Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Հոդվածներ | Регистрация | Вход
 
Вторник, 03.12.2024, 20:02
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Статьи » Мои статьи

ՎԱՐԴԵՆՈՒՏ

Վարդենուտ

ՎԱՐԴԵՆՈՒՏ, բնակավայր Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում:

Աշխարհագրական դիրքը

Գտնվում է Ապարանից 9 կիլոմետր հարավ, Արագած սաիր հարավ-արևելյան լանջին, Ապարան-Երևան ավտոմայրուղու աջ կողմում, կանաչապատ, աստիճանաձև հարթավայրում: Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1900 մ: Արևելքից գյուղի սահմանները սկսվում են Արագած սարի գագաթատակից և ուղիղ իջնում է Արագած և Շենավան գյուղերի հողերին զուգահեռ, հասնում Ապարան-Երևան մայրուղուն և ճանապարհին զուգահեռ առաջանում դեպի Ափնագյուղ, ապա հարավից հյուսիս անցնելով Արա (գյուղ)ի կողքով ձգվում է մինչև Արագած սարի գագաթատակը: Գյուղի միջով այն երկու մասի բաժանելով հոսել է Գեղարոտ գետակը: Այդ գետակի ջրերով էլ ջրվել են գյուղի թե դաշտերը, թե բանջարանոցները: Ցավոք 1980-ական թթ-ին գետակի հունը փոխելով` ջրերը տարվել են դեպի արևելք` դեպի Ապարանի ջրամբար: Գետակի պատմական հունը ներկայումս ծառայում է գարնան ձնհալի ջրահեռացման համար: Գյուղի միջով է անցնում Ապարան-Երևան մայրուղու Քուչակ գյուղից սկսվող Քուչակ-Ծաղկաշեն-Արագած (Ապարանի տարածաշրջան)-Վարդենուտ-Արա (գյուղ) ավտոճանապարհը, որը Ափնագյուղի մոտ կրկին միանում է Ապարան-Երևան մայրուղուն: Տները նորաշեն են, հիմնականում` երկհարկանի: Կլիման զով է, ամառանոցային: Խմելու ջուրը բերվել է 5 կիլոմետրանոց խողովակաշարով: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային, բանջարանոցային կուլտուրաների, պտղատու ծառերի մշակությամբ: Գյուղն ունի դպրոց, մշակույթի տուն, հեռախոսակայան: 1840-ական թթ-ին գյուղի եկեղեցին կոչվել է Սուրբ Մեռկեռիոս: Գյուղի 100-ից ավելի որդիներ 1918 թ-ի մայիսի 22-29-ը մասնակցել են Ապարանի հերոսամարտին: Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են 168 ափնեցիներ: Նրանցից 110-ը զոհվել են: Արցախյան ազատամարտին մասնակցել են մեկ տասնյակից ավելի վարդենուտցիներ: Նրանցից 3-ը զոհվել են: Մասնակիցներից երեքը արժանացել են ՀՀ "Արիության" և մեկը` "Մարտական ծառայության" մեդալների: Գյուղի կենտրոնում կանգնեցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված վարդենուտցիների հուշարձան կոթողը:

Բնակչությունը

1829 թ-ին գյուղում հաստատվել է Խոյից գաղթած 56 ընտանիքª 314 մարդ ¥164 տղամարդ, 150 կին¤: 1852 թ-ին գյուղն ունեցել է 204, 1859 թ-ին` 527, 1873 թ-ին` 635, 1897 թ-ին` 961, 1926 թ-ինª 883, 1939 թ-ինª 1172, 1959 թ-ինª 756, 1970 թ-ինª 964, 1979 թ-ինª 699, 1989 թ-ինª 696 բնակիչ: 2007 թ-ի հունվարի 1-ին գուղում կար 935 բնակիչ (465 տղամարդ, 470 կին), որից 311-ը մինչև 18 տարեկան, 624-ը` 18 տարեկանից բարձր: Նույն օրվա դրությամբ գյուղում հաշվառվել է 1135 գլուխ խոշոր եղջերավոր անասուն /որից 506 կով/, 395 գլուխ մանր եղջերավոր անասուն /որից 353 ոչխար/, 77 գլուխ խոզ, 1149 թռչուն, 59 մեղվաընտանիք:

