ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ Իմ ժողովուրդ, Ես քո անվախճան երթի վկան եմ, Քո վերելք-վայրէջքների ուղեկիցը լուռ, Եվ կրում եմ իմ մեջ Քո փառքերը անանց... Իմ ժողովուրդ, Քո Երկիրը մեծ էր, անընդգրկելի, Քո մի սահմանը Կասպից ծովն էր, Մի սահմանը ձգվում էր Սև ծովի ափով Եվ հասնում էր մինչև Միջերկրական, Եվ Արևը մայր չէր մտնում քո սահմանում... Իմ ժողովուրդ, Քո լճերը ծով էին, Քո գետերը՝ անկանգ, Քո ջրերը՝ մաքուր, զուլալ ու ջինջ, Քո սարերն Արարատ էին, Բինգյոլ, Արագած ու Նեմրութ, Մռով ու Կապուտջիղ, Տավրոս ու Հայոց պար... Իմ ժողովուրդ, Քեզ կոչում են հայ, Կոչում են արմեն, Նաիրցի ու Բիայնացի, Մուսասիրցի ու Շուպրիացի, Արրատացի ու ալեման, Հիթեթ, խուրի ու խեթ, Դու ունեիր բազում Արքա-արքայիկներ... Իմ ժողովուրդ, Արքաներդ Հայկ էին, Արամ ու Արգիշտի, Արտաշես Աշխարհակալ ու Տիգրան Մեծ, Արշակ արքա ու Պապ, Տրդատ ու Վռամշապուհ, Գագիկ Շահնշահ, Լևոն Մեծագործ ու Հեթում, Զաքարե Մեծ ու Իվանե, Այրեր հզոր ու փառահեղ, Տերեր արդար ու ողջամիտ... Իմ ժողովուրդ, Աստվածներդ հզոր էին ու միամիտ, Տիրում էին Երկնքին ու Երկրին, Տիրում էին ճակատագրեր, Բայց անզոր էին Թշնամական դավի ու հարձակման դեմ... Իմ ժողովուրդ, Բազում թշնամիներ եկել ու տիրել են, Ու Երկիրդ մանրել, Դու կորցրել ես ծովերդ, Դու կորցրել ես սարերդ, Դու կորցրել ես արքաներիդ, Դու կորցրել ես Աստվածներիդ, Դու կորցրել ես քո այրուձին, Քո զավակները ցրվել են աշխարհով մեկ, Եվ քեզ մնացել է լոկ Մի փոքրիկ հողակտոր Քո տարածքի միջնամասում... Իմ ժողովուրդ, Քո զավակները դարձան արքա օտար երկրներում, Դարձան զինվոր ու զորավար օտար բանակներում, Օտարների համար կերտում էին Երկիր ու Պետություն, Իսկ քո Երկիրը կիսվեց Դարձավ բաժան-բաժան... Իմ ժողովուրդ, Քո լեզվի բեկորներն այսօր Պեղվում-բացվում են ամենուր, Բասկերը հայ են, Բրիտները հայ են, Բավարները հայ են, Եվ ժողովուրդներն այս Իրենց էպոսներում գրել են, Որ եկել են Արարատից... Իմ ժողովուրդ, Քո բանաստեղծ որդին Գրել է Աստվածային մի տող. Թշնամիներդ քեզ սեղմել են այքան, Որ դու դարձել ես անգին ադամանդ՝ Անգին ադամանդ Աշխարհի մատին... Իմ ժողովուրդ, Պատմության անիվը չի շրջվում հետ, Պատմության անիվը գնում է առաջ, Քո պատմությունը դեռ չի ավարտվել, Քո պատմությունը գրվելու է նոր, Դու պարտ ես վերականգնել Երկիրը քո, Դու պարտ ես դառնալ Հողերիդ տեր, Դու պարտ ես կերտել նոր Հայաստան... Իմ ժողովուրդ, Ես կրում եմ իմ մեջ Քո փառքերը անանց, Եվ քո փառքը նորոգ Կրելու եմ Հավերժ: 22.12.2012
|