ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ:
«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարանի ճակատամարտում հայերի տարած
հաղթանակի տարեդարձի առթիվ մայիսի 28-ին Ապարանում կկազմակերպի տոնական
միջոցառումների շարք: Այս մասին մայիսի 26-ի ասուլիսում հայտնեց միության
փոխնախագահ Տիգրան Պետրոսյանցը: Այդ օրը երեւանաբնակ ապարանցիներին եւ բոլոր
ցանկացողներին միությունը անվճար կտեղափոխի Ապարան, որտեղ տեղադրվելու են Սեդրակ
Ջալալյանի եւ Դրաստամատ Կանայանի կիսանդրիները, իսկ երեկոյան տեղի կունենա
«ավանդական հայկական հյուրասիրություն»:
Տ.Պետրոսյանցը նշեց, որ առհասարակ
մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է. նա հիշեցրեց 1918թ.-ին
Սարդարապատում եւ Ապարանում արձանագրած հաջողությունները, ինչպես նաեւ
1991թ.-ին Շուշիի ազատագրումը: Նրա խոսքերով, եթե հանկարծ այսօր պատերազմի վտանգ
առաջանա, հայորդիները` անկախ կուսակցական պատկանելությունից, կլծվեն հայրենիքի
պաշտպանության գործին:
Երեւանի ավագանու ընտրություններին, Տ.Պետրոսյանցը
հաստատեց, որ «Նիգ-Ապարանը» սատարում է Հանրապետական կուսակցությանը: «Ստեղծման
պահից մեր միությունը կանգնած է եղել ոչ թե իշխանության, այլ պետականության կողքին`
թե' Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե' Ռոբերտ Քոչարյանի, եւ թե' Սերժ Սարգսյանի օրոք»,- ասաց նա:
Տ.Պետրոսյանցի խոսքերով, յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ նվաճումը
ժողովրդավարական արժեհամակարգի առկայությունն է, սակայն հնարավոր չէ
ժողովրդավարություն կառուցել, եթե ժողովուրդը դրան պատրաստ չէ: «Մենք դեռեւս
չավարտված պատերազմի մեջ ենք, դեռեւս ունենք ուժեղ ձեռքի, ուժեղ անձի կարիք»,- նշեց
նա: