Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Հոդվածներ | Регистрация | Вход
 
Среда, 04.12.2024, 22:05
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Статьи » Мои статьи

ՎԱՉՈՒՏՅԱՆՆԵՐ 3

Հովհաննավանք

Հովհաննավանք
Հովհաննավանքը

Հովհաննավանք (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Արգածոտնի մարզ, Հովհաննավանք
Կոորդինատներ 40.339428, 44.38865340.339428, 44.388653
Կրոնադավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Թեմ Արագածոտնի
Տարածք Հայաստան
Մարզ Արագածոտնի մարզ
Օծման թվական 1216 թ.
Հոգևոր կարգավիճակ Վանք, եկեղեցի
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման ավարտ 1216 թ.

Commons-logo.svg Վիքիպահեստում


Հայկական վանական համալիր է Հովհաննավանք գյուղի մոտ, Արագածոտնի մարզում: Այն գտնվում է Քասաղ գետի Արագածահայաց ժայռաբերանին: Վանքը նվրիված է Հովհաննես Մկրտչին:


Վանքի հնագույն կառույցը

Վանքի ամենահին շինությունը Սուրբ Կարապետ բազիլիկ տիպի եկեղեցին է, կառուցված չորրորդ դարի սկզբներին Գրիգոր Լուսավորչի կողմից: Այդ եկեղեցու փայտե տանիքը քարե տանիքով փոխարինվել է 554 թ-ին, և հիմնովին վերանորոգվել 1652-1734 թթ-ին:

Վաչուտյանաշեն կառույցները

Հովհաննավանքի կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին 1216-1221 թթ-ին կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանը, կնոջ` Հասանի դուստր Մամախաթունի համագործակցությամբ: Կառուցելով այս շինություը Վաչե Ա-ն շեշտել է իր էթնիկական հավատարմությունը Գրիգոր Լուսավորչի ավանդույթին: Վերասլաց շինությունը շքեղորեն նստած է Քասաղի կիրճի ուղղահայաց ելուստի վրա: Եկեղեցու արևելյան պատը կարծես ուղղակի ձորապռնկի շարունակությունն է: Եկեղեցին ներքուստ խաչաձև է և այդ տեսքն ստացել է շինության չորս անկյուններում տեղադրված կրկնահարկ ավանդատների շնորհիվ: Արևելյան կողմի առաջին հարկի ավանդատների մուտքը ճակատային մասից է, իսկ վերին հարկի մուտքերը` ավագ խորանի միջից: Արևմտյան կողմի ավանդատների առաջին հարկի դռները շքամուտքի աջ և ձախ կողմերից են, իսկ երկրորդ հարկի մուտքերը գտնվում են դրանց վերևում և այդտեղ կարելի է բարձրանալ քարե 11 կոնսուլային աստիճաններով /այդպես է նաև Սաղմոսավանքում, Կարբիի հաղթակամար-եկեղեցում, Եղիպատրուշի գավթում, Հառիճում, Նորավանքի Բուրթելաշեն, Կապուտանի եկեղեցիներում/: Եկեղեցու արևմտյան պատը գմբեթի հետ կործանվել էր 1918 թ-ին երկրաշարժից: Պատմիչ Զաքարիա Սարկավագի նկարագրության և տեղում պահպանված մանրամասների հիման վրա պարզվել է գմբեթի նախնական տեսքը: Թմբուկն ունեցել է 12 նիստ` ինչպես Գանձասարի եկեղեցին և վերասլաց վեղար: Հենց այդպես էլ 1980-1990-ական թթ-ին գմբեթն ու վեղարը վերականգնվեցին: Եկեղեցին հյուսիսային դռնով հաղորդակցվում է 4-րդ դարի բազիլիկ եկեղեցու հետ, իսկ արևմտյան կողմում ունի շքամուտք, որով հաղորդակցվում է գավթի հետ: Եկեղեցին ինչպես ներքուստ, այնպես էլ արտաքուստ պատած է հարուստ ու ճոխ հարթաքանդակներով: Սակայն առավել ցայտուն է շքամուտքի ու շքամուտքի բարավորի ձևավորումը: Դռան շրջակալի կողքերին, երկու կիսագլան սյուների միջնամասերում մեծ վարպետությամբ փորագրված են ութաթև աստղեր և բուսապատկեր քանդակներ, իսկ բարավորը զարդարված է ,«Իմաստուն և հիմար կույսեր,, առակի բարձրաքանդակով (Մատթեոս 25:1-13): 1240-ական Քուրդ Ա Վաչուտյանը` կնոջ` Խորիշահի համագործակցությամբ սկսել է կառուցել գավիթը, որի շինարարությունն ավարտվել է 1250 թ-ին: Գավիթը զբաղեցնում է Կաթողիկե եկեղեցու ամբողջ արևմտյան ճակատը և 4-րդ դարի բազիլիկ եկեղեցու արևմտյան պատի մի մասը` մուտքով հանդերձ: Հովհաննավանքի գավիթը պատկանում է 13-րդ դարում տարածում գտած քառասյուն գավիթների տիպին ու մի ընդարձակ դահլիճ է: Գավթի չորս հզոր սյուները որմնասյուներին և իրար միանում են կամարներով, որոնց շնորհիվ ամբողջ առաստաղը բաժանված է ինը միջկամարային հատվածների: Չորս սյուների միջև ընկած երդիկավոր կենտրոնական հատվածը պսակված է ռոտոնդայով /ամենամեծը Հայաստանի նույնատիպ կառույցների մեջ/: Կտուրի մյուս հատվածները ներքուստ ծածկված են զարդաքարերով, իսկ արևելյան մասի կենտրոնական հատվածը` շթաքարերով: Շքամուտքը հարուստ ձևավորված է: Ուղղանկյուն շրջանակի ներսի տարածությունը պատած է շեղանկյուն զարդաքարերով, որոնք կազմում են հավասարաթև խաչեր: Շքամուտքի գլխին գտնվում է միջնասյունով երկու մասի բաժանված մեծ և լայն լուսամուտ, որը կիսաշրջան վերնամասի հետ առնված է շթաքարե քանդակներով պատած շրջանակի մեջ: Գավթի արևմտյան պատը շքամուտքի երկու կողմերում արտաքինից պատած է եռակերտ զարդակամարներով` մուտքից ձախ` չորս, մուտքից աջ` երեք թռիչքներով: Գավթի զարդը 12 սյուների վրա հենված ռոտոնդան է: Սյուներից վեցը մեկընդմեջ կլոր են, վեցը` բազմանկյուն: Ճարտարապետական այս ձևը շուրջ մեկ հարյուրամյակ հետո լավագույնս օգտագործվեց Կարբիի հաղթակամար-եկեղեցում, Եղվարդի, Նորավանքի Բուրթելաշեն, Կապուտանի եկեղեցի-դամբարան-զանգակատներում: Գավթի ներսում, բազիլիկ և Կաթողիկե եկեղեցու արևմտյան պատերի մոտ, բարձր պատվանդաններին ագուցված կամ պատերի մեջ ամրացված են գեղաքանդակ խաչքարեր: Վաչուտյան իշխանատան հիմնադիր Վաչե Ա-ի և նրա որդի Քուրդ Ա-ի կառուցած Կաթողիկե եկեղեցին և գավիթը 13-րդ դարի համայնապատկերին իրենց ճարտարապետական դիմագծերով, լուծումներով ամենաաչքի ընկնող կառույցներից են: Մեծավաստակ Գարեգին Ա Հովսեփյանցը հայ իշխանական տների շինարարական գործունեության մասին խոսելիս առանձնահատուկ նշել է գլուխգործոցները` ,,Յոհաննա-վանքը Վաչուտեանց իշխանութեան մէջ, Գանձասարը Խաչենի, Նորավանքը Օրբէլեանների, Դսեղի Բարձրաքաշը Մամիկոնեանների, Գեղարդը Խաղբակեանների... կենդանի եւ խօսուն վկաներ են մի աննման, եռանդուն շինարարութեան, որի նմանը քիչ է կրկնւում պատմութեան մէջ,,: Իր պարիսպներով` կամարակապ մեծ դարպասով, Հովհաննավանքը Վաչուտյանների իշխանատիրույթի հզորագույն ամրոցներից մեկն է եղել: Պարսպի վրա եղել է յոթ աշտարակ, որոնք տեղադրված են իրարից 30-40 մետր հեռավորությամբ: Որոշ տեղերում պարիսպները պահպանվել են 4-5 մ բարձրությամբ: Պատերը շարված են ամուր կրաշաղախով և ունեն 1,5-2 մ հաստություն: Զաքարիա Սարկավագի գրառած մի արձանագրության համաձայն պարիսպը մինչև 1222 թ-ը կառուցել է Կյուրիկյան Աբաս թագավորի այրի` Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանների քույր Վանենին /Նանա/:

Հոգևոր-մշակութային կենտրոն

Հովհաննավանքն իր պատմության բոլոր ժամանակներում, ինչպես նաև Վաչուտյանների իշխանության շրջանում, խիստ կարևոր դեր է կատարել Հայաստանի հոգևոր, կրթական և մշակութային կյանքում: 1243 թ-ին Կոնստանդին Ա Բարփրբերդցի (1221-1267) կաթողիկոսի կոնդակով հիմնվել է Ամբերդի եպիսկոպոսական թեմը Հովհաննավանք կենտրոնով: 1245-1352 թթ-ին թեմակալ առաջնորդներ են եղել Մկրտիչ եպիսկոպոսը, Մամիկոնյան-Համազասպյան տոհմի նրկայացուցիչներ Համազասպ և Ներսես եպիսկոպոսները, Վասիլ եպիսկոպոսը, Աբրահամ եպիսկոպոսը: Հետագայում այս թեմը կոչվել է Հովհաննավանքի թեմ և խիստ կարևոր դերակատարություն է ունեցել ժամանակաշրջանի հոգևոր կյանքում, առանձնապես 1441 թ-ին` Մայր աթոռը Կիլիկիայից Էջմիածին տեղափոխելու ժամանակ: Այստեղ գործել են կրթական տարբեր տիպի դպրոցներ, բարձր տիպի դպրանոց, որտեղ ուսումնասիրվել են տոմարագիտություն, փիլիսոփայություն, երաժշտություն, բանասիրություն: Հովհաննավանքում գործել են տասնյակ գրիչներ, որոնք ընդօրինակել են բազմաթիվ ձեռագրեր: Այդ ձեռագրերից մեր օրերն են հասել ու այժմ Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են մոտ 20 ձեռագրեր: Հովհաննավանքում իր ողջ կյանքն է անցկացրել միջնադարի պատմիչ Զաքարիա Քանաքեռցին /17-րդ դար/:

Հովհաննավանքի արձանագրությունները

Հովհաննավանքի բոլոր կառույցների թե դրսի, թե ներսի պատերին փորագրված են մոտ 100 տոհմաբանական /հատկապես Վաչուտյան իշխաններին վերաբերող/, շինարարական, նվիրատվական արձանագրություններ: Դրանք հավաքել ու հրատարակել է անվանի պատմաբան, վիմագրագետ Կարապետ Ղաֆադարյանը: [1]

Օգտագործված գրականություն




ԹԵՂԵՆՅԱՑ ՎԱՆՔ

վանական համալիր պատմական Նիգ գավառում /ներկայումս Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիս-արևելյան կողմում/` Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։

Ճարտարապետական կառույցները

Հնավայրի հնագույն կառույցը եղել է 6-7-րդ դարերով թվագրվող փոքր խաչաձև, եռախորան կենտրոնագմբեթ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հիմնային մասերը հայտնաբերվել են պեղումներով: Այդ շինությունից մոտ 30 մետր արևելք գտնվող կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում: Այն զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են հայկական խորշերով։ Գեղեցկությամբ առանձնանում է Ավագ խորանի ճակատամասը, որի մակերեսին երկրաչափական, բուսական և կենդանական թեմաներով հարթաքանդակներ են։ Գեղարվեստական արժեք է ներկայացնում կենտրոնական սալաքարի վրա փորագրված սիրամարգի հարթաքանդակը` բացված պոչով, կիսաբաց թևերով, գլուխն աջ թեքած: Պատկերը ներկալված է բազմաժապավեն շրջագծի մեջ։ 1207 թ-ին իշխան Վահրամ Չավուշը Կաթողիկե եկեղեցուն կից կառուցել է քառասյուն, բրգաձև երդիկով գավիթ, որի շարվածքի սև և կարմիր տուֆի համադրությունը ներսում բազմագունություն է մտցրել։Կաթողիկե եկեղեցուն հարավից կից է գրատունը` արլևելյան կողմում գրիչների համար նախատեսված չորս խցերով, իսկ գավթին հյուսիսից կից է քառասյուն մի շինություն, որը ենթադրաբար ծառայել է որպես մատենադարան։ Վանական համալիրի հյուսիսարևմտյան կողմում առանձին կանգնած է ուղղանկյուն, թաղածածկ սեղանատան հյուսիսային պատը (13-րդ դար): Համալիրի արևմտյան կողմում գտնվում է վանքի գերեզմանատունը։ 1827 թ-ին Թեղենյաց վանքը հիմնովին ավերվել է երկրաշարժից: 1979 թ-ին հնագետ Գագիկ Սարգսյանի ղեկավարությամբ սկսվել ու հետագա տարիներին պեղվել է վանքի տարածքը: Այդ պեղումներով են բացվել հողածածկ Կաթողիկե եկեղեցին, գրատունը, մատենադարանը, փոքր եկեղեցին։

Ժամանակակիցների բնորոշումը

13-14-րդ դարերում Թեղենյաց վանքի հռչակը մեծ էր: Գևորգ Սկևռացին /1267 թ./ վանքի մասին գրել է ,,մեծահռչակ հրեշտակակրաւն աստուածաբնակ սուրբ ուխտս Թեղինեաց,,: Մկրտիչ Րաբունին /13-14-րդ դարեր/ այն կոչել է. ,,գերահռչակ սուրբ ուխտս,,:

Գործունեությունը

Թեղենյաց վանքը առաջին անգամ հիշատակվել է 8-րդ դարի սկզբին` 727-728 թթ-ին` Վահան Գողթնացու այս վանքում ապաստանելու կապակցությամբ։ 11-14-րդ դարերում վանքը եղել է կրթական և գրչության կենտրոն։ Թեղենյաց և Մաքենացոց վանքերում պահպանված հայ եկեղեցու ժամասացության կանոնակարգերի հիման վրա, 1166 թ-ին Ներսես Շնորհալի կաթողիկոսը հայկական վանքերում ու եկեղեցիներում միասնական համակարգ է մշակել։ 1205-ին, Լոռի քաղաքում, 1207 թ-ին Անի քաղաքում Զաքարյան Հայաստանի արքա Զաքարե Բ Զաքարյանի հրավիրած դավանաբանական ժողովներին մասնակցել է Թեղենյաց վանքի առաջնորդ Տուրքիկ վարդապետը: Պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրել է, որ Տուրքիկ վարդապետի վանահայրության օրոք, վանքի միաբանությունն ապրել է համայնակեցության սկզբունքով «զամենայն ինչ հասարակաց լինել և առանձին ոչ ինչ ստանալ»։13-րդ դարում վանքում գործել են պատմիչ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի ընկեր Կիրակոս Գծծակերպ գիտնականը /10-րդ դար/, Վանական Վարդապետը /1246 թ./, Վարդան Արևելցին իր աշակերտի` Գևորգ Սկևռացու հետ /1267 թ/, Մկրտիչ Րաբունին /12-13-րդ դարեր/: Վանքի վանահայրերից հիշվում են Երեմիա Ճգնավորը /10-րդ դար/, Տուրքիկ վարդապետը /13-րդ դարի սկիզբ/, Մխիթար վարդապետը /13-րդ դարի առաջին կես/, Գրիգոր վարդապետ Բջնեցին /13-րդ դարի վերջ/, Հակոբ վարդապետը /14-րդ դարի առաջին կես/: Այստեղ բազմաթիվ գրիչներ են գործել: Պահպանվել ու մեր օրերն են հասել գրիչներ Թադեոսի ու Վարդանի /1198 թ./, Գևորգ Սկևռացու /1267 թ/, Սարգիս դպիրի, Նահապետ քահանայի, եղբայրներ Քահանայի և Շմավոնի, Սարգիս քահանայի, Հովհաննեսի, Վրթանեսի, Դավթի, Մկրտիչ Րաբունու /13-դարի երկրորդ կես - 14-րդ դարի սկիզբ/ ընդօրինակած ձեռագրերը: Քահանայի, Շմավոնի, Դավթի ընդօրինակած Ավետարանը գտնվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում, մյուսները պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտում /4645, 6558, 6273 թվահամարների տակ/: Թեղենյաց վանքի համալսարանում է սովորել բանաստեղծ Տերտեր Երևանցին /14-րդ դար/: 13-րդ դարի սկզբին ստեղծված Արարատյան կողմնակալության տերերի առաջին արձանագրությունը 1211 թ-ին Վասակաշեն գավթի պատին փորագրել է տվել կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա-ի կին Հասանի դուստր Մամախաթուն իշխանուհին: Գավթի պատերին նվիրատվական արձանագրություններ են թողել Քուրդ Ա Վաչուտյանն ու իր կինը` Խորիշահ իշխանուհին, Վեցիկ ճարտարապետը, Հովհաննես Խաչենցին, Սմբատի որդի Քուրդը ու իր կինը` Տիկնաց տիկինը և ուրիշներ: Վանքում ապրել ու ստեղծագործել են Հայաստանի տարբեր վայրերից այստեղ հաստատված անձինք: Վանքի գերեզմանոցում թաղված են Վարդան քահանան ,,որ էր ի Կէսարացոց գավառեն,, /+1210 թ./, Էրկաթի որդի Հովհաննես կրոնավոր Լոռեցին, Գորգ քահանա Վարագեցին: Այստեղ թաղված է նաև աշխարհիկ անձ: Նրա տապանաքարին փորագրված է. ,,զՊատրիկ մեղապարտ ծառա Ք/րիստոս/ի յաշխարհիկ կարգե յիշեցէք ի Ք/րիստո/ս,,:

Գրականություն

Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ: Ե., 2001 թ., էջ 177-188:
Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Թեղենյաց վանքը և նրա առաջնորդները: ,,Էջմիածին,,, 1977, օգոստոս:
Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Թեղենյաց վանքը իբրև մշակութային կենտրոն: Պատմա-բանասիրական հանդես, 1982, թիվ 1 /96/, էջ 121-129/:
Գագիկ Սարգսյան, Արձանագրություն Թեղենյաց վանքից, ՀՍՍՀ ԳԱ ,,Լրաբեր հասարակական գիտությունների,,, 1977 թ., թիվ 8:

Աստվածընկալ վանք

վանական համալիր պատմական Նիգ գավառի կենտրոնական հատվածում, ներկայիս Արագածոտնի մարզի Երնջատափ և Հարթավան գյուղերի միջակայքում, կառուցապատվել է 4-13-րդ դարերում:

Համալիրի աշխարհագրական դիրքը

Աստվածընկալի վանական համալիրը գտնվում է Քասաղ գետի կիրճի աջ ափի իջվածքում, գետի աջակողմյան եռանկյունաձև, բարձր բլրի վրա: Տարբեր դարերում կառուցված ձեռակերտ շինությունները մի ընդհանուր միասնությամբ ձուլվել են շրջապատի բնությանը, հարազատ ու համահունչ են նրան: Աջ կողմում գահավեժ ժայռեր են, ձախում` ձորակներով կտրտված, մինչև Քասաղ գետը իջնող թեք լեռնալանջեր, ներքևում` ձորը, որտեղով հոսելու հոսում է Քասաղ գետը, գետի ձախ ափին, եռանկյունաձև բարձունքի վրա` միջնադարյան բերդը:

Անվան պատմությունը

Աստվածընկալի անունն առաջացել է վանքում պահվող «Աստվածընկալ Սուրբ Խաչ»-ի անունից:

Ճարտարապետական կառույցները

4-5-րդ դարերի սահմանագծում Աստվածընկալի վանքի հնագույն կառույցների` Սուր Աստվածածին միանավ թաղածածկ բազիլիկ եկեղեցու, կից խորանի և ներփակ սենյակի տեղն ընտրել ու կառուցել են Նիգ գավառի այն ժամանակի տերերը` Գնթունիները: 1207 թ-ին գավառի նոր տերերի` Վաչուտյանների հովանավորությամբ այս եկեղեցին նորոգվել է և այդտեղ հաստատվել է վանական մեծ միաբանություն: 1230-ական թվականների վերջին Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Քուրդ Ա Վաչուտյանն ու իր կինը՝ Խորիշահ իշխանուհին, ավարտելով Եղիպատրուշի եկեղեցու, ինչպես նաև մայրաքաղաք Վարդենիսի դղյակի ու բերդապարիսպների կառուցումը ձեռնարկեցին Աստվածընկալի կառուցապատմանը: 1244 թ-ին ավարտվեց Սուրբ Աստվածածին եկեղեցուն հյուսիսից կից Սուրբ Նշան եկեղեցու կառուցումը: Վաչուտյան ամուսինները Կաթողիկե եկեղեցուն նվիրել են այգիներ, հողեր Փարպիում, Օշականում, Կարբիում, մարդիկ, տներ, սպասք, եպիսկոպոսական խաչ և գիրք: Կաթողիկե եկեղեցին կառուցվել է հնագույն բազիլիկ եկեղեցու հյուսիսային կողմում և իր կառուցվածքի մեջ է առել հին եկեղեցու հյուսիսային պատը: Կաթողիկեն գմբեթավոր դահլիճ է` մեկ զույգ որմնամույթերով, խորանի երկու կողմերում կառուցված կրկնահարկ ավանդատներով: Առաջին հարկի ավանդատների դռները բացվում են բեմի վրա: Գմբեթը նստած է կողմնային երկու որմնասյուների և կիսասյուների վրա հենված շրջանաձև հիմքի վրա: Արտաքինից եկեղեցու արևելյան ու հյուսիսային պատերը մշակված են եռանկյունաձև խորշերով, շքեղորեն տեսանելի է դարձված հյուսիսային պատի վրա գտնվող պատուհանը և արևմտյան պատի շքամուտքի վերնամասի խաչը: Եկեղեցին ունի երկու դուռ: Դրանցից մեկը բացվում է բազիլիկ եկեղեցու մեջ, մյուսն արևմտյան ճակատի շքամուտքն է` հարդարված դեկորատիվ քանդակներով: Բարավորի վրա հավասարաթև, սրածայր խաչերի համադրությամբ ստացվել են 26 ութաթև աստղեր: Տեսանելիությունն ապահովելու համար աստղերը ներկված են կարմիր, խաչերը` սպիտակ: Հայ ճարտարապետության երախտավոր Թորոս Թորամանյանը նկատել է, որ Կաթողիկե եկեղեցին կառուցված է ,,մոտավորապես Անիի Լուսավորիչ եկեղեցու ձևով և չափով,,: Եկեղեցին գրեթե ամբողջական պահպանվել է մինչև 19-րդ դարի 20-ական թվականները: 1827 թ-ի երկրաշարժից շինությունը վնասվել է, գմբեթի վերնամասը` վեղարով, ընկել է, քանդվել են ծածկի կենտրոնական հատվածները, թափվել են կտուրի ծածկասալերը: 1244 թ-ից հետո սկսվել է գավթի կառուցումը, որը հավանաբար ավարտվել է 1250-ական թթ-ի սկզբին: Գավիթը քառասյուն տիպի շինություն է: Կենտրոնական չորս սյուները, որոնցից երկուսը կլոր են, երկուսը` վեցանիստ, կողմնային որմնամույթերից ձգվող թաղ-կամարներով ինը մասի են բաժանել գավթի կտուրը: Կենտրոնական հատվածը դեպի կոնաձև երդիկ-լուսանցք է բարձրացել` շթաքարե ձևավորմամբ, որն իր տեսակի մեջ լավագույններից է: Շթաքարե ձևավորում ուներ նաև կտուրի արևելյան հատվածի կենտրոնական մասը: Որմնասյուներից դեպի սյուները և դրանք իրար միացնող բոլոր թաղերը կենտրոնում կամ մի քիչ կենտրոնից տեղաշարժված կետում իրար են կապված սնկատիպ կապքարով, որ ճարտարապետական փոքրիկ գյուտ է, այլուր չի կրկնված և ավելի հաստատուն է դարձրել թաղերը: Չորս սյուների բոլոր խոյակներն ու խարիսխները լուծված են յուրովի և իրար չեն կրկնում: Արևելյան զույգ որմնասյուների խաչաձև ելուստների վրա քանդակված են Ամենափրկիչ տիպի խաչքարեր: Բավական հարուստ ձևավորում-լուծում ունի գավթի արևմտյան ճակատը: Այստեղ կենտրոնական մասում շքամուտքն է, որ ձևավորված է երեք շարք տերևաձև շթաքարե քանդականախշ ուղղանկյուն եզրակալով: Շքամուտքի վերնամասում սյունով երկու մասի բաժանված պատուհանն է: Պատի վրա փորագրված են խաչեր, որոնք բավական դիտելի են դարձրել գորշ քարով կառուցված շինությունը: Գավթի արևմտյան կողմի ձախակողմյան սյունը երկրաշարժի ցնցումից կիսվել-ընկել է` ավերելով կտուրի հյուսիս-արևմտյան հատվածը: Գավթի արևելյան սյունաշարքի աջակողմյան սյան նիստերից մեկի վրա երևում է երկու տողանոց արձանագրություն. ,,Ա/ստուա/ծ ող/որմի/ /պա/րոն Ք/ր/դին,,: Այս արձանագրությունը հաստատում է, որ գավիթը ևս կառուցել է Քուրդ Ա Վաչուտյանը: Նույն սյան թաղի վրա, բարձրուստ, մոնումենտալ տառերով փորագրված է ,,զՅոհանէս յաղագս յիշեցէք...,, արձանագրությունը: Ելնելով արձանագրության դիրքից` թաղի վերնամասում, ենթադրելի է, որ այս Յոհանեսը շինության ճարտարապետն է: Համադրելով Կաթողիկե Սուրբ Նշան եկեղեցու և գավթի կառուցողական հար և նման ձեռագիրը` կարող ենք ասել, որ երկու շինություններն էլ նույն ճարտարապետի գործն են: Շքամուտքի բարավորի ներսակողմյան մասում փորագրված է հիրավի ձեռագրային արձանագրություն. ,,Ձեռս գնա դառնա ի հող, գիրս մնա հիշատակող...,,:

Վերականգնողական աշխատանքներ

1990-ական թթ-ի կեսերին եգիպտահայ մի բարերարի հովանավորությամբ սկսվեց գավթի վերականգնումը: Գավիթը, որի կտուրի մի փոքր հատվածն էր ավերված, ամբողջովին քանդվեց ու, ցավոք, այդպես էլ առ այսօր մնում է: 2007 թ-ին պետությունը ձեռնամուխ եղավ այս հոյակապ կառույցի վերականգնման-փրկության գործին: Առաջնահերթ դիտվեց Սուրբ Նշան եկեղեցու վերականգնումը: Ամրացվել են եկեղեցու պատերը և արդեն ավարտին է մոտենում գմբեթի ամբողջական վերականգնման աշխատանքը: Կաթողիկեի աշխատանքներն ավարտելուց հետո կսկսվի գավթի վերականգնում-վերաշարումը:

Գրականություն

Հովհաննես Շահխաթունյանց, Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. 2, Էջմիածին, 1842 թ.: 
Թորոս Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 1, Ե., 1942 թ.: 
Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Աստվածընկալի վանքը, «Էջմիածին», 1978, թիվ 3:
Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ, Ե., 2001 թ., էջ 203-209:
Категория: Мои статьи | Добавил: tigranhayazn (29.10.2011)
Просмотров: 1733 | Рейтинг: 5.0/10
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz