Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 24.11.2024, 12:43
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Август » 26 » ԻՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐ ԳՐՔԻՑ
00:23
ԻՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐ ԳՐՔԻՑ

ԱՌԻՆՋԻ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐԸ

Աբովյանի տարածաշրջանի Առինջ գյուղի մոտ պահպանվել են բերդի մնացորդներ:
   Բերդապարսպի ստորին շարքերը մասամբ շարված են անտաշ, իսկ վերին շարքերը և մուտքի հատվածը՝ կոփածո սրբատաշ քարերով:
   Բերդի ներսում կան տների և եկեղեցու ավերակներ: Բերդի տարածքում պահպանվել են նաև միևնույն՝ 1501 թվականի պատրաստված երկու զինանշան:
     Բերդի մուտքի զինանշանը: Այն փորագրված է մուտքի բարավորի երեսին: Միակտոր քանի ներքևի հատվածը գոգավոր մշակում ունի: Ներքին մասում կոր է գծվել, որով ստեղծվել է կիսաշրջան կամ կիսագնդի պատկեր: Կիսագնդի վերևում պատկերված են վիշապներ, որոնց գլուխները քարի կենտրոնական  հատվածում են: Բացված երախները համաչափորեն հպված են իրար, յուրաքանչյուրի բերանում երևում են չորսական իրար սեղմված ատամներ (երկուսը՝ վերևում, երկուսը՝ ներքևում), որոնց արանքում տեսանելի է լեզուն: Կլորավուն գլուխների կենտրոնական մասում տեղադրված են նշաձև աչքերը, գլխի վրա պատկերված են երկու փոքրիկ կոտոշներ, որոնք թագի տպավորություն են ստեղծում: Գլուխների շարունակությունը կազմող հզոր մարմիններն իրար վրայով անցնելով՝ հպվում են կիսագնդին և, արդեն քարի վերին  մասում երկրորդ գալարը տալով՝ սրածայր պոչով ձգվում են մինչև քարի ուղղահայաց եզրերը:
    Վիշապները պատկերված են հարթաքանդակի եղանակով, իրականացված են առանց մանրամասների ընգծման, բայց խոսուն ու արտահայտիչ են, և թվում է՝ աչքերից հուր է ցայտում:
    Կիսաշրջան-կիսագնդի առկայությունը պատկերային համակարգում վերջինիս զինանշանային հաստատումն է:
   Զինանշանի կոնկրետ պատկանելիությունն անհայտ է: Մուտքի բարավորի աջակողմյան հենարան քարին փորագրված արձանագրությունից պարզվում է, որ վիշապներով զինանշանը 1501 թվականին ձևավորել է Մանվել քարգործը:
    Ստեփանոս եպիսկոպոսի զինանշանը: Բերդի տարածքում շարաքարի երկու բեկորների վրա քանդակված է դիմահայաց, ճանկող արծիվ:
   Արծիվը կիսաբաց թևերի եզրերով, հզոր պոչով հենված է գետնին և ճանկերով ողնաշարաջարդ է անում ինչ-որ կենդանու (վերջինս թեև ամբողջովին ջարդոտված է, բայց, ամենայն հավանականությամբ, գառ է): Արծվի գլուխն, ըստ պահպանված մասի, եղել է կլոր, մարմնի վերնամասն ու կուրծքը ձևավորված են իրար վրա շարված եռաշար ռմբափոսիկներով: Թևերի մնացած հատվածները ձևավորված են եռաշարք ուղղահայաց զուգահեռ փոսիկներով, իսկ ոտքերը՝ զուգահեռ բարակ գծերով: Զինանշանն իրականացված է կլոր քանդակի եղանակով:

  Արծվապատկեր զինանշանը երեք կողմից առնված է երկաթագիր արձանագրության շրջանակի մեջ: Ահա այն, <<Ստեփանոս եպիսկոպոս նկարող յիշեցեք, ի թվին ՋԾ (1501թ.)>>:
    Արձանագրությունից պարզ չէ, թե ով է այս Ստեփանոս եպիսկոպոսը: Հնարավոր է, որ այս Ստեփանոս եպիսկոպոսը 1501 թվականին հաստատվել է Առինջի բերդում, նորոգել բերդը, այստեղ գտնվող եկեղեցին, կառույցները և փորագրել է տվել բերդի վիշապներով և իր՝ ճանկող արծվի զինանշանները:


