Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Հոդվածներ | Регистрация | Вход
 
Среда, 04.12.2024, 21:59
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Статьи » Мои статьи

ԽԵՆԹԵՐԸ

Խենթ

ԽԵՆԹ /ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՏԵՐ-ՊՈՂՈՍԻ /ծն. 10.05.1851 թ., Ապարանի գավառամաս, Արագյուղ - 1911 թ., Վաղարշապատ/, ռուսական բանակի գնդապետ, ազգային-ազատագրական պայքարի մարտիկ, Րաֆֆու "Խենթը" վեպի հերոս Վարդանի նախատիպը:

Կրթությունը

Սկզբնական կրթություն ստացել է քահանա հոր մոտ, ապա սովորել է Էջմիածնի ծխական դպրոցում, ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Գերազանց տիրապետել է հայերեն, ռուսերեն, քրդերեն, թուրքերեն լեզուներին:

Մասնակցությունը ռուս-թուրքական պատերազմին

Կամավոր մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել քաջությամբ, խենթ հերոսությամբ դուրս է եկել Բայազեդի շրջափակված բերդից և օգնության կանչել անհրաժեշտ ուժերի: Գեներալ-լեյտենանտ Արզաս Տեր-Ղուկասովի միջնորդությամբ այդ սխրանքի համար ռուսական իշխանությունները նրան շնորհել են սպայի կոչում, Սուրբ Գեորգիի ոսկե խաչ և նշանակել ցմահ թոշակ:

Ծառայությունը ռուսական բանակում

Հետպատերազմյան տարիներին շարունակել է ծառայությունը ռուսական բանակում, կատարել է հետախուզական առաջադրանքներ, թարգմանչի պարտականություններ, ավելի ուշ զբաղվել է թիկունքային սպասարկման խնդիրներով, բարձրացել սպայական աստիճանակարգով և արժանացել գնդապետի կոչման: Ծառայել է Թիֆլիսում և Սանկտ-Պետերբուրգում: Ծառայությունից արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան:

Գործունեությունը

1903-1906 թթ-ին եղել է Վայոց Ձորի գավառի գավառապետի օգնական, ապա` գավառապետի պաշտոնակատար, 1906-1911 թթ-ին` Էջմիածնի գավառի ջրաբաշխ: Իր անձնական միջոցներով 1890 թ-ին հայրենի Արագյուղում հիմնել է դպրոց, որի ուսուցիչներին վճարելու համար մինչև իր մահը ամենամյա ֆինանսական օգնություն է հատկացրել: 1900-ական թվականների սկզբին Սուրբ Գայանե եկեղեցու մոտ գտնվող գերեզմանոցում թաղված "Խենթը" վեպի հերոսուհի Լալայի նախատիպ աղջկա գերեզմանին դրել է տապանաքար` "Լալա" մակագրությամբ:

Զավակները

Առաջին կնոջիցª Աննա Տեր-Թադևոսյանից /ամուսնացել է 1870 թ-ին/, ունեցել է Եղիսաբեթ աղջկան (ծն. 1874 թ-ի նոյեմբերի 12-ին), Արսեն (ծն. 1875 թ-ի մայիսի 19-ին) /Ապարանի հերոսամարտի կազմակերպիչներից/, Արտաշ (ծն. 1877 թ-ի հունիսի 12-ին) և Վասակ (ծն. 1878 թ-ին) /ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար/ որդիներին, երկրորդ կնոջիցª Սրբուհուց` Հումբերտ, Պավել որդիներին և Խենթուշ աղջկան: Մահացել է Էջմիածնում 1911 թ-ի ամռանը: Թաղման արարողությանը մասնակցել են Էջմիածնի, Աշտարակի ու Ապարանի գավառամասերի գյուղերի գյուղապետեր ու գյուղացիներ, կառավարական պաշտոնյաներ, Էջմիածնի միաբանության վարդապետներ, եպիսկոպոսներ, գյուղերի քահանայական դասը: Թաղման հոծ թափորը հերոսի մարմինը հողին է հանձնել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու ձախակողմյան պատի տակ: Սկզբնապես գերեզմանին դրվել է փոքր տուֆ քարից խաչքար-տապանաքար, որի վրա փորագրված են եղել միայն "Խենթ" և դրա տակ "Վարդան" բառերը: Հետագայում Ամենայն Հայոց Վազգեն Ա Բուխարեստցի կաթողիկոսի հրամանով խաչքար-տապանաքարի առջև տեղադրվել է բազալտից սալաձև տապանաքար, որի վրա փորագրված է. "Խենթ, Սամսոն Տեր-Պողոսյան, 1846-1911, Վարդան" /այստեղ ծննդյան թվականը սխալ է, 1875 թ-ը ճշտվել է ըստ գյուղի եկեղեցու ծխամատյանի/: Կենսագրական տեղեկություններից ներքև քանդակված են իրար խաչված զույգ դաշույններ: Հայրենի Արագյուղի գերեզմանոցի սկզբնամասում 1974 թ-ին տեղադրվել է Սամսոն Տեր-Պողոսյանիª Խենթի կիսանդրին:

Պարգևները

Պարգևատրել է Սուրբ Գեորգիի չորս խաչով, Սուրբ Աննայի շքանշանով և մեդալներով:

Գրականություն

  • Րաֆֆի, Խենթը /առաջին հրատարակություն/: Շուշի, 1881 թ., 400 էջ: Առանձին, այլ վեպերի հետ ունեցել է հայերեն 15, ռուսերեն` 7, վրացերեն` 2, մոլդավերեն` 1, այլ օտար լեզուներով` 6 հրատարակություն:
  • Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Խենթերը: Ե., 2009 թ., էջ 26-28:



Արսեն Տեր-Պողոսյան

(Վերահղված է Արսեն Տեր—Պողոսյան-ից)

ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՄՍՈՆԻ /ծն. 19.05.1875 թ., Ապարանի գավառամաս, գ.Արագյուղ - 1938 թ., Ռումինիա, Բուխարեստ/, ազգային, ռազմական գործիչ, 1918 թ-ի մայիսի 22-29-ի Ապարանի հերոսամարտի կազմակերպիչ-աշխարհազորի հրամանատար, հունական բանակի գնդապետ (1920 թ.): Րաֆֆու հերոս Խենթիª Սամսոն Տեր-Պողոսյանի և առաջին կնոջª Աննա Տեր-Թադևոսյանի որդին է:

Կրթությունը

Ստացել է իր ժամանակի համար լավ կրթություն: Սովորել է Արագյուղի ծխական դպրոցում, ավարտել է Երևանի ուսուցչական սեմինարիան, Սանկտ-Պետերբուրգի հատուկ զինվորական դպրոցը:

Ազատագրական շարժման մասնակից

19-րդ դարավերջին վերադարձել է Հայաստան և, ազգային-ազատագրական շարժման մասնակից իր ժամանակակից երիտասարդների նման, անցել է Արևմտյան Հայաստան և Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ մասնակցել բազմաթիվ մարտերիª աչքի ընկնել արտակարգ խիզախությամբ ու հնարամտությամբ: Հայ ազգային ազատագրական շարժման առաջնորդներից Նիկոլ Դումանի հրամանով 1905 թ-ի հունիսի 4-ին իր մարտախմբով եկել է Ապարանի տարածաշրջանի Արտաշավան գյուղ և միավորելով տեղական ուժերը` մոտ 150 ձիավոր ու հետևակ մարտիկ, պլանավորել է պաշտպանել Ապարանի և Աշտարակի հայկական գյուղերի բնակիչներին Արագած և Արայի սարերի ստորոտներին գտնվող Ուշի, Համամլու, Քուրդալու գյուղերի տեղաբնիկ թուրքերի ոտնձգություններից: (Ընդհանուր հրամանատարը Արսեն Տեր-Պողոսյանն էր իր 20 ձիավորով: Ջոկատի կազմում եղել են խմբապետներ Գրիգորը` 10 ձիավորով, Կարապետը` 13 հետևակով, Հովհաննեսը` 20 հետևակով, Արտեմը` 10 հետևակով, Բարսեղը` 19 հետևակով: Բոլորը միասին ընդամենը 98 զինվոր, ինչպես նաև 40-ից ավելի զինված գյուղացիներ): Օրվա կեսին թուրքերը նախահարձակ են եղել Սաղմոսավանք գյուղի ուղղությամբ: Այստեղ թողնելով մի խումբ մարտիկների` Արսեն Տեր-Պողոսյանը հիմնական ուժերով փոխադրվել է Ապարանի գավառամասի Արայի գյուղ, սակայն ստանալով թուրքերի հարձակման մասին լուրը` հիմնական ուժերով հարձակվել և մինչև կեսգիշեր գլխովին ոչնչացրել է Արայի լեռան ստորոտին գտնվող երկու թուրքական գյուղերի և Ուշի գյուղի թուրք զինյալներին` հիմնովին այրելով այդ գյուղերի թուրքերի տները: Հայերն ունեցել են մեկ զոհ, թուրքերը տվել են 150 սպանված ու 180 վիրավոր:

Սիբիրյան աքսորում

1907 թ-ին հերթական անգամ Արևմտյան Հայաստան զենք տեղափոխելիս, Արաքսի անցումի մոտ ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից և բանտարկվել Կարսի բերդում: Սամսոն Տեր-Պողոսյանի բոլոր փորձերը որդուն ազատելու ուղղությամբ ապարդյուն են անցել: Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման և 1908 թ-ին աքսորվել Սիբիր:

Հայրենիքում

1917 թ-ին ազատվել է կալանքից և վերադարձել Հայաստան: 1917 թ-ին Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանը, հաշվի առնելով նրա անմնացորդ նվիրումը, անարդարությունների հանդեպ անհաշտ վերաբերմունքը և փորձըª նշանակել է Երևանի պարետ Արշո Շահխաթունուն ենթակա ռազմականացված ոստիկանության պետ: 1918 թ-ի մայիսի 17-ին Արամ Մանուկյանի հրամանով ապարանցիներից կազմված պահապան ջոկատով ուղարկվել է Ապարանª այս ուղղությամբ թուրքերի հավանական հարձակման դեպքում գավառի պաշտպանությունը կազմակերպելու և դեպի Երևան թուրքերի առաջխաղացումը կասեցնելու համար:

Ապարանի հերոսամարտի աշխարհազորի հրամանատար

1918 թ-ի մայիսի 17-22-ին Ապարանի գավառամասի պետ Սեդրակ Ջալալյանի, շրջանի հոգևոր հովիվ Տեր-Հովհաննես Տեր—Մինասյանի հետ նախապատրաստական մեծածավալ աշխատանք է իրականացրել Ապարանի և հարևան շրջանների բնակչության շրջանումª աշխարհազոր կազմակերպելու, ռազմավարական դիրքեր նախապատրաստելու, այդ ուղղությունում ընդհանուր խուճապի մթնոլորտը մեղմելու ուղղությամբ: Մայիսի 22-23-ին անմիջականորեն ղեկավարել է Ապարանի պաշտպանական առաջին մարտերը, և աշխարհազորայինների միջոցով փակել Երևան արշավող թուրքական դիվիզիայի ճանապարհը` մինչև կառավարական ուժերը Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ հասել են Ապարանի ճակատ: Առանձնապես աչքի է ընկել Մայիսի 22-ին Միրաք գյուղի կամրջի մոտ նախապատրաստած ծուղակով: Թուրքական առաջապահ հետախուզական գումարտակը որևէ դիմադրության չսպասելով առաջացել է, իսկ Նիգավան գյուղի և Ուղտասարի լեռնաթևերում դարանակալած աշխարհազորայինները փակել են թուրքերի թիկունքը և անխնա ոչնչացրել շրջապատման մեջ հայտնված թուրքերին: Հետագա օրերին նույնպես հմտորեն է ղեկավարել իրեն վստահված չորս հազարից ավելի աշխարհազորայիններին:

Պայքար հունական բանակի կազմում

Ապարանի հերոսամարտի ավարտից մեկ ամիս անց մեկնել է Պոլիս: Իր կյանքի գործը համարելով թուրքերի դեմ կռիվը, հույների կողմից ակտիվորեն մասնակցել է 1918 թ-ին սկսված հույն-թուրքական պատերազմին: Մարտերից մեկում գնդակային վիրավորում է ստացել (տարիներ անց այդ հողի վրա կատարված ծանր վիրահատությունից հետո մահացել է): Ցուցաբերած ռազմական հմտության, կազմակերպական ունակությունների համար հունական բանակի ղեկավարության կողմից արժանացել է գնդապետի կոչման: Հունաստանի թագավոր Կոստանդինը նրան պարգևատրել է շքանշանով:

Տարագրուրյան մեջ

Հույն-թուրքական պատերազմի ավարտից հետո վերադարձել է Հայաստան և կրկին ծառայության անցել ռազմականացված ոստիկանությունում: Խորհրդային Ռուսաստանի կողմից Հայաստանի Առաջին Հանրապետության ռազմակալումից հետո, 1920 թ-ի դեկտեմբերին անցել է Թիֆլիս, ապա` հեռացել արտասահման: 1921-1927 թթ-ին ապրել է Բեսարաբիայում, որ այդ ժամանակ Ռումինիայի մաս էր կազմում: 1927 թ-ին անցել է Ռումինիա: Չտիրապետելով ռումիներենին, չունենալով աշխատանքª հայտնվել է ծանր կացության մեջ: Օգնության ձեռք են մեկնել տեղաբնակ հայերը և նա նշանակվել է Բուխարեստում բնակվող Մելիք անունով հայազգի մի մեծահարուստի քաղաքից դուրս գտնվող կալվածքի կառավարիչ: Լինելով մեծ հայրենասեր, անհունորեն Հայաստանին սիրահարված մարդ, մշտապես մտածել է Հայրենիք վերադառնալու մասին: 1935 թ-ին նրան նման առաջարկ է արել նաև եղբայրըª Խորհրդային Հայաստանի նախկին ֆինանսների նախարար Վասակ Տեր-Պողոսյանը, որ այդ ժամանակ պաշտոնավարում էր Անդրֆեդերացիայի ֆինանսների նախարարությունում: Այդ թթ-ին ավելի քան 200 էջի վրա շարադրել է իր հուշերը (հուշերի երկու հաստափոր տետրերը, [1952]]-1953 թթ-ին, կասկածելի հանգամանքներում, Երևանում սովորող որդուª Սամսոն Տեր-Պողոսյանի զբաղեցրած տնից անհետացել են):

Մահը

1938 թ-ի մարտ ամսին ծանր վիրահատության է ենթարկվել և մահից առաջ կտակել է մարմինը հողին հանձնել մայր հողում: Աճյունը դրվել է Բուխարեստի հայկական եկեղեցու գավթում: Հերոսին հրաժեշտ տալու համար եկել են երկրի բոլոր կողմերից: Հոգեհանգստի արարողությունը կատարել է անձամբ Ռումինահայոց եկեղեցու հովվապետ Վազգեն Պալճյան եպիսկոպոսը (ապագա Ամենայն Հայոց Վազգեն Ա Բուխարեստցի կաթողիկոսը): Հերոսի մարմինը թաղվել է Բուխարեստի հայկական գերեզմանոցում: 1947 թ-ին հոր կողքին թաղվել է նրա վաղամեռիկ դուստր 16-ամյա Մալվինան: 1948 թ-ին կինըª Մարգարիտը, որդինª Սամսոնը և դուստրըª Աննան ներգաղթել են Հայաստան:

Գրականություն

  • Արագյուղի 1855-1879 թվականների ծխամատյան: ՀՀ Ազգային արխիվ, ֆոնդ 47, ցուցակ 5, գործ 801:
  • Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Խենթերը. հանրագիտարան: Ե., 2008 թ., էջ 21-24:



Վասակ Տեր-Պողոսյանը

ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ ՎԱՍԱԿ ՍԱՄՍՈՆԻ /ծն. 15.01.1881 թ., Ապարանի գավառամաս, Արագյուղ - 1936 թ., Թիֆլիս/, պետական գործիչ, ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար (1922-1928 թթ-ին): Ապարանի հերոսամարտի կազմակերպիչներից Արսեն Տեր-Պողոսյանի եղբայրն է:

Գործունեությունը

Տնտեսագիտական բարձրագույն կրթություն ստացել է Չիտայում: Մինչև 1917 թ-ը աշխատել է Սիբիրում: 1917-1918 թթ-ին եղել է Ճապոնիայում: 1919 թ-ին փոխադրվել է Հայաստան: 1905 թ-ին հարել է բոլշևիկներին: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո կատարել է պատասխանատու աշխատանքներ: 1922-1928 թթ-ին եղել է ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար, 1929-1930 թթ-ին` Անդրֆեդերացիայի ֆինանսների ժողովրդական կոմիսարիատի կոլեգիայի անդամ, 1930-1934 թթ-ինª Անդրֆեդերացիայի պետպլանի նախագահության անդամ: 1934-1936 թթ-ին տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Անդրֆեդերացիայի ֆինանսական մարմիններում: Եղել է Ալեքսանդր Մյասնիկյանի, Աղասի Խանջյանի մտերիմ ընկերը:

Գրականություն

  • Արագյուղի 1881-1915 թվականների ծխամատյան: ՀՀ Ազգային արխիվ, ֆոնդ 47, ցուցակ 5, գործ 613:
  • Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Խենթերը: Ե., 2009 թ., էջ 28-29:

Категория: Мои статьи | Добавил: tigranhayazn (02.11.2011)
Просмотров: 1639 | Рейтинг: 5.0/9
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz