... Եղբայր իմ, Արտաշես արքա, Ես քեզ հանդիպեցի ծանր մի գիշեր, Հարազատ Արածանի գետի ափին: Դու տխուր էիր ու անգամ հուսահատ, Մի սինլքոր խաբեբա Անտոնիոս Երդումով հրավիրել էր հորդ՝ Արքայից-արքա Արտավազդին Եվ ուխտադրժորեն, Խախտելով Հռոմի հետ պապիդ՝ Տիգրան Մեծի կնքած Գիրը Եղբայրության՝ Շղթայել էր նրան Ու զորքով մտել Հայաստան: Դու հետևում էիր թշնամուն, Եվ փակեցիր նրա ճանապարհը Դեպի Հայոց Միջնաշխարհ: Գող ու խաբեբա, Վախկոտ ու սինլքոր Անտոնիոսը Թալանեց մի քանի գանձարան, Անաստված բարբարոսի նման Թալանեց Աստվածատուն Երիզան, Կտրտեց ու տարավ Անահիտ աստվածուհու Ոսկեձույլ արձանն անգամ... ... Բայց դու քո պապի թոռն էիր Եվ քո հոր արժանավոր որդին, Պապիցդ ժառանգել էիր զորավարի, Հորիցդ՝ բանակցողի անուրանալի տաղանդ: Եվ քայլ առ քայլ հաղթեցիր վախերիդ, Դարձար Պարթևաց արքունիքի փեսա, Հավաքեցիր նոր ու հզոր բանակ Եվ բազմեցիր պապերիդ գահին: ... Ես քեզ հանդիպեցի երեք տարի հետո, Արտաշատի արքայական քո պալատում, Դու դողում էիր զայրույթի ցավից Քեզ հասած լուրից սահմռկեցուցիչ: Վախկոտ ու սինլքոր մի զորավար Ալեքսանդրիայում գլխատել էր տվել Աստծո շնչով օծյալ Արքա հորդ և թագուհի մորդ, Եվ քո ամեն բջիջ գոռում էր վրեժ: Եվ որոշումդ մեկն էր Եվ դու դրան տվեցիր ՛՛Հռոմեական գիշեր՛՛ անուն: ... Ես տեսա այդ գիշերը, Մասնակից դարձա այդ վրեժին, Մահ էր, արյուն, արյուն, Եվ արյունով ներկված լուսաբացին Հայաստանի հողի վրա Մի կենդանի հոռոմ զինվոր ողջ չմնաց: Քայլդ վրեժ էր մեծ՝ Օծյալ հորդ արյան համար, Եվ ապտակ էր՝ եղբայրության ուխտը դրժած Հռոմի երեսին: Բայց Հռոմը վրեժդ չհասկացավ Ու քեզ հայտարարեց ոխերիմ թշնամի, Եվ Հռոմի պալատական պատմիչ Ստրաբոնը, Հռոմեացու արյան փոխան, Թույնով լցված տողեր թողեց պատմությանը՝ Խեղաթյուրեց պապիդ, հորդ Եվ քո կերպարները: ... Բայց իրական պատմությունը Այլ էր, այլ էր: Եվ դու եղար հզոր արքա, Պապիդ՝ Տիգրան Մեծի նման, Ու նրա պես միշտ կրեցիր Արքաների արքա տիտղոս: Բանակներիդ երթն անկաս էր Արևելքում, Արևելքը դու էիր՝ հաղթող և աննվաճ: Իսկ Հռոմը: Հռոմը դավ էր գրում՝ Հին, փորձված ձեռագրով՝ Խուսափելով դեմ առ դեմ պատերազմից՝ Դավադիր մահ ուղարկելով հերոսի մոտ... ... Ես, իմ եղբայր, չհասցրի, Չհասցրի լինել կողքիդ՝ Թիկունք լինել դավի պահին: Եվ պալատում արքայական, Քո պապերի գահի կողքին Դավը եկավ՝ Դավը եկավ բարեկամի անարգ ձեռքով Եվ դու, եղբայր, զոհ գնացիր Ոչ թե մարտում՝ ձիու վրա՝ Թշնամու դեմ մարտնչելիս, Այլ դավաճան հայի ձեռքով՝ Գահիդ կողքին... Ներիր, եղբայր իմ Արտաշես, Ներիր, որ չհասա, Չկանխեցի դաժան դավը վճարովի, Որին հանդիպեցի հետո բազում անուններով՝ Սպարապետ Մխիթար, Վազգեն Սպարապետ... Եվ միշտ հենց այն պահին, Երբ Հայոց երկիրը մեր Եղել է հզոր թռիչքի մեջ... 24.12.2013