Իշխանաց-իշխան
/իշխողների իշխող/ — բարձրաստիճան տիտղոս-կոչում
միջնադարյան Հայաստանում, շնորհվել է կողմնակալ-հրամանատարներին,
տարածքների կուսակալներին:
Առաջացման ակունքներ
Իշխանը տիրող ավագանու ներկայացուցիչն է, նաև` առանձին ռազմա-քաղաքական
միավորման գլուխը մինչդասակարգայինից դասակարգային հասարակության անցման
շրջանում: Կենտրոնացված պետության առաջացմամբ իշխանները ընդգրկվել են նրա
մեջ` կազմելով արտոնյալ, ժառանգական ավագանին` ազնվականությունը:
Հայաստանյան դասակարգային հասարակությունում մեծ, տեր, զորավոր, իշխող
իմաստներով և տարբեր անվանումներով իշխաններ են կոչվել մանր ու խոշոր
գավառատերերը` կրտսեր իշխան, իշխան, ավագ իշխան, տեր, տանուտեր, նախարար,
ավագ նախարար, նահանգների տերերը` մեծ իշխան, կուսակալները` գահակալ իշխան,
բդեշխ, երկրի տիրակալը` արքա, թագավոր, Հայոց իշխան: Սրանց զուգահեռ առկա
էր նաև գահերեց իշխան տիտղոս-կոչումը: Հայ իրականությունում իշխան կոչումը
համապատասխանել է տոհմացեղային դարաշրջանի հույների բազիլեոսին, լատինների
դուքսին, գերմանների հերցոգին, արաբների մալիքին, միջնադարում`
արևմտաեվրոպական գրաֆին, կոմսին,մարկիզին և ռուսական կնյազին: Հայկական
միջավայրում 19-րդ դարի ընթացքում և 20-րդ դարի սկզբին իշխանը լոկ տիտղոս է
եղել և վերացվել է 1917 թ-ի խորհրդային դեկրետի հետագա կիրառմամբ:
Իշխանաց-իշխան տիտղոս-կոչումը
13-րդ դարի սկզբներին Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանները ազատագրված Հայաստանում վարչական բաժանումներ կատարեցին և վաղ միջնադարյան բդեշխությունների օրինակով ստեղծեցին կողմնակալություններ Վաչուտյանների, Օրբելյանների, Պռոշյանների, Վահրամյանների, Խաչենի
տերերի գլխավորությամբ և դրանց գլուխ նշանակեցին կամ իշխանական հին
տոհմերի ներկայացուցիչների, կամ իրենց զորավարների: Կողմնակալների այս նոր
հաստատության ղեկավարներին շնորհեցին իշխանաց-իշխան տիտղոս-կոչում, որով
վերջիններս իրենց ենթակա կողմնակալությունում առանձնաշնորհ տարբերակվեցին
իրենց տոհմակից և այլ տոհմերի իշխաններից: Նորանշանակ
կողմնակալ-հրամանատարները սկզբում ունեին զինվորական-վարչական պաշտոն,
սակայն շատ արագ ստացած պաշտոնն ու կոչումը վերածեցին ժառանգական
մենաշնորհի:
Գրականություն
- Հայկական սովետական հանրագիտարան: Հ. 4: Ե., 1978 թ., էջ 375:
- Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ: Ե., 2001 թ.:
- Գրիգոր Գրիգորյան, Սյունիքը Օրբելյանների օրոք, Ե., 1981 թ.։
- Գարեգին Ա Հովսեփյանց, Խաղբակեանք, մաս Ա: Վաղարշապատ, 1928 թ.:
- Արտաշես Շահնազարյան, Վահրամյանների իշխանության պատմությունից: ՀԽՍՀ ԳԱ ,,Լրաբեր,, հաս.գիտությունների հանդես, 1974 թ., թիվ 4:
- Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը 10-14-րդ դարերում: Ե., 1975 թ.:
Վահրամյաններ
իշխանական տուն միջնադարյան Հայաստանում, գործել են 1190-1300-ական թթ-ին, եղել են Վահրամյան իշխանատիրույթի հրամանատար-կողմնակալներ, մասամբ կամ ամբողջովովին Ձորափոր, Տավուշ, Փառիսոս, Գարդման գավառների սյուզերեն տերեր, կրել են իշխանաց-իշխան տիտղոս-կոչում: Վահրամյանների իշխանատիրույթի սահմանները
