Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 17:35
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0
Главная » 2013 » Сентябрь » 1 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐ ԳՐՔԻՑ
23:05
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐ ԳՐՔԻՑ

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ



Զաքարյանների իշխանապետության հզոր, ինքնօրեն իշխանատոհմերից են Օրբելյանները: Մոր կողմից Բագրատունիներից սերված Օրբելյանները, որ տիրույթներ ունեին Լոռիում և Ձորագետում, Հայաստանի արևելյան սահմանագլխին հայտնվեցին 12-րդ դարի վերջին:
    Էլիկում Ա-ն, հավանաբար, 12-րդ դարի 70-ական թվականներին Ատրպատականի, Առանի և Նախճավանի կառավարիչ Մուհամեդ  Փահլավանի կողմից նշանակվեց Երնջակ բերդի, Ճահուկ ավանի, Քալասրահի զորքերի գլխավոր: Նա ամուսնացավ տեղական մեծահարուստ Աբաս Ճահկեցու և Սյունյաց Ստեփանոս եպիսկոպոսի քրոջ աղջկա՝ Խաթունի հետ, որը կարևոր դեր կատարեց նրա քաղաքական կողմնորոշման գործում դեպի հայկականն ու հայությունը: Նա զոհվում է 1184 թվականին, Գանձակի ճակատամարտում: Միակ որդին՝ Լիպարիտ Գ-ն, մոր հետ արգելափակվում է Նախճավանում: 
    Իսկ հայ-վրացական զորագնդերն արդեն մոտենում էին Սյունիքին: Ստեփանոս եպիսկոպոսը դիմում է Իվանե Ա Զաքարյանին, Թամար թագուհուն, վերջինիս որդի Գեորգի Լաշային և նրա հովանավորությամբ կազմակերպում քրոջ որդու փախուստը Նախճավանից: Իվանե Ա Զաքարյանը Լիպարիտ Գ-ին նշանակում է Սյունիքի վրա հարձակվող զորաջոկատներից մեկի հրամանատար: Լիպարիտ Գ-ն կռվում է քաջաբար և Սյունյաց լեռնաշխարհն ազատագրելուց հետո Իվանե Ա-ից տիրույթներ է ստանում Գեղարքունիքում, Վայոց ձորում, Կոտայքում, Ուրծում: Այս Լիպարիտ Գ-ով էլ սկսվում է Օրբելյան իշխանատոհմը:
     Օրբելյան իշխանատոհմը հայ իրականությանը տվել է ականավոր ռազմական, քաղաքական և հոգևոր գործիչներ: Լիպարիտ Գ-ի որդի Սմբատ Բ-ն, որ մոնղոլների տիրապետության պայմաններում այնքան հզոր դիրք ուներ Հայաստանում և մոնղոլական արքունիքում, որ իր իշխանատիրույթում ինքնօրեն արքա էր ճանաչված, Տարսայիճ Ա-ն, վերջիններիս ժառանգներն ավելի քան երեք ու կես հարյուրամյակ տիրեցին երկրամասին՝ կռվելով բազում թշնամիների դեմ, անխարդախ ծառայելով հայ ժողովրդի հարատևության գաղափարին:
   Օրբելյան տոհմի հոգևոր կենտրոններում՝ Տաթևում և Նորավանքում, ինչպես նաև ընդարձակ իշխանատիրույթի մշակութային մյուս օջախներում՝ Հերմոնում, Ցաղաց քարում, Եղեգյաց անապատում, Մաքենյաց վանքում, Գնդևանքում, Մամասի վանքում և այլուր, նրանց հովանավորությամբ ստեղծվեցին հարյուրավոր մեծարժեք ձեռագրեր: Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, Օրբելյանների նպաստավորմամբ՝ բարձր տիպի միջնադարյան ուսումնական հաստատությունը վերաբացվում է Տաթևում և իր գործունեության ընթացքում հայ մշակույթի սպասավորների պատրաստման գործում անգնահատելի դեր կատարում:

    Մեծ է  Օրբելյանների իշխանատոհմի ծավալած շինարարական գործունեությունը: Ավելի քան մեկ դարի ընթացքում Օրբելյան տան տարբեր իշխանավորներ (Լիպարիտ Գ, Սմբատ Բ, Տարսայիճ Ա, Բուրթիլ Բ) կառուցել են Նորավանքի հոյաշեն եկեղեցիները, գավիթը, տոհմական տապանատունը: Այստեղ աշխատել ու շինությունները կառուցել են միջնադարյան Հայաստանի հանճարեղ ճարտարապետներ Սիրանեսը և Մոմիկը: Օրբելյան տան պատվերով են կառուցվել Արենիի հոյաշեն եկեղեցին, Սելիմի իջևանատունը, Սուրբ Կարապետը, բազմաթիվ բերդեր, պալատական շինություններ:
   Օրբելյանների տոհմը խնամիական կապերով կապված էր ժամանակաշրջանի մյուս հայկական իշխանատոհմերի հետ, իսկ Տարսայիճ Ա-ի Էլիկում որդու շառավիղ Բաշքեն Բ-ի դուստրը 15-րդ դարի առաջին կեսին Վրաստանի թագուհին էր, իսկ որդին՝ Ռուստամը, հասավ կարա-կոյունլու թուրքմենների պալատական վեզիրի պաշտոնին և նպաստեց Սյունիքում ու Այրարատում իր տոհմի իշխանությունը որոշ ժամանակով ամրապնդելուն:
 
Օրբելյանների իշխանատոհմի առաջին ներկայացուցիչների շրջանից զինանշանային պատկերներ չեն պահպանվել: Այն օրինակները, որ հասել են մեզ, վերաբերվում են 14-րդ դարի սկզբին և առաջին կեսին:
   Զինանշանանյին երկու պատկերներ պահպանվել են Օրբելյանների տոհմական տապանատանը՝ Նորավանքում:
    Կառուցման թվականով վաղագույնը Սմբատ Բ-ի դամբարանում գտնվող Տարսայիճ Ա-ի որդի Էլիկում Դ-ի տապանաքարի բարձրաքանդակն է: Այն պատրաստված է 1310-ական թվականներին: Տապանաքարի վրա փորագրված է հասակով մեկ կանգնած առյուծ, որը մարմնի վերնամասով շրջվել ու նայում է դիտողին: Առջևի թաթերը հպված են կողերին: Դեմքը տիրական է, խորն ընկած աչքերը՝ վեհ ու հերոսական, մեջքին առկա է բծավոր բաշը: Պոչը ոտքերի միջնամաով փաթաթված է ոտքին: Առյուծի պատկերով զինանշաններ ունեն Զաքարյանները, Վահրամյանները, Պռոշյանները, Հոնենք, սակայն այստեղ այլևս պայմանականություն չկա, և որպեսզի պարզ լինի, որ իրոք, տապանաքարի վրա զինանշան է պատկերված, ընթերցենք տապանագիրը. <<Թվիս ՉԽԹ (1300): Զգեղեցկատիպն Էլիկում, որդի մեծի Տարսայիճին որ առյուծորեն խրոխտ մռընչեր ընդէմ այլասեռ գնդին...>>:
    Արձանագրությունից հետևում է, որ Էլիկում Դ-ն առյուծաբար կռվել է այլացեղ թշնամիների դեմ: Հավանաբար, նույն պատկերը եղել է նաև նրա դրոշի վրա: Բուրթելաշեն եռահարկ եկեղեցու հյուսիսային պատի արևմտյան կողմում, պեղումների ժամանակ գտնվել է մագիլներով գառ բռնած արծվի արձանային քանդակ: Պատմաբանները կարծում են, որ քարը նախապես եղել է եկեղեցու վերնամասում, երկրորդ հարկի ճակատային մասում: Զինանշանը պատրաստվել է եկեղեցու կառուցման ժամանակ՝ 1330-ական թվականներին: Զինանշանը, ինչպես և եկեղեցին, հավանաբար, կերտել է Մոմիկ ճարտարապետը: Արծիվը պատկերված է դիմահայաց, հզոր, տիրական գլխով, ուղղորդված, սուր հայացքով: Թևերը մարմնից հեռացած ու ուղղահայաց իջնում են ներքև: Հոդերի մասում ձևավորված են կլոր վարդյակով, իսկ ընդհանրապես՝ զուգահեռ փոսիկներով: Մարմնի ներքնամասից սկիզբ առնող ոտքերը մշակված են թեփուկաքանդակային եղանակով: Հզոր մագիլներով հենված է գառան ողնաշարի վրա: Թեև վերջինիս մարմնի ոչ մի մանրամասնը շեշտված չէ, բացի ականջներից, բայց պատկերված է իրական գծերով: Կենդանու վիզը մարմնի համեմատ երկար է, ինչը երբեմն գառը եղնիկի հետ շփոթելու պատճառ է դառնում: Կենդանին պատկերված է առջևի ոտքերը ծալած, ծնկած վիճակում և լիովին արտահայտում է Օրբելյան իշխանավորի գերագահ դիրքը շրջապատի թշնամիների նկատմամբ, որոնց պահել է ծնկաչոք վիճակում: Հիշատակարաններում հենց այդպես էլ խոսվում է Բուրթել Բ-ի մասին, որ ժամանակակիցներից ստացել է Մեծ հորջորջումը:

   Սակայն արծվաքանդակի այսօրինակ մոտիվով զինանշանը Օրբելյան տոհմում առաջինն օգտագործել է Բուրթել Բ-ի հորեղբայր Ջալալ Օրբելյանը: Ջալալը Տարսայիճ Ա-ի և Մինախաթունի որդին է: Նրա տիրույթները գտնվում էին Ուրծաձորում և Արած գավառներում (ներկայումս՝ Արարատի և Եղեգնաձորի տարածաշրջաններում): Իշխանատիրույթի մայրաքաղաքը Չիվա գյուղն էր, որը 1298 թվականին նա վաճառեց  ավագ եղբորը՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանին: Ջալալի կինն էր Զաքարյան տոհմի Իվանե Բ-ի դուստր Գոնցան: Նրանք միասին ներկայիս Արածո գետի (Արարատի տարածաշրջանում) վերին հոսանքում կառուցեն են Սուրբ Կարապետ վանքը, որ կոչվել է նաև Սպիտակավոր Աստվածածին: Ահա այս կառույցում էլ պահպանվել է արծվի բարձրաքանդակով զինանշանը:  Այն առանձին քարի վրա է: Արծիվը դիմահայաց, կիսաբաց թևերով է, մշակված թեփուկաքանդակային եղանակով, մագիլներում ճզմել է գառան ողնաշարը: Զինանշանակիր քարը նախապես ագուցված է եղել եկեղեցու պատի մեջ ու հետագայում շենքի քանդվելու պատճառով ընկել է եկեղեցու ներսը Եկեղեցու կառուցումն ավարտվել է 1301 թվականին: Այդ նույն ժամանակ էլ, հավանաբար, պատրաստվել է զինանշանը: Տարիներ շարունակ հավատացիալները արծվակիր քարի վրա մոմ են վառել, որի հետևանքով զինանշանը ծածկվել է մոմի մնացորդներով ու սևացել:
   Փաստորեն, նույնապատկեր արծվակիր զինանշան ունեցել են Տարսայիճ Ա-ի որդիներ Էլիկում Գ-ի և Ջալալի ճյուղերը:
   Իսկ ահա Տարսայիճ Ա-ի եղբոր Իվանե Գ-ի թոռը՝ Լիպարիտ Դ-ի  որդի Չեսար իշխանը, որի տիրույթները տարածվում էին ներկայիս Գլաձորի և Վերնաշենի սահմաններում, զինանշանի համար ընտրել է այլ կենդանու՝ ցուլի պատկերը: Այն քանդակված է 1332 թվականին կառուցված Սելիմի իջևանատան մուտքի ձախ կողմում, վերնամասում: Ցուլը պատկերված է զոհի վրա հարձակվելու պահին: Առջևի ոտքերը համաչափորեն ծալված են, պոչը ցցված է մեջքի վրա: Կենդանին դեմքով նայում է դետողին: Կիսակլոր եղջույրները նույնպես շեշտում են ցուլի կատաղությունը:
   Խաղբակյան իշխանատոհմի ներկայացուցիչները, որ Օրբելյանների հարևաններն էին, ի սկզբանե որդեգրեցին Սյունյաց իշխանատան զինանշանային պատկերասրահի կենդանիներին (առյուծ, արծիվ, ցուլ)՝ դրանով հաստատելով իրենց ժառանգական իրավահաջորդությունը Սյունյաց իշխանատան նկատմամբ: Մինչդեռ Օրբելյանների իշխանատան առաջին ներկայացուցիչները, որոնք եկվոր էին, գիտակցաբար չդիմեցին այդ պատկերասրահին, իսկ մեկ հարյուրամյակ անց նրանց ժառանգներն օգտագործեցին դրանք:


<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 74-79


ՀՈՆԵՆՑ ՏՈՀՄԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ

Զաքարյանների ինքնօրեն իշխանապետությունում և նոր իշխանությունների կողքին բարձրացան նաև ազնվական ծագում չունեցող, բայց հարստության տեր մեծատուներ, որոնք  իրենց հարստության շնորհիվ հասան բարձր դիրքի, պաշտոնի, դարձան նոր տիրակալների՝ Զաքարյանների տնտեսական ու քաղաքական հենարանը:
   Տիգրան Հոնենցը Զաքարյան շրջանի մեծահարուստներից մեկն է: Ապրել և գործել է իշխանապետության մայարաքաղաք  Անիում, Զաքարե Բ-ի ու նրա որդի Շահնշահ Ա-ի օրոք: Հավանական է, որ Զաքարյանների կողմից  1199 թվականին Անին գրավելուց անմիջապես հետո ՝ Տիգրան Հոնենցը նշանակվել է մայրաքաղաքի հարկային վերակացու: Այդ խելամիտ ու գործունյա անձնավորությունը կարճ ժամանակում հարկերի կապալառության, վաշխառության, առևտրի ճանապարհով կուտակել է մեծ հարստություն, գնել Անի քաղաքի մի քանի թաղամասեր, գյուղեր, հյուրատներ, առևտրային կրպակներ, ջրաղացներ, ձիթհաններ, այգիներ, ջրագծեր: Նա կալվածքներ ուներ ոչ միայն Անիում ու շրջակայքում, այլև Մրենում, Կարսում, Երևանում, Կոշում: Նա Անիի ամենախոշոր մեծատուն էր, ամենահայտնի անձը, քաղաքում նրա անվամբ փողոց կար: Տիգրան Հոնենցի դերը երկրի տնտեսական կյանքում շատ մեծ էր:
   Իր անբավ հարստությունը Տիգրան Հոնենցը ծառայեցրել է Անիի պաշտպանական, հոգևոր շինությունների, ջրագծերի կառուցման, մշակութային-լուսավորչական գործին:
   Տիգրան Հոնենցի անունն առաջին անգամ հիշատակում է 1213 թվականին: Այդ տարի մեծահարուստը նորոգել է Անիի Մայր տաճարը, կառուցել աստիճաններ, նվերներ ընծայել, այդ թվում՝ երկու ձեռագիր տոնական: Իսկ մինչ այդ, հավանաբար, 1200-ական թվականների կեսերին, Տիգրան Հոնենցի պատվերով Ախուրյանի կիրճի պռնկին գտնվող տարածքում կառուցվել է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը Անիի Զաքարյան շրջանի ճարտարապետական-կառուցողական զարդերից մեկն է: Հոյաշեն այս կառույցի շինարարությունն ավարտվել է 1215 թվականին: Այստեղ կառուցվել են նաև վանականների կացարաններ, իշխանական պալատ (ամենայն հավանականությամբ, հենց իրենց՝ Հոնենցների համար), բաղնիք, ջրագիծ: Այդ շինությունները շրջապատվել են հզոր պարիսպներով:

    Տիգրան Հոնենցի Գրիգոր Լ:ուսավորիչ եկեղեցին արտաքինից ծածկված է հարթաքանդակ գոտիով, իսկ ներսից ՝ որմնանկարներով: Այն կառուցել է Հոնենց տոհմի ճարտարապետ Եղբայրիկը: Պատվիրատուն նորակառույց եկեղեցուն նվիրել է 8 գյուղ, 6 այգի, հյուրանոցներ, Հոտեցոնց փողոցի տները, կրպակներ, երկուական բաղնիք, պանդոկ, երկակն ձիթհանք, 3 ջրաղացների հատվածներ, մի քանի ախոռ ու մարագ, բանջարանոցներ, տարբեր հողակտորներ: Իր չափերով Տիգրան Հոնենցի նվիրատվությունը կարող էր համեմատվել միայն Տայքի վանքի օծման առթիվ, 906 թվականին Սմբատ Ա Բագրատունի թագավորի և Սյունյաց իշխանների ընծայած նվերներին:
Տիգրան Հոնենցի միջոցներով կառուցվել են նաև Բեխենց վանքը և Կուսանաց անապատի եկեղեցին: 1222 թվականին Տիգրան Հոնենցի միջոցներով ճարտարապետ Եղբայրիկը կառուցել է քաղաքային պարսպի բուրգերից մեկը, որ պատմական գրականության մեջ ստացել է Եղբայրիկի բուրգ անունը: Պարսպի մեջ ագուցված խաչքարի ստորին մասում արձանագրված է. <<Ես՝ Եղբայրիկս, ծառայ տեառն իմոյ Տիգրանայ, նորին ողորմութեամբն շինեցի զարձանս>>:
  Տիգրան Հոնենցի կառուցողական զարդերից մեկն էլ Ծաղկաձորի Այրային թաղամասի Հոնենց տոհմի պանթեոն-դամբարանն է, որի պատերը ծածկված են եղել տարբեր բովանդակոեւթյամբ որմնանկարներով: Դամբարանը պեղվել է 1910-ական թվականների սկզբին:  Հայաստանի պատմության թանգարանի <<Անի քաղաքը>> ցուցասրահում, պատերից մեկի վրա ցուցադրվում էն նրբահյուս մետաքսից կարված փոքրիկ աղջնակի հագուստ: Այդ հագուստները գտնվել են հենց Տիգրան Հոնենցի դաբարանում: Այդ հագուստները եղել են 4-5 տարեկան մի աղջնակի հագին: Աղջնակի մարմինը զմռսված է եղել և լավ պահպանվել է՝ հագուստով հանդերձ: Ցավոք, դաժանաբար են վարվել աղջնակի մարմնի հետ. պարսկահայ բժիշկ Թաշչյանը երեխայի գլուխը կտրել և Պարսկաստան է տարել <<որպես սեղանի զարդ>>, իսկ բժիշկ Կ. Բասմանջյանը Փարիզ է տարել մարմինը:
    Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու թմբուկի նիստերից մեկի վրա ագուցված է դիմահայաց արծվի հարթաքանդակ, որտեղ թռչունը հզոր պոչի վրա մագիլներով պահում է գառան մարմինը: Այս պատկերը, սակայն, Զաքարյան տան զինանշանն է, և Տիգրան Հոնենցը այն իր կառուցած հոգևոր շինության վրա փորագրել է՝ հավաստելու համար իր անվերապահ ենթակայությունը Զաքարյան տանը:
    Տիգրան Հոնենցը ևս ունեցել է զինանշան: Տիգրան Հոնենցի զինանշանին պատկերված են եղել արու և էգ առյուծներ: Այդ պարզվում է Հոնենց տոհմի դամբարանից հայտնաբերված ու Հայաստանի  պատմության պետական թանգարանում պահվող դրոշի վրա եղած պատկերից: Ցավոք, պատմական գրականության մեջ դրոշը ներկայացվել է շղարշ:
   Դրոշը սև գույնի կտորից է: Սևի վրա ոսկեզօծ, նուրբ հյուսվածքով պատկերված են դեմ-դիմաց կանգնած զույգ առյուծներ: Ձախ կողմում ավելի հզոր արուն է՝ ամբողջ մարմնով ձգված, կարծես թռիչքի պատրաստ, գլուխը տիրաբար վեր պարզած, պոչը տնկած: Նրա թիկունքին երևում է կենաց ծառը՝ իշխանատիրոջ, տոհմի հաջորդայնությունն ապահովողի նշանը, իսկ ներքևում պարզորոշ ընդգծված է հավերժության նշան՝ արևի կիսապատկերը: Աջ կողմում գլուխն իր տիրոջ մարմնին փարած հեզ ու խոնարհ կանգնած է էգ առյուծը:
    Առյուծների մարմնական եզրագծերը, ինչպես նաև արուի բաշը գործած են ոսկե թելերով, իսկ մարմինները՝ մետաքսաթելով: Փաստորեն, ինչպես և Վաչուտյանների զինանշանին, որտեղ պատկերված են արու և էգ արծիվներ, Տիգրան Հոնենցի դրոշին պատկերված են արու և էգ առյուծներ, որոնք խորհրդանշում են սիրո, ընտանիքի, հավերժության ուխտը:
   Հայ իշխանական տների դրոշների մասին միայն հիշատակություններ կան: Պատմիչ Մխիթար Այրիվանեցին գրում է, որ յուրաքանչյուր իշխանական տոհմ ուներ իր դրոշն ու պատերազմական փողը, որ ժառանգաբար անցնում էր տոհմի ավագ ներկայացուցիչներին: Նույնն է հաստատում նաև  Մխիթար Գոշը, գրելով, որ Մահկանաբերդի Արծրունի իշխան Վասակի մահվանից հետո նրա եղբայր Քուրդ Արծրունին ստացել է <<զդրոշ նորա և զփոխ և զիշխանութին>>: Թեև ընդունված է այն կարծիքը, որ որևէ հայ իշխանական տան դրոշ չի պահպանվել: Սակայն Անեցի մեծահարուստ Տիգրան Հոնենցի դրոշը, որի վրա հյուսված է վերջինիս զինանշանը, կարծիքի բացառումն է: Դրոշի սև գույնը և դամբարանում գտնվելը, ամենայն հավանականությամբ, սգո խորհրդանշան է:


<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 65-68

ԴՍԵՂԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ

Ծնվող յուրաքանչյուր հայ երեխա մայրական առաջին  գորովագութ խոսքերից հետո  լսում է հայ զորավարների, հայոց  պատմության վերելքների ու վայրէջքների մասին: Եվ բոլոր պատմությունների մեջ ամենամեծ ակնածանքով տրվում են Հայոց  աշխարհի պաշտպանության վահան դարձած Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչների անունները: Թե այս բնիկ հայկական ազնվական տոհմը ինչպիսի հերոսներ է ծնել, բավական է հիշել Վասակի, Մուշեղի, Մանվելի, Վարդանի, Վահանի, Վարդի, Դավթի, Գրիգորի անունները:
    12-րդ դարի վերջերին, Միջին արևելքում, Բյուզանդիայում, Վրաստանում ցրված Մամիկոնյան նախարարական տոհմի ճյուղերից մեկը հաստատվել է պատմական Գուգարքում, ներկայիս Դսեղ գյուղում: Այս նոր իշխանական տան հիմնադիրը թեև Սարգիս Մամիկոնյանն էր, բայց նրա պապի՝ Համազասպի անունով տոհմը երբեմն Մամիկոնյանին զուգահեռ կոչում են Համազասպյան:
    Իշխանատիրույթը փոքրերից է: Այն միավորում էր ընդհամենը Դսեղ, Մղարթ, Կարմիր քար, Կկվաշեն, Ծաղկուտ, Իգատակ բնակավայրերն իրենց շրջակա հողերով:
   Իշխանատան հիմնադիր Սարգիս Մամիկոնյանն ակտիվորեն մասնակցել է Հայաստանի ազատագրության համար Զաքարյան եղբայրենրի մղած կռիվներին և 1201 թվականին, հավանաբար, Բջնին  գրավելու համար մղած մարտերում զոհվել է ու մեծ շուքով թաղվել Զաքարյան տոհմի ընտանեկան հանգստարանում՝ Սանահինի վանքի գավթում: Նրա գերեզմանին մի հոյաշուք խաչքար է կանգնեցվել:
    Այս իշխանական ընտանիքը խնամիական կապերով կապված էր միջնադարյան Հայաստանի անվանի իշխանական տների՝ Վաչուտյանների, Օրբելյանների, Զաքարյանների, Ուքանանց, Դոփյանների հետ: Ընտանիքի որոշ անդամներ եղել են Զաքարյանների զորավարները (Սարգիս Ա, Համազասպ Գ, Մամիկոն Գ), մի քանիսը նվիրվել են հոգևոր ծառայության, եղել են Հաղպատի (Համազասպ եպիսկոպոս), Հովհաննավանքի (Համազասպ և Ներսես եպիսկոպոսներ) առաջնորդներ: Զաքարյաններին մատուցած ծառայությունների համար հողային կալվածքներ են ստացել Ուրծ գավառում, Խաչենում:

    Մամիկոնյան-Համազասպյան իշխանատունն իր իշխանանիստ մայրաքաղաք է դարձել Դսեղ գյուղը, իսկ հոգևոր կենտրոնը՝ Դսեղից 2 կմ հյուսիս-արևելք, Մարց  գետակին հարող ձորալանջին կառուցած Բարձրաքարշ Սուրբ Գրիգոր վանքը:
   Մամիկոնյան-Համազասպյան տան ներկայացուցիչների շինարարական գործունեության արգասիք են Դսեղ գյուղի Լուսավորիչ եկեղեցին, Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանական համալիրը, տասնյակ  բարձրակարգ խաչքարեր, Դեբեդ գետի վրա 1247 թվականին կառուցված կամուրջը: Առավել ընդգրկուն է այս իշխանատան ներկայացուցիչների մշակութանպաստ գործունեությունը: Տասնամյակների է հասնում այն ձեռագրերի թիվը, որ պատվիրել են Դսեղի Մամիկոնյանները: Դրանցից Հովհաննավանքի առաջնորդ Համազասպ եպիսկոպոս Մամիկոնյանի պատվիրած ձեռագրերից միայն վեցն են հասել մեր օրերը և այժմ գտնվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում:
  14-րդ դարի կեսին Մամիկոնյան-Համազասպյան իշխանատունը հեռացավ պատմության թատերաբեմից, սակայն նրանց հաջորդները շարունակեցին ապրել Դսեղում:
   Մամիկոնյան նախարարական տոհմի զինանշանի մասին հավաստի տեղեկություններ չկան: Բայց ահա Դսեղի Մամիկոնյան-Համազասպյան իշխանատան զինանշանը պահպանվել է:
   Դսեղ գյուղի Լուսավորիչ եկեղեցին ավելի վաղ շրջանի կառույց էր, բայց գյուղին տեր դառնալուց հետո՝ Սարգիս Մամիկոնյանը կամ նրա անմիջական հաջորդ Սմբատ Ա-ն, 1200 թվականին բազիլիկ, միանավ եկեղեցին վերակառուցել են: Եվ վերակառուցման ընթացքում էլ հարավային ավանդատան արևելյան ճակատին, պատուհանի  պսակից վերև տեղադրել են իրենց զինանշանը: Ուղղանկյուն քարի վրա քանդակված է դիմադարձ երկգլխանի արծիվ, որը ճանկերով պահում է գառան մարմինը: Հարթաքանդակը թեև բավականին հողմահարված-մաշված է, մանրամասները չքացել են, բայց արծվի պատկերը լավ երևում է:
    Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքային համալիրի գավթի արևելյան պատին հնգանիստ ծավալի կենտրոնական ճակատին, պատուհանից վերև մնում է նույն զինանշանի անխաթար օրինակը: Գավթի կառուցումն ավարտվել է 1247 թվականին: Այդ նույն ժամանակ էլ քանդակվել է զինանշանը. նույն երկգլխանի արծիվն է: Թռչունի գլուխները պատկերված են իրար նկատմամբ հակադիր դիրքով, գլխի վերնամասերը լավ տեսանելի են, վիզը ձևավորված է  եղևնանախշով: Թևերը վերնամասում պարույրաձև գալարներով շրջան են կազմում և իջնում են ներքև՝ մինչև ճանկերը, որոնք խրված են գառան ողնաշարի մեջ և պինդ պահում են կենդանուն պոչի վրա: Գառը, ինչպես և Լուսավորիչ եկեղեցու պատկերում, ուղղորդված է գլխով դեպի ձախ և դեմքով նայում է դիտողին: Աշխատանքը թեև իրականացված է առանց ավելորդ պաճուճանքների, սակայն քանդակագործական կատարյալ գլուխգործոց է:
    Դիտարկելով Դսեղի Մամիկոնյանների զինանշանը՝ համոզված կարելի է պնդել, որ այն անպատճառ կապ ունի Մամիկոնյան տոհմի նախորդ շրջանի պատկերացումների, տոհմում ավելի վաղ գործածված զինանշանների հետ: Հավանաբար, իրենց զինանշանով Մամիկոնյան-Համազասպյան տան ներկայացուցիչները հաստատում են, որ իրենք աչալրջորեն հսկում են Մայր Հայաստանի սահմանները և նրա հողին աչք ունեցողներին կճռմեն գառան պես:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 61-64
ԶԱՔԱՐՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ

ՄԱԿԱՐԱՎԱՆՔ
Զաքարյանները հայոց պատմության թատերաբեմ բարձրացան 12-րդ դարի կեսին, և հայ ժողովրդի համար, որ արդեն մեկուկես դար կորցրել էր քաղաքական անկախությունը, միասնությունը, հավաքականությունը, սեփական ուժերին  ապավինելու և հարազատ երկրի ու հայ ժողովրդի անկախությունը  բարենորոգելու առաքելական դեր կատարեցին:
     Իշխանատան հիմնադիրը Զաքարեի որդի Սարգիսն էր: Այս Սարգիսը, որ հիշվում է Սարգիս Մեծ անունով, թերևս մեծ էր նախևառաջ որպես քաղաքական գործիչ, դիվանագետ: Իր ժամանակի քաջ ու արժանավոր Հայազգի իշխաններից այս Սարգիսն էր, որ հասկացավ հայ-վրացական զինակցության ուժն ու անհրաժեշտությունը և իր որդիների ու եղբոր քաղաքական կողմնորոշումը դարձրեց անկախ Վրաստանի հզորացումը, այդ երկրում հայերի արտոնյալ վիճակի ապահովումը, հայազգի իշխանների զինական ուժերի համախմբումն ու հայկական առանձին բանակի ստեղծումը վրացական զորքի կազմում, որի հրամանատարն էլ դարձավ ինքը: Նա առաջինն էր, որ դարձավ նաև Հայ-վրացական բանակի ամիրսպասալարը (գլխավոր հրամանատարը): Նրա որիդիները՝ Զաքարե Բ-ն և Իվանե Ա-ն, շարունակեցին հոր սկսած գործը և ի կատար ածեցին հայ ժողովրդի երազանքը, շուրջ երկու տասնամյակում թուրք-սելջուկներից ամբողջովին մաքրեցին Բագրատույնաց Անի-Շիրակի, Կարսի, Ձորագետի թագավորությունների, Սյունյաց իշխանության հողերը և այդ տարածքում ստեղծեցին իրենց իշխանապետությունը:
    Զաքարյանները փոքրիկ կալվածքներ ունեին Հյուսիսային Հայաստանում՝ Տաշիր-Ձորագետում: Հաղարծինի եկեղեցու արձանագրության մեջ Իվանե Ա-ն հայտարարում է, որ իրենք սերում են Բագրատունիներից: Հայտնի է, որ նրանց մայրը Թիֆլիսի ամիրա, Մահկանաբերդի իշխանաց իշխան Քուրդ Արծրունու քույր Սահակադուխտն է: Այս էլ հաստատված է ժամանակի հիշատակություններով, արձանագրություններով, ինչպես նաև Զաքարե Բ-ի և Իվանե Ա-ի՝ Անբերդի արաբատառ արձանագրության մեջ:

ԳԵՂԱՐԴ
    Հոր կողմից Բագրատունի, մոր կողմից Արծրունի Զաքարե Բ-ն և Իվանե Ա-ն, ինչպես նաև նրանց հորեղբորորդի Զաքարե Գ-ն, իշխանապետության հողերը բաժանեցին երեք մասի: Անի-Շիրակ թագավորության հողերը, Լոռու մի մասը, Արագածոտնը բաժին ընկան Զաքարե Բ-ի տանը, որին ենթակա էին Վաչուտյանները, Պահլավունիները, Հոնենք, Արծրունիները, Մամիկոնյանները: Նրանց մայրաքաղաքն էր Անին: Լոռու մի մասը, Այրարատյան նահանգի մի քանի գավառներ, Գեղամա լճի ավազանը բաժին ընկան Իվանե Ա-ի տանը, որին ենթակա էին Դոփյանները, Պռոշյանները, Օրբելյանները: Նրանց մայրաքաղաքն էր Դվինը: Քուռ գետի աջափնյա տարածքը՝ Լոռուց մինչև Գանձակ, և Գեղամա լեռները դարձան Վահրամյանների սեփականությունը: Նրանց ենթակա էին Նորբերդի և Մածնաբերդի Կյուրիկյանները (Բագրատունիները): Իշխանատիրույթի մայրաքաղաքը Գագ ամրոցն էր:
   Անսահմանափակ էր Զաքարյանների իշխանությունը: Եվ, իրավամբ, ժամանակակիցները նրանց անվանել էին ինքնիշխան տերեր, թագավորներ:
    Հայոց պատմության մեջ մշակույթի, տնտեսության, շինարարական արվեստի ոսկե դար կարելի է կոչել Զաքարյանների իշխանապետության այս շրջանը, որ նախորդեց 1236 թվականի մոնղոլական արշավանքներին: Կառուցվեցին հարյուրավոր հոյակերտ եկեղեցիներ, անառիկ բերդեր, պալատներ, գրվեցին ու նկարազարդվեցին հազարավոր բարձրարժեք ձեռագրեր, բացվեցին դպրոցներ ու բարձր տիպի դպրանոցներ, համալսարաններ:
    Զաքարյան տան ներկայացուցիչները մոնղոլական գերիշխանության հաստատումից հետո էլ գերագահ դեր ունեին հայ-վրացական իշխանների վրա, զբաղեցնում էին պետության բարձր պաշտոններ (աթաբեկ-թագավորահայր, ամիրսապասալար-գլխավոր հրամանատար, մսախուրթուխուցես-արքունի մեծ վեզիր): 
   Հետաքրքիր զարգացում է ապրել Զաքարյանների զինանշային պատկերագրությունը: Այս տոհմի Վահրամյան ճյուղի զինանշանը թևաբաց, ճանկերով աղվես բռնած արծիվ է, ինչպես նաև՝ զույգ առյուծները: Իսկ ահա Զաքարյանների մյուս տները՝ Զաքարե Բ-ի և Իվանե Ա-ի տոհմերը, զինանշանների պատկերագարությամբ հաստատելով Բագրատունիների իրավահաջորդ լինելը, իրենց կառույցների վրա որպես զինանշան փորագրել են նաև առյուծներ:
    Արծվի պատկերով զինանշանի վաղագույն օրինակը քանդակված է Սանահինի՝ Զաքարե Բ-ի և Իվանե Ա-ի կողմից  1198 թվականին կառուցված  տոհմական դամբարանի մուտքի բարավորին: Արծիվները քանդակված են խաչի երկու կողմերի հավերժության վարդյակների վրա կանգնած, կողքից, գլխով իրար դարձած: Թռչունների մարմնի մանրամասները ժամանակի ընթացքում որոշ չափով մաշվել են և երբեմն շփոթում են աղավնիների հետ:
    1215 թվականին Իվանե Ա-ի միջոցներով  և հովանավորությամբ կառուցված Գեղարդի գլխավոր եկեղեցու հարավային մուտքի բարավորի երկու կողմերում փորագրված են դեմ-դիմաց կանգնած արծիվներ (ինչպես Զաքարյանների տոհմական դամբարանում): Այստեղ արծիվները ոչ թե իրար, այլ դիտողներին են նայում:

ՄԱԿԱՐԱՎԱՆՔ
     Զույգ արծիվների քանդակի մեկ այլ տարբերակ առկա է 13-րդ դարի 40-ական թվականներին Սանահինում կառուցված զանգակատան մուտքի բարավորին: Մուտքի սլաքաձև բարավորի երկու կողմերում, դեմ-դիմաց փորագրված են իրար նայող արծիվներ: Վերջիններս՝ հզոր ոտքերով, ուղղահայաց դիրքով կանգնած են պատվանդանների վրա: Թռչունների գլուխները կոտրված են: Նրանց կուրծքը և թևագլուխը մշակված են թեփուկաքանդակներով: Թևերը, պոչը, ոտքերի վերնամասը մշակված են զուգահեռ փոսիկներով:
   Արծվի լողապատկերով զինանշանների դիտարկված օրինակներին հակառակ՝ Զաքարյան տոհմի ներկայացուցիչները կիրառել են նաև արծվի այլ պատկերաձևեր:
    Դրանցից մեկը գտնվում է Գեղարդի մեծ եկեղեցու թմբուկի արևելյան կամարաղեղի վերնամասում: Պատկերված է մագիլներով կենդանու ողնաշարից բռնած արծիվ: Թռչունը պատկերված է դիմահայաց, հենված է հզոր պոչի վրա: Կուրծքը վերնամասում վահանաձև է, լիքը, թևերը բացված դիրքով են՝ հոդամասում հատուկ ձևավորմամբ, թևերը և պոչը իրականացված են խոր ակոսներով: Գլուխը կլորավուն է, հզոր կտուցով և տիրական հայացքով: Կրծքի գրեթե կենտրոնից իջնող ոտքերի ճանկերով ամուր բռնել է գլխով դեպի աջ դարձած կատվազգիների ընտանիքին պատկանող կենդանու (հավանաբար՝ հովազի կամ վագրի), որը ցավից կծկել է ոտքերը:
    Ազատագրված Անին դարձավ ոչ միայն Զաքարե Բ-ի տան, այլև ամբողջ իշխանապետության մայրաքաղաքը: Հավանաբար, հենց Զաքարե Բ-ի օրոք, 13-րդ դարի սկզբներին, քաղաքի պարսպի մեջ ագուցվել է նոր իշխանատոհմի՝ Զաքարյանների զինանշանը: Մեզ հասած լուսապատկերներից կարելի է եզրակացնել, որ արծիվը հիմնականում կրկնել է Գեղարդի թմբուկի պատկերաքանդակը: Արծիվը թևաբաց է, լիքը կրծքով, ցավոք, գլուխը կոտրված է: Հզոր ոտքերով կանգնած է ինչ-որ կենդանու վրա, որի ինչ լինելը դժվար է պարզել: Գերված, բռնադառված Անիի այս նշխարհն էր, հավանաբար, զոհ է գնացել թուրքերին:
   
ԳԵՂԱՐԴ
Անիի Փրկիչ եկեղեցին  կառուցվել է 1036 թվականին, Աբլղարիբ Պահլավունու պատվերով: 1342 թվականին Զաքարյան Վահրամ Դ աթաբեկի կողմից եկեղեցու գմբեթը նորոգվել է և, ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ էլ գմբեթի թմբուկի նիստերից մեկին, վերնամասում ագուցվել է Զաքարյանների զինանշանը՝ դիմահայաց արծիվը: Զինանշանը պատկերագրությամբ նման է Գեղարդի գլխավոր եկեղեցու թմբուկի քանդակին: 1957 թվականին մարդկային ստեղծագործության ոխերիմ թշնամի ու Անին բռնատիրող թուրքերի օգնությամբ եկեղեցու արևելյան կեսը պոկվել, խոնարհվել է: Կիսված եկեղեցին, ինչպես և մեր կիսված ազգը, ի հեճուկս թուրքերի, անգամ այդ վիճակում է կանգուն և կրում է Զաքարյանների արծվանշանը:
    Զաքարյանների առյուծապատկերով վաղագույն զինանշանը փորագրվել է Մակարավանքի փոքր եկեղեցու արտաքին պատին: Եկեղեցին 1198 թվականին կառուցել է վանքի վանահայր Հովհաննես Ա-ն:
    Մակարավանքի առյուծներով զինանշանը փորագրված է պատուհանի պսակի վերնամասում: Դեմ-դիմաց պատկերված են առյուծներ: Նրանք հետևի ոտքերով հենված են պսակի հորիզոնական հատվածներին, առջևի մեկական ոտքերը հենել են պսակի աղեղնաձև պարակալին, իսկ մյուս զույգ ոտքերով՝ <<ձռեք սեղմել>>: Առյուծները դեմքով դարձած են դիտողին: Աջակողմյան առյուծի պոչը  գտնվում է ոտքերի արանքում, ձախակողմյանինը՝ սովորական դիրքով կախ է ընկած գետնին:
    Կենդանիների դեմքերը, իշխանատենչ աչքերը լավ մշակված են: Այստեղ անվերապահորեն պատկերված են Զաքարյան երկու եղբայրները՝ Զաքարե Բ-ն և Իվանե Ա-ն: Այդ թվականներին նրանք ձեռք-ձեռքի սկսեցին հայկական հողերի ազատագրության գործը:
    Մեկ տասնամյակ անց, Իվանե Ա-ի իշխանության տարածքում օգտագործման դրվեց առյուծի և ցուլի պատկերագրությամբ նոր զինանշան: Մեզ հայտնի են երկու օրինակ. մեկը՝ Մակարավանքի գավթից, մյուսը՝ Գեղարդի գլխավոր եկեղեցուց: Երկու քանդակներն էլ իրենց ժամանակաշրջանով համընկնում են. Գեղարդի եկեղեցու կառուցումն ավարտվել է 1215 թվականին, Մակարավանքի գավիթը կառուցվել է 1210-1220 - ական թվականներին:
    Գեղարդում զինանշանը տեղակայված է գլխավոր եկեղեցու հարավային ճակատի պատուհանի վերնամասում: Առյուծը առջևի ոտքերով հենված է գլխով դեպի իրեն դարձած  ցուլի մեջքին: Երկու կենդանիներն էլ դեմքով նայում են դիտողին: Թեև կենդանիների մարմնի մանրամասներն ընգծված չեն, բայց բարձրաքանդակներն իրականացված են ճշմարտացի և բավականին ազդեցիկ տեսք ունեն:
ԶԱՔԱՐՅԱՆՆԵՐԻ ԴԱՄԲԱՐԱՆԸ ՍԱՆԱՀԻՆՈՒՄ
   Մակարավանքի գավթի արևմտյան մուտքի ձախակողմում առկա է նույն զինանշանի մեկ այլ տարբերակ: Առյուծը գետին է տապալել ցուլին և ճանկերը խրել վերջինիս մաշկի մեջ: Քանդակագործի ձեռագիրն այստեղ մի քիչ ավելի նուրբ է, թեև շատ հավանական է, որ երկու զինանշաններն էլ իրականացրել է նույն քանդակագործը: Այս վերջին զինանշանը թեմատիկ առումով կրկնում է Սյունյաց տերերի՝ Ցաղաց քարի Սուրբ կարապետ եկեղեցու պատին ագուցված զինանշանին:
   Այս երկու զինանշաններում մեկ առյուծի հանդես գալն ակներևորեն հաստատում է, որ իշխանության այդ հատվածը պատկանում է Իվանե Ա-ի տանը:
    Անվերապահորեն զինանշանային բնույթ ունի նաև Հաղարծինի գլխավոր եկեղեցու հարավային ճակատի առյուծի բարձրաքանդակը: Կենդանին պատկերված է կողքից, դեմքով շրջված է դեպի դիտողը, պոչը ոտքերի արանքում է: Թեև գլուխը հողմնահարված է, բայց տիրական արտահայտություն ունի: Ընդհանուր առմամբ՝ հիշեցնում է մակարավանքի զույգ առյուծներից ձախակողմյանին: Գլխավոր եկեղեցին, ըստ մուտքի բարավորի արձանագրության, կառուցվել է 1281 թվականին: Զինանշանը պատկանում է Իվանե Ա-ի հաջորդներին:


՛Հայկական իշխանական զինանշաններ՛՛, Ե., 2005 թ. էջ 44-50

ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Մայր Հայաստանում կարցնելով պետականությունը՝ հայերի հոծ զանգվածները տեղաշարժվեցին Փոքր Ասիայի արևմտյան մասերը և հիմնականում հաստատվեցին դեռևս Տիգրան Մեծի ժամանակներից հայերով բնակեցված Դաշտային Կիլիկիայում ու Լեռնային Կիլիկիայում: Ու երբ այս նոր տարածքում հայկական էթնոսը հասավ գերիշխանության, անհրաժեշտություն դարձավ հայկական պետականության ստեղծումը:
    Կիլիկիայի հայկական պետությունը ստեղծվեց 11-րդ դարի վերջին քառորդում՝ բյուզանդական և սելջուկյան նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարի շնորհիվ: Ապրել է զարգացման երկու ժամանակաշրջան՝ մեծ իշխանության (1080-1198թթ.) և թագավորության (1198-1375թթ.):
   Կիլիկյան Հայաստանը գտնվում էր Փոքր Ասիայի հարավ-արևմուտքում, Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան կողմում: Տարածքը մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր էր: Հարավից Կիլիկյան Հայաստանը շուրջ 500 կմ երկարությամբ ողողում էին Միջերկրականի ջրերը:
   Մեծ իշխանության հիմնադիրը Բագրատունիների և Արծրունիների ազգական Ռուբեն Առաջինն էր, իսկ թագավորությանը՝ Լևոն Բ Մեծագործը:
    Լևոն Ա Մեծագործի թագադրման արարողությունը տեղի ունեցավ 1198 թվականի հունվարի 6-ին՝ Քրիստոսի Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիայի մայր տաճարում: Թագադրության հանդեսին ներկա էին Բյուզանդիայի, Գերմանիայի Սրբազան կայսրության, Բաղդադի խալիֆայի, հարևան այլ երկրների, Մեծ ու Փոքր հայոց պատվիրակությունները, Տարսոնի հունաց պատրիարքը, Ասորիքի ու Հայոց կաթողիկոսները, բարձրաստիճան հոգևոր այլ գործիչներ, հայոց զորաբանակը, բազմահազար ժողովուրդ: Լևոն Ա-ն օծվեց <<Թագավոր ամենայն հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսավռից>>:
    Կիլիկյան Հայաստանի պետականությունը շուրջ 300 տարի Փոքրասիական այս տարածաշրջանում հայամտածողության, հայապահպանության, հայ մշակույթի վերակերտման օազիս դարձավ:

    Կիլիկիայի հայկական իշխանապետության իշխանները, անշուշտ, ունեին իրենց զինանշանները, սակայն զինանշանների առավել հավաստի օրինակներ պահպանվել են Կիլիկիայի թագավորական շրջանից՝ հիմնականում այս շրջանում հատված հայկական հայատառ դրամների վրա:
     Կիլիկիայի հայոց թագավորության հիմնադիր Լևոն Առաջինը (1198-1219թթ.) իր իշխանության օրոք հատված արծաթյա հայկական երկդրամյանի վրա ընտրել է թագակիր առյուծի պատկերը: Առյուծը գլխով դեպի ձախ է դարձած և նայում է դիտողին: Առյուծի մարմնի կենտրոնական մասում, աջից  ձախ՝ վերից վար իջնող խաչ է պատկերված: Խաչի պատկերը գծված է վերևում կարճ, ներքևում՝ երկար հորիզոնական երկու գծերով:
    Վատիկանի թանգարանում են գտնվում Կիլիկիայի Լևոն Ա թագավորի կնիքները:
    Դրանցից մեկի վրա պատկերված է գահին բազմած Լևոն Ա թագավորը: Պատմուճանի վրա կրում է արքայական թիկնոց, որի վրայի կլոր մեդիալյոնների մեջ առյուծներ են պատկերված: Որպես արքայական խորհրդանիշ՝ Լևոն Ա-ն աջ ձեռքում բռնել է խաչանիշ գունդը, իսկ ձախում՝ շուշանագլուխ մականը:
     
Մյուս կնիքի մեդիալյոնի մեջ պատկերված է գլխով դեպի աջ դարձած թագակիր  առյուծ: Առյուծը հայացքն ուղղել է դիտողին և թվում է, թե ավելի շատ տղամարդու դեմք ունի: Առյուծի պոչը Տ տառի տեսքով տնկված է վեր և ավարտվում է սրածայր զարդանշանով: Առյուծը առջևի աջ թաթով մարմնի վրա պահում է ծաչակիր գավազան, որն իշխանության նշան է:
    Փաստորեն, այս առյուծապատկերը Լևոն Ա թագավորի զինանշանն է:
    Լևոն Առաջինը, որպես պետության խորհրդանիշ, օգտագործել է նաև երկառյուծ պատկերագրությամբ զինանշան: Շրջանակի ներսում, հետևի և առջևի թաթերով շրջանագծին հենված՝ նայում են իրար: Երկու առյուծներին բաժանում և նրանց պոչի մասից սկսվում ու մինչև շրջանակի եզրը ձգվում է խաչը, որը դարձյալ հորիզոնական երկու գծով է ձևավորված: Այս պատկերը նման է Արտաշեսյանների երկարծիվ զինանշանին: Այստեղ ութաթև աստղին փոխարինում է խաչը:
    Լևոն Առաջինի երկդրամյանի պատկերագրությամբ՝ գլխով ձախ դարձած առյուծի պատկերով, զինանշան է օգտագործել նաև Լևոն Երկրորդը (1270-1289թթ.): Սակայն այս դեպքում առյուծը թագակիր չէ:
    Հայ արքաներից ուրիշ որևէ մեկըԿիլիկիայի հայոց Լևոն Բ թագավորի այն երջանկությունը չի ունեցել, որ իր ժամանակակից մանրանկարչի կողմից մի քանի անգամ պատկերվի: Մեզ են հասել Լևոն Բ-ի երեք դիմապատկերները, որոնցից երկուսի հեղինակը մանրանկարիչ Թորոս Ռոսլինն է:
     Ռոսլինյան այս երկու մանրանկարների վրա էլԼևոն Բ թագավորի հագուստի վրա պատկերված են զինանշաններ:
    Երևանի Մեսրոպ մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում պահվող թիվ 8321 ձեռագիր <<Ավետարանի>> 25ա էջում ողջ հասակով պատկերված է Լևոն Բ-ն, երբ դեռևս թագաժառանգ էր:
    Լևոն Բ-ն հագած է կապույտ գույնի պատմուճան, որի վրա կրում է կարմիր գույնի թիկնոց:

     Կապույտ պատմուճանի վրա դեղին ոսկեթելով գործված են կլոր մեդիալիոններ: Մեդալիոնների ներսում գործված է գլխով դեպի ձախ շրջված և վարգի դիրքով առյուծ: Կենդանու մեջքի միջին մասում գործված է կլոր գունդ՝ իշխանության խորհրդանիշը:
    1262 թվականին, Լևոն Բ թագավորի և Կեռան թագուհու ամուսնության առթիվ Թորոս Ռոսլինն ընդօրինակել է մի նոր <<Ավետարան>>, որի 288ա էջում պատկերված են թագավորն ու թագուհին՝ պաշտոնական հանդերձանքով: 
   Լևոն Բ թագավորը հագած է կապույտ գույնի պատմուճան և կրում է բաց ծիրանագույն թիկնոց: Պատմուճանի վրա կարմիր գույնով պատկերված են մեդալիոններ, որոնց ներսում նույն գույնով, գլխով դեպի ձախ դարձած առյուծ է պատկերված: Այն ամբողջովին կրկնում է Լևոն Բ-ի նախորդ նկարի առյուծապատկերը: Թիկնոցի վրա սպիտակ գույնով մեդալիոններ են պատկերված, որոնց ներսում գլխով դեպի աջ ու ձախ դարձած մարդու դեմքով արծիվներ են պատկերված: Մեդալիոնների առաջացրած կորագիծ քառակուսու ներսում պատկերված են պոչի վրա հենված, թևեչը մարմնից հորիզոնական դիրքով հեռացված դիմահայաց արծիվներ: Թռչունը կտուցով շրջված է դեպի աջ:
    Կեռան թագուհին հանդերձավորված է կապույտ պատմուճանով և կարմիր գույնի թիկնոցով:
    Պատմուճանը դրվագազատված է ոսկեգույն և կարմիր գույնի թելերով: Ոլորուն նախշազարդի ներսում պատկերված է պոչի վրա հենված, թևերը մարմնից ուղղահայաց հեռացրած, դիմահայաց, թագակիր, մարդու դեմքով արծիվ:
    Լևոն Բ թագավորի հագուստի վրա պատկերված առյուծը, մարդու դեմքով արծիվները կրկնում են շուրջ 200 տարի առաջ Կարսի Գագիկ Աբասյան թագավորի, Գորանդուխտ թագուհու և Մարեմ արքայադստեր հագուստի վրա եղած պատկերները և ներկայացնում  Հայոց արքայատների ժառանգորդության փաստը:
    Այստեղ շատ կարևոր է նաև գույների խնդիրը. օգտագործված են կարմիր, կապույտ, ծիրանագույն, սպիտակ գույները, որոնք համոզված ենք, Կիլիկիայի պետական դրոշի շերտագույներն են:
   Հեթում Առաջին թագավորն իր հատած դրամների վրա փոխել է առյուծի դիրքը. այն գլխով շրջված է դեպի աջ և նայում է իր պոչին: Փոխվել է նաև խաչի դիրքը. այն նույնպես սկսվում է ձախից և թեքությամբ իջնում է դեպի աջ:
    Կիլիկիայի հաջորդ թագավորները՝ Օշինը (1308-1320թթ.), Լևոն Չորրորդը (1320-1342թթ.), Կոստանդին Երրորդը (1344-1363թթ.), Կոստանդին Չորրորդը (1365-1373թթ.) օգտագործել են միատեսակ զինանշան: Նրանց դրամների վրա առյուծը, ինչպես և Հեթում Առաջինի օրոք, գլխով շրջված է դեպի աջ: Տարբերությունը միայն այն է, որ առյուծը դեմքով ոչ թե պոչի ուղղությամբ է նայում, այլ դեպի առաջ: Առյուծը պատկերված է բաց երախով: Բոլոր այս պատկերներում առյուծի թիկունքում եղած խաչը նույն տեղադրությունն ունի, ինչ որ Հեթում Առաջանի դրամների վրա: Այս բոլոր դրամների վրա խաչի պատկերը մեկ հորիզոնական գծով է պատկերված:
    Փաստորեն, Կիլիկիայի հայոց թագավորության զինանշանի վրա, բացի Լևոն Առաջինի երկառյուծ երկրորդ զինանշանից, մյուս բոլոր թագավորները (նաև՝ Լևոն Առաջինը) պատկերել են գլխով աջ կամ ձախ թեքված միայնակ առյուծ՝ որոշ պատկերագրական տարբերություններով:
   Կիլիկյան պետության Լևոն Առաջին թագավորի՝ գլխով դեպի ձախ շրջված և դեմքով դիտողին նայող առյուծի պատկերով զինանշանն օգտագործվել է թե՛ Հայաստանի Առաջին Հանրապետության, թե՛ Հայաստանի Երրորդ Հանրապետության զինանշանների վրա:
     Զույգ առյուծներ են քանդակվել նաև 1399 թվականին մահացած և Փարիզի Սեն Դնի տաճարում թաղված Լևոն Ե թագավորի տապանաքարի վրա:

՛՛Հայկական իշխանական զինանշաններ՛՛, Ե., 2005 թ. էջ 38-43
Просмотров: 2923 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/20
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Сентябрь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz