63-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Օգոստոսի 6-ին, չորեքշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 63-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբին ներկայացրեց Հայաստանի և Արցախի սահմաններին վերջին շաբաթ տեղի ունեցած դեպքերը, խոսեց աշխարհաքաղաքական իրողությունների, բարեկամ ձևացող թշնամիների, երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու կարևորության, հայրենիքի պաշտպանության հարցում արդարացիության սկզբունքի ու, ցավոք, դրա պակասի մասին: Նա այս մեկ շաբաթվա դեպքերը որակելիս խիստ կարևոր համարեց Հայաստանի քաղաքացիների պահվածքը, որ սովորական հանրությունից միանգամից դարձան հայրենապաշտության հանրություն: Խոսեց օրվա հերոս զինվորների մասին և ստեղծագործող երիտասարդներին կոչ արեց հենց այդ զինվորներին դարձնել իրենց ստեղծագործության հենքը, հերոսը, փառաբանել նրանց, քանզի Հայաստանի թիվ մեկ մարդը ինչես եղել է, կա և ինչպես կլինի` հայ զինվորն է: Նա ասաց, որ մենք անսահմանորեն պիտի սիրենք մեր բանակն ու մեր զինվորին, այլապես կապրենք ուրիշի բանակի կրունկի տակ ու կկերակրենք ուրիշի զինվորին:
Օրվան համահունչ էր Լիլիթ Ավագյանի «Հայ զինվորին» բանաստեղծությունը, որ հենց այս օրերի արձագանք էր: Հանդիպման բոլոր մասնակիցները դրականորեն խոսեցին բանաստեղծության մասին:
Իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Նանա Մկրտչյանը, Տիգրանուհի Արշակյանը, Արարատ Գևորգը /Խաչատրյան/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Նանա Մկրտչյանը խոսեց իր նոր «Անտես իրականության ղողանջները» պայմանական վերնագրով վիպակի մասին, նշեց, որ հերոսը թեև կույր է, բայց հոգով տեսնում, զգում և դրան համապատասխան եզրահանգումներ է անում:
Գեղանկարիչ Գոռ Բակումյանը ներկայացրեց հանդիպման մասնակիցների մատիտանկարները` արժանանալով նկար-հերոսների դրվատանքին:
Մշակութային լուսանցք բաժնում Նաիրա Շահինյանը, Արարատ Գևորգը կարդացին Գեղամ Սարյանի և Համո Սահյանի բանաստեղծություններից:
Հանդիպմանը մասնակցում էր և ստացած տպավորությունների մասին դրական խոսք ասաց պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Համլետ Գևորգյանը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|