Մախլուտո
Մախլուտոյի քանդակը Ջերմուկ քաղաքում (հեղինակ` Հովհաննես Մուրադյան)
Մախլուտո (Սմբատ Բորոյան, Զորավար Սմբատ) (ծն.27.08.1881 թ., Մուշ, Սուրբ Մարինե թաղամաս — 16.03.1956, Երևան, թաղված է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում, Խենթի գերեզմանի աջ կողմում) — Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար /լրիվ գեներալ, 1920 թ./, նշանավոր հայդուկ, Անդրանիկի անձնական քարտուղարը և զինակիցը: Գործունեությունը
1904 թ-ին մասնակցել է Սասունի հերոսական մարտերին: 1906-1907 թթ-ին կանգնել է Եփրեմ Խանի կողքին և մասնակցել Իրանի
սահմանադրական հեղափոխության մարտերին: Առաջին համաշխարհային պատերազմի
տարիներին եղել է Առաջին գնդի վաշտապետ: Մասնակցել է Դիլմանի ճակատամարտին և
վիրավորվել: Կռվել է Կարսի, Ալեքսանդրապոլի, Ախալքալաքի ճակատներում: Կամավորական զորամասեր է կազմակերպել Ալաշկերտում: 1918-1920
թթ-ին եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի 3-րդ բրիգադի
կամավորական խմբերից կազմված գնդի հրամանատար: Գնդի կազմում կենտրոնացվել
էին գրեթե բոլոր խմբապետներն իրենց խմբերով: Գունդը 1920 թ-ին ակտիվ մասնակցություն է ունեցել Կարսի ռազմաճակատում ծավալված ռազմական գործողություններին: 1921 թ-ի փետրվարյան ապստամբության ժամանակ բոլշևիկների դեմ կռվել է Արտաշատի ճակատում, անկասելի գրոհով փախուստի է մատնել Երևանի գերեզմանոցներին հասած բոլշևիկներին: 1921 թ-ին անցել է Թավրիզ, ամուսնացել: Երկար տարիներ բնակվել է ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: 1927 թ-ին մասնակցել է Զորավար Անդրանիկի հուղարկավորությանը և նվեր ստացել Զորավար Անդրանիկի ծխախոտատուփը: 1933-1947 թթ-ին բնակվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Մարսելում հաստատվելուց անմիջապես հետո ընտրվել է Մարսելի դեմոկրատական ճակատի նախագահ: Մարսելի "Տարոն" տպարանում հրատարակվել է քարտեզ "Տարոնի Առյուծ Զորավար Սմբատի երգը" մակագրությամբ: 1941 թ-ին Մարսելում գրել է "Հիշողություններ Հայրենիքի մասին" իր հուշերը: 1941-1945 թթ-ին եղել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում գերմանացիների դեմ ծավալված պայքարի ղեկավարներից մեկը և կապ է հաստատել դիմադրության շարժման ղեկավարներից Միսաք Մանուշյանի հետ: 1947 թ-ին, հավատալով խորհրդային պրոպագանդային` ներգաղթել է Խորհրդային Հայաստան և պահակություն է արել Կոմիտասի այգում: Իր հուշերն են հիմք ծառայել Խաչիկ Դաշտենցի "Ռանչպարների կանչը" վեպի /Ե., 1979 թ., 523 էջ/ համար:
Պարգևները
Պարգևատրվել է ցարական երկու խաչով և մեկ մեդալով:
Զորավար Անդրանիկ խոսքը Մախլուտոյի մասին
Զորավար Անդրանիկը
հրաժեշտի ելույթում իր մարտիկների մասին ասել է. "Ես ձեզ բոլորիդ հոգուս
չափ սիրեցի, բայց իմ ամենասիրելին և փառապանյալ քաջը եղավ զորավար
Մախլուտոն":
Մակագրություն գերեզմանաքարին
"Տարոնի հայդուկ Մախլուտոյի (Սմբատ Բորոյան) հիշատակին: 1881—1956: Իր դասընկեր Լևոնից, Մշո Կոփ գյուղացի":
Հուշերը
Հիշողություններ Հայրենիքի մասին: Մարսել, 1941 թ.:
Գրականություն
- Գևորգ Ղարիբջանյան, Տարոնի արծիվը: Ե., 1996 թ., 109 էջ:
- Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Գարեգին Ղազարյան, 1000 հայազգի գեներալներ և ծովակալներ: Ե., 2009 թ., էջ 133:
- Արշալույս Մովսիսյան, Մշո առյուծը` Մախլուտո: Ե., 2010 թ., 40 էջ:
Ալեքսեյ Հեքիմյան
Հեքիմյան Ալեքսեյ Գուրգենի (մայիսի 10, 1927, Բաքու - ապրիլի 24, 1982, Մոսկվա, թաղված է Երևանում), խորհրդային ներքին ծառայության գեներալ-մայոր (1972), երգահան։ Դաղստանի (1973) և ՀԽՍՀ (1981) արվեստների վաստակավոր գործիչ։ Կրթությունը
1941 թ-ին ավարտել է Երևանի Ս.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, 1943 թ-ին` Երևանի Վ.Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը, 1955 թ-ին` ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն դպրոցը։
Գործունեությունը
1942-1946 թթ-ին եղել է Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքի էլեկտրիկ, ապա` մեխանիկ: 1946 թ-ին ծառայության է անցել ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգում: 1955-1970 թթ-ին եղել է Սերպուխովո քաղաքի ներքին գործերի բաժնի պետ, Մոսկվայի մարզի քրեական հետախուզության պետի տեղակալ, ապա` պետ, 1970-1973 թթ-ին` Մոսկվայի մարզային խորհրդի գործկոմի ներքին գործերի վարչության պետի տեղակալ։ Գրել է ժողովրդական-քաղաքային ոճի ավելի քան 300 երգ: 1957 թ-ին երիտասարդության համաշխարհային փառատոնում նրա երգն արժանացել է ուշադրության, իսկ 1961 թ-ին` շահել առաջին կարգի մրցանակ: 1982
թ-ին "Գարուն է գալիս" երգի համար նրան շնորհվել է առաջին մրցանակ: Առավել
հայտնի են՝ "Բարի արագիլ", "Կռունկ, բարով եկար", "Երգիր ինձ համար",
"Ղարաբաղի եղնիկ", "Իմ Հայաստան»", "Ղարաբաղ" երգերը։ Հեքիմյանի անունով է
կոչվել Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցը։
Պարգևներ
Արժանացել է ԽՍՀՄ ՆԳՆ "Վաստակավոր աշխատող", "Աշխատանքային գերազանցիկ" /կրկնակի/ կրծքանշանների:
Գրականություն
Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Գարեգին Ղազարյան, 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ: Ե., 2009 թ., էջ 472-273:
Յապոն
Հովհաննես Պարոնյան, առավել հայտնի Յապոնացի Սաքո, 'Յապոն («ճապոնացի») մականուններով (գնդակահարվել է 1920 թ-ի հոկտեմբերին), հայ-դաշնակցական վրիժառու, ազգային ազատամարտիկ։
Գործունեությունը
1903 թ-ին հայ եկեղեցու կալվածքները բռնագրավող ցարական ոստիկանների և կազակների դեմ կազմակերպել է զինված դիմադրություն: 1905-1906 թթ. հայ-թաթարական կռիվների ժամանակ հատուցման գործողություններ է կազմակերպել և Շուշիում իրականացրել ցարական պաշտոնյաների` քաղաքի գլխավոր ոստիկանապետ Սախարովի, գավառապետ Շումակևիչի և այլոց ահաբեկումները: 1918 թ. մայիսի 23-29-ին, Դրոյի հրահանգով, իր ջոկատով մասնակցել է Ապարանի հերոսամարտին: 1918-1920 թթ-ին եղել է Դրոյի հավատարիմ զինակիցներից մեկը և մասնակցել է Հայաստանի Առաջին Հանրապետության սահմանային կռիվներին, երկրի ներսում մուսուլմանների ճնշմանը: Առավելապես գործել է Զանգեզուրի շրջանում: Դարձել է 1920 թ. այստեղ խորհրդային իշխանությունների դեմ ծավալված զինված պայքարի կազմակերպիչներից մեկը: Կարմիր բանակի կողմից Հայաստանը ռազմակալելուց հետո ձերբակալվել և հոկտեմբերին Գորիսի բանտում գնդակահարվել է:
|