Վահրամյանների իշխանատիրույթը ձևավորվել է 1190-1200-ական թթ-ին: Իշխանատիրույթի սահմանները ձգվել են Գագի բերդից մինչև Շամքոր, Կուրից մինչև Սևանա լեռներ: Այս տարածքում են գտնվել Գագ, Քավազին, Կածարեթ, Երգեվանք, Տավուշ, Տերունական, Սազիմ, Քարհերձ, Գարդման բերդերը, Շամքոր քաղաքը: Մայրաքաղաքն էր Գագը, հոգևոր կենտրոնը` Նոր Վարագավանքը: Իշխանատիրույթի սահմանով է անցել Պարտավ-Գանձակ-Շամքոր-Թիֆլիս առևտրական մայրուղու մի հատվածը: Վահրամյաններից վասալական կախման մեջ են գտնվել Մածնաբերդի և Նոր Բերդի Կյուրիկյան իշխանությունները:
Տոհմական ծագումը
Վահրամյանները պատկանել են Զաքարյան արքայատոհմի կրտսեր ճյուղին: Սերում
են ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի եղբայր Վահրամ Ա-ից, որի անունով էլ
տոհմն ստացել է Վահրամյաններ անունը: Վահրամ Ա-ն վախճանվել է նախքան 1176 թ-ը: Նա փոքր կալվածքներ է ունեցել Դեբեդի ձորում:
Վահրամյան տոհմի ազդեցիկ ներկայացուցիչները
Ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի եբոր` Վահրամի որդի Բլուզ /կրտսեր/ Զաքարե Ա-ն /1176-1205 թթ-ին/ հորեղբորորդիներ Զաքարե Բ և Իվանե Ա հետ կարևոր դերակատարություն է ունեցել ինչպես Զաքարյան Հայաստանի, այնպես էլ Վրաստանի պետության քաղաքական կյանքում, հենարան է եղել Թամար
թագուհուն` ֆեոդալական կենտրոնախույս ուժերի և արտաքին թշնամիների դեմ
պայքարում: Հորը հաջորդել է որդին` Վահրամ Բ Գագեցին, որի օրոք
Վահրամյանների իշխանությունը հասել է իր հզորության գագաթնակետին: Նրան
հաջորդել է որդին` Աղբուղան, որի օրոք Վահրամյանների իշխանուտիրույթը սկսել
է թուլանալ:
Պատմություն
Բլուզ Զաքարե Ա-ն Գանձակի
Ելտկուզյան աթաբեկության տիրապետությունից ազատագրելով հայկական
գավառները, հիմնադրել է Վահրամյանների իշխանատիրույթը: Նրան հաջորդել է
որդին` Վահրամ Բ Գագեցին: 1212/1213
թ-ին նա նշանակվել է Վրաստանի թագավորության մասխուրթուխուցես
/համապատասխանում է սենեկապետի պաշտոնին/: Օժտված լինելով զորավարական և
վարչական ունակություններով, նա մեծ դեր է խաղացել երկրի քաղաքական
կյանքում և օտար նվաճողների դեմ պայքարում: Հատկապես աչքի է ընկել 1220-1221 թթ-ին մոնղոլների հետախուզական արշավանքի և 1225-1231 թթ-ին` Ջալալ էդ դինի հրոսակախմբերի դեմ կազմակերպված դիմադրության ժամանակ: 1236
թ-ին իր իշխանատիրույթն ավերածություններից զերծ պահելու համար, ընդունել է
մոնղոլների գերիշխանությունը և ճանաչվել "թուման"-ի վերածված իր
իշխանատիրույթի ղեկավար /մոտ 400 հազար բնակիչ/: 1240-ական թթ-ին, Աղբուղա որդու հետ, իր զորքով մասնակցել է դեպի Հարավային Հայաստան մոնղոլների ձեռնարկած արշավանքներին: 1245-1247 թթ-ին Վահրամ Բ Գագեցին վճռորոշ դեր է խաղացել Գեորգի Լաշայի որդի Դավթին արևելավրացական գահ բարձրացնելու գործում, իսկ 1249
թ-ին մասնակցել է մոնղոլների դեմ հայ-վրացական ապստամբությանը: Վահրամ
Բ-ին հաջորդել է Աղբուղան: Նրա օրոք Վահրամյանների իշխանատիրույթն սկսել է
թուլանալ: 13-րդ դարի երկրորդ կեսին Աղբուղային հաջորդել են որդիները`
Վահրամ Գ-ն, Զաքարե Բ-ն, Իվանեն: Վահրամյանների մասին եղած վերջին
տեղեկությունը թվագրվում է 1284 թ-ով:
Վահրամյանների զինանշանը
Զաքարյանները /այդ թվում Վահրամյանները/ տարբեր առիթներով շեշտել են, որ իրենք Բագրատունիների սերնդից են և որպես իրավահաջորդ` ժառանգեցին նաև Բագրատունիների զինանշանը: Մեզ են հասել Վահրամյանների զինանշանի օրինակներ: Դրանք գտնվում են Խորանաշատի
Սուրբ Աստվածածին եկեղեցու արևելյան պատին և գավթի արևմտյան պատին:
Դրանցից առաջինը տեղադրված է Սուրբ Աստվածածին եկեղեցու արևելյան ճակատին,
ամենաաչքի ընկնող տեղում, զույգ պատուհաններից վերև, վեհասքանչ խաչի
աղեղնաձև հիմքի տակ: Քանդակված է ճանկերով ինչ-որ կենդանու ողնաշարից բռնած
արծիվ: Արծիվը քանդակված է թևերը բաց, թռիչքի պահին, հարթ, առանց
մանրամասների ընդգծման և գրեթե կրկնում է Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի-Մայր տաճարի արևմտյան ճակատի Բագրատունիների
զինանշանի զույգ արծիվներին: Արծվի ճանկերի մեջ` գլխով դեպի ձախ դարձած
կենդանի, գիշատիչ գազան է, հավանաբար աղվես: Նման եզրակացության հիմք է
տալիս կենդանու սուր, բաց երախը, երկար ականջները: Հակառակ արծվի` այս
կենդանու մարմնի մանրամասներն ավելի որոշակի ընդգծված են ու խոսուն:
Վահրամյանները, որպես տոհմական զինանշան ընդունելով ազատ, անընկճելի
արծվին, միաժամանակ իրենց թշնամիներին, որ սելջուկ-թուրքերն էին, պատկերել
են թալանի, արյան, խորամանկության մարմնացում կենդանու` աղվեսի տեսքով,
որին իրենք ողնաշարախեղ են դարձրել, ինչպես վարվեցին թուրք ելտկուզյանների
հետ, երբ ազատագրում էին իրենց լայնածավալ իշխանատիրույթը: Երկրորդը
գտնվում է գավթի արևմտյան պատին, մուտքից վերև: Այստեղ տեսնում ենք երկու
նստած առյուծներ, որոնց կենտրոնում պատկերված մարդը բռնել է առյուծների
պարանոցին ագուցված շղթան: Առյուծները արձանային աշխատանք են, իսկ մարդը`
հարթաքանդակ: Ինչպես մարդը, այնպես էլ առյուծները դեմքով նայում են
դիտողին: Շղթայակապ առյուծներ առկա են Գեղարդի վանքի Խաղբակյանների զինանշանում, ինչպես նաև Մակարավանքում, Գանձասարում:
Խորանաշատի առյուծների միջև կանգնած մարդը շքեղ հագուստով է, իշխանական
տեսքով: Այստեղ կոնկրետ կերպարներ են քանդակված, և քանդակն անժխտելիորեն
զինանշանային արժեք ունի: Առյուծները կարող են լինել հայր ու որդի Բլուզ
/կրտսեր/ Զաքարե Ա-ն և Վահրամ Բ Գագեցին, իսկ պարեգոտով մարդը` իշխանատոհմի
հիմնադիր Վահրամ Ա-ն:
Մշակութային կենտրոնները
Վահրամյանների օրոք ծաղկում են ապրել նրանց հոգևոր կենտրոն Նոր Վարագավանքը և մշակութային կենտրոն Խորանաշատի վանքը: Նոր Վարագավանքը
հիմնադրել և կառուցապատել են Կյուրիկյան իշխանապետերը: Վահրամյանների օրոք
այն դարձել է նրանց հոգևոր կենտրոնը: Վանքի վանահայր Հովհաննես Տուեցին /1237-1261 թթ-ին/ այստեղ կառուցել է խոշոր, ուղղանկյու գավիթը: Խորանաշատը հիմնադրել է Վանական Վարդապետը 13-րդ դարի առաջին կեսին: Պահպանվել են 1211-1222
թթ-ին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, գավիթը, Սուրբ Կիրակի
գմբեթավոր մատուռի մնացորդները, պարսպի հատվածներ և գերեզմանատունը: Վանական Վարդապետն այստեղ հիմնել է բարձր տիպի դպրանոց` վարդապետարան: Այստեղ սովորել են պատմիչներ Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Մաղաքիան, Ստեփանոս Աղթամարցին և ուրիշներ: Վանական Վարդապետից
հետո դպրանոցը գլխավորել են իր ազգականներ Գրիգորիս և Պողոս վարդապետները:
Այս դպրանոցում գրվել ու ընդօրինակվել են տասնյակ ձեռագրեր: Դրանցից
պահպանվել ու այժմ Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտում պահվում են մի "Ժողովածու"` գրված 1223 թ-ին /գրիչ Ստեփանոս Աղթամարցի, ձեռագիր 2101/, "Նարեկ"` գրված 1283 թ-ին /գրիչ Մարտիրոս, ձեռագիր 1563/, "Ավետարան"` գրված ԺԵ դարում /ձեռագիր 5601/, "Ժամգիրք"` գրված 1672 թ-ին /ձեռագիր 8882/, "Մաշտոց"` գրված 1774 թ-ին /գրիչ Ավետիս, ձեռագիր 3536/:
Գրականություն
- Արտաշես Շահնազարյան, Վահրամյանների իշխանության պատմությունից: ՀԽՍՀ ԳԱ ,,Լրաբեր,, հաս.գիտությունների հանդես, 1974 թ., թիվ 4:
- Արտաշես Շահնազարյան, Վահրամյանների իշխանությունը մոնղոլների տիրապետության օրոք: ՀԽՍՀ ԳԱ ,,Լրաբեր,, հաս.գիտությունների հանդես, 1983 թ., թիվ 12:
- Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Հայկական իշխանական զինանշաններ: Ե., 2005 թ.:
Պռոշյաններ
(Խաղբակյաններ), իշխանական տոհմ միջնադարյան Հայաստանում: Սերել են Արցախի Առանշահիկ նախարարական տոհմից: Վայոց ձորի կողմնակալության կողմնակալ-հրամանատարներ /13-14-րդ դարեր/, իշխանաց-իշխաններ: Պատմություն
Տոհմի անմիջական նախնի Խաղբակ Ա-ն սերել է Ներքին Խաչենի տեր
Վախթանգյաններից և հիշվել է 10-րդ դարերի վավերագրերում: Խաղբակ Ա-ի, նրա
որդի Դլենի, թոռ Խաղբակ Բ-ի և հաջորդների օրոք տոհմը հողային տիրույթներ
ուներ Ներքին խաչենի Մեծառանք գավառում, նրանք կալվածքներ ուներին նաև
Խաչենագետի աջ ափին, Կարկառի միջին ավազանում և Սյունիքում: 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին` 1201/1203 թթ-ին, տոհմի ներկայացուցիչները մասնակցել են սելջուկ-թուրքերի դեմ Զաքարյանների մղած ազատագրական մարտերին: Պատմիչ Մխիթար Այրիվանեցին գրել է, որ Հայաստանի կենտրոնական մասի քաղաքների ու բերդերի` Բջնիի, Դվինի, Վայոց ձորի
համար մղված ճակատամարտերում աչքի են ընկել Խաղբակ Բ-ի որդի Վասակ Ա
Խաղբակյանը, նրա եղբայրներ Գրիգորը, Ջաջուռը, նրա որդիներ Պապաք Ա-ն,
Մկդեմը, Պռոշ-Հասանը: Վերջինս 1228 թ-ին ջարդել է Ջալալ-Էդ-Դինի խորեզմյան հրոսակներին և ազատագրել Դվինը:
Մոնղոլների տիրապետության օրոք բազմաթիվ քաջագործությունների համար նրան
իր տաղերում գովերգել է 13-րդ դարի բանաստեղծ, իր տոհմակից Խաչատուր Կեչառեցին:
Կողմնակալության սահմանները
Հաղթական պատերազմից հետո Իվանե Ա Զաքարյանը Վասակ Ա Խաղբակյանին ժառանգական իրավունքով հանձնել է Կեչառիսից մինչև Վայոց ձոր, Արփա գետի վերին հոսանքներն ընկած հողերը, այդ տարածքում հիմնելով Խաղբակյաններին ենթակա Վայոց ձորի կողմնակալությունը, կողմնակալության կողմնակալ-հրամանատարին շնորհել է իշխանաց-իշխան
տիտղոս-կոչումը: Նոր իշխանատոհմի հիմնադիր Վասակ Ա-ի հոր անունով տոհմն ի
սկզբանե կոչվել է Խաղբակյան, սակայն ի պատիվ Վասակ Ա-ի հաջորդ Պռոշ-Հասանի,
որի դերն ու ծառայություններն այնքան մեծ էին ժամանակի հայ իրականության
մեջ, առանձնապես Խաղբակյանների իշխանության քազաքական ու մշակութային
կյանքում, որ նրա անունը կպել է հին տոհանվանը և առաջացել
Խաղբակյան-Պռոշյան կրկնանվանումը: Գրիգոր Խաղբակյանին տրվել է Ուրծ գավառի մի մասը /ներկային Արարատի տարածաշրջանի հյուսիսային մասը/:
Խաղբակյանների ազդեցիկ իշխանները
Վայոց ձորի կողմնակալության առաջին կողմնակալ-հրամանատարը իշխանաց-իշխան Վասակ Ա Խաղբակյանն էր: Նրան այդ պաշտոնում հաջորդել է իշխանաց-իշխան Պռոշ-Հասանը:
Կողմնակալության մայրաքաղաքը
Վասակ Ա Խաղբակյանը վերակառուցել-ամրացրել է Սրկղունք ավանը /ներկայումս` Եղեգնաձորի տարածաշրջանի Վերնաշեն գյուղը/ Բոլորաբերդով և այն դարձրել կողմնակալության մայրաքաղաք:
Խաղբակյանների զինանշանները
Մինչև 13-դ դարի սկիզբը Խաղբակյան տոհմը հավանաբար ունեցել է զինանշան, սակայն դրա մասին տեղեկություններ չկան: Ստանձնելով Վայոց ձորի կողմնակալ-հրամանատարի պաշտոնը` Խաղբակյանները, իրավահաջորդի իրավունքով, որդեգրեցին Սյունիքի
թագավորության զինանշանը` մագիլներով խոյի ողնաշարից բռնած դիմահայաց
արծվի պատկերը: Զինանշանն ընդունվել է Վասակ Ա-ի օրոք և առաջին անգամ
հանդիպում է Կեչառիսի
Կաթողիկե եկեղեցում: Զինանշանը կրող քարը նախապես եղել է Վասակաշեն
Կաթողիկե եկեղեցու պատին, բայց հետագայում երկրաշարժից փլված պատից ցած է
ընկել: Խաղբակյան տոհմի հաջորդ ներկայացուցիչները հարստացնելով
պատկերագրության մանրամասները` հավատարիմ մնացին տոհմի հիմնադրի որդեգրած
զինանշանին: Գլաձորի համալսարանի
Սուրբ Ստեփանոս եկեղեցու գմբեթի թմբուկի հարավային պատուհանի պսակից վեր,
արտաքուստ տեղադրվել է կողմնակալության զինանշանը: Այստեղ ևս արծիվը
պատկերված է դիմահայաց: Գլուխը տիրական տեսք ունի, աչքերը խիստ են, կտուցը`
զորեղ: Թռչնի թևերը ամբողջովին բաց են, վերնամասում դրանք ձևավորված են
զիգզագ նախշազարդով, որոնք զուգահեռ ակոսներով իջնում են մինչև թևերի
ծայրը: Արծիվը հզոր մագիլներով սեղմել, գամել է գլխով դեպի աջ դարձած
խոյին: Կենդանու` դիտողին ուղղված հայացքը և ցավից բնականորեն ձգված ոտքերը
ընդգծում են արծվի կամքը և ուժը: Արծվի մարմնի չորս անկյուններում գեղագիր
տառերով փորագրված է եկեղեցու կառուցման /նաև զինանշանի պատրաստման/
թվականը` ՉԻԲ /1273/: Խաղբակյանների ամենատպավորիչ զինանշանը գտնվում է Գեղարդի վանքի
վիմափոր գավթում: Սրահի երկու կամարները միացնող սյան գլխին քանդակված է
ցուլի գլուխ` բերանից օղակ կախված, որից շղթայված են երկու իրար
դեմ-հանդիման կանգնած և դեմքով դիտողին դարձած առյուծներ, որոնց պոչերի
ծայրերն ավարտվում են վիշապի գլուխներով: Շղթայի տակ, կենտրոնական մասում
պատկերված է դիմահայաց, թևերը կիսաբաց, կուրծքը բնականոն դուրս ցցված
արծիվ, որը մագիլներով պահում է խոյի ողնաշարից: Գլաձորի պատկերաքանդակին
հակառակ` այստեղ խոյը գլխով դարձած է դեպի ձախ, իսկ ամբողջ քանդակաշարքը
մատուցված է առանց մանրամասների ընդգծման, հարթ մշակմամբ: Այստեղ առկա են
զինանշանային բոլոր տարրերը, իսկ ամենակարևորը` իշխանության նշան օղակը:
Գլաձորի հետ համեմատած այստեղ հավելված առյուծները կերպավորում են
Պռոշ-Հասանի Պապակ Բ և Ամիր Հասան Ա որդիներին, որոնք հավերժորեն կապված են
Հայրենիքի պաշտպանության շղթային: Խաղբակյանների մայրաքաղաք Սրկղունք
գյուղում կառուցված պալատի մուտքի բարավորին քանդակված է եղել տոհմական
զինանշանը` դեմ-դիմաց կանգնած զույգ առյուծներով, սակայն բարավորի քարը
օգտագործվել է այլ նպատակով, և առյուծների պատկերները փշրվել են:
Զինանշանային մի պատկեր 1277 թ-ին քանդակվել է Վայոց ձորի Գոմք գյուղի
որմնափակ խաչքարին: Գոմքի խաչքարը կառուցվել է Խաղբակյանների տան ծառայական
Խոյդանի որդիների` Մխիթարի և Արևիկի պատվերով: Խաչքարի արևելյան կամարին,
պատուհանից վերև քանդակված է Խաղբակյանների զինանշանը` դիմահայաց, կիսաբաց
թևերով արծիվը, որ մագիլներով ճզմել է դեմքով դեպի ձախ դարձած խոյին: Այս
քանդակի արծիվը ձևով կրկնում է Գեղարդի վանքի
վիմափոր եկեղեցու արծվին, բայց մշակմամբ նման է Գլաձորի եկեղեցու թմբուկի
վրա եղած քանդակին: Նույն որմնափակ խաչքարի արևմտյան կողմում, ներքևի
մասում կա ևս մեկ զինանշանային քանդակ. իրար դեմ-դիմաց կանգնած առյուծի և
ցուլի պատկերով: Այս պատկերաշարը ևս հայտնի է Գեղարդի վանքի զինանշանից:
Կրթական, մշակութային գործունեությունը
Խաղբակյանները նորոգել են հին եկեղեցիները, կառուցել նորերը և զարկ տվել
հոգևոր-մշակութային կյանքին: Արդեն 1214 թ-ին ավարտվել է Վասակ Ա-ի
պատվերով կառուցված Կեչառիսի կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցու շինարարությունը: Սրան հաջորդել են Գլաձորի Սուրբ Ստեփանոսը, Ոծոպը, Կուքին,
Վանստանը, Աղջոց Սուրբ Ստեփանոսը, այլ կառույցներ: Հատկապես նշանակալից է
Պռոշ-Հասանի շինարարական գործունեությունը: Նա հովանավորել է հայ
ճարտարապետության անզուգական կոթողներ, Ավագ Զաքարյանից գնած Գեղարդի վանքի վիմափոր տաճարների ու Վայոց ձորի Թանահատի վանքի կառուցումը: Սրանցից Կեչառիսը, Գեղարդի վանքը, Գլաձորը, Թանահատի վանքը, Ոծոպն ու Կուքին դարձել են Խաղբակյան տոհմի հոգևոր, կրթական, մշակութային կենտրոնները: Գեղարդի վանքը եկեղեցական համալիր է Երևանից հարավ-արևելք, երեսունհինգ կիլոմետր հեռավորությամբ, գտնվում է Ազատ գետի
վերին հոսանքում՝ նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Ամենահին
հուշարձանը վանքի պարսպապատերից դուրս, արևմտյան կողմում գտնվող կիսով չափ
ժայռափոր մատուռն է, որի պատի վրա փորագրված են նվիրաբերական մի քանի
արձանագրություններ, այդ թվում՝ նաև 12-րդ դարի (1177, 1181 թթ-ին)։ Շինությունը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Միջնադարյան Հայաստանի
հանրահռչակ վանքերից է։ Ըստ ավանդության հիմնադրվել է 4-րդ դարի սկիզբ։
Վանքի հիմնադրումը վերագրել է Գրիգոր Լուսավորչին։ Գլխավոր՝ Կաթողիկե
եկեղեցին, արևմտյան ճակատի մուտքի վիմագիր արձանագրության համաձայն,
կառուցվել է 1215 թ-ին՝ Զաքարյանների օրոք։ 13-րդ դարի երկրորդ կեսին Վայոց ձորի կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Պռոշ Խաղբակյանն այն գնել է Իվանե Ա Զաքարյանի որդի Ավագից և կառուցել է տվել վիմափոր եկեղեցիները (ճարտարապետ Գալձագի գլխավորությամբ): Վայոց ձորի Գլաձորի եկեղեցում է հիմնադրվել Գլաձորի համալսարանը: Հիմնադիրը Ներսես Մշեցին էր` Մուշ քաղաքից: Նա Վարդան Արևելցու սանն է եղել: Համալսարանը բացվել է 1280-ական թթ-ին և գործել է 60 տարի: Համալսարանում դասավանդվող լեզուն հայերենն էր: Գլաձորի համալսարանի հովանավորը Վայոց ձորի կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան
Պռոշ Խաղբակյանն էր: Համալսարանը գտնվում էր կողմնակալության մայրաքաղաք
Սրկղունք ավանի մոտ: Երբ 1284 թ-ին իր մահկանացուն կնքեց համալասարանի
հիմնադիր և տնօրեն Ներսես Մշեցին, իշխանաց-իշխան Պռոշ Խաղբակյանի հորդորով տնօրեն դարձավ Եսայի Նչեցին: Գլաձորի համալսարանը ուներ երեք` Եկեղեցական և աշխարհիկ դպրության, Գրչության արվեստի, Խազագիտության և երաժշտության լսարաններ: Գլաձորի համալսարան
ընդունվում էին նախնական կրթություն ունեցող երիտասարդներ, նրանք 6-7 տարի
սովորելուց հետո պատրաստում էին քննաճառ և պաշտպանում գիտական աստիճանի
ատենախոսություն: Գլաձորի համալսարանն անմրցակից էր և կոչում էր "Երկրորդ Անթեք Պանծալի": Այստեղ սովորելու էին գալիս Հայաստանի շրջաննեից և հեռավոր Կիլիկիայից: Այստեղ դասավանդում էին ժամանակի հռչակավոր ուսուցիչներ` Եսայի Նչեցին, Դավիթ Սասնեցին, Թորոս Տարոնացին, գրիչ-նկարիչ-ճարտարապետ Մոմիկը: Հատկապես հայտնի էր Գլաձորի համալսարանի
մանրանկարչության դպրոցը, որը ճանաչվել է որպես ինքնուրույն հոսանք`
"Մանրանկարչության Գլաձորյան դպրոց" անունով, այդ դպրոցում իշխել է սևի և
ոսկեգույնի համադրությունը: Գլաձորի համալսարանում են կրթություն ստացել պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին, Հովհաննես Երզնկացին, վարդապետներ Հովհաննես Արճիշեցին, Մխիթար Սասնեցին: Գլաձորի համալսարանի մայրամուտից հետո Եսայի Նչեցու աշակերտ Հովհան Որոտնեցին փոխադրվել է Տաթևի վանք և հիմնել Տաթևի համալսարանը:
Խաղբակյան տոհմի ներկայացուցիչները
Հետագա դարերի պատմությունը ևս հիշում է Խաղբակյան-Պռոշյան տոհմի
շառավիղների երկրի վարչա-քաղաքկան ու մշակութային կյանքում: Տոհմի
ներկայացուցիչներից են Զաքարիա Գնունյանց եպիսկոպոսը /16-րդ դար/, Իսրայել Օրին /1659-1711/:
Գրականություն
Համազասպ եպիսկոպոս
Համազասպ եպիսկոպոս /ծննդյան և մահվան թվականներն անհայտ են/, Ամբերդի թեմի և Հովհաննավանքի առաջնորդ, գործել է 1274-1304 թթ-ին, սերում է Դսեղի Համազասպյան-Մամիկոնյան գերդաստանից: Պատմություն
Համազասպյան-Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչ Համազասպ եպիսկոպոսի Արարատյան կողմնակալության հոգևոր կենտրոն Հովհաննավանքում պաշտոնավարելը պատահական չէ: Դրան նպաստել է կողմնակալության տիրուհին` կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Քուրդ Ա Վաչուտյանի կինը` Խորիշահ իշխանուհին: 1220-ական թվականների կեսերին ամուսնանալով Քուրդ Ա-ի հետ նա Դսեղից Նիգ-Արագածոտն է եկել իր ծառաներով ու դայակներով: Ամենայն հավանականությամբ 1230-ական թվականների վերջերին նա Դսեղից Նիգ-Արագածոտն է բերել իր եղբայրներից կամ հարազատներից մեկի որդուն` Համազասպին: Մանուկ հասակից Համազասպը մտել է Հովհաննավանքի դպրանոց, պաշտոնավարել առաջնորդարանում, բարձրացել եկեղեցական աստիճանակարգով և արդեն 1274 թ-ին առաջին անգամ հիշվել Հովհաննավանքի առաջնորդ: Եթե այդ թվականին նա լիներ մոտ 40 տարեկան, ապա ծնված պիտի լիներ 1230-ական թվականների կեսերին: Համազասպ եպիսկոպոսի անունը վերջին անգամ հանդիպում է 1304 թ-ին Ուշիի
Սուրբ Սարգիս զորավարի եկեղեցու գավթի բարավորի արձանագրությունում: Այդ
ժամանակ կամ գուցե մի փոքր ավելի ուշ նա վախճանվել է, քանի որ արդեն 1310
թ-ին ընդօրինակված Ավետարանի հիշատակարանում Հովհաննավանքի առաջնորդ է
հիշվում Համազասպ եպիսկոպոսի ազգական Ներսես եպիսկոպոս Մամիկոնյանը:
Գործունեությունը
Համազասպ եպիսկոպոսը Հովհաննավանքում նոր կառույցներ չի հիմնել, նպաստավորել է շինությունների պահպանման, նորոգման գործին: Հովհաննավանքի պատերին փորագրված արձանագրություններից հայտնի է, որ նրա առաջնորդության տարիներին, 1274 թ-ին ոմն Հովհաննես նորոգել-փոխել է գավթի փայտյա հատակը և դասերը, 1279 թ-ին Վարդան և Մխիթար վարդապետները Հովհաննավանքի Սուրբ Կարապետ եկեղեցուն նվիրել են Կանթեղուտ գյուղը, մի հնձան և ոսկով պատած արծաթյա քշոց, 1283 թ-ին իշխանատիրույթի կողմնակալ-հրամանատար, Հասան Վաչուտյանը եկեղեցուն նվիրել է երկու գյուղ, այգիներ, 1288 թ-ին Դրամիկը և իր դուստր Բաբաքը եկեղեցուն տվել են այլևայլ նվերներ, Ավագ պարոնի դուստր Ջանխաթունը նվիրել է կես այգի, 1300 թ-ին Հոնայի որդի հեճուպ Դավիթը եկեղեցուն տվել է այլևայլ նվերներ և Ավետիս անունով մի շինականի:
[խմբագրել] Ստացող` Համազասպ եպիսկոպոս
Եկեղեցու բարեշինության ուղղությամբ Համազասպ եպիսկոպոսի գործերից
մեծագույնը, որով նա մտել է մշակույթի պատմության մեջ, ձեռագրերի
ընդօրինակության սատարումն է: Նա պատվիրել ու ստացել է "Ժողովածու' /սրա
մեջ մտնում են "Պատմութիւն եկեղեցւոյ Սոկրատի", "Պատմութիւն վարուց Սուրբ
Սեղբեստրոսի", "Պատմութիւն Աղուանից Մովսէս Կաղանկատուցւոյ" երկերը/,
"Մեկնութիւն Յոհաննու", "Մեկնութիւն գործոցն առաքելոց Յոհաննու
Ոսկեբերանի", "Պատմութիւն հայոց Ղևոնդայ վարդապետի", "Մեկնութիւն
հնգամատենին Վարդանայ Արևելցւոյ", "Պատմութիւն Ագաթանգեղոսի", "Մեկնութիւն
սաղմոսաց Ներսէսի Լամբրոնացւոյ" ձեռագրերը: Այս յոթ գրքերն էլ այժմ պահվում
են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտում:
Այս ձեռագրերն ընդօրինակել են Հովհաննավանքում գործած գրիչներ Կարապետը,
Սարգիսը, Յոհաննեսը, Քահանան, Գրիգորը: Իր պատվիրած բոլոր ձեռագրերը
Համազասպ եպիսկոպոսը նվիրել է Հովհաննավանքին. "ի լուսաւորութիւն
հաւատացելոց, և ի վարժումն մանկանց եկեղեցոյ": Համազասպ եպիսկոպոսը հոգ է
տարել Հովհաննավանքի գրադարանի մասին, ձգտել է հաստատուն պահել
միաբանությունը և դպրանոցը մոնղոլական տիրապետության այդ դժվարին
ժամանակներում: Համազասպ եպիսկոպոսի լավագույն բնութագիրը տվել է 1294
թ-ին ընդօրինակված "Մեկնութիւն սաղմոսաց Ներսէսի Լամբրոնացւոյ" ձեռագրի
գրիչ Քահանան: Նա գրել է. "...Յիշեսջիք զսրբազան եպիսկոպոսն Համազասպ`
վերադիտող Սուրբ ուխտիս Յոհաննու վանաց, զի ստացավ գանձ և յիշատակ անջինջ ի
մէջ սուրբ կաթուղիկէ եկեղեցոյ և բազմախումբ եղբարցս, զի ևս առաւել
զարդարեաց զեկեղեցիս Հին և նոր կատարանաւք և այլ բազում շինուածքովք`
պէսպէս և զանազան":
Գրականություն
Տիգրան Հայազն, Համազասպ Մամիկոնյան` առաջնորդ Հովհաննավանքի: "Հոգևոր հայրենիք" /Հայաստանի Ազգային գրադարանի ամսաթերթ/, 2006 թ., թիվ 1 /22/, էջ 4-5:
|