Լուսագյուղ
Լուսագյուղ, գյուղ Արագածոտնի մարզում, Ապարանի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկը: Գտնվում է Ապարան քաղաքից 2 կիլոմետր հյուսիս-արևելք, Ծաղկունյաց լեռնաբազուկի
թեք փեշին և հարթության վրա: Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է
2015 մետր: Գյուղում կառուցված առանձնատները մեկ-երկու հարկանի են,
քարաշեն, բարետես: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային
և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի նորակառույց դպրոց:
Գյուղի կենտրոնում գտնվող եռախորան, քարածածկ կտուրով եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջերին: Կա նաև ավելի հին եկեղեցի ավերված վիճակում։
Ժողովրդագրական տվյալներ
1829 թվականին գյուղում հաստատվել է Դիադինից գաղթած 29 ընտանիք՝ 157 մարդ (81 տղամարդ, 76 կին): 1897 թվականին գյուղն ուներ 501, 1926 թվականին՝ 628, 1939 թվականին՝ 746, 1959 թվականին՝ 620, 1979 թվականին՝ 673, 1988 թվականին՝ 717, 1999 թվականին՝ 775 բնակիչ:
|