<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 89-91 


ՀԱՍԱՆ - ՋԱԼԱԼԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ

Հայոց Արևելից երկրամասը՝ պատմական Արցախը, իր բարձրագահ լեռներով, իր ազատատենչ որդիների ուխտով, երբևէ գլուխ չի խոնարհել որևէ նվաճողի առջև: Թշնամիներն արնախում գայլերի պղտոր գետի պես եկել են Արցախի վրա, բայց ծեծված, թրջված կատվի նման՝ պոչները ոտքերի մեջ առած, գլխապատառ փախել են, որ կարողանան փրկվել:
    Երկրամասի իշխանավոր տերեը, որ սերում էին Հայկյան տոհմի Առանշահիկներից, թշնամիների  դեմ մղած դարավոր կռիվներում մաս-մաս կորցրեցին հայրենի հողերը հյուսիսում, արևելքում, բայց 11-րդ դարի կեսերին, երբ Մայր հայրենիքում թշնամիների հարվածներից  կորսվեց անկախությունը, Արցախ աշխարհում այն կարողացան պահել:
   12-րդ դարի երկրոդ կեսին Ներքին Խաչենում իշխում էր Վախտանգ-Տանգիկը: Նրա իշխանատիրույթի մայրաքաղաքը Խոխանա բերդն էր, իսկ իշխանատոհմի հոգևոր կենտրոնը՝ Գանձասարը:
    12-րդ դարի 80-ական թվականներին Զաքարյան Սարգիս Բ-ն, սկսելով Հայաստանի անկախության համար պայքարը, դեռևս իրենց անկախ կամ կիսանկախ վիճակը պահպանած հայ իշխանների ուժերը միավորում էր ոչ միայն քաղաքական ճանապարհով, այլև ազդեցիկ իշխանական տների հետ խնամիական կապեր հաստատելով: Նա իր դուստրերից Դոփին ամուսնացրեց Վերին Խաչենի իշխանաց իշխան Հասան Ա-ի, Վանենուն (հայտնի է նաև Նանա անունով)՝ Լոռու Կյուրիկյան Աբաս թագավորի, Նրջիսին՝ Դսեղի Մամիկոնյան-Համազասպյան իշխանական տան իշխանազուններից մեկի հետ, իսկ Խորիշահին կնության տվեց Ներքին Խաչենի իշխան Վախտանգ-Տանգիկին:
   Վախտանգ-Տանգիկի և Խորիշահի որդին ու իրավահաջորդը նրանց ավագ որդին՝ Հասան-Ջալալն էր: Նա հորը հաջորդեց 1214 թվականին: Հայրենասեր իշխանապետի գործունեության սկզբնական 20 տարիներին, մինչև մոնղոլ-թաթար նվաճողական արշավանքները, բարձրացավ իշխանատիրույթի տնտեսական հզորությունը, ծավալվեց մշակութային աննախընթաց վերելք: Հասան-Ջալալը մեծ խորաթափանցությամբ ճկուն քաղաքականություն ծավալեց թաթար-մոնղոլների տիրապետության շրջանում և հիմնականում զերծ պահեց իր իշխանատիրույթն ավերածություններից: Մոնղոլ նվաճողների բարեհոգի վերաբերմունքին արժանանալու նպատակով՝ նա 1236 թվականին իր դուստր Ռուզուքանին ամուսնացրեց մոնղոլ զորավար Չարմաղանի որդի Բորա-Նոյինի հետ:
    Մոնղոլների իշխանության հաստատումից հետո՝ 1230-ական թվականների վերջերից, Հասան-Ջալալը դուրս է բերել իր իշխանատիրույթը Զաքարյան Ավագի ենթակայությունից, այն դարձրել ինքնօրեն վարչական միավոր՝ հարկատու ուղղակի մոնղոլներին: Հասան-Ջալալն ինքն իրեն կոչում է <<ինքնակալ բարձր ու մեծ Արցախական աշխարհի, ինքնակալ Խոխանաբերդի>>: Ժամանակակից հիշատակությունների մեջ Հասան-Ջալալը պատվվում է <<ինքնակալ>>, <<արքա>>, <<բարեպաշտ արքա>>, <<թագավոր>> տիտղոսներով, որոնք բնավ էլ ձևի համար չեն օգտագործվել, այլ տրվել են Արցախական աշխարհի կողմակալ Հասան-Ջալալին:

    Հասան-Ջալալի շինարարական գործունեության գլուխգործոցը Գանձասարի վանքն է: Հոյաշեն այս կառույցը համարվում է համաշխարհային մշակույթի գանձարանը մտած հայկական հինգ ճարտարապետական հուշարձաններից մեկը, հայ ճարտարապետության հանրագիտարանը: Կաթողիկե եկեղեցու կառուցումը 1216 թվականին սկսել են Հասան-Ջալալը, մայրը՝ Խորիշահը, կինը՝ Բաղաց թագավորի դուստր Մամքանը: 22 տարի է տևել շինարարությունը: Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1240 թվականի հուլիսի 22-ին, Վարդավառի տոնի օրը, բազմահազար հյուրերի մասնակցությամբ:
    Հասան-Ջալալի տոհմի զինանշանի մասին ոչինչ հայտնի չէ: Իսկ ահա իր՝ Հասան - Ջալալի զինանշանը, փորագրված է Գանձասարի գավթի հյուսիսային մուտքի վերևում, շրջակալի երկու կողմերում: Պատկերված են դեպի իրար կողմ շարժվող երկու առյուծներ: Կենդանիները պատկերված են կողքից՝ հարթաքանդակ եղանակով: Քանդակագործն ընգծել է կենդանիների իշխանատենչ, կամային հատկանիշները, որոնք արտահայտված եմ բացված երախով, կատաղի աչքերով, դեպի վեր ցցված պոչերով, սուր մագիլներով: Պետք է նկատել նաև, որ եթե չլինեն կենդանիների վզի ակոսավոր փոսիկները, որոնք ներկայացնում են առյուծների բաշերը, նրանց կարելի է շփոթել ցանկացած կենդանու, հատկապես գայլերի հետ, քանի որ անհավաստի են պատկերված առյուծների գլուխները: Իրար մոտեցող առյուծները հայր ու որդի Հասան-Ջալալն  ու Աթաբեկն են: Անգամ համոզված կարելի է պնդել, որ Հասան-Ջալալը ներկայացված է ձախակողմյան պատկերում, որտեղ առյուծի դիմաց փորագրված է վեցթև աստղ՝ իշխանության նշանը:
   Զույգ առյուծների այս պատկերը, հավանաբար, դաջված է եղել նաև Հասան-Ջալալի դրոշին, իսկ հետագայում փոխանցվել է Աթաբեկին:


<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 86-86 


ԱՎԱՆԻ ՍՈւՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈւ ԽՈՐԱՆԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ

Երևան քաղաքի հյուսիս-արևելյան եզրին է գտնվում Ավանի Սուրբ Հովհաննես եկեղեցին: Այն արևելքից-արևմուտք ձգված ուղղանկյուն տեսքով շինություն է: Կառուցված է տեղական սրբատաշ տուֆ քարով:
    Եկեղեցու կտուրն ամբողջովին ավերված է: Տեղում պահպանված մանրամասները թույլ են տալիս ճշտելու, որ այն սկզբնապես կառուցվել է 4-5-րդ դարերում և այնուհետև մի շարք անգամներ նորոգվել, ունեցել է միաթռիչք երկթեք ծածկով կտուր:
   Եկեղեցին ավերվել է 1679 թվականին ահեղ երկրաշարժից և այլևս չի վերականգնվել:
    Եկեղեցու արևմտյան արտաքին պատին պահպանվել է շինության հնագույն վիմագիր արձանագրությունը: Այն փորագրված է 1271 թվականին: Ցավոք, արձանագրությունը կիսատ է, և պարզ չէ, թե ով է հեղինակը:
    Եկեղեցու խորանի ճակատային մասը շատ հետաքրքիր ձևավորում ունի:
  Գլանաձև եզրակալով ուղղանկյուն հարթության կենտրոնական մասում քանդակված է կլոր գունդ, որը ձևավորված է մանրաքանդակ նախշերով և իր վրա ունի տարբեր կտրվածքներով խորացումներ: Գնդի երկու կողմերին փորագրված են արծիվներ: Արծիվներն ունեն միատեսակ, համաչափ կառուցվածք: Ոտքերով, բաց թևերի եզերով և պոչով հենված են գնդի վրա: Արծիվների թևերի գլխամասային հատվածները և ընդգծված կրծքամասերը մշակված են իրար վրա նստած ռոմբավոր խորացումներով, իսկ պոչը և թևերի եզրային մասերը՝ զուգահեռ ակոսներով: Արծիվների հզոր ճանկերը խրված են գնդի նախշերի մեջ: Արծիվների  գլուխները կոտրված են: Ամբողջ քանդակն իրականացված է կլոր քանդակի եղանակով և ավարտուն ու կատարյալ է:
   Պատկերը հարդարանքի մաս չէ: Այստեղ գունդը իշխանության, իսկ զույգ արծիվները ուժի խորհրդանիշ են, այն ներկայանում է իբրև զինանշան:

   Դժվար է ասել, թե զինանշանն ո՞ւմ է պատկանել և ե՞րբ է ստեղծվել: ժամանակի հարցը, թերևս, կարող է լուծել զինանշանի ձախ կողմում փորագրված արձանագրությունը: Այն նույնպես փորագրվել է 1271 թվականին: Արձանագրությունը փորագրվել է Մեվանի որդի Ավանշահի անունից՝ եկեղեցու հերթական նորոգման առթիվ:
   Ամենայն հավանականությամբ, խորանի ճակատակալ քարն իր վրա փորագրված զինանշանով այդ նորոգման արդյունքն է և պատրաստվել ու տեղադրվել է 1271 թվականին: Զինանշանը պատկանո՞ւմ է այս ոչ այնքան հայտնի Ավանշահին, թե՞ Երևանի բնակավայրի այդ ժամանակի տերերից մեկ ուրիշին, առայժմ դժվար է ճշտել:

<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 84-85 


ՄՇԿԱՎԱՆՔԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ

Մշակավանքի (կամ Մշակավանքի) եկեղեցական համալիրը գտնվում է Լոռու մարզի Կողբ գյուղի մոտ: 
    Պատմականորեն Կողբ գյուղի տարածքը մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի, իսկ 11-12-րդ դարերում՝ Տաշիր-Ձորագետի կամ Կյուրիկյան թագավորության կազմի մեջ՝ ընգրկելով Կողբափոր գավառը և Կանգարքի մի մասը: 1113-ին Կյուրիկյան թագավորությունն ընկավ և Կողբափոր գավառը միացվեց սելջուկյան Գանձակի ամիրայությանը: 1124 թվականին Վրաց Դավիթ  թագավորն ազատագրեց այդ տարածքները և միացրեց Վիրքին: 12-րդ դարի վերջին Կողբափորը և հարակից հողերն անցան Իվան Զաքարյանի տիրապետության տակ:
   Մշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցական համալիրը կառուցված է անտառապատ բլրի բարձրադիր հարթակի վրա: Այստեղ պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, սրա արևմուտքից կից գավիթը՝ անկյունային խեցերով:
   Պատմիչ Վարդան վարդապետի հաղորդման համաձայն՝ 1119 թվականին այստեղ եղած եկեղեցին երկրաշարժից փլվել է:
   Ե՞րբ և ո՞վ է կառուցել ներկայիս եկեղեցախումբը՝ հայտնի չէ:
   Եկեղեցին հատակագծում քառակուսի միանավ դահլիճ է՝ ծածկված կիսագլանաձև թաղով՝ բարձրադիր երկթեք կտուրով:
   Եկեղեցու արևելյան ճակատին առկա է կոմպոզիցիոն բարդ պատկեր:
   Խորանի պատուհանի կենտրոնից ուղղահայաց բարձրանում են երկու զուգահեռ եզրակալներ, որոնք չմիանալով՝ գծում են կլոր շրջանակ, ապա կրկին բարձրանում և նետի ծայրակալի տեսք ընդունելով՝ կազմում են խաչի հիմքը: Նույն եզրակալները, դեպի վեր բարձրանալով. անթերի ոճավորված խաչի կառույցի մաս են դառնում:
    Այլ եկեղեցիների վրա ևս այսպիսի ոճավորված խաչեր կան: Այստեղ առանձնահատկությունն այլ է: Խաչն իր կառույցով վերածվել է զինանշանի: Խաչի վերին թևի վերնամասում պատկերված է դիմահայաց ցուլի գլուխ: Տեղի եռանկյունաձև տարածքին համապատասխան՝ հարթաքանդակի եղանակով իրականացված քանդակն արտահայտիչ երևում է. կարճ կոտոշներ, կլոր գլխամաս, նեղացող դնչամաս, նշաձև աչքեր:

   Այս պատկերի զինանշան լինելը (այլ կերպ այն չէր հայտնվի խաչի վերին թևի ներսում) հաստատող մյուս մանրամասնը խաչի հիմքի և պատուհանի միջև գտնվող կլոր շրջանակն է, որը փոխարինում է օղակին՝ իշխանության նշանին: Շրջանի ներսում փորագրված հնգաթև աստղի թևերի միջև ռոմբաձև տարածքում առկա հինգ գնդերը ևս հաստատում են, որ ամբողջ պատկերը զինանշանային է:
     Երկրամասի թե՛ նախկին տերերը՝ Կյուրիկյանները, թե՛ եկեղեցու կառուցման ժամանակակից տերերը՝ Զաքարյանները, իրենց զինանշանին ցուլ չեն պատկերել: Ամենայն հավանականությամբ, սա տեղացի որևէ իշխանի զինանշան է:


<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 82-83 

ՇԱՀՈւՌՆԵՑՈՑ ԶԻՆԱՆՇԱՆԸ

Օրբելյանների իշխանատիրույթում ճանաչման է արժանացել Շահուռնեցոց տոհմը: Այս տոհմի նշանավոր ներկայացուցիչը Վահրամ Շահուռնեցին է, որ Օրբելյանների զորաբանակի սպարապետն էր: Հավատարիմ ծառայության համար այս քաջազուն զորավարը 13-րդ դարի 70-ական թվականներին Տարսայիճ Օրբելյանից որպես կալվածք ստացել է Վայոց Ձորի Հերհեր գյուղը՝ իր շրջակայքով:
    Վահրամ Շահուռնեցուց հետո նրա գործը շարունակել են որդիները՝ Ուքանը, Ամատը, Հասանը: Թե՛ Վահրամը, թե՛ որդիները նահատակվել են թշնամիների դեմ մղած մարտերում:
    1340-ական թվականներին իշխանատիրույթի գահերեց տերերից Բաշքեն Օրբելյանն իր որդի Կուկային ամուսնացնելով Ամատի միակ դուստր Նաթիլի հետ՝ տիրացավ պատմության թատերաբեմից հեռացած Շահուռնեցոց տիրույթներին:
   Հերհեր գյուղից մեկ կիլոմետր հյուսիս-արևելք, երկու ձորերով եզերվող  բլրի գագաթին գտնվող հնագույն Սուրբ Սիոն միանավ եկեղեցու հարավային պատին կից, Վահրամ Շահուռնեցու օրոք, 1282-83 թվականներին կառուցվել է Սուրբ Աստվածածին միանավ, թաղակապ եկեղեցին:
   Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատի միակ պատուհանի պարակալի գլխին տեղադրված է Շահուռնեցոց տոհմի զինանշանը:
   Դիմահայաց արծվի արձանային քանդակը հիմնականում կրկնում է գահերեց տերերի՝ Օրբելյանների զինանշանը: Արծիվը թևաբաց դիրքով, մարմնի միջնամասից սկսվող ամուր մագիլներով հենված պատուհանի պսակին: Մարմինը լիքն է, ծավալուն, ձևավորված պարուրաձև կլորացող շրջանակներով: Գլուխը կլոր է, հզոր կտուցը մի փոքր խոնարհված է, խոշոր աչքերով հետևում է իր մարմնի տակ սեղմված ու ողնաշարաջարդ արված խոյին: Արծվի բաց թևերը, ընդհանուր բացվածքին համապատասխան, ձևավորված են զուգահեռ ակոսներով: Գլխով դեպի ձախ ուղղված խոյի մարմինը չի երևում. արծվի մարմինն այն ամբողջովին ծածկել է, ձախ կողմի թևի բացվածքի վրա երևում է խոյի առավել մանրամասն մշակված գլուխը, որ ուղղված է դիտողին: Խոյի անպաշտպան ու տառապագին վիճակն արտահայտվում է վերջինիս դուրս ընկած աչքերով:
   Շահուռնեցոց զինանշանային արծիվը մատնանշում է վերջինիս ուժը, հզորությունը և թշնամիներին ճզմելու, ոչնչացնելու համոզմունքն ու վստահությունը: 

<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից,  Տիգրան Հայազն


ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Զաքարյանների իշխանապետության հզոր, ինքնօրեն իշխանատոհմերից են Օրբելյանները: Մոր կողմից Բագրատունիներից սերված Օրբելյանները, որ տիրույթներ ունեին Լոռիում և Ձորագետում, Հայաստանի արևելյան սահմանագլխին հայտնվեցին 12-րդ դարի վերջին:
    Էլիկում Ա-ն, հավանաբար, 12-րդ դարի 70-ական թվականներին Ատրպատականի, Առանի և Նախճավանի կառավարիչ Մուհամեդ  Փահլավանի կողմից նշանակվեց Երնջակ բերդի, Ճահուկ ավանի, Քալասրահի զորքերի գլխավոր: Նա ամուսնացավ տեղական մեծահարուստ Աբաս Ճահկեցու և Սյունյաց Ստեփանոս եպիսկոպոսի քրոջ աղջկա՝ Խաթունի հետ, որը կարևոր դեր կատարեց նրա քաղաքական կողմնորոշման գործում դեպի հայկականն ու հայությունը: Նա զոհվում է 1184 թվականին, Գանձակի ճակատամարտում: Միակ որդին՝ Լիպարիտ Գ-ն, մոր հետ արգելափակվում է Նախճավանում: 
    Իսկ հայ-վրացական զորագնդերն արդեն մոտենում էին Սյունիքին: Ստեփանոս եպիսկոպոսը դիմում է Իվանե Ա Զաքարյանին, Թամար թագուհուն, վերջինիս որդի Գեորգի Լաշային և նրա հովանավորությամբ կազմակերպում քրոջ որդու փախուստը Նախճավանից: Իվանե Ա Զաքարյանը Լիպարիտ Գ-ին նշանակում է Սյունիքի վրա հարձակվող զորաջոկատներից մեկի հրամանատար: Լիպարիտ Գ-ն կռվում է քաջաբար և Սյունյաց լեռնաշխարհն ազատագրելուց հետո Իվանե Ա-ից տիրույթներ է ստանում Գեղարքունիքում, Վայոց ձորում, Կոտայքում, Ուրծում: Այս Լիպարիտ Գ-ով էլ սկսվում է Օրբելյան իշխանատոհմը:
     Օրբելյան իշխանատոհմը հայ իրականությանը տվել է ականավոր ռազմական, քաղաքական և հոգևոր գործիչներ: Լիպարիտ Գ-ի որդի Սմբատ Բ-ն, որ մոնղոլների տիրապետության պայմաններում այնքան հզոր դիրք ուներ Հայաստանում և մոնղոլական արքունիքում, որ իր իշխանատիրույթում ինքնօրեն արքա էր ճանաչված, Տարսայիճ Ա-ն, վերջիններիս ժառանգներն ավելի քան երեք ու կես հարյուրամյակ տիրեցին երկրամասին՝ կռվելով բազում թշնամիների դեմ, անխարդախ ծառայելով հայ ժողովրդի հարատևության գաղափարին:
   Օրբելյան տոհմի հոգևոր կենտրոններում՝ Տաթևում և Նորավանքում, ինչպես նաև ընդարձակ իշխանատիրույթի մշակութային մյուս օջախներում՝ Հերմոնում, Ցաղաց քարում, Եղեգյաց անապատում, Մաքենյաց վանքում, Գնդևանքում, Մամասի վանքում և այլուր, նրանց հովանավորությամբ ստեղծվեցին հարյուրավոր մեծարժեք ձեռագրեր: Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, Օրբելյանների նպաստավորմամբ՝ բարձր տիպի միջնադարյան ուսումնական հաստատությունը վերաբացվում է Տաթևում և իր գործունեության ընթացքում հայ մշակույթի սպասավորների պատրաստման գործում անգնահատելի դեր կատարում:

    Մեծ է  Օրբելյանների իշխանատոհմի ծավալած շինարարական գործունեությունը: Ավելի քան մեկ դարի ընթացքում Օրբելյան տան տարբեր իշխանավորներ (Լիպարիտ Գ, Սմբատ Բ, Տարսայիճ Ա, Բուրթիլ Բ) կառուցել են Նորավանքի հոյաշեն եկեղեցիները, գավիթը, տոհմական տապանատունը: Այստեղ աշխատել ու շինությունները կառուցել են միջնադարյան Հայաստանի հանճարեղ ճարտարապետներ Սիրանեսը և Մոմիկը: Օրբելյան տան պատվերով են կառուցվել Արենիի հոյաշեն եկեղեցին, Սելիմի իջևանատունը, Սուրբ Կարապետը, բազմաթիվ բերդեր, պալատական շինություններ:
   Օրբելյանների տոհմը խնամիական կապերով կապված էր ժամանակաշրջանի մյուս հայկական իշխանատոհմերի հետ, իսկ Տարսայիճ Ա-ի Էլիկում որդու շառավիղ Բաշքեն Բ-ի դուստրը 15-րդ դարի առաջին կեսին Վրաստանի թագուհին էր, իսկ որդին՝ Ռուստամը, հասավ կարա-կոյունլու թուրքմենների պալատական վեզիրի պաշտոնին և նպաստեց Սյունիքում ու Այրարատում իր տոհմի իշխանությունը որոշ ժամանակով ամրապնդելուն:
 
Օրբելյանների իշխանատոհմի առաջին ներկայացուցիչների շրջանից զինանշանային պատկերներ չեն պահպանվել: Այն օրինակները, որ հասել են մեզ, վերաբերվում են 14-րդ դարի սկզբին և առաջին կեսին:
   Զինանշանանյին երկու պատկերներ պահպանվել են Օրբելյանների տոհմական տապանատանը՝ Նորավանքում:
    Կառուցման թվականով վաղագույնը Սմբատ Բ-ի դամբարանում գտնվող Տարսայիճ Ա-ի որդի Էլիկում Դ-ի տապանաքարի բարձրաքանդակն է: Այն պատրաստված է 1310-ական թվականներին: Տապանաքարի վրա փորագրված է հասակով մեկ կանգնած առյուծ, որը մարմնի վերնամասով շրջվել ու նայում է դիտողին: Առջևի թաթերը հպված են կողերին: Դեմքը տիրական է, խորն ընկած աչքերը՝ վեհ ու հերոսական, մեջքին առկա է բծավոր բաշը: Պոչը ոտքերի միջնամաով փաթաթված է ոտքին: Առյուծի պատկերով զինանշաններ ունեն Զաքարյանները, Վահրամյանները, Պռոշյանները, Հոնենք, սակայն այստեղ այլևս պայմանականություն չկա, և որպեսզի պարզ լինի, որ իրոք, տապանաքարի վրա զինանշան է պատկերված, ընթերցենք տապանագիրը. <<Թվիս ՉԽԹ (1300): Զգեղեցկատիպն Էլիկում, որդի մեծի Տարսայիճին որ առյուծորեն խրոխտ մռընչեր ընդէմ այլասեռ գնդին...>>:
    Արձանագրությունից հետևում է, որ Էլիկում Դ-ն առյուծաբար կռվել է այլացեղ թշնամիների դեմ: Հավանաբար, նույն պատկերը եղել է նաև նրա դրոշի վրա: Բուրթելաշեն եռահարկ եկեղեցու հյուսիսային պատի արևմտյան կողմում, պեղումների ժամանակ գտնվել է մագիլներով գառ բռնած արծվի արձանային քանդակ: Պատմաբանները կարծում են, որ քարը նախապես եղել է եկեղեցու վերնամասում, երկրորդ հարկի ճակատային մասում: Զինանշանը պատրաստվել է եկեղեցու կառուցման ժամանակ՝ 1330-ական թվականներին: Զինանշանը, ինչպես և եկեղեցին, հավանաբար, կերտել է Մոմիկ ճարտարապետը: Արծիվը պատկերված է դիմահայաց, հզոր, տիրական գլխով, ուղղորդված, սուր հայացքով: Թևերը մարմնից հեռացած ու ուղղահայաց իջնում են ներքև: Հոդերի մասում ձևավորված են կլոր վարդյակով, իսկ ընդհանրապես՝ զուգահեռ փոսիկներով: Մարմնի ներքնամասից սկիզբ առնող ոտքերը մշակված են թեփուկաքանդակային եղանակով: Հզոր մագիլներով հենված է գառան ողնաշարի վրա: Թեև վերջինիս մարմնի ոչ մի մանրամասնը շեշտված չէ, բացի ականջներից, բայց պատկերված է իրական գծերով: Կենդանու վիզը մարմնի համեմատ երկար է, ինչը երբեմն գառը եղնիկի հետ շփոթելու պատճառ է դառնում: Կենդանին պատկերված է առջևի ոտքերը ծալած, ծնկած վիճակում և լիովին արտահայտում է Օրբելյան իշխանավորի գերագահ դիրքը շրջապատի թշնամիների նկատմամբ, որոնց պահել է ծնկաչոք վիճակում: Հիշատակարաններում հենց այդպես էլ խոսվում է Բուրթել Բ-ի մասին, որ ժամանակակիցներից ստացել է Մեծ հորջորջումը:

Սելիմի իջևանատուն: Օրբելյանների զինանշանը
(Լուսանկարը՝ Մերի Մամյանի)
   Սակայն արծվաքանդակի այսօրինակ մոտիվով զինանշանը Օրբելյան տոհմում առաջինն
օգտագործել է Բուրթել Բ-ի հորեղբայր Ջալալ Օրբելյանը: Ջալալը Տարսայիճ Ա-ի և Մինախաթունի որդին է: Նրա տիրույթները գտնվում էին Ուրծաձորում և Արած գավառներում (ներկայումս՝ Արարատի և Եղեգնաձորի տարածաշրջաններում): Իշխանատիրույթի մայրաքաղաքը Չիվա գյուղն էր, որը 1298 թվականին նա վաճառեց  ավագ եղբորը՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանին: Ջալալի կինն էր Զաքարյան տոհմի Իվանե Բ-ի դուստր Գոնցան: Նրանք միասին ներկայիս Արածո գետի (Արարատի տարածաշրջանում) վերին հոսանքում կառուցեն են Սուրբ Կարապետ վանքը, որ կոչվել է նաև Սպիտակավոր Աստվածածին: Ահա այս կառույցում էլ պահպանվել է արծվի բարձրաքանդակով զինանշանը:  Այն առանձին քարի վրա է: Արծիվը դիմահայաց, կիսաբաց թևերով է, մշակված թեփուկաքանդակային եղանակով, մագիլներում ճզմել է գառան ողնաշարը: Զինանշանակիր քարը նախապես ագուցված է եղել եկեղեցու պատի մեջ ու հետագայում շենքի քանդվելու պատճառով ընկել է եկեղեցու ներսը Եկեղեցու կառուցումն ավարտվել է 1301 թվականին: Այդ նույն ժամանակ էլ, հավանաբար, պատրաստվել է զինանշանը: Տարիներ շարունակ հավատացիալները արծվակիր քարի վրա մոմ են վառել, որի հետևանքով զինանշանը ծածկվել է մոմի մնացորդներով ու սևացել:
   Փաստորեն, նույնապատկեր արծվակիր զինանշան ունեցել են Տարսայիճ Ա-ի որդիներ Էլիկում Գ-ի և Ջալալի ճյուղերը:
   Իսկ ահա Տարսայիճ Ա-ի եղբոր Իվանե Գ-ի թոռը՝ Լիպարիտ Դ-ի  որդի Չեսար իշխանը, որի տիրույթները տարածվում էին ներկայիս Գլաձորի և Վերնաշենի սահմաններում, զինանշանի համար ընտրել է այլ կենդանու՝ ցուլի պատկերը: Այն քանդակված է 1332 թվականին կառուցված Սելիմի իջևանատան մուտքի ձախ կողմում, վերնամասում: Ցուլը պատկերված է զոհի վրա հարձակվելու պահին: Առջևի ոտքերը համաչափորեն ծալված են, պոչը ցցված է մեջքի վրա: Կենդանին դեմքով նայում է դետողին: Կիսակլոր եղջույրները նույնպես շեշտում են ցուլի կատաղությունը:
   Խաղբակյան իշխանատոհմի ներկայացուցիչները, որ Օրբելյանների հարևաններն էին, ի սկզբանե որդեգրեցին Սյունյաց իշխանատան զինանշանային պատկերասրահի կենդանիներին (առյուծ, արծիվ, ցուլ)՝ դրանով հաստատելով իրենց ժառանգական իրավահաջորդությունը Սյունյաց իշխանատան նկատմամբ: Մինչդեռ Օրբելյանների իշխանատան առաջին ներկայացուցիչները, որոնք եկվոր էին, գիտակցաբար չդիմեցին այդ պատկերասրահին, իսկ մեկ հարյուրամյակ անց նրանց ժառանգներն օգտագործեցին դրանք:


<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 74-79

Просмотров: 1922 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/10
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Август 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz