Ինչու՞ են ուսանողներն ընթերցում միայն հայերենով
22.05.2012
Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը պարբերաբար համալրվում է
նորագույն ուսումնական, գիտա-տեղեկատվական, գեղարվեստական գրքերով և
ամսագրերով. յուրաքանչյուր ամիս բոլոր մասնագիտությունների գծով գրադարանն ստանում է 50-ից ավել օտարալեզու ամսագիր: Գրադարանը
դրանք ստանում է պրոֆեսորադասախոսական կազմի ցանկությամբ, սակայն նկատելի
է, որ դրանք չեն կիրառվում ուսանողների աշխատանքներում: Գրադարանի
տնօրեն պատմաբան, մշակութաբան, լրագրող Տիգրան Պետրոսյանցը նկատում է, որ
օտարալեզու գրականությունը խիստ սահմանափակ է օգտագործվում. «Սա կարելի է
վերագրել օտար լեզուների վատ իմացությանը: Երբ ուսանողը որևէ գիրք է
պատվիրում, մենք նրան տեղեկացնում ենք նաև օտարալեզու նորագույն
գրականության մասին, բայց նրանք, տարբեր պատճառաբանություններով, կրկին
վերցնում են հայերենը»: Օտարալեզու նորագույն
ամսագրերի չօգտագորման խնդիրը գրադարանի տնօրենը բազմիցս բարձրաձայնել է,
քանի որ համոզվել է` չկա օտարալեզու աղբյուրներից օգտվելու պարտադրանք,
մինչդեռ ընդունված է, որ ցանկացած գիտական աշխատանքում ցանկալի է ընդգրկել
նաև օտարալեզու գրականություն: Տիգրան Պետրոսյանցը նկատում է նաև` ուսանողները երբեմն գրադարանում են տեղեկանում, որ այդ ամսագրերը կան համալսարանի գրադարանում: Հեռուստալրագրության
բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարգարիտա Պետրոսյանը գրեթե ամեն օր
օգտվում է ռուսալեզու գրականությունից` խոստովանելով, որ հայերենը լինելու
դեպքում անպայման դրանից կօգտվեր, իսկ ռուսերենով և այլ լեզուներով լույս
տեսնող նորագույն ամսագրերի մասին տեղյակ չէր: Բացի
գրքերից, ուսանողները գրադարանում օգտվում են նաև համացանցից: Այս
դեպքում էլ նկատելի է հատկապես հայալեզու կայքերի կիրառումը կամ տարբեր
լեզուներից հայերեն թարգմանությունները: Հոգեբանության
բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Բելա Հարությունյանը նույնպես իր կուրսային
աշխատանքներում օգտվում է օտարալեզու գրականությունից, սակայն նկատում է,
որ տարբեր սերունդների դասախոսներ ինֆորմացիայի տարբեր աղբյուներ են
մատնանշում. ավելի տարեց դասախոսները ուսանողին մղում են դեպի գիրքը, իսկ
երետասարդները` համացանցը: Գրադարանի տնօրենը հավաստիացնում է,
որ իրենք ապահովում, առաջարկում են ուսանողին մեծածավալ օտարալեզու
գրականություն, իսկ օգտվելուն առավել շատ կարող են մղել միայն
դասախոսները: Խնդրի լուծմանը, թերևս,
կնպաստեն համալսարանի ուսումնական պրոցեսում կատարված փոփոխությունները,
ըստ որի` բակալավրատն ավարտած ուսանողը հայերենից բացի պարտադիր կտիրապետի
մեկ օտար լեզվի` իր ցանկությամբ: Ի դեպ, Խաչատուր
Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարանը
հիմնադրվել է 1922 թ-ին` 190 կտոր գրականության ֆոնդով: Գրադարանն
ունի 24 օրինակ հնատիպ, ավելի քան 3000 արժեքավոր գիրք, 768
նախախորհրդային հայկական ամսագիր: Գրադարանի մատենագիտության բաժնում
պահվում է 702 ատենախոսություն և 758 սեղմագիր: Գրադարանը ստանում է 17
անուն թերթ ու 82 անուն գիտատեսական ամսագիր: Գիտական գրադարանն ունի շուրջ 18.000 ընթերցող և ավելի քան 600.000 միավոր գիրք:
http://armspu.am/news/n/868/ln/am
|