ԹԵԿՆԱԾՈՒՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ
14:44 | Սեպտեմբեր 17, 2004
| ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Եթե սեպտեմբերի 19-ին արդար ու թափանցիկ ընտրություններ լինեն,
ԱԺ պատգամավոր կընտրվեմ ես» - համոզված է Եղվարդի թիվ 44 ընտրատարածքի
պատգամավորի թեկնածու Բաբկեն Մարգարյանը: Ըստ նրա, իրեն գյուղերում հարգում են, ճանաչում, եւ ինքը «ջախջախիչ հաղթանակ կարող է տանել»:
Չհավատալով հանդերձ արդար ընտրությունների հավանականությանը` «Փակագիծ»
ակումբի այսօրվա հյուրը մասնակցելու է ընտրություններին` «իր ընտրողներին
չընկճելու համար»: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքի օգոստոսի 29-ի ընտրությունները անվավեր են ճանաչվել ընտրախախտումների պատճառով: Բաբկեն
Մարգարյանը կարծում է, որ այս անգամ էլ է քվեարկության օրը կաշառք
բաժանվելու` ինչպես նախորդ անգամ` 5-10000դրամ. «Տնետուն ընկած ընտանիքների
բարոյական կերպարն են կոտրում»: Ըստ թեկնածուի, ինքն ունի այն
մարդկանց ցուցակը, որոնք օգոստոսի 29-ին կաշառք են ստացել թեկնածուներ`
գործարար Արայիկ Հայրապետյանի եւ «ՕԵԿ» անդամ Արտակ Սարգսյանի անունից: Գործարար
Արայիկ Հայրապետյանը հրաժարվել է շարունակել ընտրապայքարը: Արայիկ
Հայրապետյանի շտաբի պետ Տիգրան Պետրոսյանցը մասնակցում էր ասուլիսին, բայց
չցանկացավ որեւէ պարզաբանում տալ թեկնածուի հրաժարականի առթիվ: Պարոն Մարգարյանը բացառում է, որ այս ընտրություններում իրեն կպաշտպանեն հրաժարական տված թեկնածուի համակիրները:
Ի դեպ, եթե օգոստոսի 29-ին Բաբկեն Մարգարյանը անկուսակցական թեկնածու է,
այս կիրակի արդեն կուսակցական է. նա անդամագրվել է «Ժողովրդավարություն եւ
աշխատանք» կուսակցությանը:
|