Խաղաղությունը ձեռք է բերվում զենքով, զինվորով և գեներալով
11.05.2012
Արցախյան ազատամարտի մասնակից, գեներալ-լեյտենանտ Մուրազ
Սարգսյանը ծնունդով կապանցի է: Անսահման հայրենասիրությունն ու երկրի
օրհասական վիճակը նրան ստիպել
են թողնել ծառայությունը ռուսական բանակում, վերադառնալ հայրենիք և
մասնակցել արցախյան գոյամարտին, իսկ հետագայում` նաև ազգային բանակի
կազմավորմանը: Պատմության և
իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ այսօր հնարավորություն
ունեցան անձամբ Մուրազ Սարգսյանի մեկնաբանմամբ ծանոթանալ նրա զինվորական
փորձին ու ունակություններին: Շուշիի ազատագրման
20-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպել էր Պատմության և
իրավագիտության ֆակուլտետը Արհմբյուրոյի հետ միասին: Բուհ
հրավիրված գեներալ-լեյտենանտը ներկաներին պատմեց Լաչինի միջանցքի, իր
հայրենի երկրամասի` Կապանի, ինչպես նաև Գորիսի, Մեղրու և Սիսիանի
շրջաններում պաշտպանական մարտերի, մարտական գործողությունների և դրանք
հաջողությամբ իրագործելու գաղտնիքների մասին: Արցախյան
գոյամարտի մասնակցի մոտ տարիներ անց էլ թարմ են հիշողությունները ռազմական
գործողությունների, թշնամու վախկոտ, ու դրան հակառակ` հայի քաջ կերպարի
մասին. «Թուրքը, որ վազում է, հետևից բռնել չի լինում»,-քմծիծաղով ասում է
բազմավաստակ գեներալը, ապա ապագա պատմաբան-զինվորներին կոչ անում միշտ
պատրաստ լինել ու չվախենալ պատերազմից: Հայոց
բանակի զորամասերն այսօր էլ ղեկավարում են բազմաթիվ շքանշանների ու
մեդալների արժանացած Մուրազ Սարգսյանի մշակած կանոնագրքերով, ծրագրերով,
մեթոդաբանական ձեռնարկներով: Արցախյան
գոյամարտի մեկ այլ մասնակից` Կափանի թատրոնի գլխավոր ռեժիսոր, վաստակավոր
արտիստ Կամո Արզումանյանն, ի տարբերություն մարտական ընկերոջ` ռազմական
գործողությունների ժամանակ տեղի ունեցած պատմությունները ներկայացրեց
հումորով և փոքրիկ բեմականացմամբ: «Ուրախալի է, որ
մենք սկսել ենք խոսել, հիշել մեր հայրենքի պաշտպանության, մեր
զինվորականների և մեր երիտասարդության մասին: Հայ զինվորի հերոսության
մասին խոսելով չպետք է մոռանալ նաև նրա տաղանդի մասին: Շուշիի ռազմական
օպերացիան համաշխարհային ռազմարվեստում եզակի դեպք է,-ասաց
Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը:
Երկու կետ կա Անդրկովկասում` Շուշիի անառիկ ամրոցը, որն ազատագրել է հայ
զինվորը, և Կարսի բերդը, որը ևս պետք է վերադարաձնել: Խաղաղությունը ձեռք է
բերվում զենքով, զինվորներով և գեներալներով»,- եզրափակեց պատմաբանը: Ուսանողների
ռազմահայրենասիրական դաստիարակության գործում մեծ ներդրում ունենալու
համար գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը ՀՀ Պաշտպանության նախարարության
պատվոգիր և իր հեղինակած «Անձնուրաց ծառայություն» հուշերի գիրքը հանձնեց
հեռակա և լրացուցիչ կրթության գծով պրոռեկտոր, ֆիզմաթ գիտությունների
թեկնածու, դոցենտ Տիգրան Այվազյանին, Պատմության և իրավագիտության
ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ
Գևորգյանին, Իրավագիտության ամբիոնի դասախոս Վանիկ Մխիթարյանին,
ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցին, և նույն
ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Խաչատրյանին: Արհմբյուրոյի
նախագահ Իսկուհի Լափայանը արցախյան ազատամարտում հայրենիքին մատուցած
անուրանալի ծառայության համար շնորհակալագրեր հանձնեց Համաշխարհային
պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Միքայել Մարտիրոսյանին և Իրավագիտության ամբիոնի դասախոս,երկրորդ դասի
խորհրդական Վանիկ Մխիթայանին: Ոգեշնչված
հայրենասիրական պատմություններով` միջոցառման ավարտին Պատմության և
իրավագիտության ֆակուլտետի ուսանողներից մեկը հերոսներին նվիրեց Գուսան
Հայկազունի «Պիտի գնանք» երգի կատարումը` հավաստիացնելով, որ նոր սերունդը
«Հրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ»:
http://armspu.am/news/n/823/ln/am
|