Շնորհակալ եմ ՛՛Պահանջատեր ԻՀայոց՛՛ կայքից իմ բանաստեղծությունների այս փնջի հրատարակության համար: Տիգրան ՊետրոսՅանց
ՄԵՆՔ
Մենք այլոց ենք տվել
Մեր գենը հանճարեղ...
Մի օր մենք ելել ենք
Հայոց Սուրբ Հայրենիքից
Նոր հորիզոններ ունենալու եռքով,
Ու գնացել ենք
Արևելք ու Արևմուտք,
Հյուսիս ու Հարավ,
Անցել սար ու ձորեր,
Գետեր, լճեր, ծովեր,
Եվ հայտնվել Երկիր մոլորակի
Խճող բավիղներում...
Մեր նախնիներն ամեն նոր տեղ
Նոր անուն են առել,
Մի տեղ կոչվել շումեր,
Մի տեղ՝ ամալեկյան,
Մի տեղ՝ բասկ,
Մի տեղ՝ բավար,
Մի տեղ՝ բրիտ,
Մի ազգ՝ այսքան անուն ու հիշատակ...
Անցել ենք օվկիանոսն
Ու մտել մի երկիր,
Որ հազարամյակներ անց
Պիտի կոչվեր Ամերիկա...
Ու որտեղ հասել ենք մենք,
Այդ հողին ենք տվել
Մեր գենը հանճարեղ,
Հիմնել-շինել ենք
Ուրիշներին բուրգեր,
Բերդեր ու քաղաքներ,
Տվել ենք այբուբեն ու օրացույց,
Հիմնել աստղադիտարաններ,
Սովորեցրել ենք
Կենդանապահություն,
Հողագործություն,
Ու մետաղաձուլություն,
Կավե սալի վրա գրելու արվեստ,
Սովորեցրել ենք ռազմարվեստ,
Հեծելամարտ,
Ռազմակառք կառավարել,
Երկաթե սուր կռել,
Վահան ու սաղավարտ կրել...
Մենք մշակույթ ենք տարել
Աշխարհով մեկ,
Մեր հզոր Ոգին ուսուցանել
ԱՐիաբար...
Մենք այլոց ենք տվել
Մեր գենը հանճարեղ,
Եվ հենց դրանով ենք
Այսպես հարուստ հիմա...
ՀԱՅԱՍՏԱՆ
Դու միայն այն հողը չես,
Որտեղ ես աշխարհ եմ եկել
Եվ անցել ճանապարհ...
Դու իմ հոգևոր գոյության հենարանն ես,
Միակը Տիեզերքում,
Որտեղ Արարչածին Դրախտն է եղել,
Որտեղ մարդկային իմ տեսակն է ձևավորվել
Եվ որտեղ իմ տեսակը
Դարձել է ազգ...
Եվ ազգ, հոգևոր դառնալու բյուր տարիներին
Անցել է անգամ դժոխքի միջով...
ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ
՛՛ԳՈՐԾՍ ՄՆԱ ՀԻՇԱՏԱԿՈՂ՛՛
Քասաղի կիրճն է
Ու կիրճի մուտքին
Աստվածընկալը՝
Իրար մեջ հինը և միջնադարը...
Հինը կերտել են Գնթունիները,
Նորը կերտել են Վաչուտյանները,
Իրար հաջորդած
Քասաղի երկու հզոր տերերը...
Աստվածընկալը եկեղեցի է,
Աստծո օջախ՝
Եվ իրենց օրոք,
Եվ մեր օրերում,
Եվ՝ Ապագայում..
.
Եվ անձեռակերտ ձորի պռնկին
Աստվածընկալն է
Ձեռակերտ հրաշք՝
Մատանու վրա
Դրված անգին քար,
Ու մուտքաքարին փորագրված է.
՛՛Ձեռքս գնա՝ դառնա ի հող,
Գործս մնա հիշատակող՛՛...
Աստվածընկալն է,
Ապրում է մեզ հետ
Ու միշտ կմնա
Գործն հիշատակող...
1967
Ա Ր Ա Ր Ա Տ
Արարատ, իմ Սուրբ լեռ,
Մենք տարեկից ենք,
Մեկ միլիոն, հինգ միլիոն, յոթ միլիոն տարեկան:
Արարատ, իմ Սուրբ լեռ,
Մեկ միլիոն, հինգ միլիոն, յոթ միլիոն տարի
Մենք դեգերում ենք նույն Տիեզերքի, նույն Արևի տակ,
Դու միշտ նույն տեղում, մենք պարագծով,
Քո պարագծով,
Ու Աշխարհով մեկ:
Արարատ, իմ Սուրբ լեռ,
Մենք կանք, հավերժ ենք,
Այս Տիեզերքում,
Այս Արևի տակ՝
Միայն քեզանով...
1967
Ե Ռ Ա Բ Լ ՈՒ Ր
Այստեղ, Արարատի դիմաց,
Հայկի անմեռ Ոգին է թևածում
Նրա ուժն Արարչական...
Այստեղ Հայկի ժառանգներն են
Հավաքական մտքով,
Ազգապատկան սրտով,
Մեկիկ-մեկիկ եկել
,,Եռաբլուր,, անվամբ բանակ դարձել...
Եվ բանակը այս
Անմեռների շարք-շարք
Զորատես է կազմել...
Այստեղ նրանց հրկեզ
Ոգիներն են անտես՝
Զորավար Անդրանիկ,
Սպարապետ Վազգեն,
Ինքնամոռաց Ավո,
Գեներալ ու զինվոր...
Նրանց Ոգիներն են
Խռով ու անխռով...
Սա այն բանակն է, որ
Ծառայել է միայն Հայաստանին,
Եվ բանակը այս
Այսօր, վաղը և միշտ
Անզորացիր կամքով՝
Ի սեր Հայաստանի,
Միշտ կլինի շարքում,
Միշտ կլինի զինյալ՝
Արարատի դիմաց
Հանուն Ազատության,
Հանուն Անկախության,
Հանուն Հայաստանի...
06.11.2012
ՏԻԳՐԱՆ ԱՐՔԱ
Ես քո զինվորն եմ եղել, Արքա Տիգրան,
Քո զորքի հետ քայլել, կռվել, հաղթել եմ Հայքի ոսոխներին,
Արցունքակալ աչքով պարտությունից կրծել շուրթերը իմ,
Լիզել արյունածոր վերքը, որ տվել է ինձ
Հրոսակի քոչվոր զինվորը նեռ...
Ես քեզ եմ պարտական, Արքա Տիգրան,
Որ աշխարհը այն, քո օրերի, մերձավոր ու հեռու
Քեզ հռչակեց արքաների արքա
Ու Երկիրը իմ՝ Հայոց Ոստան կամ Հայաստան...
Քո կողքին եմ եղել, երբ հասել-անցել ենք
Լեռնաշղթան Կովկաս,
Երբ հասել ենք Կասբք,
Հասել ենք Եգիպտոս,
Հասել Կապադովկիա,
Ծոցը Պարսից
Ու Բակտրիա...
Ու Արևելքից Արևմուտք, ու Հյուսիսից Հարավ
Արքայիկներ բազում, ու արքաներ հզոր
Քո դեմ ծնկի եկան, Արքա Տիգրան...
Ես ապրում եմ այսօր, Քեզնից երկու հազար տարի հետո,
Բայց կրում եմ իմ մեջ և Քեզ, և ժամանակը Քո
Ու կոչում եմ ժամանակն այդ Տիգրանական...
08.11.2012
ԱՆԻ
Ես ամեն օր քեզ այցի եմ գալիս քնած, թե արթմնի
Ու մտնում եմ Արքայական մուտքով
Աշոտ Ողորմածի պարիսպներից անդին,
Քայլում Արքայական պողոտայով...
Ականջներս լցվում են հայոց խոսքով,
Ողջույն եմ տալիս-առնում
Կամսարական, Պահլավունի,
Բագրատունի ու Զաքարյան
Իշխան-իշխանուհիներին...
Շուրջս քո տերերն են՝ հայեր հարյուր հազարներով,
Քո վանքերն են հազար ու մեկ,
Արքայական, իշխանական ապարանքներ,
Սովորական տներ փողոց-փողոց,
Ու խանութներ շարք-շարք,
Աղջկաբերդն է, Մայր Տաճարը, Հովվի եկեղեցին:
Ես գալիս եմ այստեղ ու հայանում...
Ես ամեն օր քեզ այցի եմ գալիս քնած, թե արթմնի,
Բայց դու չկաս,
Ու պալատներ չկան, ու հայերեն չկա,
Փշալար է օտար, օտար դրոշ,
Ավերակներ միայն,
Ու մի անեծք՝
Անին շեն էր, աշխարհն՝ ավեր,
Աշխարհը շեն է, Անին՝ ավեր,
Անին ավերողի տունն ավերվի...
Ես ամեն օր քեզ այցի եմ գալիս քնած, թե արթմնի
Եվ քեզ պիտի հիշեմ ամեն վայրկյան,
Որ դու օտար գերության մեջ չխորթանաս իձնից,
Իսկ ես որբ չդառնամ հենց քո կողքին...
07.01.2013 թ.
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ
Դու կամուրջ ես եղել իմ և քո միջև
Ու ավելի վաղ,
Քան քո պարիսպների ներսում իմ խոնարհումը...
Ես եկել եմ այստեղ երկու հազար տարի առաջ,
Երբ Տիգրան Արքան քո հիմնաքարն էր դնում:
Նա ուներ մայրաքաղաք՝ Տիգրանակերտ,
Իսկ քեզ կոչեց Արևելյան Տիգրանակերտ...
Պրիսպներիդ քարերն իրար հետ ենք դրել
Ու ագուցել ծիծեռնապոչ փորվածքների
Անագե լցոնումով,
Որ դու անառ լինես ու անխորտակ...
Ես եկել եմ այստեղ երկու հազար տարի հետո
Որպես զինվոր ազատարար,
Երբ թշնամին գերել-ավերել էր քեզ,
Իսկ Ժամանակը ծածկել մոռացումի հողով...
Հիմա քեզ պեղում են, բացում կամաց-կամաց,
Քո երեսից մաքրում մոռացումի փոշին
Եվ դարձել ես դու տուն՝ Արցախ աշխարհ,
Որ ուժ հաղորդես մեզ՝ այսօր ապրողներիս,
Որ տաս հիշողություն՝ ապագային ուղղված՝
Մեր կառուցած բոլոր քաղաքները տուն բերելու համար...
ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Իմ ժողովուրդ,
Ես քո անվախճան երթի վկան եմ,
Քո վերելք-վայրէջքների ուղեկիցը լուռ,
Եվ կրում եմ իմ մեջ
Քո փառքերը անանց...
Իմ ժողովուրդ,
Քո Երկիրը մեծ էր, անընդգրկելի,
Քո մի սահմանը Կասպից ծովն էր,
Մի սահմանը ձգվում էր Սև ծովի ափով
Եվ հասնում էր մինչև Միջերկրական,
Եվ Արևը մայր չէր մտնում քո սահմանում...
Իմ ժողովուրդ,
Քո լճերը ծով էին,
Քո գետերը՝ անկանգ,
Քո ջրերը՝ մաքուր, զուլալ ու ջինջ,
Քո սարերն Արարատ էին, Բինգյոլ,
Արագած ու Նեմրութ,
Մռով ու Կապուտջիղ,
Տավրոս ու Հայոց պար...
Իմ ժողովուրդ,
Քեզ կոչում են հայ,
Կոչում են արմեն,
Նաիրցի ու Բիայնացի,
Մուսասիրցի ու Շուպրիացի,
Արրատացի ու ալեման,
Հիթեթ, խուրի ու խեթ,
Դու ունեիր բազում
Արքա-արքայիկներ...
Իմ ժողովուրդ,
Արքաներդ Հայկ էին,
Արամ ու Արգիշտի,
Արտաշես Աշխարհակալ ու Տիգրան Մեծ,
Արշակ արքա ու Պապ,
Տրդատ ու Վռամշապուհ,
Գագիկ Շահնշահ,
Լևոն Մեծագործ ու Հեթում,
Զաքարե Մեծ ու Իվանե,
Այրեր հզոր ու փառահեղ,
Տերեր արդար ու ողջամիտ...
Իմ ժողովուրդ,
Աստվածներդ հզոր էին ու միամիտ,
Տիրում էին Երկնքին ու Երկրին,
Տիրում էին ճակատագրեր,
Բայց անզոր էին
Թշնամական դավի ու հարձակման դեմ...
Իմ ժողովուրդ,
Բազում թշնամիներ եկել ու տիրել են,
Ու Երկիրդ մանրել,
Դու կորցրել ես ծովերդ,
Դու կորցրել ես սարերդ,
Դու կորցրել ես արքաներիդ,
Դու կորցրել ես Աստվածներիդ,
Դու կորցրել ես քո այրուձին,
Քո զավակները ցրվել են աշխարհով մեկ,
Եվ քեզ մնացել է լոկ
Մի փոքրիկ հողակտոր
Քո տարածքի միջնամասում...
Իմ ժողովուրդ,
Քո զավակները դարձան արքա օտար երկրներում,
Դարձան զինվոր ու զորավար օտար բանակներում,
Օտարների համար կերտում էին
Երկիր ու Պետություն,
Իսկ քո Երկիրը կիսվեց
Դարձավ բաժան-բաժան...
Իմ ժողովուրդ,
Քո լեզվի բեկորներն այսօր
Պեղվում-բացվում են ամենուր,
Բասկերը հայ են,
Բրիտները հայ են,
Բավարները հայ են,
Եվ ժողովուրդներն այս
Իրենց էպոսներում գրել են,
Որ եկել են Արարատից...
Իմ ժողովուրդ,
Քո բանաստեղծ որդին
Գրել է Աստվածային մի տող.
Թշնամիներդ քեզ սեղմել են այքան,
Որ դու դարձել ես անգին ադամանդ՝
Անգին ադամանդ Աշխարհի մատին...
Իմ ժողովուրդ,
Պատմության անիվը չի շրջվում հետ,
Պատմության անիվը գնում է առաջ,
Քո պատմությունը դեռ չի ավարտվել,
Քո պատմությունը գրվելու է նոր,
Դու պարտ ես վերականգնել Երկիրը քո,
Դու պարտ ես դառնալ Հողերիդ տեր,
Դու պարտ ես կերտել նոր Հայաստան...
Իմ ժողովուրդ,
Ես կրում եմ իմ մեջ
Քո փառքերը անանց,
Եվ քո փառքը նորոգ
Կրելու եմ Հավերժ:
22.12.2012
http://pahanjater.t15.org/grakanutyun/text.php?id=+26
|