[size=18]ԱՆԻ[/size]
Ես ամեն օր քեզ այցի եմ գալիս քնած, թե արթմնի Ու մտնում եմ Արքայական մուտքով Աշոտ Ողորմածի պարիսպներից անդին, Քայլում Արքայական պողոտայով...
Ականջներս լցվում են հայոց խոսքով, Ողջույն եմ տալիս-առնում Կամսարական, Պահլավունի, Բագրատունի ու Զաքարյան Իշխան-իշխանուհիներին...
Շուրջս քո տերերն են՝ հայեր հարյուր հազարներով, Քո վանքերն են հազար ու մեկ, Արքայական, իշխանական ապարանքներ, Սովորական տներ փողոց-փողոց, Ու խանութներ շարք-շարք, Աղջկաբերդն է, Մայր Տաճարը, Հովվի եկեղեցին:
Ես գալիս եմ այստեղ ու հայանում...
Ես ամեն օր քեզ այցի եմ գալիս քնած, թե արթմնի, Բայց դու չկաս, Ու պալատներ չկան, ու հայերեն չկա, Փշալար է օտար, օտար դրոշ, Ավերակներ միայն, Ու մի անեծք՝ Անին շեն էր, աշխարհն՝ ավեր, Աշխարհը շեն է, Անին՝ ավեր, Անին ավերողի տունն ավերվի...
Ես ամեն օր քեզ այցի եմ գալիս քնած, թե արթմնի Եվ քեզ պիտի հիշեմ ամեն վայրկյան, Որ դու օտար գերության մեջ չխորթանաս իձնից, Իսկ ես որբ չդառնամ հենց քո կողքին... 07.01.2013 թ.
Просмотров:
611
|
Добавил:
Mankavarj
|
Дата:
09.01.2013
|
|