ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՅՐ
Հուլիսի 29-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին պատմաբան, «Զորավար» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը և պատմական գիտտությունների թեկնածու, «Արամ Մանուկյան» մենագրության հեղինակ Արմեն Ասրյանը:
Նրանք հրատապ ներկայացրեցին «ՀԱՅՈՑ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՏԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿԸ: ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ 135-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»:
Արմեն Ասրյանը ներկայացրեց Արամ Մանուկյանի կենսագրությունը և խոսեց ծանրագույն ժամանակներում Հայաստանի փրկության մասին, որ 1918 թ-ի մայիսյան հերոսամարտերում իրականացրեց Արամ Մանուկյանը: Նա ըստ պատշաճի արժևորեց քաղաքական, ռազմական, պետական գործչին:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց վերջին երկու ամսում Արամ Մանուկյանի տան հետ կապված իր ղեկավարած «Զորավար» հիմնադրամի կատարած աշխատանքը: Նշեց, որ Երևանի քաղաքապետարանը դեռևս 2005 թ-ին «մոգոնել է» շատ խոսուն «Հին Երևան» ծրագիրը և այդ ծրագրի շրջանակում Արամի 9 հասցեում գտնվող Արամ Մանուկյանի տունը ևս հարակից տարածքի հետ վաճառել է «Գլենդել հիլզ»-ին` բիզնես ծրագիր իրականացնելու նպատակով, ինչը բարեբախտաբար առ այսօր կյանքի չի կոչվել և հնարավորություն է տալիս Երևանի քաղաքապետարանին Արամի 9 շենքի մասով չեղյալ հայտարարելու առքուվաճառքի պայմանագիրը, շենքը վերադարձնել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշիռ և իրականացնելու Մեծ հայի տուն-թանգարան ստեղծելու գաղափարը:
Բանախոսը ցավով նշեց, որ այս տարին Արամ Մանուկյանի համար հոբելյանական է, լրանում է նրա 135-ամյակը, բայց պետականորեն հոբելյանը նշելու որևէ դրսևորում չի տեսնում պետական մակարդակներում: Նա նշեց, որ վերոհիշյալից ելնելով «Զորավար» հիմնադրամը իր վրա է վերցնում հիշյալ խնդիրը ներկայացնելու գործը և ՀՀ կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներկայացնում է հետևյալ ծրագիրը.
ՀՀ կառավարությանը`
- Քննարկել Արամ Մանուկյանի շիրիմը Երևանի քաղաքային պանթոնից տեղափոխելու և Կոմիտասի այգու Պանթեոնում վերաթաղելու հարցը /այդտեղ է ամփոփվել Մեծ հայի մարմինը մահից հետո, ցավոք խորհրդային իշխանություններն այն փոխադրել ու վերահուղարկավորել են նախ Կոզեռնի գերազմանոցում, ապա այդտեղից փոխադրել են Երևանի քաղաքային պանթեոն/: Միայն այսպես կվերականգնվի պատմական արդարությունը:
- Հիմնել «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» շքանշան «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՐ» մակագրությամբ և տարին մեկ անգամ շնորհել Հայաստանին քաղաքական կյանքում մեծ ծառայություն կատարած անձի:
- Տպագրել «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» նամականիշ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՐ 135» մակագրությամբ:
- Հրատարակել «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» կենսագրական մենագրությունը:
- Նկարահանել «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԸ` ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» վավերագրական ֆիլմը:
- Հոկտեմբերի 31-ին Հայֆիլհարմոնիայի «Արամ Խաչատրյան» դահլիճն անվճար տրամադրել «Զորավար» հիմնադրամին` Արամ Մանուկյանի 135-ամյակի առթիվ «Արամ Մանուկյան` Հայաստանի Հանրապետության հայրը» խորագրով հանդիսավոր միջոցառման և համերգի իրականացման համար:
Երևանի քաղաքապետարանին`
- Իր պարտավորությունները չկատարելու համար չեղյալ համարել «Գլենդել հիլզ»-ին «Հին Երևան» ծրագրով Արամի 9 հասցեում գտնվող Արամ Մանուկյանի տան վաճառքը, շինությունը հետ ընդունել քաղաքապետարանի հաշվեկշիռ կամ օգտագործման իրավունքով հանձնել «Զորավար» հիմնադրամին` նորոգելու և «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» տուն-թանգարանի վերածելու համար:
- Ընդունել Երևանի ավագանու որոշում` Երևան քաղաքում /Արամի 9 հասցեի մոտակայքում/ կանգնեցնելու Արամ Մանուկյանի արձանը:
Բանախոսները պատասխանեցին լրագրողների բազմաթիվ հարցերի:
|