Սիրելիներս, իմ
այս ՛՛ԵՐԵՎԱՆ՛՛ բանաստեղծությունը գրվել է ուղիղ 45 տարի առաջ, երբ առաջին
անգամ նշվեց քաղաքամայր Երևանի 2750-ամյակը: Այն ներկայացվել է հոբելյանի
առթիվ հայտարարված գրական մրցույթին և արժանացել խրախուսանքի /վերջին քառատողը տպագրվել է այն ժամանակ հրատարակվող ՛՛Սովետական Հայաստան՛՛ օրաթերթում/: Այսօր Երևանը ՛՛ծերացել՛՛ է 45 տարով: Ջերմորեն շնորհավորում եմ իմ մայրաքաղաքի 2795-ամյակը և մաղթում, որ ՛՛Մնա Հավերժ մայրաքաղաք...՛՛:
Տիգրան ՊետրոսՅանց Ե Ր ԵՎ Ա Ն
Երևան, Հայոց քաղաքամայր, Արգիշտին է դրել քո հիմնաքարը, Բայց դու կայիր դեռ նրանից առաջ: Դու Մարդատուն էիր, Դու Հայատուն էիր դեռ նրանից առաջ: Հրազդանի ձորում հարյուր հազար տարի մշակույթ էիր կերտում, Շենգավիթ էիր հիմնում, Ծիծեռնակաբերդում թշնամիներիդ դիմակայող բերդ կառուցում...
Երևան, Հայոց քաղաքամայր, Հայկական զեն ու զորքով Արգիշտի արքան եկել Եվ կարմրահող բլրի վրա, Արարատի դիմաց, Հիմնաքարդ դրել Ու կոչել է քեզ Էրեբունի:
Երևան, Հայոց քաղաքամայր, Քո գլխով դարերը ակնթարթի պես են սահել, Թշնամիներդ փոշի են դարձել դարերի մեջ, Եվ դու Էրեբունուց դարձել ես Երևան...
Երևան, Հայոց քաղաքամայր, Դու Հաղթել ես Ժամանակին, Դու եղել ես, դու կաս, Եվ պարտք ունես՝ Մնալ Հավերժ մայրաքաղաք...
Հոկտեմբերի 12-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության
ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛
գրական ստուդիայի հերթական հանդիպումը: Իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին
ՀՊՄՀ ուսանողներ Գոռ Բակումյանը, Էվելինա Միրզոյանը, Տիգրանուհի
Արշակյանը, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից, փոխգնդապետ Վահե
Խալաֆյանը, բանաստեղծ Իշխան Բադալյանը, գիտական գրադարանի տնօրեն Տիգրան
Պետրոսյանցը: Օրը լցված էր Երևանով, քանի որ Երևանի հրապարակներում
նշվում էր Երևանի 2795-ամյակը: Եվ ստուդիայում ևս նույն հոգին էր թևածում:
ՀՊՄՀ ուսանողուհի Գոհար Մարտիրոսյանը հուզմունքով ներկայացրեց
՛՛Էրեբունի-Երևան՛՛ երգը, իսկ Տիգրան Պետրոսյանցը կարդաց Երևանի
2750-ամյակի առթիվ 45 տարի առաջ գրած բանաստեղծությունը: Ստուդիայի
անդամները մեծ ոգևորությամբ միասնաբար արտասանեցին Վահան Տերյանի ՛՛Մի
խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին՛՛ և Եղիշե Չարենցի ՛՛Ես իմ անուշ
Հայաստանի՛՛ բանաստեղծությունները: Որոշվեց առաջիկա հավաքներից մեկը նվիրել հանճարեղ բանաստեղծ Սիամանթոյի ստեղծագործությանը:
Հանդիպումն ամփոփեց ստուդիայի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը:
Խաչատուր Աբովյանի
անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մանկավարժության
տեսության և պատմության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների
թեկնածու, դոցենտ Գրետա Հակոբյանը ՀՊՄՀ գիտական գրադարանին նվիրեց 1841 թվականին
Բրյուսելում ֆրանսերեն լեզվով հրատարակված բանաստեղծ, քաղաքական գործիչ,
պատմաբան, Ֆրանսիայի ակադեմիայի անդամ Ալֆոնս Մարի Լուի դը Լամարթինի
ստվարածավալ /918 էջ/ գիրքը: Ըստ ՛՛Հայկական միացյալ գրադարանային
շտեմարան՛՛-ի տվյալների Լամարթինի այս գիրքը Հայաստանի գրադարանային
համակարգում չկա և այս պահին գրադարանային համակարգում ամենահինն է: Շնորհակալություն մեծարժեք նվերի համար:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ ռազմահայրենասիրական «Զորավար» խորագիրը կրող համերգը: Այն կազմակերպել էր «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գրքի հեղինակ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական
պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն, ՀՀ զինված
ուժերի պահեստի փոխգնդապետ, Դոնի կազակական միավորման գեներալ, Բնության և
հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս
Տիգրան ՊետրոսՅանցը: Ձեռնարկի գերագույն նպատակը հայ մարդու
հայրենասիրական ոգուն էր ուղղված, ինչպես նաև այն ներդրմանը, որ հայ մարդն
ունեցել է համաշխարհային ռազմական նվաճումների գործում:
Համերգին
մասնակցեցին հայտնի երգիչ-երգչուհիներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ
Ամալյանը, Կարեն Մշեցին, Արսեն Ղամբարյանը, Գոռ Մեծոյանը, Լիլիթ
Համբարձումյանը, երիտասարդ երգչուհիներ Տիգրանուհի Արմենակյանը /Երևանի
պետական համալսարանի ուսանողուհի/, Գոհար Մարտիրոսյանը /Խաչատուր Աբովյանի
անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի/, Տաթևիկ Պիճոյանը
/Վալերի Բրյուսովի անվան լեզուների պետական համալսարանի ուսանողուհի, Երգի
պետական թատրոնի երգչուհի/, Գրիգոր Միրզոյանը /«Ժայռ» փառատոնի հաղթող/,
«Զորական» /գեղարվեստական ղեկավար՝ Արամ Գալստյան/, «Կարին» /գեղարվեստական
ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գագիկ Գինոսյան/, «Զարթոնք» /գեղարվեստական
ղեկավար՝ Պետական մրցանակի դափնեկիր Ղուկաս Ղուկասյան/ համույթները:
Համերգը «Հայոց բանակ» երգով բացեց «Զորական» համույթը:
Նույն համույթի կատարմամբ տեղի ունեցավ «Զորավար» երգի առաջին կատարումը
/խոսք՝ Տիգրան ՊետրոսՅանցի, երաժշտությունը՝ Լիլիթ Համբարձումյանի/:
Հանդիսատեսը սիրով ընդունեց քայլերգային այդ երգը:
Ինչպես միշտ,
անզուգական էին Դավիթ Ամալյանի «Պատիվ ունեմ», Արսեն Համբարյանի «Ձայն մը
հնչեց», «Վահագնի ծնունդը», Կարեն Մշեցու Արցախյան ազատամարտի մասնակից
Արմենակ Արմենակյանի և ազատամարտում զոհված Արտակ Օհանյանին նվիրված, Գոռ
Մեծոյանի «Պիտի գնանք վաղ թե ուշ», «Վերցումք տղերք հրացան», Լիլիթ
Համբարձումյանի «Աղոթք» /կատարվեց առաջին անգամ/, «Հայաստան», Գրիգոր
Միրզոյանի «Երազ իմ երկիր, Հայաստան», Գոհար Մարտիրոսյանի «Թաթուլ Կրպեյան»
երգերի կատարումները: Առաջին բեմելով հանդիսատեսին հիացմունք պատճառեցին Տիգրանուհի Արմենակյանը /«Կիլիկիա»/, Տաթևիկ Պիճոյանը /«Արցախ», «Մարտիկի երգը»/:
Հանդիսատեսի երկարատև ծափերին արժանացան «Կարին» համույթի «Պարսկահայքի
ռազմամարտ», «Մուսալեռան դաշույններով պար՝ Չալ մը դանգ» /Հայաստանում
կատարվեց առաջին անգամ/, «Սասնա յարխուշտա», «Զարթոնք» համույթի «Զուռնի
տրնգի», «Բերդ» պարերը: Այս պարով եզրափակվեց համերգը:
Հոկտեմբերի 5-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի
հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գիտական
գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի հերթական հանդիպումը: Իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին ՀՊՄՀ ուսանողներ Արփի Վարդանյանը,
Էվելինա Միրզոյանը, Գոհար Մարտիրոսյանը, Տիգրանուհի Արշակյանը, ՀՊՄՀ 2013 թ-ի գերազանցիկ
շրջանավարտներ Աննա Վիրաբյանը, Սերինե Հովհաննիսյանը, շրջանավարտ Ռեգինա
Ճաղարյանը, ՀՀ աշտպանության նախարարության աշխատակից, փոխգնդապետ Վահե
Խալաֆյանը: Երիտասարդ ստեղծագործողներին ողջունեց բանաստեղծ Իշխան
Բադալյանը: Նա գովեստի խոսք ասաց ստեղծագործող ուսանողներին և ընթերցեցին
իրենց գործերից: Հանդիպումն ամփոփեց ստուդիայի հիմնադիր, ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը: