Ապարանի ջրամբար
Ապարանի ջրամբար, արհեստական ջրամբար Հայաստանում:
Ջրամբարի նկարագրությունը
Գտնվում է Ապարանի շրջանի կենտրոնական հատվածում, ընկած է Քուչակ, Եղիպատրուշ, նախկին Աստվածընկալ գյուղերի միջև, Քասաղ գետի վերին հոսանքում: Կառուցվել է 1962-1967
թթ-ին: Մակերեսը 7,9 քառակուսի կիլոմետր է, ընդհանուր ծավալըª 91 միլիոն
խորանարդ մետր, օգտակարը` 81 միլիոն խորանարդ մետր, ջրթողունակությունըª
վայրկյանում 18 խորանարդ մետր: Ջրամբարի ամբարտակը հողային է,
բարձրությունըª 50 մետր, երկարությունըª 200 մետր: Սնվում է Քասաղ գետի,
Լուսագյուղ, Վարդենիս, Թթուջուր, Եղիպատրուշ, Քուչակ գետակների և
մթնոլորտային տեղումներից: Ձմռանը սառցակալում է: Օգտագործվում է ոռոգման
համար: Ջուրը տրվում է Աշտարակի,
Էջմիածնի շրջաններին: Ջրամբարի հիմնական ձկնատեսակը տեղական կողակն է:
Այստեղ բուծվել է նաև Սևանա լճի իշխանը, սիգը և ծածանը: Վերջին տարիներին
այստեղ բուծվել է նաև խեցգետինը: Շրջակայքում կառուցվել են հանգստյան
գոտիներ: Ջրամբարի ջրերի տակ են մնացել Քասաղ, Զովունի գյուղատեղերը, որոնց
բնակիչները վերաբնակեցվել են Երևանի շրջակայքում:
Ջրամբարի տարածքի հնագիտական հուշարձանները
Նախկին Զովունի գյուղում ջրի սահմանագծից 1967 թ-ին հանվել և անվտանգ
տեղ են փոխադրվել 5-րդ դարում կառուցված Սուրբ Վարդան և Թուխ Մանուկ
փոքրաչափ եկեղեցիները: 4-րդ դարում կառուցված Պողոս-Պետրոս բազիլիկ տաճարը
տարեկան 3-4 ամիս մնում է ջրային տարածքի մեջ: Տես՝
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Զովունի)
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, հայկական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի ձախ ափին, թեքության վրա: Պատմություն
Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի առաջին կեսին` բազիլիկ հատակագծով: 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին Գրիգոր Գնթունի
իշխանը տաճարը վերակառուցել է ներսից` պայտաձև, դրսից ուղղանկյուն խորանով
գմբեթավոր եկեղեցու` երկայնական պատերին հզոր գմբեթակիր որմնամույթեր
կցելով:
Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին հայ ճարտարապետության մեջ եկեղեցական
շենքի նոր տիպի` գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է: Պողոս-Պետրոս
եկեղեցին վերանորոգվել է 1896-ին, քարե կտուրի փոխարեն ծածկվել է փայտով: 20-րդ դարում քանդվել են եկեղեցու ծածկը և հարավային պատը:
Ջրամբարի կառուցում
1962-1967 թթ-ին Ապարանի ջրամբարի շինարարության պատճառով Պողոս-Պետրոս եկեղեցու արևելյան կողմում եղած 4-5-րդ դարերի Թուխ Մանուկ փոքրաչափ բազիլիկ տիպի միանավ եկեղեցին և հարավային կողմում եղած 5-րդ դարի Սուրբ Վարդան մատուռ-դամբարանը 1967
թ-ին տեղափոխվել են գյուղի արևելյան կողմում գտնվող Խաչեր կոչվող հատվածը և
իրենց պահպանված չափով վերաշարվել: Պողոս-Պետրոս եկեղեցին, ցավոք, մնացել է
նույն տեղում և 1967 թ-ից սկսած տարեկան 3-4 ամիս մինչև պատուհանների բարձրությամբ մնում է ջրի գերության մեջ: Այդ վիճակով էլ մինչև 2005 Ã-Á շինության պատերն ամբողջական վիճակում պահպանվում էին: Միայն 2005 թ-ին եկեղեցու արևելյան պատը տևական ողողումներից հետո քանդվել է:
Գրականություն
- Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանները: Ե., 1988 թ., էջ 31-36:
- Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Զովունիի արձանագրությունները: ՀՀ ԳԱ "Պատմա-բանասիրական հանդես", 1980թ., թիվ 3, էջ 303-306:
|