Եղիպատրուշ
Եղիպատրուշ (Մռավյան), բնակավայր Հայաստանի Հանրապետության Ապարանի տարածաշրջանում, Ապարանից մոտ 15 կմ հարավ, Ապարանի ջրամբարի հարավ-արևելյան մասում, Երևան-Ապարան խճուղուց դեպի աջ մոտ 10 կմ:
Տները քարաշեն են: Խմելու ջուրը սառնորակ է, բերված մոտակա լեռան լանջից՝ 5 կմ հեռավորությունից։
Պատմական անունը
Խորհրդային Միության տարիներին գյուղը անվանվել է Մռավյան՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության քարտուղար Ասքանազ Մռավյանի պատվին: Եղիպատրուշ է վերանվանվել 1991 թ-ին՝ պատմաբան, Ապարանի շրջխորհրդի պատգամավոր Տիգրան Պետրոսյանցի
և գյուղի դպրոցի նկարչության ուսուցիչ, Ապարանի շրջխորհրդի պատգամավոր
Սաղաթել Աշոտի Հովհաննիսյանի /հետագայում եղել է դպրոցի տնօրեն/
նախաձեռնությամբ:
Բնակչությունը
Բնակիչների նախնիների որոշ մասը գաղթել են Արևմտյան Հայաստանի Մուշ
գավառից։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային
կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի
տուն, գրադարան, կինո, բուժկայան։
Պատմական ակնարկ
Գյուղը հազարամյակների պատմություն ունի: Գյուղի ձախակողմում գտնվող
ձորակի երկու կողմերում, շինարարական աշխատանքներ կատարելիս, բացվել են
մ.թ.ա. 3-րդ - 2-րդ հազարամյակների դամբարաններ, գտնվել են այդ
ժամանակահատվածի կավե ամաններ և զարդեր: 4-5րդ դարերում տարածաշրջանի
տերերը` Գնթունիները
այստեղ, ներկա գերեզմանոցի արևմտյան եզրին, կառուցել են մեծ բազիլիկ տիպի
եկեղեցի, որի հյուսիսային պատի մի հատվածը պահպանվել է առ այսօր: Եկեղեցու
մոտ կան մի քանի 7-8-րդ դարերի խաչքարեր: 696 թ-ին այս գյուղում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Եսայի Ա Եղիպատրուշեցին: Գահակալել է 775-788 թվականներին: Գյուղի անվան հիշատակությունն էլ վերաբերում է հենց այդ կաթողիկոսին և պատմագրության մեջ հիշվում է մինչև 1644
թ-ը: Նրա ժամանակներում գյուղի կենտրոնական մասում կառուցվել է ընդարձակ
պալատ, որի պատերից մեկի որոշ հատվածը ներկայումս գյուղացիներից մեկի
պարսպի մաս է կազմում: 13-դարի սկզբներին այստեղ շինարարական
գործունեություն են ծավալել տարածաշրջանի նոր տերերը` Վաչուտյանները: Քուրդ Ա Վաչուտյանը և իր կին Դսեղի Գրիգոր Մամիկոնյան-Համազասպյանի դուստր Խորիշահ իշխանուհին կառուցել են Թորոս Թորամանյանի
բնորոշմամբ ժամանակաշրջանի լավագույն կենտրոնագմբեթ կաթողիկե եկեղեցին և
գավիթը: Եկեղեցին և գավիթը մեր օրերն էին հասել կիսավեր վիճակում: 1980-1988
թ-ին Հուշարձանների պահպանության հայկական ընկերությունը ամբողջովին
վերականգնեց կաթողիկե եկեղեցու փլված գմբեթը, ամբողջ պարագծով ամրացրեց
գավթի պատերը, սակայն հետագա աշխատանքները` գավթի կտուրի վերականգնումը
կիսատ մնաց անհրաժեշտ գումարների բացակայության պատճառով: Ամենայն
հավանականությամբ եկեղեցին կառուցել է Վաչուտյանների տոհմական ճարտարապետներից Մխիթաիչ Օշականցին: Նա նույն տոհմի մեկ այլ ճարտարապետի` Տեղերը կառուցած Աղբայրիկի ժամանակակիցն է: Միայն Տեղերի և Եղիպատրուշի եկեղեցիների գավիթների կտուրների վրա են զանգակատուն-եկեղեցիներ կառուցված /երրորդ հարկ/: Ընդ որում, Տեղերում
երրորդ հարկի զանգակատները կառուցվել են գավթի կտուրին շքադռան կողմից,
իսկ Եղիպատրուշում` գավթի և կաթողիկե եկեղեցու միացման մասում, գավթի
կտուրի երկու անկյուններում, կրկնահարկ ավանդատուն-խորանների վրա:
Կառուցողական այս նորույթը երկու եկեղեցիների համար մնացել է եզակի: Միայն
եկեղեցին կառուցող ճարտարապետին էր իրավունք վերապահվում եկեղեցու մոտ
խաչքար կանգնեցնել: Եկեղեցուց հարավ վեհորեն կանգնած են մոտ 3,5 մետր
բարձրությամբ երկու որմնափակ խաչքարեր: Խաչքարերից յուրաքանչյուրի նախշերը
տարբեր են, դրանց փոսիկները ներկված են եղել գորշ կարմիր գույնով: Այժմ
գույները խամրել են, և դրանց հետքն է միայն նախշափոսերի մեջ մնացել:
Որմնափակ խաչքարերի գլխամասային կապող քարի վրա փորագրված է. ,,զՄխիթարիչս
Աւշականեցի որ ձեվայցուց յիշէ,,: ,,Ձևայցուց,, բառը այստեղ գործածվել է
նախագծող-ձևող- քանդակողի իմաստով:
-
-
13-րդ դարի սկզբներին Մխիթարիչ Օշականցու կերտած որմնափակ խաչքարը
-
Եղիպատրուշի XIII դարերի եկեղեցին
-
-
-
|