Գյուղի հնավայրերը

Խաչաղբյուր: Գտնվում է գյուղից մոտ 1,5 կիլոմետր հյուսիս-արևմուտք: Այստեղ պահպանվել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակների դամբարաններ: Դրանցից մի քանիսը 1987 թ-ին պեղվել են ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի դաշտային արշավախմբերից մեկի կողմից և իրենց պարունակությամբ հար և նման են Նիգ-Ապարանի մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակների դամբարաններին: Դամբարանադաշտի հարևանությամբ պահպանվել են երեք կողմից դժվարամատչելի բարձրության գլխամասային հատվածի մոտ 0,5 հեկտար տարածություն ընդգրկող բերդ-ամրոցի ավերակները: Պարիսպները շարված են տեղական անմշակ քարերով, կիկլոպյան եղանակով, պատերի դրսի և ներսի կողմերում շարվածքն արվել է մեծ քարերով, իսկ ներսում լցվել են ավելի փոքր քարեր` առանց շաղախի: Գլխամասում պարիսպն ունի ուղղանկյան ձև: Բարձունքի հարավային և արևելյան լանջերը, որոնք ավելի քիչ են թեք և գրոհի համար հարմար են, ստորոտում ամրացված են կրկնակ պարիսպով: Խաչաղբյուրի բնակավայրում կյանքը երկար ժամանակ հարատևել է: Ամենայն հավանականությամբ, Հայոց Արտաշեսյան թագավորների օրոք այստեղով է անցել Արտաշատ-Վրաստան առևտրատնտեսական կարևոր ճանապարհներից մեկը: Հենց դրանով պետք է բացատրել այստեղից 1979 թ-ին, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ գտնված մ.թ.ա. 1-ին դարի դրամական գանձը: Գյուղի բնակիչ Անդրանիկ Թորոսյանը 1984 թ-ին Տիգրան Պետրոսյանցին է հանձնել այդ դրամներից մեկ օրինակ: Դրամը կտրվել է մ.թ.ա. 90-80-ական թթ-ին, պարթևական Գոտազ թագավորի կողմից և շատ լավ պահպանվել է: Անդրանիկ Թորոսյանի հաղորդման համաձայն, դրամների թիվն անցել է 30-ից, ցավոք, դրանցից առկա է միայն Գոտազինը: Միջնադարում ևս այս բնակավայրը բարգավաճել է: Այդ են ապացուցում աղբյուրի ձախ կողմում պահպանված միջնադարյան եկեղեցու հիմքերի ավերակները, աջ կողմի բարձունքներին գտնվող գերեզմանոցը, որտեղ պահպանվել են 12-14-րդ դարերի տապանաքարեր, խաչքարերի պատվանդաններ, փշրված խաչքարերի բեկորներ: Ցավոք, 1986 թ-ին մելիորացիոն աշխատանքների ժամանակ զգալի վնաս է հասցվել բնակավայրին: Քուրդ Ա Վաչուտյանի մայրաքաղաք Վարդենիսի դղյակ-ամրոցը: Կառուցապատվել է 13-րդ դարի առաջին կեսին: 1236 թ-ին մոնղոլների կողմից գրավվել է Արարատյան կողմնակալության մայրաքաղաք Ամբերդ ամրոցը: Եվ իշխանատիրույթի կողմնակալ-հրամանատար, [իշխանաց-իշխան]] Քուրդ Ա Վաչուտյանը, իր իշխանանիստի համար ընտրել է Վարդենուտ գյուղի արևմտյան կողմում ձորակով ընդհանուր տափարակից անջատված բարձունքը, այնտեղ դղյակ-ամրոց է կառուցել: Երկհարկանի դղյակը գտնվել է ամրոցի կենտրոնում: Այստեղ է 1254 թ-ի մայիսին մոտ մեկ ամիս և 1255 թ-ի մայիս-հունիս ամիսներին հյուրընկալվել է Կիլիկյան Հայաստանի Հեթում Ա թագավորը, որը մեկնել է Կարակորում և հաշտության ու փոխօգնության պայմանագիր կնքել մոնղոլական Մանգու խանի հետ: Պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրել է, որ Հեթում Ա թագավորը իջևանել է "զտեղի առ յոտն Արագածու` հանդեպ լերինն Արայի, ի գիւղն, որ կոչի Վարդենիս, ի տանն իշխանին, զոր Քուրդ անուանէին, հայ ազգաւ, կրօնիւք քրիստոնեայ և որդիք իւր Վաչե և Հասան և կին նորա Խորիշահ…": Կարակորումից վերադարձի մասին պատմիչը կրկին նշել է. "… եկեալ ի տուն իշխանին Քրդին, ի գիւղն Վարդենիս, ուր թողեալ էր զաղխ իւր և զկարասի, և մնայր գալստեան Բարսղի քահանայի, զոր յուղարկեալ էր առ Բաթոյն վերստին": Դեպքերի բերումով Արարատյան կողմնակալության մայրաքաղաք Վարդենիս-Վարդենուտը դարձել է Կիլիկյան Հայաստանի թագավորի ժամանակավոր նստավայրը: Թագավորին վայել կառույց է եղել դղյակը: Այն ունի քառակուսի հատակագիծ` անկյուններում կլոր աշտարակներով: Կառուցված է տեղական որձաքարի մշակված քարերով: Կենտրոնում երկու հզոր սյուները կրել են երկրոդ հարկը: Դղյակի կանգուն պատերը տեսել ու նկարագրել է Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը: Գյուղացիները դղյակը ավերել են ու քարերն օգտագործել շինարարական նպատակներով: Տապանաքար են դարձրել դղյակի մշակված շարաքարերը, շքամուտքի ձևավոր քարերը, անգամ բարավորները: Շինարարության համար օգտագործվել են հզոր բերդապարիսպները: Պահպանվել են այդ պարսպի հյուսիս-արևելյան անկյունային հատվածի մի մասն ու այդտեղ եղած հզոր բուրգի հիմնային մասերը: 1831 թ-ի մարդահամարի ցուցակի տակ հաշվառիչը այս բերդ-ամրոցը տեսել է ավելի ամբողջական և ծանոթագրությունում գրել. "Այստեղ կա հին բերդի ավերակ, որն ըստ ավանդության եղել է Հայոց թագավորների ամառանոց": Վաչուտյանների անկումից հետո, երկրամասի անընդմեջ ավարառումներից բնակավայրը պարբերաբար ավերվել ու վերաշինվել է, բայց ամենամեծ հարվածը գյուղին հասցրել է Շահ Աբասը, որը 1604 թ-ին ամբողջ Արարատյան դաշտի հետ հայերից ժամանակավորապես դատարկել է նաև Նիգ-Ապարանը: Նաև դրա հետևանքով Վարդենիսը այդ ժամանակ մի քանի դարով կորցրել է իր պատմական անունը, իսկ 1930-ական թթ-ին վերանվանվել է Վարդենուտ /նույն շրջանի մեկ այլ գյուղի այդ ժամանակ տրվել է այս գյուղի պատմական Վարդենիս անունը/: Պատմագրության մեջ իշխել է այն կարծիքը, որ 1604 թ-ից հետո, Ապարանի սարահարթը զրկվել է բնակչությունից, ամայացել և բնակեցվել է միայն 19-րդ դարի 30-ական թվականներին Արևմտյան Հայաստանից կատարված ներգաղթից հետո: Այսօրինակ վարկածն անհիմն է: Զովունիի, Եղիպատրուշի, Քասաղի բնակատեղիի, Մելիքգյուղի գերեզմանոցներում 1620 թ-ից հետո կատարված թաղումները և տապանաքարերի արձանագրությունները վկայում են, որ այդ բնակավայրերում հայեր են ապրել: Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտում 3862 թվահամարը կրող 1380 թ-ին ընդօրինակված ձեռագիր "Ավետարանի" 10բ էջին գրված է. "Եսª Տէրուն էրէցի տղայ Անտոնս, իմ մայր Մինէն, հետնայ մարդն Խաչայտուրն ձախեցինք Աւետարանս Մինասին, իւր որդի տէր Դաւթին, ի թվին ՌԿԵ (1616), ի հայրապետութիւն ս. Նշանիս Սաղմոսայվանից տէր Մանուէլ արքեպիսկոպոսին, ի գուղն, որ կոչի Շիրիղալայ, ի ոտն Արագաձու, Թագաօրութեան շահայ Ապազին, իշխանութիւն Ամիրկոնին, ի կաթողիկոսութիւն տէր Դաւթին, մէլիքութիւն Ատուն: Եսª Այլապէկս վկայ, Շիրիղալայի աղսախալու Ղուկասª վկայ, Պետրոս վկայ, Խանբաբս վկայ, Սարգիս վկայ, Ապովի տղայ Ովանէս վկայ: Ես Ճանոյ(ի) փեսայ Ովանէս գրեցի այս գիրս: Ինչ մարդ որ դաւի անի ՅՃԺԸ (318) հայրապետաց նզոված լին(ի), մասն Ութ(այ)ի առցէ: Եսª Գրիգոր եպիսկոպոս իմ ձեռօք գնեցի տուի Մինասին, ես վկայ եմ առաջի Աստուծոյ": Փաստաթուղթը պայմանագիր է, որով գործարքի մի կողմի ներկայացուցիչները (Տերուն երեցի որդի Անտոնը, իր մայր Մինան և Խաչատուրը) իրենց Ավետարանը վաճառել են Վարդենուտ գյուղի բնակիչ Մինասին և իր որդի տեր (գուցե քահանա կամ վարդապետ) Դավթին: Գործարքին ներկա են եղել և վավերացրել են նույն գյուղի բնակիչներ Այլաբեկը, Ղուկասը, Պետրոսը, Խանբաբը, Սարգիսը, Աբովի որդի Հովհաննեսը: Պայմանագրի տեքստը գրել է Ջանոյի փեսա Հովհաննեսը: Գործարքին մասնակցել և վաճառքի գնման արարողությունը գլուխ է բերել Գրիգոր եպիսկոպոսը: Այս փաստաթուղթը կարևոր վավերագիր է և հաստատումն է այն փաստի, որ 1604 թ-ի "մեծ գաղթից" ընդամենը մեկ տասնամյակ անց, Վարդենուտ գյուղում ապրել են հայ ընտանիքներ, գյուղն ունեցել է իր պաշտոնյաներըª հանձինս գավառի մելիք Ատու և գյուղապետ Ղուկասի, եպիսկոպոս Գրիգորի, տեր Դավթի:


Հայտնի վարդենուտցիներ

Գյուղում է ծնվել պետական ծառայող Գագիկ Արշակյանը: Գյուղից են սերում Արցախյան ազատամարտի մասնակիցներ Գրիգոր Հմայակյանը, Սամվել Հարությունյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու Արամ Գյուրջյանը, դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանը:

Գրականություն





Գագիկ Արշակյան


ԱՐՇԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ ԿԻՐՈՎԻ /հունվարի 3, 1961, Ապարանի շրջան, Վարդենուտ/, պետական ծառայող, Նիգ-Ապարան (կազմակերպություն) ՀԲՀԿ Պատվո անդամ/2009 թ./:

Գործունեությունը

1978 թ-ին ավարտել է Վարդենուտի միջնակարգ դպրոցը, 1981 թ-ինª գերազանցության դիպլոմովª Երևանի ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկումը, 1989 թ-ինª Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: 1981-1983 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում: 1983-1989 թթ-ին աշխատել է Վարդենուտի միջնակարգ դպրոցի զինղեկ: 1991-2001 թթ-ին եղել է "Հայ գործարար" թերթի տնօրեն: 2002 թ-ի մայիսին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության անվճարունակության վարչության կառավարիչ: 2003-2007 թթ-ին եղել է Նիգ-Ապարան (կազմակերպություն) ՀԲՀԿ կենտրոնական ապարատի հաշվապահ: 2007-2008 թթ-ին եղել է ՀՀ գլխավոր դատախազության արարողակարգի վարչության պետ: 2008 թ-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:





Գրիգոր Հմայակյան

ՀՄԱՅԱԿՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՎԱՂԱՐՇԱԿԻ /հունվարի 21, 1951, Ապարանի շրջան, Վարդենուտ - 1994, Հորադիզ/, ՀՀ բանակի ավագ լեյտենանտ, վաշտի հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից: Հետմահու պարգևատրվել է ՀՀ "Արիության" մեդալով ¥01.06.2002թ.¤:

Գործունեությունը

1990 թ-ին մտել է "Արաբո" ջոկատ և մասնակցել Հայաստանի և Արցախի սահմանային կռիվներին: 1992 թ-ին ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում: 1994 թ-ի հունվարի սկզբին Հորադիզի շրջանում, իր 18 տարեկան զինվորների հետ, հայտնվել է շրջափակման մեջ: 17 օր կռվել են մի կողմից ազերիների, մյուս կողմից աֆղան մոջահեդների դեմ: Հունվարի 19-ին ճեղքել են թշնամու օղակը և հիմնական ուժերով դուրս եկել շրջափակումից: Սակայն մարտադաշտում մնացել է մի վիրավոր զինվոր և հրամանատարը կրկին վերադարձել է հետ, վիրավորին գրկած հասցրել առաջին գիծ: Այստեղ էլ փրկելով զինվորի կյանքը` զոհվել է ականի պայթյունից: Թաղված է "Եռաբլուր" զինվորական պանթեոնում:




Սամվել Հարությունյան

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԵՐԳԵՅԻ (ՉԱՎՈՒՇ) /ապրիլի 1, 1966, Երևան/, Արցախյան ազատամարտի մասնակից, "Արաբո" ջոկատի ազատամարտիկ, ՀՀ բանակի կապիտան (1999 թ.):

Գործունեությունը

1983 թ-ին ավարտել է Երևանի թիվ 81 միջնակարգ դպրոցը, 1984 թ-ին` ԴՕՍԱԱՖ-ի ավտոդպրոցը: 1984-1986 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում, եղել է տանկիստ: 1986-1994 թթ-ին եղել է Երևանի "Հայէլեկտրագործարան" միավորման թիվ 31 տեղամասի փականագործ-գործիքագործ: 1994 թ-ին ծառայության է անցել ՀՀ ներքին գործերի նախարարության համակարգում: 1994 թ-ին եղել է Սևանի ռեգիոնալ վարչության հատուկ ջոկատի հրամանատար, 1994-1996 թթ-ին` Երևան քաղաքի Խորհրդային շրջանի ներքին գործերի բաժնի պարեկա-պահակային ծառայության վաշտի հրամանատար, 1996-1997 թթ-ին` Երևանի քաղաքային վարչության հատուկ գումարտակի հրամանատար: 1997 թ-ին փոխադրվել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգ: 1997-2001 թթ-ին եղել է ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ, 2001-2002 թթ-ին` նույն գումարտակի հրամանատար, 2002 թ-ին` ռազմական վարչության պետի սպառազինության գծով տեղակալ: /2002 թ-ին արձակվել է պահեստազոր/: 2006-2007 թթ-ին եղել է "Հայէլեկտրացանցեր" միավորման "Արևմուտք" մասնաճյուղի Շենգավիթի 26-րդ տեղամասի պետ: 1990-1994 թթ-ին մասնակցել է Արցախյան ազատամարտին: Եղել է "Արաբո" ռազմականացված ջոկատի հատուկ խմբավորման հրամանատար: Մասնակցել է ԼՂՀ Շահումյանի շրջանի Բուզլուխ-Մանաշիդ գյուղերի (1990 թ-ի հոկտեմբեր), Զոդի (1991 թ-ի հունվար), Մարտակերտի շրջանի Լևոնարխ-Հակոբ Կամարի գյուղերի (1992 թ-ի ապրիլ-մայիս), Կապանի Դավիթ Բեկ գյուղի (1993 թ-ի մարտ-հունիս), Քարվաճառի (1994 թ-ի հունվար-մարտ) պաշտպանական և հարձակողական մարտերին: "Արծիվ-Մահապարտ" գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր-Վաղուհաս գյուղերի պաշտպանական մարտերին (1992 թ-ի հունվար-փետրվար):

Պարգևատրվել է

  • ՀՀ "Մարտական ծառայության" (1998 թ.) մեդալ,
  • ՀՀ ՊՆ "Անդրանիկ Օզանյան" (2005 թ.) մեդալ,
  • "Արծիվ-Մահապարտ" (2007 թ.) շքանշան:


Արամ Գյուրջյան

ԳՅՈՒՐՋՅԱՆ ԱՐԱՄ ՍՄԲԱՏԻ /հունիսի 13, 1980, Երևան/, հոգեբանական գիտությունների թեկնածու (2005 թ.):

Գործունեությունը

1997 թ-ին ավարտել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը, 2002 թ-ին` կարմիր դիպլոմով` Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը, 2005 թ-ին` նույն համալսարանի ասպիրանտուրան: 2005 թ-ին պաշտպանել է ատենախոսություն և ստացել հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հեղինակ կատարող է, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր: Աշխատել է հեռուստատեսությունում, դասախոսում է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանում:

Հրատարակել է

  • Կատվազգիներ: Ե., 1999:
  • Ընտանի կենդանիներ: Ե., 1999:
  • Հեռուստահաղորդումների ներգործությունը հասարակության մեջ սոցիալական և բարոյաքաղաքական ոչ համարժեք դիրքորոշումների և համոզմունքների

ձևավորման վրա: Ե., 2005:

  • Գայլը: Ե., 2009:


Սամվել Ադամյան

ԱԴԱՄՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՖՐՈՒՆԶԻԿԻ /օգոստոսի 3, 1959, Երևան/, կրթական, կուսակցական աշխատող, դպրոցի տնօրեն:

Գործունեությունը

1976 թ-ին ավարտել է Երևանի թիվ 127 միջնակարգ դպրոցը, 1982 թ-ին` գերազանցության դիպլոմովª Երևանի ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկումի մեխանիկական ֆակուլտետը, 1990 թ-ինª Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի ինդուստրիալ-մանկավարժական ֆակուլտետը: 1978-1980 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում: Երևանի ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկումում սովորելու տարիներին աշխատել է Երևանի էլեկտրալամպերի գործարանում: 1982 թ-ին ավարտել է տեխնիկումը և անմիջապես մանկավարժական աշխատանքի անցել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 միջնակարգ դպրոցում: Մանկավարժական աշխատանքին զուգահեռ դասախոսել է Երևանի ինդուստիրալ-մանկավարժական տեխնիկումում: 1985-1990 թթ-ին Ազգային հեռուստատեսությամբ վարել է "Լուսացուցային դպրոց" հաղորդաշարըª ազգաբնակչությանը երթևեկության կանոններ ուսուցանելու նպատակով: 1993 թ-ի սեպտեմբերին ընտրվել է թիվ 59 դպրոցի տնօրեն: 1996-1999 թթ-ին եղել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանու անդամ: 1998 թ-ից Երևանի քաղաքապետարանի տնօրենների խորհրդի անդամ է:

Կուսակցական աշխատանք

2006 թ-ին դարձել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ, ընտրվել է այդ կազմակերպության Քանաքեռ-Զեյթուն կառույցի նախագահ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ: 2007 թ-ի մայիսի 12-ին քվեարկվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության համար կուսակցության համամասնական ցուցակով: 2007 թ-ի հունիսին նշանակվել է կուսակցության հանրապետական շտաբի պետ: 2009 թ-ին ընտրվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության Քաղաքական խորհրդի փոխնախագահ:

Պարգևներ

Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է ՀամԼԿԵՄ կենտկոմի կրծքանշանի և պատվոգրի, ՀԼԿԵՄ կենտկոմի, Երևանի քաղաքապետարանի և կրթության վարչության պատվոգրերի:





Категория: Мои статьи | Добавил: tigranhayazn (25.11.2011)
Просмотров: 1947 | Рейтинг: 5.0/18
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz