ՀՊՄՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԵՎ «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ» ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ
ՀԱՄԱՏԵՂ ԱՍՄՈՒՆՔԻ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Այս տարվա ասմունքի փառատոնը երրորդն է և կազմակերպվելու է այլ ձևաչափով: Համալսարանի
գիտական ընկերության հետ փառատոնի մասնակից է դարձել նաև ՀՊՄՀ գիտական
գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբը: Եվ հենց վերջինիս առաջարկով բացի
Մանկավարժականի ստեղծագործող ուսանողների գործերից մրցույթում ներառվելու
են նաև այլ բուհերի ուսանողների ստեղծագործություններ: Դրանով փառատոնը
դուրս է գալիս Մանկավարժականի սահմաններից և վերածվում է համաբուհականի:
Այդ առումով մրցութային ժյուրին ևս պիտի ընդլայնվի: Եվ դրանում ընդգրկվելու
համար առաջարկներ են արվել տարբեր գրողների ու մտավորականների:
Առաջիններից մեկը արձագանքեց բանաստեղծ, նկարիչ, «Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ Արևշատ Ավագյանը:
Մարտի 10-ին համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցի
հրավերով նրա հետ հանդիպումը կայացավ համալսարանի գիտական գրադարանում:
Ասմունքի հանձնախմբի պատասխանատու, կենսաբանության, քիմիայի և
աշխարհագրության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսի ուսանողուհի
Արմենուհի Սումբուլյանը հյուրին ներկայացրեց մրցույթ-փառատոնի
մանրամասները:
Հանդիպմանը մասնակցում էին նաև գեղարվեստական
դաստիարակության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Նաիրի Բալաբեկյանը,
համալսարանի նախորդ տարվա շրջանավարտ և ներկայում Ջավախքում մշակութային
գործունեություն ծավալած նկարիչ Հմայակ Գրիգորյանը:
Արևշատ Ավագյանը
բարձր գնահատեց ասմունքի փառատոնի անցկացումը: Նա նշեց որ միայն այդպես
հնարավոր կլինի առանձնացնել լավագույններին, խրախուսել ստեղծագործող
ուսանողներին, ապահովել նրանց ստեղծագործությունների ներկայացումը, նրանց
ներշնչել նոր մտորումների: Նա խոսեց նաև իր ղեկավարած ֆոնդի գործունեության
մասին:
Արևշատ Ավագյանը համալսարանի գրադարանին նվիրեց իր գրքերից
երկուսը՝ «Արևշատ» նկարչական ալբոմը և «Ինքնության գույնն ու իմաստը»
գիրքը, որ ներառում է արձակ, չափածո գործեր և նկարների վերատպություններ:
Վերջին գիրքը հրատարակվել է 2013 թվականին և ներկայացվել է Հայաստանի
Հանրապետության Նախագահի մրցանակի:
Հանդիպումն անցավ երկուստեք ջերմ մթնոլորտում և առաջիկայում նոր միջոցառումների հիմք կդառնա: