ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԱՆԻ ԿԱՐԵՅԱՆԻ «ՆՈՐԱ» ԵՎ «SED» ՎԻՊԱԿՆԵՐԸ
Հունիսի 25-ին, չորեքշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:
Պայմանավորվածության համաձայն ակումբի անդամները ծանոթացան Անիի /Անի Կարեյան/ տպագրության պատրաստված «Արձակ. վիպակներ» գրքում զետեղված «Նորա», «Sed» վիպակներին:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացեց Անիի տպագրության պատրաստ «Արձակ. վիպակներ» գիրքը, որի մեջ ընդգրկված են հեղինակի «Նորա», «Sed» վիպակները: Նա արժևորեց երիտասարդ հեղինակին ու նրա գործը, ասաց, որ հենց դրանց նոր խոսք լինելու հանգամանքն է իրեն հուշել այդ գործերը խմբագրել և պատրաստել տպագրության:
Իր և իր գործերի մասին խոսեց Անին: Նա պատասխանեց իրեն տրված հարցերին:
Ակումբի անդամ Աննա Վիրաբյանն ասաց. «Նորա» վիպակի հերոսուհին պայքարում է ի վերուստ գրված սցենարի դեմ: Այդ ենթատեքստում նա խուսափեց ծնողների կողմից պարտադրվող իրենց հարուստ ընկերոջ որդու հետ ընկերությունից, բայց նաև խուսափեց սցենարից՝ ամուսնանալ և երջանիկ ապրել սիրած էակի հետ: Բայց, օրինակ, ես մտածում եմ միթե Նորան այդպես էլ չէր ամուսնանալու: Եվ ինքս ինձ պատասխանում եմ, որ անշուշտ կամուսնանար, գուցեև չսիրելով, բայց այդպես ավելի սցենարային կլիներ»: Ի պատասխան հնչեց Անիի ռեպլիկը. «Չեր ամուսնանա, ինքն այդպես է մտածված, խնդիրը կենցաղում սերը չմեռցնելու մասին է: Այս դեպքում Նորան փորձում է պահպանել հենց Սերը»: Անան շարունակեց. «Sed» վիպակն առավել գրավիչ է, թե կառուցվածքի առումով, թե պատկերավորման ձևաչափում: Օրինակ, թե նախորդ, թե հատկապես այս վիպակում կան ամբողջական մտքեր, որ կարելի է առանձնացնել ու դիտարկել որպես նորօրյա աֆորիզմներ»:
Սուսաննա ՄարգարՅանը ևս ջերմ արտահայտվեց Անիի ստեղծագործությունների մասին և ասաց, որ իրեն այնպես է հետաքրքրել Անիի կերպավորման, հերոսների միջոցով իր մոտեցումները որոշարկելու գաղափարը, որ մի շնչով է կարդացել երկու գործն էլ ու անգամ ամբողջական մտքեր է դուրս գրել դրանցից, քանի որ դրանք ուղղակի երբեմն ուղղակի համընկել են իր հոգեկան կերտվածքի հետ:
Սերինե Հովհաննիսյանը խոսեց Անիի պատկերավորման հնարքների մասին ու ներկայացրեց վիպակներից իր դուրս գրած մտքերը, որոնք ամբողջական պատկերացում են տալիս Անիի գործերի մասին:
Վահե Խալաֆյանը խոսեց Անիի վիպակների հոգեկան ելակետերի մասին և խորհուրդ տվեց հեղինակին, որ մտածի վիպակների շարունակության մասին՝ ամբողջացնելով կերպարները կամ այդպես գտնել իր իսկ առաջ քաշած հարցերի պատասխանները:
«Նորա» վիպակի մասին խոսեց Նվարդ Մելիքյանը: Նա արժևորեց վիպակը, ասաց, որ գոնե մինչ օրս հայ գրականության մեջ նման գործ չի կարդացել, իսկ միշտ էլ այսպիսի նորը կարող է լուրջ քննադատության թիրախ դառնալ:
Ավելի շատ Անիի, քան նրա գրքերի մասին էր Նանա Մկրտչյանի, Արմենուհի Սումբուլյանի, Քնարիկ Հովհաննիսյանի, Իշխան Բադալյանի խոսքը:
Հնչած կարծիքներին անդրադարձավ Տիգրան ՊետրոսՅանցը, նա, որպես գրքի խմբագիր, տվեց հնչած հարցերի պատասխանները նշելով, որ այդ հարցերի վերաբերյալ քննարկումներ են եղել հեղինակի՝ Անիի հետ և որ ինքը կարողացել է ընկալել Անիին ու նպաստելու է, որ գիրքը տպագրվի:
Անին շնորհակալություն հայտնեց ակումբի անդամներին իր աշխատանքները կարդալու և մեկնաբանելու համար:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|