64-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Օգոստոսի 13-ին, չորեքշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 64-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում ներկայացրեց ակումբի նորեկ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող, խորհրդահայ շրջանի անվանի գրող, պատմավիպասան Զարզանդ Դարյանի թոռանը` Վարդան Մովսիսյանին:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց պետական կառավարման ձևերից մեկի` միապետական կառավարման մասին, նշեց, որ դեռևս 1987 թ-ին ինքը ստեղծել է Հայաստանի Թագավորական կուսակցությունը, որն այնուհետև 1992-2006 թթ-ին գործել ու մասնակցել է Հայաստանում քաղաքական գործընթացներին: Նա նշեց, որ ներկայումս ևս Հայաստանում միապետական գաղափարախոսության կրողներ կան, ովքեր աշխատանք են տանում Հայաստանում այդ գաղափարախոսության հիման վրա լուրջ քաղաքական կառույց ստեղծելու մասին: Այդ ուղղությամբ կատարված աշխատանքների, գործող խմբերի, այդ խմբերի աշխատանքը միավորելու հեռանկարների մասին պատմեց Արթուր Արամյանը: Ծավալված քննարկման ժամանակ տրվեցին շատ հարցերի պատասխաններ:
Հանդիպման երկրորդ բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Արմենուհի Մելքոնյանը, Լիլիթ Ավագյանը, Նանա Մկրտչյանը, Քնարիկ Հովհաննիսյանը: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|