:
    Վերջինից էլ մ.թ.ա. 10-րդ դարից սկսած՝ վիճակվեց ամբողջ Հայկական լեռնաշխարհն ընդգրկող պետականություն կերտողի, ազգաստեղծ դժվարին դերը:
    Ասորեստանի Աշշուրնաձիրպալ արքան մ.թ.ա. 9-րդ դարում թողել է Արարատյան թագավորության վերաբերյալ առաջին տեղեկությունները: Այնուհետև Սալմանասար Գ արքան ձեռնարկել է հինգ արշավանք դեպի Արարատյան թագավորություն, որտեղ իշխում էր Արամեն:
   Մ.թ.ա. 840-786 թվականներին Արարատում գահակալել է Սարդուրի Ա-ն, որը հիմնադրել է Տուշպա (Վան) մայրաքաղաքը: Նրա օրորք վերջնականապես կազմավորվեց Արարատյան թագավորությունը:
     Մ.թ.ա. 825-786 թվականներին իշխում են Իշպուինին և Մենուան: Նրանց գահակալության ժամանակաշրջանում երկիրն Ասորեստանի հետ ռազմական կոնֆլիկտ չի ունեցել: Խաղաղության տարիները հնարավություն տվեցին երկրում կարևոր բարեփոխումներ կատարել: Դրանք առնչվում  էին երկրի կենսագործունեության բոլոր բնագավառներին: Դրանցից կարևորագույնը ռազմական ռեֆորմն էր, որն իրագործվեց լեզվի միասնականացման, հողի վերաբաժաման, իրավաենթակայական բարեփոխումների հետ փոխկապակցված:
    Ձեռնարկած բարեփոխումներն արգասաբեր եղան: Եվ Արգիշտի Ա-ի օրորք (մ.թ.ա. 786-764թթ.) ջախջախիչ պարտություն կրելով նրանից՝ Ասորեստանն իր գերիշխանությունն Առաջավոր Ասիայոեւմ զիջեց Արարատյան թագավորությանը: Մ.թ.ա. 782-ին Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն հիմնադրում է Էրեբունի-Երևան քաղաքը, իսկ մ.թ.ա. 776-ին՝ Արգիշտիխինիլի քաղաքը: Արգիշտի Ա-ի օրոք Արարատյան թագավորությունը դարձավ գերտերություն: 

     Սարդուրի Բ-ն (մ.թ.ա. 764-735-34թթ.) շարունակեց հոր գործունեությունը, սակայն մ.թ.ա. 743-ին Արփադ քաղաքի մոտ պարտվեց Թիգլաթպալասար Գ-ից:
    Մ.թ.ա. 714-ին Մանայի վրայով Արարատյան թագավորություն ներխուժեց Սարգոն Բ-ն, որը դաժան ավերածություններ կատարեց ողջ երկրով մեկ: Առանձնապես ծանր էր նրա կողմից հոգևոր կենտրոն Մուսասիրի գրավումն ու թալանը: Մուսասիրի ավերման աղետը Ռուսա Ա-ին մղեց ինքնասպանության:
    Արգիշտի Բ-ին (մ.թ.ա. 713-685թթ.)  հաջողվում է կարճ ժամանակում հզորացնել երկիրը: Նրան հաջորդած Ռուսա Բ-ն , որը իշխեց մինչև մ.թ.ա. 645 թվականը, շարունակեց հոր քաղաքականությունը: Նա Արարատյան դաշտում կառուցեց Թեյշեբաինի հզոր քաղաքը: Մ.թ.ա. 645-625 թվականներին երկրում իշխում էր Սարդուրի Գ-ն:
    Մ.թ.ա. 617 -ից իշխել է Ռուսա Գ-ն , որն իրեն անվանել է Էրիմենայի որդի: Մ.թ.ա.  609-590-ական թվականներին գահակալել է Արարատյան թագավորության հայտնի վերջին արքան՝ Ռուսա Դ-ն:
     Արարատյան թագավորության երեքհարյուրամյա պատմության կարևորագույն նվաճումը հայ ժողովրդի՝ որպես ազգային ամաբողջականություն ձևավորումն է: Դրանով պետք է բացահայտել Արարատյան թագավորական տոհմի անկումից անմիջապես հետո՝ գրեթե նույն սահամաններում, Երվանդունիների իրավահաջորդությունը:
   Էրեբունի ամրոցի դղյակի պատերին, պեղումներով Էրեբունի, Թեյշեբաինի քաղաքներից գտնված արքայական վահանների վրա առկա են մի քանի տարբերակներ, որոնցից հիմնականը կենտրոնում ներճկված կողերով քառակուսու ներսում արև-հավերժություն խորհրդանշող քառակուսու երկու կողմերում գլխով դեպի արև-հավերժությունը նայող երկու առյուծների պատկերն է:
    Չափազանց խոսուն է Էրեբունի ամրոցի դղյակի պատին պահպանված որմնանկար-զինանշանը, որը նաև հետաքրքիր գունային լուծում ունի:
    Ընդհանուր պատկերը լաջվարդ կապույտ ֆոնի վրա է: Ներճկված կողերով քառաակուսին իրականացված է գորշ կարմրադեղով և ներսում ու կենտրոնում ձևավորված է ծիրանագույն  կետավոր շրջանակներով: Քառակուսու ներսում կողային եզրերից սկսվող ծիրանագույն շրջանակ է, որի վրա պատկերված է 16 ճառագայթից բաղկացած արև: Արևի հիմքը նույնպես կարմրադեղով իրականացված շրջանակ է, որի ներսում ծիրանագույն շրջանակ է գծված:
     Արև-հավերժության երկու կողմերում պատկերված են գլխով դեպի արևը շրջված վեհատես արու առյուծներ: Առյուծներն իրականացված են ծիրանագույն գույնով և սև եզրագծով: Պատկերված են քայլ անելու դիրքով: Բաց երախը, դեպի վեր տնկված պոչերը, հրացայտ աչքերը, եղրևանանախշի միջոցով իրականացված, ցցված ելուստներով բաշերը խորհրդանշում են առյուծների հզորությունն ու ուժը՝ արև-հավերժություն-երկիր հայրենին պահելու վճռականությունը:
   Ամենայն հավանականությամբ, գունային այս լուծումները Արարատյան թագավորների դրոշի գույներն են:
    Այս հիմնական տարբերակին զուգահեռ՝ բացարձակ նույն գունային լուծումներով իրականացված են նաև այլ տարբերակներ: Նույն արև-հավերժության մի կողմում առյուծով, մյուս կողմում՝ ծնկածալ, մարտի պատրաստ միաեղջյուր ցուլի պատկերով, ինչպես նաև նույն արև-հավերժության երկու կողմերում նույն ծնկածալ ցուլերի պատկերով զինանշանն է:



Просмотров: 8424 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 4.8/11
Всего комментариев: 1
1 Մարտիրոսյան Գոհար  
0
Պարոն Պետրոսյանց, թույլ տվեք իմ երախտագիտական խոսքն ուղղել Ձեզ, այն հսկայական աշխատանքի համար, որը Դուք տարել և տանում եք մեր ազգային ինքնագիտակցությունն արթուն պահելու, մեր պատմությունն ուսանելու, բացահայտելու և Հայաստան աշխարհին հավատարիմ և գնահատող զավակ լինելու մեծագույն առաքելության գործում: Շնորհակալություն նաև մեր պատմամշակութային արժեքների կողքին և դրանց կից, հայկական զինանշանների գոյությունը բացահայտելու համար, որը մինչ այս ինձ ծանոթ աղբյուրներից գոնե, հայտնի էր միայն որպես զուտ զարդանաախշ:

Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Май 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz