Արցախյան ճակատի ներկա կոնֆիգուրացիան նոր պատերազմը կանխող հիմնական գործոնն է
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն, Ադրբեջանի
խորհրդարանում ներկայացնելով կառավարության 2011 թվականի հաշվետվությունը,
հայտարարել է, որ 2011 թվականին 2003-ի համեմատ երկրի ռազմական ծախսերն
աճել են 20 անգամ: Տարածաշրջանում սպառազինության մրցավազքի ու այլ հարցերի
շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետների ու քաղաքական
գործիչների հետ:
Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի համոզմամբ, երբ
հայտարարվում է, որ ռազմական ծախսերն աճել են, դա չի նշանակում, որ
նույնքան որակական աճ է արձանագրվել: «Երբ համեմատականներ ես տանում, թե
ինչպիսիի ձեռքբերումներ և ինչ արժեքով են իրականացվել, ակնհայտ է դառնում,
որ այդ գումարների մի մասն ուղղակի վատնվել է, իսկ գումարների մի մասն
օգտագործվել է «անհայտ» նպատակներով: Այն, որ այդ երկիրը սպառազինության
մեծ քանակ է կուտակում՝ միանշանակ է, սակայն դա չի նշանակում, որ դրանք
եղել են արդյունավետ: Պաշտոնապես ներկայացվող թվերում պարզ է դառնում, որ
զինամթերք գնվում է բացահայտ «թանկ գներով», այսինքն՝ սպառազինությանն
ուղղված գումարիների մի մասն ուղղակի փոշիացվում է:
Համենայնդեպս միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի ու
մանրամասն ուսումնասիրի ռազմական ձեռքբերումները, քանի որ, եթե
ուշադրություն դարձնեք, Ադրբեջանը ձեռք է բերում նաև մեծ թվով
հարձակվողական տեխնիկա: Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքական և ռազմական
ղեկավարության փոփոխական վարքագիծը, չի բացառվում, որ ի հեճուկս միջնորդ
երկրների հորդորների՝ ի վերջո, Ադրբեջանը կրկին պատերազմ կսանձազերծի»,-
հավելեց փորձագետը:
Աղբյուր` Panorama.am
11:52 08/02/2012 » ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փորձագետներ. Բարեփոխումների լուրջ արդյունքերը կերևան միայն մի քանի տարի հետո
«Oxford Analytica» պարբերականը անդրադարձել է ՀՀ ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքին` նշելով, որ Զինված ուժերում օրինաչափություն դարձած զոհերի և ոչ մարտական պայմաններում մահացությունների խնդիրը լուծելու ձախողումը քայքայում է պաշտպանության ոլորտում բարեփոխումների վերջին շրջանի առաջընթացը: Panorama.am-ը շարունակում է թեմայի շուրջ, ներկայացնել ռազմական փորձագետների մեկնաբանությունները:
Ի՞նչ փուլում է բարեփոխումների ընթացքը բանակում: Հարցի շուրջ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «ՀՀ ԶՈւ-երի բարեփոխումներն իրականացվում են անկասելիորեն: Դրանք իհարկե չեն իրականացվում հապճեպ, և, միգուցե, բոլորի համար տեսանելի չեն, սակայն դրանց ընթացքը այլևս անկասելի է: Առաջին հերթին սխալ է այն մոտեցումը , որ բանակաշինության և կառուցվածքային սկզբունքները կամ խորհրդային մոդելի են, կամ «ՆԱՏՕ-ական», հատկապես, դրանց կողմնակիցներին իրար մրցակից կամ հակառակորդ համարելը: Սա կարող է լինել տիպիկ փորձ պետական կառույցում արհեստական տարաձայնության հիմք ստեղծելու ուղղությամբ: Բարեփոխումների խնդիր իրականում կա, սակայն դա հարկավոր է դիտարկել այլ հարթության մեջ: Սկսած Արցախյան գոյամարտից, մենք մեր հաղթանակների գործում, մարտավարության կամ կազմակերպչական այլ հարցերում մշտապես մեծ տեղ ենք հատկացրել մերին` հայկականին, որը ոչ մեկի արտատպումը չէ: Այսօր էլ շարունակվում է այդ միտումը, որը երբեմն շատ բացառիկ ձևով համադրվում է աշխարհի լավագույն օրինակների հետ, լինեն դրանք խորհրդային կամ արևմտյան: Իհարկե, ներկայումս մեր բանակն իր կառուցվածքով և կազմակերպչական հարցերով դեռ շատ նման է խորհրդային բանակին, որն ի դեպ մարդկության պատմության ամենահզորագույն բանակներից մեկն էր: Սա ինչ որ առումով զարմանալի չէ, նախ մեր սպայական կազմի զգալի մասը անցել է այդ մեծ ավանդույթներ ունեցող դպրոցը, բացի այդ մենք հիմնականում զինված ենք այդ սպառազինությամբ որի համար էլ գործել է այդ մարտավարությունը, կազմակերպչական հարցերը համադրվել են դրան և այլն: Սակայն բարեփոխումները այսօր արդեն մեծ բան են փոխել, և բարեփոխում ասելով չի նշանակում խորհրդայինից լիարժեք հրաժարում: Մենք ամեն ինչ անում ենք քայլ առ քայլ չշտապելով, նախ` զինվորական գործը հապճեպություն չի սիրում, բացի դրանից մենք գտնվում ենք պատերազմական իրողության մեջ, որի ժամանակ կտրուկ քայլերը անթույլատրելի են: Այստեղ նորից կարևոր է այն հանգամանքը որ մենք մարտական և կենսական փորձով ենք ընդունում ինչն է հարկավոր փոխել և ինչը ոչ, իսկ շատ հաճախ մեզ կատարված առաջարկները մենք փորձարկում ենք և դրանում ներդնում մերը ` հայկականը: Երբեմն մեզ քննադատողները և սովորեցնողները մոռանում են, որ նրանք այս ճանապարհը անցել են շատ ավելի երկար, այն էլ առանց պետականության կորստի պայմանների»:
Թեմայի շուրջ ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը նշեց. «Պարբերականում նշվող «Դեդովշինա» հասկացողության վերաբերյալ պետք է նշեմ, որ այդ արտահայտությունը արդեն իսկ խոսում է այն մասին, որ հոդվածագիրները իրենց հոդվածում ոչ թե խորը վերլուծությունների արդյունքեն արտահայտում, այլ մակերեսային ուսումնասիրությունների: Այս կարծիքը հիմնավորելու համար, կարող եմ ասել, որ ցանկացած քիչ թե շատ լուրջ ուսումնասիրություն դեպքում որևէ մեկը չէր օգտագործի բավականին ծեծկրտած «դեդովշինա» տերմինը, որը հայկական բանակում, երկար ժամանակ է գոյություն չունի: Այս հանգամանքի վրա էլ հիմնվելով, կարելի է ասել, որ ամենայն հավանականությամբ, հոդվածագիրը կամ հոդվածագրերը ընդամենը մակերեսային վերլուծություն են կատարել՝ հիմնվելով հայկական մամուլում վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղ գտած հոդվածների վրա, որոնք հիմնականում անդրադարձել են բանակում տեղի ունեցող դեպքերին և պատահարներն: Եվ այդ մակերեսային հոդվածներն էլ նրանց համար հիմք են ծառայել՝ արտահայտելու այնպիսի միտքեր, ինչպիսին է օրինակ. «...իրական խնդիրն այն է՝ արդյոք կառավարությունը կկարողանա վերականգնել կառավարումը…»: Այստեղ մի զարմանալի հարց է առաջանում: Փաստորեն դուրս է գալիս, որ ըստ հոդվածագրի բանակում, կառավարումը կամ չկա կամ էլ խաթարված է: Սակայն ինչպիսի դիլետանտ պիտի լինել նման եզրակացության հանգելու համար: Կարծում եմ՝ բոլոր քիչ թե շատ տրամաբանող մարդիկ, անկախ իրենց մասնագիտությունից կընդունեն, որ խախտված կառավարմամբ բանակը չի կարողանա կատարել այն մարտական խնդիրները, որոնք այսօր կատարում է ՀՀ բանակը: Հոդվածագրերը անընդհատ խոսում են այն մասին, որ բանակի վերնախավը բաժանված է «բարեփոխումների կողմնակիցների» և «պահպանողականների» ճամբարների: Թե ինչպես են ի հայտ բերել, թե ով որ ճամբարում է գտնվում, կարծում եմ՝ կարող են պատասխանել միայն իրենք: Սակայն ուղղակի անհրաժեշտ է նշել, որ հոդվածում անընդհատ փորձ է արվում շեշտել այն հանգամանքը, որ զինված ուժերում բարեփոխումների ընթացքը կամ վտանգված են կամ էլ արդեն իսկ ձախողված են: Հարկ եմ համարում նշել, որ այստեղ ևս ի հայտ է գալիս հոդվածագրի չափազանց մակերեսային մոտեցումն այդ հարցին: Անընդհատ շեշտվող վտանգված բարեփոխումների մասին խոսելով հոդվածագիրը օրինակ է բերում, որ համաձայն բարեփոխումների՝ բանակը և զինված ուժերը դարձել են ավելի թափանցիկ: Սակայն փոխանակ ընդունելու այն, որ բանակային գործունեության թափանցիկությունը ցույց է տալիս բարեփոխումների հաջող ընթացքը, դա ամեն գնով դարձնում են բացասական երևույթ: Արդյունքում տեսնում ենք, որ Oxford Analytica-ի վերլուծաբանները տեղեկատվական ոլորտի հաջողությամբ իրականացվող բարեփոխումները չեն տեսնում և չեն ընդունում: Հոդվածում նաև ասվում է, որ «…Իրականում ոչ մարտական պայմաններում մահացությունների ընդհանուր թիվ այժմ ավելի քիչ է, քան անցած տարի: 2011 թվականին նման միայն 26 դեպք է եղել, մինչդեռ 2010-ին եղել է նման 43 դեպք …»: Այսինքն, նույնիսկ անզեն աչքով տեսանելի դրական փոփոխությունները (որոնք միանշանակորեն արդյունք են կադրային քաղաքականության և սպայական կազմի մոտ պատասխանատվության, կարգապահության, կանոնադրական հարաբերությունների պահպանմանն ուղղված բարեփոխումների մեծամասշտաբ աշխատանքների) կարելի է անտեսել և շարունակել պնդել որ, բարեփոխումները հայկական բանակում ձախողված են կամ գտնվում են ձախողման եզրին: Ի վերջո, հոդվածում ընդհանրապես փորձ չի արվում լուսաբանել բարեփոխումների ծրագրերը, մասնավորապես, թե որ ոլորտներում են իրականացվում բարեփոխումները, ինչպիսի ելակետային պայմաններ են եղել և ինչպիսին է վիճակն այժմ: Իսկ մենք պետք է փաստենք, որ բարեփոխումները սկսվել են նախ` կադրային քաղաքականության լուրջ փոփոխություններով, որի արդյունքում Պաշտպանության նախարարությունը տարանջատվեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբից: Բարեփոխումների արդյունքում հստակորեն տարանջատվեց այս երկու կառույցների գործառույթները: Հաջորդ կարևոր քայլը բարեփոխումների ուղղված էր ռազմակրթական համակարգի միջազգային ստանդարտների համապատասխանեցմանը, ինչը չի կարող լինել մեկ-երկու ամսվա և նույնիսկ տարվա ընթացքում: Ռազմակրթական համակարգում բարեփոխումների լուրջ արդյունքերը կերևան միայն մի քանի տարի հետո: Բարեփոխումների հաջորդ ոլորտը դա ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումն էր և մենք կարող ենք հպարտորեն պնդել, որ այսօր մեր ռազմարդյունաբերական համալիրը զարգանում է ամբողջ թափով և հզորությամբ: Չենք կարող չընդունել, որ 2011 թվականին տեղի ունեցած պատահարների թվի փոքրացումը պայմանավորված է հենց այս հանգամանքով: Այսպիսով` բոլոր փաստերը գալիս են ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կատարվող բարեփոխումները ընթանում են նախատեսված ծրագրի համաձայն և առանց լուրջ խնդիրների: Ընդ որում, ուղղակի անհերքելի է այն փաստը, որ բարեփոխումների ընթացքը ոչ ձախողված է, ոչ էլ վտանգված է, բանակը հստակորեն կառավարվում է և իր ամենօրյա գործունեությամբ իրականացնում բոլոր անհրաժեշտ գործառույթները»:
Աղբյուր` Panorama.am
Ներկայացնում եմ ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ հարցազրույցը.
-Պարոն Պետրոսյանց, ռազմական արդի սպառազինությունից բացի, մեզ անհրաժեշտ են ժամանակակից ռազմական կրթություն ստացած և բազմակողմանի զարգացած զինծառայողներ, ի՞նչ եք կարծում՝ մեզ մոտ մեծ թիվ են կազմում նման կադրերը, իսկ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ առավել կիրթ ու զարգացած զինծառայողներ ունենալու համար:
_Իհարկե արդիական սպառազինություն ունենալը դա ընդամենը գործի կեսն է կամ ավելի լավ է ասել, որ մեկ երրորդ մասն է, քանի որ ինչքան էլ հզոր և ժամանակակից լինի տեխնիկան, դրա արդյունավետ օգտագործումը կախված է մասնագետ-զինծառայողներից: Կարծում եմ՝ այդ հարցը ՀՀ Զինված ուժերում բավականին բարձր մակարդակի վրա է դրված, քանի որ ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնագիտական բարձրորակ կրթություն են ստանում ինչպես Հայաստանի Հանրապետության ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում, այնպես էլ արտերկրում: Եվ այստեղ էական է նշել այն փաստը, որ մեր զինծառայողները ուսումնառության են մեկնում ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ այնպիսի երկրների ռամակրթական հաստատություններ, ինչպիսին են ԱՄՆ-ը, Իտալիան, Գերմանիան, Անգլիան և նույնիսկ Չինաստանը:
Այնպես որ կարելի է ասել, որ ՀՀ Զինված ուժերում մեծ թիվ են կազմում բարձր մասնագիտական պատրաստություն ունեցող կադրերը: Հարցի երկրորդ մասին անդրադառնալով կարելի է ասել, որ մենք ունենք բոլոր պայմանները կիրթ ու զարգացած զինծառայողներ ունենալու վրա, մնացածը ընդամենը երիտասարդների ցանկությունն է… սովորել ռազմական մասնագիտություն և տիրապետել դրան գերազանց…
_Կան բազմաթիվ երիտասարդներ, որոնք կարծում են՝ առավել պիտանի կլինեն երկրին՝ ուսումը շարունակելով, ինչն էլ հանգեցնում է բանակում չծառայելուն: Երիտասարդների մի մասն էլ այլ ճանապարհներով ու պատճառներով ծառայելուց խուսափելու առիթներ է փնտրում: Ի՞նչպես եք գնահատում այս գործընթացը:
_Ցավոք, այդ երևույթը բավականին տարածված է, ես հանդիպել եմ նույնիսկ մեր այսպես ասած շոուբիզնեսի որոշ ներկայացուցիչների, որոնք համարում էին, որ բանակում ծառայելը իրենց կյանքի երկու տարին անիմաստ վատնել է ուղղակի: Ես չեմ կարող որևէ արդարացում տալ այս երևույթին, իմ կարծիքով մեր իշխանությունները նույնպես հասկանում են սրա վտանգավոր լինելու փաստը, ինչի համար էլ ընդունվեց օրինագգիծ, ըստ որի՝ բանակում չծառայած երիտասարդ տղամարդիկ չեն կարող ընդունվել պետական ծառայության: Ըստ երևույթին, այս օրինագծի ընդունումը բավականին մեծ դրական ազդեցություն ունեցավ, քանի որ վերջին ժամանակահատվածում չափազանց քչացել են ծառայությունից խուսափելու փորձերը:
-Եթե խնդրեմ, հնարավորինս օբյեկտիվ կգնահատե՞ք հայկական բանակը տարածաշրջանի մյուս երկրների ռազմական ուժերի հետ համեմատելով, որքանով ենք մենք «մրցունակ», և ո’րն է մեր ռազմական ուժերի ակնհայտ առավելությունն ու առանձնահատուկ գիծը:
_Եթե մենք, տարածաշրջան ասելով, հասկանում ենք Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, ապա պատկերը բոլորովին այլ է: Սակայն տարածաշրջանում կա Իրան, կա Թուրքիա և պետք է ընդունենք, որ կա Ռուսաստան: Ամեն դեպքում անիմաստ է այսօր համեմատություններ տանել վերջին երեք պետությունների զինված ուժերի հետ հասկանալի պատճառներով: Սակայն Ադրբեջանի ու Վրաստանի հետ մենք կարող ենք լայն համեմատություններ կատարել:
Նախ փորձենք հասկանալ թե ինչ է կատարվում այդ երկրների զինված ուժերում: Եվ՛ Ադրբեջանի, և՛ Վրաստանի զինված ուժերը սկսել են լայն բարեփոխումներ, որոնք ուղղված են իրենց ԶՈւ-ի համապատասխանեցմանը ՆԱՏՕ-ի ստանդարտներին:
Վրաստանը ուղղակի մեկ հարվածով ջնջեց ամեն ինչ և զրոյից սկսեց նոր բանակի կառուցումը, որը կարծես ամերիկյան բանակի փոքրացված կլոնը լինի: Ամեն դեպքում, այսօր վրացական բանակը իր ունեցած ռազմական պոտենցիալով, սպառազինությամբ և տեխնիկայով անհամեմատելի զիջում է հայկական բանակին:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրանք ըտնրեցին թուրքական բանակի մոդելը, որը սակայն չի կարող իրեն արդարացնել Ադրբեջանի պես երկրում: Արդյունքում՝ այսօր ադրբեջանական բանակի բարքերն են, որոնք ուղղակի երբեմն անմարդկային են դառնում: Ադրբեջանական բանակում այսօր մեծ թիվ են կազմում թուրք բարձրաստիճան սպաները, որոնք փորձում են թուրքական բանակի նմանությամբ կառուցել մարտունակ բանակ, սակայն, մեկ օրինակի վրա կարելի է ցույց տալ, որ այդ միջամտությունը չի գործում: Երբ Բաքվի ռազմական ակադեմիաի պետ նշանակվեց թուրքական բանակի բարձրաստիճան սպա, ու նա որոշակի կարգապահական գործողություններ կատարեց, ակադեմիայի կուրսանտական անձնակազմը ամբողջությամբ ինքնակամ լքեց ակադեմիայի տարածքը:
Սա ընդհանուր տեղեկություններ ուղղակի Ադրբեջանի բանակում տիրող իրավիճակի մասին: Իր ունեցած թվակազմով և սպառազինության ու ռազմական տեխնիկայի քանակով Ադրբեջանը միգուցե ունի որոշակի առավելություն հայկական կողմի համեմատ, սակայն դա որոշ մարտավարական միջոցների դեպքում է միայն, իսկ հիմնական ռազմավարական միջոցներով Հայաստանը ոչ միայն գերազանցում է, այլև ունի սպառազինության տեսակներ, որոնք այսօր անհասանելի են ադրբեջանական կողմի համար: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանն ահռելի գումարներ է ծախսում իր բանակի սպառազինությունը "բարելավելու” համար: Իզուր չեմ բարելավելը գրել չակերտներով, քանի որ Ադրբեջանի կողմից ծախսված գումարների մեծ մասը պարզապես անհեթեթ ծախսեր են:
Համոզված եղեք, որ եթե Ադրբեջանը մեկ րոպե նույնսիկ վստահ լինի, որ ինքը ավելի հզոր է Հայաստանից, միանգամից սադրանքների միջոցով կվերսկսի ակտիվ մարտական գործողությունները: Սա էլ հենց այն հիմնական փաստարկն է, որ ադրբեջանական կողմը ոչ մի կերպ չի գերազանցում մեզ:
_Պարո՛ն Պետրոսյանց, տե՞ղյակ եք վերջերս տեղի ունեցած դեպքին, երբ ադրբեջանցի զինվորը կամավոր հանձնվել է հայերին, ադրբեջանցիները հավաստիացնում են, որ գերի ենք վերցրել, ըստ Ձեզ՝ ո՞րն է ավելի հավանական:
_Գիտեք, եթե դա լիներ առաջին դեպքը, միգուցե ինչ որ կասկածանքների տեղիք տար: Սակայն, կարծում եմ՝ բոլորին էլ լավ հայտնի է, որ բազմաթիվ ադրբեջանցիներ են այս ընթացքում կամավոր գերի հանձնվել մեր կողմին: Նրանք համարյա բոլորը նշում էին, որ իրենց գերի հանձնվելու գլխավոր պատճառը եղել է այն, որ իրենց հետ վերաբերվել են անմարդկային ձևով, ծեծել են, ստորացրել: Եթե չեմ սխալվում, նրանցից ոմանք նույնիսկ հրաժարվեցին հետ գնալ Ադրբեջան և իրենց ցանկությամբ ուղարկվեցին երրորդ երկիր: Այստեղ ուղղակի տարբերությունը այն է, որ գերի հանձնվածը ոչ թե ժամկետային զինծառայող է, այլ պայմանագրային է:
Համենայն դեպս չեմ կարծում, որ հատուկ հետախուզական գործողությունների արդյունքում գերի վերցված զինծառայողի մասին լուրը միանգամից կհայտնվեր: Ես իհարկե չեմ ասում, որ մեր ՊՆ-ն կթաքցներ այդ փաստը, ուղղակի դրա մասին կհայտնվեր փոքր ինչ ուշ: Այսինքն՝ եթե գերու մասին հայտարարվում է հենց նույն օրը, դա նշանակում է, որ մեր կողմից գերի բերելու որևէ հատուկ գործողություն չի կատարվել: Ի վերջո ադրբեջանական կողմը նույնիսկ պետք է ամաչի նման բաներ հայտարարելուց, որովհետև քիչ թե շատ իրեն հարգող պետությունը այնքան չի վարկաբեկի իր բանակը, որ ասի իմ զինվորին եկել են ու գերի են տարել, ով, երբ, ինչպես, որտեղից…ես չգիտեմ, բայց իրեն գերի են տարել:
_Համամի՞տ եք հետևյալ արտահայտության հետ «Մենք հաղթեցինք պատերազմում, հիմա էլ պետք է հաղթենք տեղեկատվական պատերազմում»: Արդյ՞ոք առկա է տեղեկատվական պատերազմ կոչվածը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և արդյո՞ք որ հայկական ԶԼՄ-ներն են ավելի ակտիվ ու խելամիտ մասնակցություն ցուցաբերում:
_Այն, որ մենք հաղթանակած են դուրս եկել մարտի դաշտից, փաստ է և անժխտելի է: Պատերազմում մենք չենք հաղթել… Պատերազմում հաղթում են, երբ կողմերից մեկը կապիտուլիացիայի է գնում: Իսկ մեզ մոտ ընդամենը կնքվել է հրադադար, որը շարունակվում է արդեն 18 տարի:
Այ տեղեկատվական պատերազմը գնում է ամբողջ թափով, և որ այս պատերազմում մեր անելիքները չափից դուրս շատ են, դա անժխտելի է: Ադրբեջանական ԶԼՄ-ների գործողությունները կարելի է անվանել առավել պլանավորված ու համաչափ: Նրանք օգտագործում են ժամանակակից տեղեկատվական բոլոր միջոցները անխտիր` առավել մեծ ուշադրություն դարձնելով ՏՏ ոլորտին: Ի տարբերություն ադրբեջանական ԶԼՄ-ների՝ մեր հայկականները այս գործում ցուցաբերում են զարմանալի դիլետանտություն: Չկա ընդհանուր ճակատով պայքար թշնամու դեմ: Գործում են ցաքուցրիվ՝ հիմնականում ընկնելով սենսացիոն նյութերի հետևից, շատ հաճախ նույնիսկ առանց ճշտելու դրանց իրականությանը համապատասխանումը: Տեսեք ինչ է կատարվում. ադրբեջանական լրագրողները բազմաթիվ հոդվածներ են գրում հայերի մասին առանց որևէ հղման կամ փաստի, սակայն նրանք բոլորը միաժամանակ խոսում են այդ մասին և այնպիսի վստահությամբ են այդ ամենը ներկայացնում, որ կարդացողի մոտ կասկած չի առաջանում: Իսկ մեր ԶԼՄ-ները, հարյուր հազարավոր փաստեր ունենալով ձեռքի տակ, ոչ թե հակազդում են նրանց, այլ սկսում են սևացնել մեկը մյուսին: Ավելի հաճախ դեպքեր են հանդիպում, երբ մեր որոշ ԶԼՄ-ներ ուղղակի պատճենահանում են ադրբեջանական տեղեկատվությունը և առանց վերնագիրը փոփոխելու՝ տեղադրում մեր կայքերում: Շատ ավելի վատ պատկեր է ստեղծվում, երբ մեր որոշ լրագրողներ ոչ թե ամբողջությամբ ուսումնասիրում են նյութերը, այլ միայն մասամբ և ունենալով սխալ պատկերացում հարցի մասին՝ նման թյուրիմացություն առաջացնող հոդվածներ են գրում: Կարծում եմ՝ սա այն հարցն է, որին մեծ ուշադրություն պիտի դարձվի բոլոր մակարդակներով և փորձ արվի համատեղել մեր բոլոր միջոցների պայքարն ընդհանուր թշնամու դեմ:
Հարցազրույցը վարեց Անի Մարգարյանը
interpress.am - Նորություններ Հայաստանից եւ ամբողջ աշխարհից
16:31 26/01/2012 » Քաղաքական
ԲԱՆԱԿ-20. Ռազմական փորձագետ. Այսօր զինվորի համար արժանավայել ծառայելու բոլոր պայմանները ստեղծված են
«Նախ պետք է հիշենք, որ բանակը ստեղծվել է
այնպիսի մի իրավիճակում, երբ երկիրը մարտական գործողությունենրի մեջ էր,
պատերազմական շրջան էր: Պատերազմի ընթացքում զրոյից սկսեցինք բանակ
ստեղծել: Չունեինք սպայական կադրեր, չունեինք համապատասխան մի կառույց»,-
անդրադառնալով ՀՀ ԶՈՒ կազմավորմանը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց
ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
Ըստ բանախոսի՝ բանակի հիմնաքարը հանդիսացան կամավորական ջոկատները,
որոնց հիման վրա 1993 թվին սկսվեց զորակոչը և, կարելի է ասել, որ այդ
ժամանակաշրջանի համար բավական հաջող գործընթաց ձևավորվեց, որովհետև
հնարավոր եղավ շատ արագ ստեղծել հիմնական բոլոր կառույցները:
«Դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մի ուրիշ պետություն, այս կարճ
ժամանակահատվածում, կկարողանար ստեղծել բանակ` երկրաշարժից հետո,
քայքայված տնտեսության պայմաններում, շրջափակման մեջ լինելով և
պատերազմական իրավիճակում:
Եվ 1994 թվականի հրադադարից հետո սկսվեց հաջորդ փուլը, որն արդեն
բանակի` դեպի կայացում ընթանալու փուլն էր: Մեզ հաջողվեց ստեղծել
կանոնավոր բանակ: Մինչև 1994 թիվը կանոնավոր բանակ ասվածը մի փոքր այլ էր:
Այն ժամանակ դրանք կամավորական ջոկատներ էին, որոնք հավաքվեցին տարբեր
զորամասերի կազմում: Իսկ 94 թվին արդեն սկսվեց քայլ դեպի առաջ`
կամավորական ջոկատների ցրումը և կանոնավոր ստորաբաժանումների և զորամասերի
ստեղծումը: Եվ այդ պրոցեսն էլ բավական հարթ անցավ: Կային լուրջ
դժվարություններ, հրամանատարական կադրերի խիստ բացակայություն կար և դրա
հետևանք էր, որ բազմաթիվ կամավորականներ հայտնվեցին բանակում սպաների
ուսադիրներով և նրանց ջանքերի շնորհիվ էր նաև, որ այդ փուլը մենք
կարողացանք հաղթահարել»,- ասաց Հ. Պետրոսյանցը:
Նրա խոսքերով, 2000 թվականից հետո արդեն կարելի է համարել բանակի համար
զարգացման փուլ, երբ բանակը համալրվում էր սպայական կադրերով, թիկունքային
ապահովումն էր արդեն նաև բերվում բավական բարձր մակարդակի, տեխնիկական
ապահովումը, սպառազինությունը:
«Փուլ առ փուլ, աստիճանաբար հասանք այն բանին, որ մեր բանակն այսօր
արդեն կուռ կառույց է, հանրապետությունում ամենալավ կազմակերպված
կառույցներից մեկն է: Ինչքան էլ այսօր ոմանք բողոքեն, ասեն որ կան ոչ
պարտաճանաչ սպաներ, մարդիկ, ովքեր իրենց տեղում չեն, այնուամենայնիվ, մենք
պետք է հասկանանք, որ մեր բանակի զգալի մասը պրոֆեսիոնալ պատրաստություն
անցած սպաներ են, կադրային սպաներ, ովքեր սպայական պատրաստություն են
ստացել մեր ՀՀ, ՌԴ, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, և ԱՄՆ-ի
ռազմական ուսումնական հաստատություններում:
Մեծ ուշադրություն կարելի է դարձնել նաև, որ այսօր մեր բանակը զինված է
բավական արդիական սպառազինությամբ: Բավական արդիական և այնպիսի
միավորներով, այնպիսի միջոցներով, որպիսիք չունեն Ադրբեջանը, չունի
Վրաստանը: Այս ամենի արդյունքում այսօր բանակում բավական բարձր մակարդակի
վրա է դրված նաև թիկունքային ապահովումը, սոցիալ-տնտեսական, կենցաղային
պայմանները»,- ասաց Հ. Պետրոսյանցը:
Ըստ բանախոսի, եթե փորձենք համեմատել պայմանները 1994-1995 թվականների
հետ, ուղղակի անհամեմատելի է, որովհետև այն թվականներին, երբ մեզ
պարտադրված պատերազմից հետո նոր էր հրադադարի պայմանագիր կնքվել,
զինվորները ինչ-որ տնակներ էին վերցնում, փորձում էին դրանք կահավորել
որպես կացարաններ, չկար էլեկտրականություն, չկար ջուր, սնունդը բավական
դժվարություններով էր տեղ հասնում, այսօր մենք այդպիսի ոչ մի խնդիր
չունենք:
«Այսօր զինվորի համար արժանավայել ծառայելու բոլոր պայմանները ստեղծված
են, այդ հարցում կարծում եմ բոլորն էլ համոզված են»,- ասաց բանախոսը:
Աղբյուր` Panorama.am
14:22 13/01/2012 » ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փորձագետ. Ադրբեջանն իր քարոզչամեքենայի գերին է դարձել
«Նման առաջարկ, հայտարարություն առաջին ագնամ չէ, որ հնչում է միջնորդների կողմից, սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը ոչ կերպ չի կարողանում համակերպվել դրա հետ ու ամեն կերպ, ամենատարբեր մակարդակներում մերժում է նմանատիպ առաջարկները»,- մեկնաբանելով Ի. Հիլմորի հայտարարությունն այն մասին, թե անհրաժեշտ է դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ պայմանավորվածության հասնել, Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
Նրա խոսքերով, մշտապես մի տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ են նմանատիպ հայտարարությունները ընդհանուր հնչում, չէ՞ որ հայկական կողմն արդեն հայտնել է այդ հարցի վերաբերյալ իր դրական մոտեցումը, երբ է գալու այն ժամանակը, երբ միջնորդների, միջազգային հանրությունը քննադատություններն ու առաջարկները կուղղվեն կոնկրետ հասցեատիրոջը:
«Իհարկե բոլորի համար էլ ընկալելի է, որ Ադրբեջանն է խոչընդոտում բանակցային պրոցեսի հարթ ընթանալուն, չհիմնավորված հայտարարություններ հնչեցնում, սակայն այդպես երկար շարոնակվել չի կարող: Ադրբեջանը պետք է հստակ ու հիմնավոր պատասխան տա իր արարքների համար»,- հավելեց Հ. Պետրոսյանցը:
Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե ո՞րն է պատճառը, որ Ադրբեջանը չի համաձայնվում դուրս բերել դիպուկահարներին առաջնային գծից, ռազմական փորձագետն ասաց. «Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակն ուղղակիորեն կապված է շփման գծում տիրող իրավիճակի հետ: Այդ երկրի իշխանություններն անընդհատ սադրանքների են գնում՝ փորձելով հանդարտեցնել իրենց երկրում տարիներ ի վեր կուտակված բողոքի ալիքը: Պաշտոնական Բաքուն իր երկրում առկա բոլոր խնդիրները փորձում է կապել շփման գծում առկա անկայուն իրավիճակի հետ»:
Ըստ բանախոսի՝ Ադրբեջանում պաշտոնական քարոզչամեքենան իրականությունից կտրված այնպիսի քարոզ է իրականացնում, ինչի պայմաններում նա ոչ մի կերպ չի կարող արդարացնել դիպուկահարներին առաջնային գծից հետ քաշելու տարբերակը. դա իշխանությունների կողմից որպես հետ քայլ կհամարվի, զիջում, պարտություն:
«Ադրբեջանն իր քարոզչամեքենայի գերին է դարձել և դա այս հարցում ևս ակնհայտ է»,- ասաց Հ. Պետրոսյանցը:
Հարցին, թե իվերջո, ո՞ւմ է ձեռնտու տարածաշրջանում անկայուն իրավիճակը, վերջինս նշեց. «Դա միանշանակ ձեռնտու է Ադրբեջանին, քանզի Ադրբեջանի ռազմաքաղաքական գծում սադրանքները կարևոր դեր ունեն»:
Աղբյուր` Panorama.am
13:00 22/12/2011 » ՔԱՂԱՔԱԿԱՆ
2011 թվական. Գնահատում են ռազմական փորձագետները. Հրաչյա Պետրոսյանց
Սպառազինությունների
մեծաթիվ ձեռքբերումներ կատարում է բացառապես Ադրբեջանը, ինչ կարելի է
ասել, ուղղակի վախի հետևանք է: Ադրբեջանը առ այսօր չի կարողանում թոթափել
մոտ 18 տարի առաջ կրած պարտության հետևանքները. Այնպես որ, ես այս
գործընթացը կանվանեի ոչ թե «սպառազինությունների մրցավազք», այլ վախեցած
Ադրբեջանի անիմաստ գնումներ:
Panorama.am-ը
անցնող «քաղաքական տարվա» կարևորագույն իրադարձությունների փնտրտուք է
սկսել: 2011-ն այս անգամ ամփոփում է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
-Պարոն
Պետրոսյանց, տարվա ընթացքում անընդհատ խոսվում էր տարածաշրջանում սկիզբ
առած սպառազինությունների մրցավազքի մասին: Արդյո՞ք Ադրբեջանի կողմից ձեռք
բերվող սպառազինությունն ու ռազմականտեխնիկան լուրջ պատերազմի սպառնալիք են
ստեղծել: -Վերջերս բավական լայն տարածում է գտել
«սպառազինությունների մրցավազք» արտահայտությունը: Դա վերաբերվում է մեր
հակառակորդ Ադրբեջանի զինված ուժերի և Հայաստանի զինված ուժերի կողմից
վերջին տարվա(ների) ընթացքում սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր,
առավել արդիական մոդելների ձեռքբերմանը: Իմ խորին համոզմամբ, սակայն
«սպառազինության մրցավազք» արտահայտությունն ուղղակի չափազանցություն է:
Սկսենք նրանից, որ ադրբեջանական կողմից ձեռք բերած տեխնիկան և
սպառազինությունը իրենց արդյունավետությամբ և մոդիֆիկացիաներով իրականում
չեն համապատասխանում այն մեծ աղմուկին, որը բարձրաձայնում են իրենք`
ադրբեջանցիները, իրենց զինված ուժերի բյուջեի մասին խոսելիս: Օրինակ`
այնքան մեծ աղմուկ հանած և նույնիսկ մեր հասարակության մեջ լուրջ
քննարկումներ առաջացրած մի փաստի շուրջ: Ադրբեջանը Ռուսաստանի
Դաշնությունից գնել է հակաօդային պաշտպանության Ս-300 հրթիռային
համալիրներ: Հասկանալի է, որ այս համալիրների համար հսկայական գումարներ են
վճարվել, սակայն, ռազմավարական տեսանկյունից նմանատիպ միջոցների ձեռք
բերումը Ադրբեջանի զինված ուժերի մարտական պոտենցիալի մեծացման վրա ոչ մի
ազեցություն չեն թողնում: Մյուս կողմից, իրենց բնույթով պաշտպանողական
զինատեսակներ հանդիսացող միջոցների ձեռք բերումը կարելի է դիտել նաև այլ
հարթության վրա, որի մասին կխոսենք փոքր ինչ ուշ:
-2011 թվականին ի՞նչ սպառազինություն է ձեռք բերել Ադրբեջանը: -Ադրբեջանական
կողմը գնել է տանկեր, զրահափոխադրիչներ, հետևակի մարտական մեքենաներ,
հրետանային միջոցներ և ռեակտիվ հրետանային միջոցներ: Սրանցից, քիչ թե շատ,
մարտական պոտենցիալի բարձրացման վրա ազդում են հիմնականում հրետանային և
ռեակտիվ հրետանային միջոցները: Տանկերը, ԶՓ-ները և ՀՄՄ-ները չեն կարող
էական ազդեցություն ունենալ զինված ուժերի մարտական պոտենցիալի վրա առաջին
հերթին հաշվի առնելով առաջիկա հնարավոր մարտական գործողությունների
թատերաբեմը, որտեղ հաշված ուղղությունների վրա միայն հակառակորդը կարող է
օգտագործել զրահապատ միջոցները իրենց ամբողջ արդյունավետությամբ: Այսինքն`
այս միջոցները որոշակի ուղղությունների վրա ընդամենը կարող են մարտավարական
առավելություն տալ Ադրբեջանին, սակայն ռազմավարական առումով դրանց քանակը
էական ազդեցություն չի կարող թողել պատերազմի արդյունքի վրա: Ադրբեջանի
հարձակողական միջոցները ուսումնասիրելով կարելի է ասել, որ հակառակորդը
չունի այնքան քանակությամբ ռեակտիվ հրետանի, որը ի վիճակի կլինի էական,
բեկումնային դեր ունենալ պատերազմի ընթացքում: Միանշանակորեն կարելի է
ասել, որ հայկական կողմը ևս ձեռք բերեց վերոհիշյալ ռեակտիվ հրետանային
միջոցներ, որոնցից «ՏՈՉԿԱ ՈՒ» հրթիռա-հրտանային համալիրները ցուցադրվեցին
սեպտեմբերի 21 զորահանդեսի ժամանակ: Սակայն այն անվանել տարածաշրջանում
«սպառազինությունների մրցավազք» անհիմն կլինի, քանի որ հայկական կողմը իր
հրթիռահրետանային արսենալը թարմացրել է միայն երկու տեսակի նոր միջոցների
ձեռք բերմամբ: Մնացած բոլոր ռակտիվ հրետանային միջոցները, ներառյալ նաև
«ՍԿԱԴ» տիպի օպերատիվ-մարտավարական հրթիռային կայանները, Հայաստանի զինված
ուժերում կային շատ ավելի վաղուց: Փաստորեն, կարելի է միանշանակ պնդել, որ
Հայաստանը, որպես հակամարտության կողմ ամենևին չի ձգտում անընդհատ նոր
գնումներ կատարելուն, այլ ավելի շատ ուշադրություն է դարձնում առկա
միջոցների արդիականացմանը:
-Որպես փորձագետ, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան մեծացնում ռազմական ծախսերը: -Սպառազինությունների
մեծաթիվ ձեռքբերումներ կատարում է բացառապես Ադրբեջանը, ինչ կարելի է
ասել, ուղղակի վախի հետևանք է: Ադրբեջանը առ այսօր չի կարողանում թոթափել
մոտ 18 տարի առաջ կրած պարտության հետևանքները. և վախը, որ կարող է նման
բան կրկնվել ստիպում է նրան գնել ավելի ու ավելի շատ ռազմական տեխնիկա և
սպառազինություն: Այնպես որ, ես այս գործընթացը կանվանեի ոչ թե
«սպառազինությունների մրցավազք», այլ վախեցած Ադրբեջանի անիմաստ գնումներ: Քիչ
հետ գնալով նշեմ, որ հենց նույն վախի հանգամանքն է, որ ստիպեց
ադրբեջանական կողմին գնել Ս-300 հակաօդային հրթիռային համալիրները:
Այսինքն, ադրբեջանական կողմը ելնելով միայն իրեն հասկանալի ինչ-ինչ
պատճառներից կատարում է մեծամասշտաբ գնումներ ինքն իրեն հանգստացնելու
համար, ինքն իր մեջ վախը փարատելու համար: Ի վերջո հարկ եմ համարում նաև
նշել, որ ռազմական ոլորտի բոլոր մասնագետները փաստում են, որ տեխնիկան և
սպառազինությունը ընդամենը գործի կեսն են: Որպեսզի դրանք հաջողություններ
բերեն մարտադաշտում շատ մեծ դեր է խաղում դրանք օգտագործող մասնագետի
պատրաստվածության աստիճանը: Իսկ ինչ չափով են պատրաստված մարտի ընթացքում
կիրառելու ռազմական տեխնիան և սպառազինությունը ադրբեջանցի զինծառայողները,
նորից կարելի է կապել Ս-300 հթրռային համալիրների հետ: Ոչ ոքի համար
գաղտնիք չէ, որ հայկական ռազմաօդային ուժերը իրենց քանակական առումով
էականորեն զիջում են մեր հակառակորդին, սակայն մեր օդաչուների մասնագիտական
պատրաստվածության աստիճանը նրանց ստիպում է լրջորեն մտահոգվել իրենց
հակաօդային պաշտպանութայն մասին և արդյունքում Ադրբեջանը Ռուսաստանից գնում
է Ս-300 համալիրները: Նմանատիպ օրինակներ կարելի է բերել նաև այլ
ոլորտներից: Եվ դրանք բոլորը գալիս են ապացուցելու, որ ադրբեջանական կողմը
ունի մարդկային գործոնի լուրջ խնդիրներ, ու փորձում է այդ խնդիրները լուծել
նոր տեսակի ռազմական տեխնիկա և սպառազինություն ձեռք բերելով:
-Ինչո՞վ կառանձնացնեիք անցնող 2011 թվականը: -Անցած
2011 թվականը իր բովանդակային բնույթով կարելի է առանձնացնել հայկական
բանակի 20-ամյա պատմության մեջ, որպես առաջընթացի, բարեփոխումների և իհարկե
հզորացման տարի: Միանշանակ կարելի է պնդել, որ մնացած տարիների ընթացքում
չի արվել այնքան մեծ և, ինչը որ շատ ավելի կարևոր է, բոլորի կողմից
տեսանելի փոփոխություններ: Միգուցե լայն հասարակությունը չի զգում այդ
փոփոխությունները, կամ չի ուզում զգալ: Սա արդեն բոլորովին այլ հարց է:
Այստեղ շարքային քաղաքացին, որը մտահոգված է հայկական բանակում տիրող
իրավիճակով և բարքերով, ուղղակի չի կարող տեսնել այդ փոփոխություններ և
բարեփոխումների ողջ ծավալը: Բանակում կատարվող բարեփոխումները առյուծի
բաժինը լինելով զուտ ծառայողական խնդիրների լուծմանն ուղղված լայնամասշտաբ
աշխատանքներ պարզապես չեն կարող տեսանելի լինել լայն հասարակության համար:
Սակայն, կա մի գործոն, որը ապացուցում է բանակում ընթացող բարեփոխումները:
Դա առաջին հերթին, այն թափանցիկ և օբյեկտիվ տեղեկատվությունն է, որ
ներկայացվում է հասարակության բոլոր խավերին: Ուղղակի փորձեք ինքներդ
հիշել, թե մի քանի տարի առաջ ինչ չափի տեղեկատվության էինք տիրապետում մենք
բանակում կատարվող իրադարձությունների մասին: Կարելի է ասել նվազագույնի:
Իսկ այսօր բանակային առօրյան լայնորեն լուսաբանվում է բոլոր տեսակի
լրատվական միոցների կողմից, սկսած տպագիր և էլեկտրոնային մամուլից,
վերջացնելով հեռուստատեսային լրատվամիջոցներով: Եվ հարկ է նշել, որ շատ
դեպքերում ՊՆ լրատվական մարմինները առաջինն իրենք են տալիս տեղեկություններ
բանակում կատարված որոշ դեպքերի և պատահարների մասին: Սա ուղղակի
ապացույցն է այն բանի, որ ներկայիս բանակային հրամանատարությունն այսօր
բոլորովին այլ մոտեցում է ցուցաբերում հասարակության տեղեկացվածության
հարցին, քան մի քանի տարի առաջ: Միգուց կրկնվում եմ, սակայն, ստիպված եմ
նորից շեշտելու, որ սա այն լակմուսի թուղթն է, որով հասարակությունը պիտի
ընկալի բարեփոխումների ընթացքը, քանի որ մնացած բոլոր հարցերը ուղղակիորեն
կապված լինելով ծառայողական խնդիրների հետ, պարզապես դուրս են մնում
հասարակության ուշադրության կենտրոնից: -Պարոն Պետրոսյանց, Զինված ուժերի, հատկապես որ ուղղություններում են բարեփոխումներ իրականացվում: -Բարեփոխումները
այսօր բանակում ընդգրկում են բոլոր ոլորտները, սակայն, կարելի է ասել, որ
առաջնային տեղ են մղված ռազմակրթական համակարգի բարեփոխումները,
պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ձևավորումը, կադրային քաղաքականությունը
և այլն: Եվ կարելի է հստակորեն ընդգծել, որ ՀՀ ՊՆ-ն համագործակցելով և՛
ՀԱՊԿ և՛ ՆԱՏՕ անդամ երկրների հետ, բավականին վստահությամբ ընթանում է հստակ
նախագծված ուղիով, ամենևին «կախվածության» մեջ չլինելով ոչ Ռուսաստանից և
ոչ էլ ՆԱՏՕ-ից:
Աղբյուր` Panorama.am
15:33 05/12/2011 » Քաղաքական
Ռազմական փորձագետ. Ուշադրություն դարձրել ե՞ք, թե «բանակի քեֆերին» ինչ խորհուրդներ են տալիս ապագա զինծառայողին
«Բանակում առկա խնդիրներն արդյունք են
հասարակության ներսում նկատվող փոփոխություններին, հասարակարգային
փոփոխություն է տեղի ունեցել, ինչը չի կարող իր ազդեցությունը չթողնել նաև
բանակում տեղի ունեցող պրոցեսների վրա»,- անդրադառնալով բանակում առկա
խնդիրներին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա
Պետրոսյանցը:
«Նայեք, բոլորս էլ առիթ ունեցել ենք մասնակցելու «բանակի քեֆերի»,
ուշադրություն դարձրել ե՞ք, թե ինչ խորհուրդներ են տալիս ապագա
զինծառայողին հարազատներն ու ավագ ընկերները. կգնաս սրան սենց կանես, նրանց
նենց: Դա է՞ մեր խորհուրդը զինծառայողին»,- հարց հնչեցրեց Հ. Պետրոսյանցը:
Նրա խոսքերով, բանակում առկա բացերը հետևանք են նաև դեռևս խորհրդային
բանակում եղած խնդրահարույց բարքերից, սակայն դա չի նշանակում, թե կարելի է
ամեն ինչ քանդել ու միանգամից նորը ստեղծել:
«Մեկ բան պետք է հասկանանք. մենք չենք կարող Վրաստանի նման վերցնել ու
ամեն ինչ բանակում «շուռ տալ», քանի որ հասկանալի պատճառներով կոնֆլիկտի
մեջ ենք Ադրբեջանի հետ: Ինչ էլ տեղի ունենա, այն պետք է կատարվի նրբորեն,
որպեսզի ոչ մի ձևով, թեկուզ կարճատև ժամանակահատվածում, այն բանակի
մարտունակության վրա որևէ ազդեցություն չունենա»,- ասաց Հ. Պետրոսյանցը:
Նրա խոսքերով, զինծառայողները ադապտացվելու հետ կապված խնդիրներ են
ունենում, ինչի հետ կապված սպայական կազմը մեծ աշխատանքներ պետք է
իրականացնի ու իրականացանում է:
Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե արդյոք այդ տեսանկյունից
սպաներն իրենց առջև դրված խնդիրները չեն իրականացնում, փորձագետը նշեց.
«Խնդիրներ միշտ էլ կան, սակայն փողոցից բանակ տեղափոխված խնդիրների
80-90%-ը հարթվում է, և միայն մնացածների դեպքում է այն վերածվում է
արտակարգ պատահարներին»:
Հարցին, թե այդ դեպքում, արդյո՞ք, այսօր, բանակում նկատելի են
մեխանիզմներ, որով փորձ է արվում լուծել մնացած 10-20%-ի հարցը, բանախոսը
նշեց, թե իդեալական բանակի մոդել չկա, սակայն հնարավոր է բանակում առկա
միջադեպերը նվազագույնի հասցնել:
«Գիտեք, անհնար է ողջ օրը, սպայական կազմն անձնակազմին 100%-ոց հսկողության տակ պահի, դա ուղղակի ֆիզիկապես անհնար է»,- հավելեց նա:
Աղբյուր` Panorama.am
15:25 22/11/2011 » Քաղաքական
Փորձագետ. Ադրբեջանական սադրանքը՝ որպես բարոյալքությունը քողարկելու միջոց
«Դա քաղաքական քայլ էր: Պատահական չէ, որ զոհեր
գրանցվեցին մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի կողմից հնչած այն
հայտարարությունից հետո, երբ նա, խոսելով տարածաշրջանային զարգացումների
մասին, ընդգծեց, թե պատրաստ է խնդրի ռազմական ճանանապարհով լուծմանը»,-
մեկնաբանելով ադրբեջանցի դիպուկահարների վերջին ակտիվ գործողությունները՝
Panorama.am-ին ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանն իր այդ քայլով փորձում է ցույց տալ, թե ուժեղ է
և ի վիճակի է լուծելու իր առջև դրված խնդիրները, ինչը, սակայն, որևէ կապ
չունի իրականության հետ:
Հարցին, թե արդյո՞ք նման քայլերը կարող են լայնածավալ պատերազմական
գործողությունների բերել, վերջինս ասաց. «Ադրբեջանը պատերազմ սկսելու ո՛չ
քաղաքական, և ո՛չ էլ ռազմական ներուժ չունի: Միայն սպառազինության ձեռք
բերմամբ ու ամպագորգոռ հայտարարություններով պատերազմ չեմ սկսում, առավել
ևս՝ չեն հաղթում»:
Ըստ Պետրոսյանցի՝ պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում Ադրբեջանը վերջնական կքայքայվի, քանզի նա ուղղակի պատրաստ չէ դրան:
«Ադրբեջանական բանակում շատ են վարձկանները, մասնավորապես, ադրբեջանցի
դիպուկահարներն այլ երկրներից են, իսկ պատմությունը ցույց է տալիս, որ նման
վարձկանների դերակատարությունը պատերազմի ժամանակ այդքան էլ արդյունավետ
չի լինում: Նրանք իրենց երկրի համար չեն պայքարում ու բնականաբար, պատրաստ
չեն հանուն այլ երկրի կյանք տալ»,- ասաց նա:
Բանախոս համոզմամբ, ադրբեջանական իշխանությունները նման սադրանքների են
գնում՝ փորձելով կոծկել իրենց բանակում առկա ամոթալի իրադարձությունները,
փորձելով ամեն կերպ քողարկել իրենց բանակում առկա բարոյալքվածությունը: