ՍԱ ԻՐԱԿԱՆ «ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳԻՐՆ Է
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, «ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ» ԱՅՍ ԾՐԱԳՐՈՎ
ԱՎԵՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ես երեկ ներկայացրել եմ ճարտարապետ Լևոն Վարդանյանի «Հին Երևան» նախագծի նկարը:
Իսկ հիմա կխոսեմ դրա մասին:
Սիրելի հայեր, լավ նայեք այս պատկերին, որ ստացել է «Հին Երևան» անուն և իբրև թե պիտի հավաքական պատկերացում տա 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի Երևանի մասին: Ասել է թե այստեղ, իբրև թե, պիտի հավաքվեին Երևանի կենտրոնում քանդված հին շենքերը և պատկերացում ստեղծեին հին Երևանի մասին:
Խորհուրդ եմ տալիս լավ նայել, մտքով վերհիշել Երևանի կենտրոնում ոչնչացված շենքերը և փորձել տեսնել դրանք այս մանրակերտում:
Դժվար հիշեք: Դրանք այստեղ չկան:
Հարգարժան Տարոն Մարգարյան, այդ ինչպես են Ձեզանից առաջ պաշտոնավարած քաղաքապետներն իրենց, ապա Ձեզ համոզել, որ սա, այո սա, հին Երևանի մաս է: Այստեղ որևէ հին Երևան չկա: Սա բիզնես ծրագիր է: Սա հին պատերով ժամանակակից «սիթի» կամ «մոլ» է, կամ... ծածկած շուկա:
Եվ, թույլ տվեք հարցնել. սա նախագծողը և «սարքողները» /ովքեր էլ նրանք լինեն, ինչքան էլ ազգանունի վերջում «յան» մասնիկով ազգախորհրդանիշ ունենան/ այստեղ որտեղ են տեսնում Արամ Մանուկյանի տունը որպես հայ պետականության հոգևոր խորհրդանիշ:
Ձեզ խաբել են, հարգարժան Տարոն Մարգարյան, այստեղ Արամ Մանուկյանի տունն այլևս գոյություն չունի:
Թույլ չտաք, որ բիզնես մտածողությամբ հայրենիք ծախողներն ավերեն մեր պատկերացումները Հայրենիքի մասին:
Չեղյալ հայտարարեք այս ծրագրի մեջ լուծարված Արամի 9 հասցեում գտնվող երկհարկանի տան վաճառքը: Այդ փոքրիկ շինությունը Հայոց պատմության մաս է: Այդտեղ է ապրել Արամ Մանուկյանը մինչև իր մահը, ապա` նրա այրին` ՀՀ խորհրդարանի պատգամավոր Կատարինե Զալյան-Մանուկյանը և Արամի դուստրը` Սեդան, այդ նույն տանը 1920 թ-ից ապրել է նաև ՀՀ երրորդ վարչապետ Համազասպ Օհանջանյանը` ընտանիքի հետ։
Եթե թույլ տաք «Գլենդել Հիլզին» իրագործելու «Հին Երևան» այդ ավերող ու զավեշտական ծրագիրը, այդ հոգեկան ավերմունքը, ապա երբեք ոչ Ձեզ, ոչ Ձեր զավակներին չի հաջողվի ջնջել Հայոց պատմությունը վաճառելու այս ցավալի ամոթը:
ՀԳ. Հիշում եք մեկ տարի առաջ Հովհաննես Թումանյանի Թիֆլիսի տան վաճառքի հետ կապված պատմությունը: Հիշում եք, թե ինչ շարժում ծավալվեց Հայաստանում այդ առիթով: Թիֆլիսում գտնվող այդ տան համար, որտեղ Ամենայն հայոց բանաստեղծի ոգին էր ապրում, ցավում էր յուրաքանչյուր հայի սիրտ: Իսկ այստեղ` Երևանում, ավերվելու-վերանալու է Հայոց մեծ զավակի` Հայկ Նահապետի, Արամ Աշխարհակալի, Տիգրան Մեծի, Արշակ Արշակունու, Աշոտ Բագրատունու, Լևոն Բ Ռուբինյանի, Զաքարե Ա Զաքարյանի, Դավիթ Բեկի ուղղակի ժառանգ, Հայաստանի այսօրյա պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի տունը: Իմ սիրելի եղբայրներ ու քույրեր, միթե դրանից ձեր սիրտը չի ցավում:
|