ՎԱՉՈՒՏՅԱՆՆԵՐ 2
Քուրդ Ա (ծննդյան թվականն անհայտ - 1272 թ.), հայ ռազմական և պետական գործիչ, Արարատյան կողմնակալության հրամանատար-կողմնակալ, իշխանաց-իշխան:
Գործունեությունը
Արարատյան կողմնակալության հիմնադիր Վաչե Ա-ի որդին և հաջորդը վիմագիր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Վաչե Ա-ի Կեչառիսի վանական համալիրի 1213 թ-ի նվիրատվական արձանագրությունում: 1221
թ-ին եղել է կողմնակալության ամիրի պաշտոնում և համագահակալել է հոր հետ:
Այս պաշտոնի իրավասությունն է եղել կողմնակալության ներքին կյանքի,
առևտրականների և արհեստավորների նկատմամբ վերահսկողությունը, հարկահավաքի
կարգավորումը, զորահավաքը, ինչպես նաև թշնամական հարձակումների ժամանակ
բնակչության ուժերի կազմակերպումը: 1230-ական թթ-ի սկզբին փոխարինել է հորը: 1236
թ-ին հայ մյուս ավատատեր իշխանների նման հպատակվել է մոնղոլ զորավար
Չարմաղանին, մնացել է իր պաշտոնում և իր զորագնդով մասնակցել է մոնղոլների
արշավանքներին: Այս արշավանքի ընթացքում 1236 թ-ին Սումրառի-Սուրմալույում գերությունից ազատել է Մարկոս արքեպիսկոպոս Սուրմառեցուն: Մոնղոլների կողմից Ամբերդի ավերումից հետո մայրաքաղաք է դարձրել Նիգ-Ապարան
գավառի Վարդենիս գյուղը` այստեղ կառուցելով պարսպափակ երկհարկանի պալատ:
Մոնղոլ տիրակալների հետ ունեցած կապերի շնորհիվ մեծ հեղինակություն է
ունեցել և իր ժամանակակիցներից անվանել է ,,մեծ,, իշխան: Ազդեցիկ էին նրա
բարեկամական կապերը հայ իշխանական տների հետ: Ինքն ամուսնացել էր Դսեղի Մամիկոնյան-Համազասպյան Մարծպան իշխանի դստեր` Խորիշահի հետ, որդիներից Հասանին ամուսնացրել էր Ուքանանց տոհմից Արուս խաթունի հետ, դստերը` Մամքանին կնության էր տվել Խաչենի Դոփյանների իշխանական տան Ծարա ճյուղից Հասան Բ իշխանին: Սրանով պիտի բացատրվի այն փաստը, որ 1254 թ-ին մոնղոլների հետ պայմանագիր կնքելու նպատակով Կարակորում մեկնած Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա-ն մեկնելիս և 1255 թ-ին վերադառնալիս մի քանի ամսով հյուրընկալել է նրա Վարդենիս գյուղի դղյակում: Պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրել է, որ այդ օրերին Արևելյան Հայաստանի և անգամ Վրաստանի
շատ իշխանավորներ են եղել Վարդենիսի դղյակում: 1250-ական թվականների
վերջերին նրա հետ համագահակալել է երկրորդ որդին` Վաչե Բ-ն: Սակայն վերջինս
1261/1262
թթ-ի միջև անակնկալ մահացել է և հոր հետ համագահակալել է հաջորդ որգին`
Հասանը: Քուրդ Ա-ի մասին վերջին հիշատակությունը կատարել են նրա հյուրերը,
հայ մշակույթի հայտնի դեմքեր Գևորգ Սկևռացին /1267 թ./ և Վարդան Արևելցին /1268 թ./, որոնք այդ ժամանակ գործել են կողմնակալության մշակութային կենտրոններում` Թեղենյաց վանքում և Սաղմոսավանքում: Պատմիչ Զաքարիա Սարկավագը գրել է, որ կյանքի վերջին տարիներին թողել է աշխարհիկ իշխանությունը և մտել է Սևանավանք: Այստեղ էլ նրա պատվերով պատրաստվել է Սևանավանքի դուռը:
Շինարարական և մշակութային գործունեությունը
Հայտնի է մշակութանպաստ և շինարարական գործունեությամբ: Կնոջ` Խորիշահի համագործակցությամբ կառուցել է Եղիպատրուշի կենտրոնագմբեթ եկեղեցին և գավիթը /1230-ական թթ-ին/, Սաղմոսավանքի բազիլիկ տիպի մատուռը /1230-ական թթ-ին/, գրատունը /1255 թ/, Աստվածընկալի կենտրոնագմբեթ եկեղեցին /1244 թ./ և գավիթը /1250-ական թթ-ին/, Հովհաննավանքի գավիթը /1251 թ./: Նրա հրամանով բնակչության ուսերից հանվել է հարկատեսակ, որի վիմագիր-հրամանագիրը փորագրված է Կարբիի բերդում կանգնեցված գեղաքանդակ խաչքարի պատվանդանին /1235 թ./: Բազում նվերներ է տվել Հաղպատի և Սանահինի վանքերին, որտեղ դրանց առիթով կանգնեցվել են գեղաքանդակ խաչքարեր:
Գրականություն
1. Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. 3, Վաղարշապատ, 1870 թ.:
2. Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 11, Ե., 1985 թ., էջ 283:
3. Հայկական Հանրագիտարան: Ով ով է: Հայեր: Կենսագրական հանրագիտարան, հ. 2: Ե., 2007 թ., էջ 526:
4. Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ, Ե., 2001 թ., 363 էջ:
5. Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Վաչուտյան իշխանական տան տոհմածառը, ,,Բանբեր Երևանի համալսարանի,,, 1981 թ., թիվ 3:
Խորիշահ
(ծննդյան թվականն անհայտ - մահացել է 1260-ական թթ-ին), Վաչուտյան իշխանատոհմի իշխանուհի, Դսեղի Համազասպյան-Մամիկոնյան Մարծպան իշխանի և Մամքանի դուստր:
Գործունեությունը
Խորիշահը ամուսնու` Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Քուրդ Ա Վաչուտյանի հետ շուրջ չորս տասնամյակ իշխել է Արագածոտն-Նիգ գավառներում, մասնակցել ամուսնու բոլոր ձեռնարկումներին: 1250-ական թվականների սկզբին իրենց վաղամեռիկ դստեր` Մամախաթունի հիշատակին Խորիշահը և Քուրդ Ա-ն կառուցել են Սաղմոսավանքի գրատուն-մատենադարանը: Նրանք կառուցել են Աստվածընկալի կենտրոնագմբեթ եկեղեցին /1244 թ./ և գավիթը /1250-ական թվականներին/, Հովհաննավանքի գավիթը /1251 թ./, նորոգել են Սևանի Առաքելոց վանքը: Նվերներ են տվել Հաղպատի, Սանահինի վանքերին: Խորիշահը և Քուրդ Ա-ն հովանավորել են մշակութային գործիչներին: 13-րդ դարի հայ նշանավոր մշակութային գործիչ, պատմիչ Վարդան Արևելցին տևական ժամանակ հյուրընկալել է նրանց Վարդենիս գյուղի դղյակում: Նրանց հյուրն են եղել Վանական Վարդապետը, Գևորգ Սկևռացին, Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա-ն /1254-1255 թթ-ին/, պատմիչ Կիրակոս Գանձակեցին: Պատմիչը ականատեսի վստահությամբ գրել է, որ Հեթում Ա թագավորի դղյակում գտնվելու օրերին ,,... եկին առ նա ... եպիսկոպոսք և վարդապետք և քահանայք և իշխանք քրիստոնէից...,,:
Գրականություն
ՄԱՄՔԱՆ
/ծննդյան թվականն անհայտ - 1315 թ./, Խաչենի Դոփյանների իշխանական տան Ծարա ճյուղի իշխանուհի, Քուրդ Ա Վաչուտյանի և Խորիշահի դուստր:
Գործունեությունը
Ամուսնանալով Դոփի` Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանների քրոջ թոռ, Խաչենի, Ականի, Հանդաբերդի, Ծարի գահակալ իշխանաց-իշխան Հասան Բ-ի հետ, Մամքանն աչքի է ընկել որպես իր դարի մեծահարուստ բարերարներից մեկը: Ամենայն հավանականությամբ նա ամուսնացել է 1287 թ-ից առաջ, քանի որ այդ թվականին Հասան Բ-ն
մահացել է: Հայրենի տիրույթներում նա կանգնեցրել է խաչքարեր,
նվիրատվություններ կատարել վանքերին: Մամքանը և որդին` Գրիգոր Ա-ն, 1310
թ-ին նվերներ են տվել Դադի վանքին: Այս արձանագրությունը առաջինն է, որ
թվակիր է: Կան այլ արձանագրություններ, որ թվագրված չեն:
Արձանագրությունների մեջ Մամքանն իրեն միշտ կոչում է ,,ամուսին արիականին
Հասանայ,, կամ ուղղակի ,,ամուսին Հասանայ,,: Հասան Բ-ի
հիշատակին Մամքանն ու Գրիգոր Ա-ն Դաշքենդի Աստվածածին եկեղեցուն ջրաղաց,
հող և այլ նվերներ են տվել: Մամքանը մահացել է 1315 թ-ին և թաղվել հայրենի
Դադի վանքի իշխանական տապանատանը:
Գրականություն
Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի: Ե., 2005 թ., էջ 76-77:
ՔՈՒՐԴ Բ ԱՄԲԵՐԴԵՑԻ
(ծննդյան թվականն անհայտ - 1340/1350-ական թթ-ին), հայ ռազմական և պետական գործիչ, Արարատյան կողմնակալության հրամանատար-կողմնակալ, իշխանաց-իշխան:
Գործունեությունը
Արարատյան կողմնակալության հիմնադիր Վաչե Ա-ի որդու` Քուրդ Ա-ի թոռն է, Տայիրի որդին և կողմնակալության գահին հաջորդել է հորեղբորը` Դավիթ Վաչուտյանին: 1316-1335 թվականների միջև գրված մի ձեռագրի հիշատակարանում նշված է, որ նա գահակալել է մոնղոլ Ղազան խանի /գահակալել է 1295-1304 թթ-ին/, Խուդաբանդ խանի /գահակալել է 1304-1316 թթ-ին/, Աբու Սայիդ խանի /գահակալել է 1316-1335 թթ-ին/ օրոք` 13-րդ դարավերջից մինչև 1340-ական
թվականները: Այս խաների հետ ունեցած հարաբերությունների շնորհիվ`
ընդունվել է նրանց կողմից և իր տարածքներում ինքնիշխան գործելու հրամանագիր
/ֆարման/ է ստացել: Հենց այդ շրջանում մոնղոլական լծի թուլացմանը զուգահեռ
ավելանում էր առանձին հայ իշխանավորների հզորությունը: Քուրդ Բ-ն Շահնշահ Գ-ի, Բուրթել Օրբելյանի, Գրիգոր Դոփյանի
(Խաչենցու) հետ 14-րդ դարի առաջին կեսի ամենահայտնի քաղաքական-ռազմական
դեմքերից մեկն էր: Նա վերականգնել էր ռազմական հզորությունը` Ամբերդի, Կարբիի
և այլ բերդեր, ուներ հզոր հեծելազոր և իր զորաբանակներով պաշտպանում էր ոչ
միայն հայրենի տիրույթները, այլև ,,...այլոց գաւառակցացն բազում կարեկից
եւ օգնական լինէր,,: Արժանահիշատակ են նաև նրա բարեկամական կապերը: Նրա
կինն էր Իվանե Ա Զաքարյանի տոհմից Ամիրբեկի դուստր Խուանդ խաթունը: Դստերը` Թաթունին կնության էր տվել Խաչենի Ծարա ճյուղից Հասան Գ-ի որդի Հասան Դ-ին: Թշնամիների դեմ տարած հաղթանակները Քուրդ Բ-ն հավերժացրել է Կարբիի հաղթակամար-եկեղեցու կառուցումով, որի շինարարությունն ամենայն հավանականությամբ ավարտվել է 1338 թ-ին և որը իր գաղափարական մատուցմամբ` հաղթակամար-եկեղեցի, եզակի երևույթ է հայկական միջավայրում:
Գրականություն
1. Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. 3, Վաղարշապատ, 1870 թ.:
2. Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ, Ե., 2001 թ., 363 էջ:
3. Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Վաչուտյան իշխանական տան տոհմածառը, ,,Բանբեր Երևանի համալսարանի,,, 1981 թ., թիվ 3:
ԽՈՒԱՆԴ ԽԱԹՈՒՆ /ԽՈՅԱ/
(ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), Վաչուտյան իշխանատոհմի իշխանուհի, Իվանե Ա Զաքարյանի որդի Ավագ աթաբեկի թոռ Ամիրպեկի դուստր:
Գործունեությունը
Գործել է 14-րդ դարի առաջին կեսին, եղել է դարի ամենաազդեցիկ իշխանավորներից մեկի, Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Քուրդ Բ Վաչուտյանի կինը: Նրա անունը 1329 թ-ին առաջին անգամ հիշատակվել է Ուշի
գյուղի եկեղեցու պատին փորագրված Հոռոմ երեցի արձանագրության մեջ:
Մասնակցել է ամուսնու ձեռնարկումներին, զորավար ամուսնու բացակայությամբ
իրականացրել է իշխանատիրույթի կառավարումը: Քուրդ Բ-ի և Խուանդ խաթունի օրոք է վերականգնվել մոնղոլների կողմից ավերված Ամբերդի բերդը իր նոր պարսպահատվածներով, վերականգնվել Կարբի գյուղի բերդն իր նոր բուրգերով ու վերածվել իշխանատիրույթի մայրաքաղաքի, կառուցվել Կարբիի հաղթակամար-եկեղեցին, որ բացառիկ է հայկական եկեղեցաշինության ասպարեզում: 1340-ական թթ-ին, Քուրդ Բ-ի մահից հետո, թեև իշխանությունն անցել է հոր գահակից որդուն` իշխանաց-իշխան Թեոյդոս Չրքինին, սակայն Խուանդ խաթունն ունեցել է գահերեցության իրավունք, քանզի երբ Թեոյդոսը 1350 թ-ին նվիրատվական արձանագրություն է փորագրել Հովհաննավանքում, արձանագրության վերջնամասում մոր անունից ավելացված է. ,,ես` Խուանդ խաթուն, ամուսին Ամբերդեցի Քրդին, մայր Չրքընին... հաստատեցի զվերոյ գրեալս,,: Այս արձանագրությունը թե Խուանդ խաթունի, թե Վաչուտյան տոհմի մասին վերջին տեղեկությունն է:
Գրականություն
Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի: Ե., 2005 թ., էջ 58-59:
ԹԵՈՅԴՈՍ ԱՆԲԵՐԴԵՑԻ
(ծննդյան թվականն անհայտ - 1350-ական թթ-ին), հայ
ռազմական և պետական գործիչ, Արարատյան կողմնակալության
հրամանատար-կողմնակալ, իշխանաց-իշխան:
Գործունեությունը
Արարատյան կողմնակալության ազդեցիկ կողմնակալ-հրամանատար Քուրդ Բ Ամբերդեցու որդին է: Արձանագրություններում կոչվել է նաև ,,Չրքին,,, որ թարգմանաբար նշանակում է տգեղ: Կարբիի հաղթակամար-եկեղեցու պատին Քուրդ Բ-ի 1338 թ-ին փորագրված արձանագրության մեջ արդեն իսկ վավերացվել է Քուրդ Բ-ի
իրավահաջորդի` Թեոյդոսի Անբերդի տեր և հոր գահակից լինելու փաստը. ,,եւ
հարազատ որդի մեր Չրքին, տէր Անբերդոյ գավառիս,, արտահայտությամբ: Թեոյդոս
իշխանաց-իշխանը հորը փոխարինել է 1340-ական
թվականների կեսերից: Նրա գահակալումը համընկել է իլխանության հոգեվարքի
շրջանին, երբ մոնղոլական կենտրոնական իշխանությունը ներքին
հակամարտությունների և սելջուկ-թուրքերի հարվածների տակ այքան էր թուլացել,
որ այդ զգացվում էր նաև իլխանության ծայրամասերում և իր արտահայտությունն
էր գտնում կենտրոնական իշխանության մեկուկես դար գոյատևած ձևերի վերացմամբ:
Նման մի վավերաթուղթ է Թեոյդոս Չրքինի 1343 թ-ին Կարբիի
հաղթակամար-եկեղեցու հարավային պատին փորագրված արձանագրությունը: Ահա
այն. ,,Ես` Չրքինս, որդի Քրդին, տէր Անբերդոյ գաւառի, անիրաւունք տեսա, որ
զճանապարհորդի ձիաւլուխ տաին: Մենք զայս արձան գրեցաք, որ այլ ի Կարբի
ճանապարհորդի ձիաւլուխ չտան,,: Այս արձանագրությամբ Թեոյդոսը վերացրել է
,,ձիավլուխի,,` իլխանական պետության մեջ սուրհանդակներին, երթևեկին և
հարկահավաքներին ձիով, պարենով, անասնակերով ապահովելու պարտականությունը,
որ ամբողջ ծանրությամբ ընկած էր բնակչության ուսերին: Արձանագրությունից
պարզվում է, որ թեև Թեոյդոսը իր իշխանատիրույթում նման հանդուգն որոշում
կարող էր կայացնել, բայց իրեն իշխանաց-իշխան կոչում չի վերագրել, քանի որ հայրը` իշխանաց-իշխան øուրդ Բ-ն դեռևս կենդանի էր: Միայն 1350 թ-ի Հովհաննավանքի նվիրատվական արձանագրության մեջ է նա իրեն իշխանաց-իշխան կոչել. ,,Ես` Թէոյդոս, մականուն Չրքին, իշխանաց-իշխան, որդի Անբերդեցի Քրդին իշխանաց իշխանին..,,: Արձանագրության շարադրման եղանակը հուշում է, որ գրվել է ի հիշատակ Քուրդ Բ-ի, որի մահը տեղի է ունեցել հենց այդ տարի` 1350
թ-ին: Այս արձանագրությունն առանձնահատուկ է նրանով, որ արդեն
իշխանատիրույթի լիիրավ տեր Թեոյդոսի հոր հիշատակին տված նվերների
հաստատումը կատարել է մայրը` Խուանդ խաթունը: Փաստորեն իշխանատիրույթի պատասխանատուն, երկրորդ դեմքը դեռևս Խուանդ խաթունն էր: Հենց այս ժամանակներում իլխանության փլատակների վրա իշխանության գլուխ բարձրացավ Չոբանյան Մելիք Աշրաֆը ու արյունով ծածկեց Հայաստանն ու ոչնչացրեց Հայաստանի անկախ իշխանությունները: 1350 թ-ից հետո, Թեոյդոս իշխանաց-իշխանի օրոք, հայկական շատ իշխանական տների նման Վաչուտյաններն էլ կորցրեցին իրենց տիրույթները և հեռացան պատմության թատերաբեմից:
Գրականություն
1. Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. 3, Վաղարշապատ, 1870 թ.:
2. Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ, Ե., 2001 թ., էջ 95-97:
3. Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Վաչուտյան իշխանական տան տոհմածառը, ,,Բանբեր Երևանի համալսարանի,,, 1981 թ., թիվ 3:
Թաթուն Վաչության
(ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), Խաչենի իշխանատոհմի իշխանուհի, Քուրդ Բ Վաչուտյանի և Խուանդ խաթունի դուստր։
Գործունեությունը
Գործել է 14-րդ դարի առաջին կեսին: Հայրը` Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար Քուրդ Բ Վաչուտյանը նորացրել է խնամիական կապը Խաչենի, Ականի, Հանդաբերդի, Ծարի տիրակալների հետ և դստերը` Թաթունին կնության է տվել Դոփի` Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանների քրոջ ծոռ, իշխանաց-իշխան
Հասան Գ-ի որդի Հասան Դ-ին: Հայրենի Դադի վանքին տված նվերների առիթով
իշխանատիրույթի տիրուհի սկեսուրը` Հասան Դ-ի մայր Գոնցան արձանագրել է.
"Ես` Գոնցէս... տվաք ի Դադի վանս զմեր հայրենիքն զԽուդ իւր սահմանովն
Խասովն, վերին Մարգով` վասն սիրական հարսինն մեր Թաթունին, դստերն Քրդին
Անբերդեցի` ամուսնո Հասանա": Ամենայն հավանականությամբ այսպիսի մեծարժեք
նվիրատվությունը կատարվել է Հասան Դ-ի և Թաթունի ամուսնության առիթով:
Հետագայում ինքնուրույն նվիրատվություններ է կատարել հայրենի հոգևոր
կենտրոններին:
Գրականություն
|