Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 24.11.2024, 05:33
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Август » 20 » ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
10:54
ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

«ԷՐԱՏՈ» պատմական հերոսապատում

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Երկու տարի անց, մեր ժամանակներից առաջ 7 թվականի Նավասարդ ամսի Արեգ (առաջին) օրը, արքայից-արքա Էրատոն մեկնում է Երիզա ավան, Անահիտ Աստվածամոր տաճար:
Տոնական շքախումբը, զինավառ թիկնապահ գնդի ուղեկցությամբ, անցավ Արաքսի կամուրջը և Արարատ լեռան հարավակողմով մտավ Դարոյնք տանող ճանապարհը՝ Անահտական գավառ հասնելու համար:
Արքայից-արքայի ուղեկիցը Հայոց Աստվածատան գլխավոր քրմապետ Մաժաքն էր:
Գլխավոր քրմապետ Մաժաքը արքա Էրատոյի հետ նույն տոհմից էր: Նա քուրմ էր դարձել դեռևս արքայից-արքա Արտավազդի օրոք ու ծանոթ էր Հայոց գլխով անցած վերջին իրադարձություններին: Նրա դեմքը սառն էր, բայց բարի արտահայտությամբ, լայն ճակատ ուներ ու իր նախնիների նման կեռ քիթ: Արծվենի աչքերը քննախույզ էին:
Գլխավոր քրմապետը զրուցասեր էր ու յուրաքանչյուր կանգառում արքայի հետ կիսվում էր: Նա սիրով ներկայացնում էր Հայոց աշխարհի այս հատվածը, որը Էրատո արքան չգիտեր և ծարավ հողի նման կլանում էր յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր պատկեր, որ ներկայացնում էր մեծ քրմապետը:
Ճանապարհն անցնում էր լեռնային կիրճերով, գետաբերաններով: Յուրաքանչյուր կանգառատեղում խփվում էր արքայական արծվանկար վրանը: Սպասավորներն արագ հացի պատրաստություն էին տեսնում և արքան դրանիկներով սեղան էր նստում: Կերակրվում էին նաև ուղեկից զինվորները, սպասավորները: Հանգիստ էր տրվում ձիերին՝ ճանապարհի հաջորդ հատվածն անցնելու համար:
Մի քանի օրվա ճանապարհորդությունից հետո արքայից-արքա Էրատոյի տոնական շքախումբը հասավ Երիզա:
Իրենից առաջ արագավազ սուրհանդակները նրա գալու լուրը հասցրել էին Անահտական գավառի նահապետ-հրամանատարին: Ու նա, Հայաստանի Արևմտյան կողմի փոխարքա Տիրանի հետ, իրեն ենթակա զորագնդով, ամբողջ քրմական դասով, տեղի ազնվական ընտանիքների ներկայացուցիչներով, Երիզայից մի ժամվա հեռավորությամբ, Եփրատ գետի ոլորանի զով անկյունում, ծանրաբեռ սեղաններով, դիմավորում էր արքայից-արքա Էրատոյին ու գլխավոր քրմապետին:
Հանդիպումն ու ողջագուրումը շատ ջերմ էր: Բարձրաստիճան ազնվականները խոնարհվեցին արքայի առաջ, զինվորական սուսերակիրները վեր պարզեցին թրերը, նիզակակիրներ՝ նիզակները:
Արքայից-արքան տոնական շքեղ զգեստի մեջ էր, գլխին հայոց արքայատան դաշտային ադամանդազարդ, արծվակիր թագ: Այս կողմում առաջին անգամ էին տեսնում Հայոց Էրատո արքային ու զարմացած էին նրա գեղեցկությամբ:
Արքան իսկապես գեղեցկուհի էր: Բարձրահասակ, երկարավիզ: Ընտանեկան դեմք. տոհմական լայն ճակատ, նուրբ հոնքեր, ընդգծված շուրթեր, բարի ժպիտ:
Արքայական ծիրանին, որ ադամանդակուռ ճարմանդով ամրացված էր կրծքամասում, ընդհանուր գծերով ընդգծում էր արքայից-արքայի ձիգ մարմինը: Արքայի ծիրանին արևի անդրադարձից ոսկու արտացոլք էր դարձել:
Արքան աչքերով ընդգրկեց ամբողջ տարածքն զբաղեցնող դիմավորողների շարքերը, բարձր, բոլորին լսելի գոչեց.
- Ողջույն իմ ժողովրդին:
- Ողջույն Հայոց արքայից-արքային,- եղավ միաձայն պատասխանը:
Փոխարքա Տիրանը, գավառի նահապետ-հրամանատարը և Երիզայի քուրմը մի քանի քայլով մոտեցան արքային ու գլխավոր քրմապետին: Արքան հարցրեց նրանց որպիսությունը և ստանալով դրական պատասխան աջ ձեռքը առաջ պարզեց և ձեռքով ողջունեց իր արյունակիցներին: Եվ փոխարքան, և Երիզայի քուրմը նույնպես Արշակունյաց զարմից էին: Ու այս հանդիպումը ընտանեկան հանդիպումների շարքից էր: Փոխարքայի պապը Վաղարշակ արքայի կողմից էր նշանակվել պաշտոնի և այդ ժամանակներից որդոց-որդի, ժառանգական իրավունքով, զբաղեցնում էին Արևմտյան կողմի փոխարքայի պաշտոնը:
Երիզան հայոց Աստվածատան կարևորագույն տաճարներից մեկն էր և գլխավոր քրմապետները ուղղակի շահագրգռությամբ այստեղ միշտ իրենց տոհմակից քուրմ էին հաստատում:
Հյուրասիրությունը միայն հյուրասիրություն չէր: Հենց այստեղ արքայից-արքա Էրատոն նաև գնահատեց տեղի իշխանավորների վերաբերմունքը Հայոց գահին և ներքուստ այն գնահատելով դրական, աջ ձեռքը վեր պարզեց ու ամեն խոսք ու զրույց ավարտվեց, դադարեց տեղաշարժը: Նա բարձրացրեց իր առջև դրված տոհմական արծվակիր արծաթյա գավաթը և մի պահ պահելով գլխից վեր, բարձր ու բոլորին լսելի ասաց.
- Հայոց գահի հպատակներ, իմ ժողովուրդ, ձեր դեմքերի գոհունակությունը հաստատումն է այն մեծ հավատի, որ դուք ունեք ձեր տերերի՝ Հայոց արքայից-արքա, իմ եղբայր Տիգրանի քաղաքականության նկատմամբ: Նա ամեն ինչ անում է, որ երկրում խաղաղությունը մշտական լինի, և դուք խաղաղ ապրեք: Մեր թշնամի երկրում, Հռոմում անգամ լուրեր են պտտվում ու դրանք հասել են նաև մեզ, որ մեր երկիրն այս պահին Ասիայի ամենահզոր երկիրն է: Խմենք մեր արքայից-արքա Տիգրանի, նրա արևշատության, Հայոց երկրի ու նրա ավագանու, զորավարների, զինվորների, ժողովրդի կենացը:
Էրատոն այս խոսքերից հետո մի կում գինի ընպեց ու բաժակը դրեց սեղանին:
Բաժակ բարձրացրեց փոխարքա Տիրանը:
- Տեր արքա, Հայոց Արևմտյան կողմի տերերի անունից խմում եմ Հայոց արքայից-արքաներ Տիգրանի և Էրատոյի կենացը: Ձեզ հարատև արևշատություն:- Նա գլխից վեր բարձրացրեց բաժակը և Եփրատի ջրերի խշշոցը մի պահ ընդհատվեց բազմահազար մարդկանց վանկարկման մեջ.
- Արևշատություն Հայոց արքայից-արքաներ Տիգրանին և Էրատոյին:
Հաջորդ օրը Էրատո արքան իր հարազատներ՝ գլխավոր քրմապետ Մաժաքի, փոխարքա Տիրանի հետ, շրջագայեց Երիզայի դաշտում:
Կեսօրին նրանք արքայից խնդրեցին հեռանալ և իրենց աչքով տեսնել Նավասարդյան տոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Արքան եղավ ջերմուկ ջրերի աղբյուրներում և մեկուսի լոգանք ընդունեց հայրենի առողջարար աղբյուրի գոլ ջրում: Նրան պատմել էին, որ Հայոց ասատվածներն ու աստվածուհիներն այդ օրերին Եփրատ և Արածանի գետերում լոգանք էին ընդունում և բարձրանում ձնապատ լեռների կատարները և դիտում տոնահանդեսը, հովանավորում ուխտավորներին: Այդ մտքից արքայից-արքա Էրատոն մեծ բավարարություն ստացած շարունակեց իր ծանոթությունը Երիզայի հետ:
Օրվա մնացյալ մասը նա իր ուղեկից կանանց հետ էր՝ Եփրատի զով ափերից մեկում: Այստեղ փոխարքայի կինը նրա պատվին ճոխ սեղան էր գցել:
Արքայի ապահովության գործը իրականացնում էին նրա թիկնազորի կանանց ջոկատի հիսունից ավելի հատուկ պատրաստություն անցած աղջիկներ: Նրանցից որոշակի հեռավորությամբ նույն գործն էր անում արքայական թիկնապահ գնդի հրամանատար Մերուժանը հարյուրից ավելի զինվորներով: Գնդի չորս հարյուրից ավելի զինվորներ բաժանված էին տարբեր տեղամասերում և հսկում էին յուրաքանչյուր անցուդարձ:
Իսկ փոխարքան, գլխավոր քրմապետը, Երիզայի քուրմը վերահսկում էին հաջորդ օրվա տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:
Անահիտ դիցուհու գլխավոր ու շքեղ տոնակատարությունն այստեղ արդեն հազարավոր տարիներ ի վեր նույն օրը տոնվում էր: Բայց առաջին անգամ էր, որ այդ տոնին, մեր ժամանակներից առաջ 7 թվականի Նավասարդի Արամազդ (տասնհինգերորդ) օրը, իր մասնակցությունն էր բերել Հայոց արքայից-արքա Էրատոն:
Ահահիտը մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին, կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», խոհեմության ու պարկեշտության մայրն էր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։ Հայերը հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Անահիտից էին հովանավորություն հայցում։ Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։
Նավասարդի տոնակատարությունն ու խաղերը նվիրված էին Անահիտ աստվածուհուն և մեծ շուքով նշվում էին Արամազդ (տասնհինգերորդ) օրը: Տոնակատարության օրերին Անահիտին էին զոհաբերվում սպիտկ ու սև ցուլեր: Տոնն իր անունն ստացել էր Հայկ Նահապետի ավագ դուստր Նավասարդի անունից, որի պատվին տարվա առաջին ամիսը կոչվում էր Նավասարդ: Նավասարդը պտղի ու մթերքի պահապան աստվածն էր ու ժողովրդի կերակրողը: Ուխտավորները Նավասարդին էին բերում տարվա առաջին բերքը, մատաղացու անասուններ և թռչուններ: Այն կապված էր բերքի հասունացման հետ: Տոնախմբությանը մասնակցում էին հայոց արքաները, այդ օրերին Արածանու մոտ էր բերվում նաև հայոց բանակը: Մատաղացուն տեղում մորթվում ու բաժանվում էր եկած մարդկանց: Նոր տարվա նախօրյակին ողջ երկրով նախապատրաստվում էին` պատրաստելով այդ օրը համտեսվող ուտելիքներ և կերակուրներ: Տոնակատարություն անող ժողովուրդը երգ ու պարով մեծարում էր Անահիտ աստվածուհուն: Նավասարդի տոնակատարությունը եզրափակվում էր խաղերով: Խաղերի մասնակից մարզիկները մրցում էին վազքից, նետաձգությունից, ձիավարությունից, նիզակախաղից, սրամարտից, հեռացատկից, ըմբշամարտից, բռնցքամարտից, կռփամարտից, գնդակախաղից: Բանասացներն իրենց հորինվածքն էին արտասանում, երաժիշտներն իրենց բամբիռներն էին նվագում, թատերախմբերը պատկերներ էին ներկայացնում, ըմբիշներն իրենց ճարպկությունն էին ցուցադրում, արհեստավորներն իրենց շինվածքը, գյուղացիներն իրենց բերքն ու բարիքը: Հաղթողների պարանոցից կախում էին վարդերից հյուսված պսակներ և օծում վարդաջրով:
Գիշերը հանգիստ անցավ: Վաղ առավոտից արքայական վրանում իրարանցում էր: Արքունի սպասավորները ջանք էին թափում և առանձնակի հոգացությամբ նախապատրաստում էին արքայի առաջիկա ելքը հրապարակ: Դեռատի արքան հուզված էր: Սա նրա արքա օծվելուց հետո առաջին մեծ հանդիպումն էր լինելու իր ժողովրդի հետ: Ու նա մազահարդարներին պատվիրեց մազերը այնպես սանրել, ինչպես տաճարում գտնվող Անահիտ աստվածամոր արձանի մազերն էին հարդարված: Որոշակի ջանք, և արքայի դեմքը ստացավ ճիշտ և ճիշտ Անահիտ դիցուհու կերպարը. ալիք-ալիք ոլորված մազերը հետ սանրվեցին ու ամրացվեցին փղոսկրե վարսակալով, օվալաձև դեմքին հատուկ զմայլանք էին հաղորդում նրա լայն, նշաձև աչքերը, որ հատուկ հայկական հմայք ունեին ու բացարձակ նման էին Անահիտ դիցուհու արձանի վրա եղած աչքերին: Մի փոքր ուռուցիկ շուրթերը ընդգծում էին արքայի անզուգական ժպիտն ու առանձնակի հմայք հաղորդում նրա դեմքին: Կերպարանափոխություն գրեթե չեղավ: Պարզապես նա ամեն ինչով նման էր Անահիտ դիցուհուն:
Նրան հեռվից նայող հրամանատար Մերուժանը, տեսնելով արքայի դեմքը, նույնիսկ մտածեց, որ Անահիտ դիցուհու դեմքը քանդակող վարպետը կարծես հենց նրան է բնորդ ընտրել: Իհարկե հաջորդ վայրկյանին նա նաև մտածեց, որ գրեթե բոլոր հայուհիներն էլ նույն դիմագծերն ունեն:
Արքայից-արքա Էրատոն պատվիրեց արքայական կարմիր ծիրանու փոխարեն սպիտակ ծիրանի պատրաստել իր համար: Սպասավորները այդպես էլ արեցին: Արքան պատրաստ էր տոնակատարությանը:
Երիզայի տաճարի ամբողջ առաջնահատվածը մոտ մեկ ժամի քայլաչափ լայնությամբ ու դրանից երկու անգամ ավելի երկարությամբ լցված էր ժողովրդի տարբեր խավերի երկսեռ մարդկանցով: Բոլորը տոնական հագուստով էին: Պատրաստ էին թատերական հրապարակները, պարահրապարակները, ըմբշամարտի, պարան ձգողների հրապարակները, պատրաստ էին լարախաղացները, պատրաստ էին ցլամարտի հրապարակները, պատրաստ էին ձիավազքի մի քանի մղոնանոց հրապարակները, ցուցադրական ձիամարտի հրապարակները: Հազարավոր երեխաներ՝ տղաներ, աղջիկներ վազվզում էին դաշտի տարբեր հատվածներ, յուրաքանչյուրն ուզում էր իր համար հարմար տեղ գտնել, որ որքան հնարավոր է ավելին տեսնի այսօրվա միջոցառումներից: Իսկ ազնվական այրերն ու ազնվազարմ տիկնայք, որ եկել էին հիմնականում Հայաստանի Արևմտյան կողմերից, տեղ էին զբաղեցրել տաճար տանող ճանապարհին, որ ավելի մոտիկից տեսնեն Հայոց կին արքային:
Ծնծղաների համաչափ զարկերը, իսկ որոշակի ժամանակաչափով նաև դհոլների բամբ զարկերը ու դրանց միացած շեփորների հնչյուններն ազդարարեցին տոնակատարության սկիզբը:
Բոլորի հայացքներն ուղղվեցին հեռվում գտնվող արքայական վրանին:
Վրանից դուրս եկավ սպիտակ ծիրանի հագած, գլխաբաց արքայից-արքա Էրատոն: Մարդիկ մի պահ քարացան տեսնելով նրան: Թվաց, թե ինքը՝ Մեծ մայր, Ոսկեմայր, Ոսկեծղի Անահիտ աստվածուհին է իջել իրենց մոտ ու հեզաճեմ գնում է դեպի տաճար:
Արքայից-արքա Էրատոն ժպտացող աչքերով նայում էր իր հպատակներին, որ հմայված նայում էին իրեն: Նրա համար էլ այս ընթացքը նոր բան էր: Այսքան մարդկանց ներկայությունը, հետաքրքրված հայացքները նոր զգացումներով էին լցրել հոգին:
Նրանից մի քանի քայլ հետ քայլում էին տոնական հանդերձներ հագած, ոսկե օղեր, զարդեր, բազկակալներ, նեղ արծաթյա գոտիներ կրող ազնվազարմ կանայք՝ փոխարքայի կնոջ գլխավորությամբ, ապա շքեղ հագած, լայն գոտիներ ու դրանցից կախ ոսկեկոթ թրեր կրող տղամարդիկ՝ փոխարքայի գլխավորությամբ:
Արքայի շքերթը ժողովրդի հոծ շարքերի միջով դեպի տաճարի բակը մոտ կես ժամ տևեց:
Այստեղ նրան դիմավորեցին Հայաստանի Աստվածատան գլխավոր քուրմ Մաժաքը և Երիզայի քուրմը քրմական ամբողջ դասի հետ: Գլխավոր քրմապետ Մաժաքը երկու ձեռքերը պարզեց երկինք և ողջունեց Հայոց արքայից-արքային: Արքան ևս ձեռքերը բարձրացրեց վեր և հպվեց աստվածային զորությանը: Ապա շրջվեց դեմքով դեպի դիմացի դաշտը լցրած մարդկանց կողմը: Նա մի պահ ձգվեց ու հատու ասաց.
- Իմ հպատակներ, հայեր, ողջունում եմ ձեզ Հայոց արքայից-արքա Տիգրանի և իմ կողմից: Բոլորիդ և մեր բովանդակ ազգին բազում հաջողություններ եմ մաղթում, ձեզանով է շեն մեր երկիրը: Ես այսօրվա համար Հայոց աստվածներին, Մեծն Արամազդին, նրա որդի Վահագնին, նրա դուստր Անահիտ աստվածուհուն, Նավասարդին, Աստղիկին, Միհրին, Տիրին, Նանեին, Ծովինարին խնդրում եմ, որ խաղաղ պահեն մեր երկիրը, բուժեն բոլոր հիվանդներին, զավակներ պարգևեն բոլոր ընտանիքներին, լավ բերք ապահովեն մեր դաշտերին, բազմացնեն մեր անասնահոտերը: Ես օրվա խորհրդով Անահիտ աստվածամոր տաճարին նվիրում եմ ոսկի, արծաթ, գոհարեղեն և զոհաբերության համար՝ հիսուն սև և հիսուն սպիտակ ցուլ:
Արքան խոսքն ավարտեց խոնարհումով ու ամբողջ դաշտում լսվեց տասնյակ հազարավոր մարդկանց կեցցեն.
- Կեցցեն Հայոց արքայից արքա Տիգրանը, արքայից-արքա Էրատոն:
Արքային մոտեցան նրա սպասավորները դաշտային սպիտակ ծաղիկներով:
Արքան վերցրեց ծաղիկների առաջին քանակությունն ու նետեց ժողովրդի շարքերի մեջ: Նա այդ գործողությունը բոլոր ուղություններով այնքան կրկնեց, մինչև վերջին փունջ ծաղիկները վերջացան:
Մարդիկ բռնում էին իրենց ուղղությամբ թափվող ծաղիկները և համբուրելով դնում ուղիղ սրտի վրա, տուն հասցնելու և հավերժ պահելու համար:
Ավարտելով ծաղիկներ բաժանելու գործը, արքայից-արքա Էրատոն գլխավոր քրմապետ Մաժաքի ուղեկցությամբ մտավ Անահիտ աստվածուհու տաճար:
Արքայից-արքա Էրատոն միայնակ քայլեց դեպի Անահիտ աստվածուհու արձանը, մի քանի քայլ հեռավորությամբ կանգնեց, ապա ծնկի եկավ, փակեց աչքերը և մտքում հատ-հատ արտասանեց. «Ոսկեմայր Անահիտ, քո մոտ եմ եկել և խնդրում եմ շեն ու հաստատ պահես իմ երկիրը, արևշատություն տաս Հայոց արքայից-արքա Տիգրանին, խաղաղություն պարգևես իմ հպատակներին»: Նա աչքերը բացեց, նայեց Աստվածուհու աչքերին և նրանից զորություն ստացած կանգնեց, ապա շրջվեց ու գոհացած դուրս եկավ տաճարից:
Տաճարի առջև փռված դաշտի ամբողջ տարածքում տոնախմբություն էր: Մարդիկ մոռացած առօրյա հոգսերը տրվել էին տոնակատարության ընթացքին:
Արքայից-արքա Էրատոն ամբողջ օրվա ընթացքում հեռվից-հեռու նայում էր դաշտի տարբեր հատվածներում ծավալված տոնահանդեսի միջոցառումները: Նրա գահավորակը տեղավորված էր սոսիների բացատում, նրա հետ էին բոլոր բարձրաստիճան ազնվականներն ու քրմերը, տիկիններն ու տաճարի քրմուհիները:
Օրվա ավարտին արքայից-արքան անձամբ տարբեր խաղերի հաղթողներին պսակներ հանձնեց, իսկ առավել քաջազուններին՝ արքայից-արքա Տիգրանի պատվերով պատրաստված թրեր:
Օրվա տպավորություններն արտակարգ էին: Տոնակատարության մասնակից ժողովուրդն իր հետ տարավ Անահիտ աստվածուհու կենդանի մարմնավորություն՝ արքայից-արքա Էրատոյի պատկերը: Իսկ ինքը՝ արքայից-արքա Էրատոն, տեսավ իր հպատակների նվիրվածությունն ու մտքում անընդհատ կրկնում էր, որ այս ժողովրդին որևէ թշնամի չի կարողանա ծնկի բերել և պետությունից ու հիշողությունից զրկել:
Այս մտածողությամբ էլ հաջորդ օրվա առավոտյան արքայից-արքա Էրատոյի շքախումբն ու թիկնապահ գունդը բռնեց Արտաշատ մայրաքաղաքի ճանապարհը:
Մի երկար երթ կատարեց շքախումբը Եփրատ գետն անցնելու համար: Արքայից-արքա Էրատոն գլխավոր քրմապետից հետաքրքրվեց երթուղին կարճելու հնարավորության մասին: Գլխավոր քրմապետն ասաց, որ ճանապարհը կարելի է կարճել Եփրատի վրա կամուրջ կառուցելու միջոցով: Արքայից-արքա Էրատոն մոտ հրավիրեց շքախմբին ուղեկցող գավառի նահապետ-հրամանատարին և ասաց.
- Ես հազարապետին հանձնարարություն կտամ, որ հենց Երիզայի մոտ, գետի վրա, կամուրջ կառուցվի, դուք պատասխանատու եք կառուցման համար և ինձ լուր կուղարկեք կառուցման ընթացքի մասին:
Տոնական օրվա ընթացքում մի դեպք եղավ: Ուշի-ուշով տեղամասերը հսկող զինվորները նկատել էին մեկին, որի լարված դեմքն ու շարժումները կասկած էին առաջացրել: Այդ տարածքը հսկող զինվորների հարյուրապետը զեկուցել էր հրամանատարին: Մերուժանի հրամանով այդ մարդուն աննկատ մեկուսացրել էին: Նրա մոտ հայտնաբերվել էր դաշույն ու թույն: Մերուժանն անձամբ էր հարցաքննել կասկածելի մարդուն ու պարզել, որ նա հատուկ ուղարկվել էր արքայից-արքային վնասելու: Տունդարձի ճանապարհին, Մերուժանի հրամանով, Եփրատի ճահճուտներից մեկում այդ մարդուն պարկի մեջ, քարակապ ճահճի հատակն ուղարկեցին: Զինվորներին հրամայվեց կատարվածը մոռանալ:
Պատահարի մասին Մերուժանը Արտաշատ հասնելուն պես զեկուցեց արքայից-արքա Տիգրանին: Արքան մտահոգվեց և միայն մի բան ասաց. «Մեր թշնամին քնած չէ, ավելի աչալուրջ եղեք»:

Просмотров: 800 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/35
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Август 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz