Վեհադեմ արքայուհի արքայից-արքա Էրատոն դանդաղաքայլ մտնում է Արտաշատ մայրաքաղաքի Հայոց արքայական գահադահլիճ:
Նրանից մի քանի քայլ հեռավորությամբ գալիս է Հայոց ավագանին. առաջին հինգ
գործակալ-նախարարները՝ գլխավոր թագադիր ասպետ Բագրատ Բագրատունին, բանակի
գլխավոր հրամանատար սպարապետ Մամիկ Մամիկոնյանը, գլխավոր մատակարար
հազարապետ Աբեղոն Աբեղյանը, գլխավոր դիվանապետը, արքայից-արքայի թիկնազորի
գլխավոր հրամանատար Մերուժան
Բագրատունին, նրանց զուգահեռ՝ Հայոց Աստվածատան մեծ քրմապետ Մաժաքը: Սրանց
հաջորդում են երկրորդ խմբի գործակալ-նախարարներ՝ Ներսես Դիմաքսյանը,
Հադոմիհր Գնթունին, Տուր Տրունին, ապա Հայոց աշխարհի չորս կողմերը իշխող
բդեշխ-փոխարքաները՝ Արևելյան կողմից Վասակ Սյունին, Արևմտյան կողմից
Տիրանը, Հարավային կողմից Սմբատ Բագրատունին, Հյուսիսային կողմից Վրույրը:
Հաջորդ շարքերը կազմում են Հայաստանի 122 գավառների
նահապետ-գավառապետ-հրամանատարները:
Գահադահլիճի գահին զուգահեռ երկու պատերի երկայնքով կանգնած են օրվա
հանդիսության համապատասխան հագած վերնախավի ներկայացուցիչ պալատականները:
Պալատի արևմտյան պատի կենտրոնում Հայոց արքայից-արքայի ադամանդազարդ գահն
է: Գահից վեր Հայոց պետության ծիրանագույն արծվակիր դրոշն է: Գահի երկու
կողմերում կանգնած են արքայից-արքայի հավատարիմ թիկնապահները՝ աջ ձեռքերը
թրի դաստակներին դրած: Արքայից-արքա Էրատոն նույն դանդաղ քայլով
անցնում է գահասրահի արևելյան հատվածից դեպի արևմտյան կողմն ընկած հատվածը,
քայլելով հատուկ նման ընդունելությունների համար գահադահլիճում փռված
արնակարմրաներկ գորգի վրայով: Փառահեղ, թեթև նազանքով բարձրանում է գահից
առաջ եղած յոթ աստիճանները, մոտենում գահին և մեկ քայլաչափ հեռավորությամբ
շրջվում է դեմքով գահադահլիճ մտած ավագանու կողմը և քարանում: Գահի աջ
և ձախ կողմերից նրան են մոտենում երկու ծառայուհիներ՝ մատուցարանի վրա
բերելով Հայոց արքայական թագն ու արքայական գավազանը: Առաջապահ խմբից
անջատվում, աստիճաններով վեր է բարձրանում գլխավոր թագադիր ասպետ Բագրատ
Բագրատունին, արքայից-արքայի առաջ խոնարհվում է, աջ կողմի մատուցարանից
վերցնում է Հայոց արքայական թագը, դնում արքայից-արքա Էրատոյի գլխին, կրկին
խոնարհվում է թագակիր արքային և ձախակողմյան ծառայուհուց վերցնելով
արքայական գավազանը՝ տալիս է արքայից-արքայի աջ ձեռքը և իր
պարտականությունն ավարտած՝ կանգնում է գահի աջակողմում: Աստիճաններով
վեր է բարձրանում Հայոց Աստվածատան մեծ քրմապետ Մաժաքը, խոնարհվում երկրի
վրա Աստծո փոխանորդ արքայից արքա, Հայոց գլխավոր քրմապետ Էրատոյին և
կանգնում գահի ձախակողմում: Արքայից-արքա, Հայոց գլխավոր քրմապետ Էրատոն վեր է բարձրացնում ձախ ձեռքը՝ ի նշան Աստվածներին ուղղված հաղորդության: Դահլիճում գտնվողները մեկ ձայնով գոչում են. - Ողջույն Հայոց աստվածներին: - Ողջույն Հայոց արքայից-արքա Էրատոյին: - Հավերժություն Հայոց պետությանը: Արարողակարգային գործողություններից հետո արքայից-արքա, Հայոց գլխավոր քրմապետ Էրատոն բազմում է Հայոց գահին:
Նոր ժամանակաշրջանի, նոր թվագրության 11 թվականն էր:
2
Գահի վրա նստած արքայից-արքա Էրատոն մի պահ փակում է աչքերը:
… Հռոմ: Իր ընտանիքին հատկացված տան բակում, շատրվանի կողքին հայրն է՝
Տիգրան արքայազնը, արքայից-արքա Արտավազդի որդին: Ինքը՝ Տիգրան արքայազնի
դուստրը, տաս-տասնմեկ տարեկան աղջնակ, վազվզում է բակում: Հայրը նայում է
իր ուղղությամբ ու ժպիտով խրախուսում դստերը: Աղջնակը, թողնելով թիթեռնիկի
հետևից վազելը, մոտենում է հորը, տեղավորվում նրա ոտքերի մեջ ու չարաճճի
ժպիտով հորից համբույր կորզում: - Էրատո, դուստրս, դու շատ կամային
աղջիկ ես,- շոյելով դստեր մազերը,- հարազատ հայերենով ասում է հայրը,- դու
մեր բակի բոլոր թիթեռնիկներին որսացիր, բայց ինչու այդ մեկին բաց թողեցիր: - Հայրիկ, երբ մենակ ենք, դու ինձ հետ հայերեն ես խոսում, բայց հոռոմ ծառաների ներկայությամբ նրանց լեզվով ես խոսում…
Տիգրան արքայազնը մի պահ մռայլվեց, դեմքի հարազատ ժպիտը չքացավ, աչքերը
վայրկյանական արյունակալեցին: Դուստրը տեսավ ու զգաց հոր հետ կատարվածը: - Հայրիկ ինչու այդպես փոխվեցիր,- ձեռքը հպելով հոր այտին՝ արտաբերեց փոքրիկ Էրատոն:
- Դստրիկս, դու հզոր տոհմի ժառանգ ես, հիշիր, որ դու հայ ես, Ասիայի հզոր
տիրակալներ արքայից-արքա Տիգրանի, իմ հոր՝ արքայից-արքա Արտավազդի
հետնորդը: Ինձ համար հիմա դժվար է քեզ բացատրել այն ապրումը, որ տիրում է
ինձ, հոռոմների գերության մեջ հայտնված Հայաստանի տիրակալի որդուս: Բայց
անգամ այստեղ, այս վիճակում ես հպարտ եմ, որ մեզ գերող հոռոմները
չկարողացան խոնարհեցնել մեզ, որ քո հարազատ հորեղբայրը՝ արքայից-արքա
Արտաշես կրտսերը Հայաստանում տիրել է մեր տոհմական գահին, ծնկի է բերել
մարերի թագավոր Մար-Արտավազդին, գերել նրան ու կրկին իշխում է մեր երկրին:
Նա նամակով դիմել է Օգոստոս կայսրին ու պահանջել, որ մեզ, իր եղբայրներ
Տիգրանին և Արտավազդին ազատություն տան ու վերադարձնեն Հայաստան: Ու ես քեզ
հետ հայերեն եմ խոսում, որ դու, ինչպես նաև ավագ եղբայրդ՝ Տիգրանը, երբեք
չկտրվեք մայր լեզվից ու մնաք հայ: Եվ համոզված եմ, որ մի օր մենք
կվերադառնանք հայրենիք՝ Հայաստան ու դուք ձեր հայրենիքում օտարախոս չեք
լինի: Հայրը խոսում էր, իսկ ինքը՝ Էրատոն, լսում, թեև ինչ-որ բան
այդպես էլ ամբողջովին չէր ընկալում: Իր համար Հայաստանը հեռու մի տեղ էր,
անըմբռնելի մի երազանք: Ինքը ծնվել էր այստեղ՝ Հռոմում, իրեն տվել էին
Հունական դիցարանի ամենազոր աստվածահոր՝ Զեւսի եւ Մնեմոսինեի ինը ուսաներից
մեկի, սիրային երգերի մուսա Էրատոյի անունը, բայց ասում էին, որ դու հայ
ես և մի օր ապրելու ես Հայաստանում: Հոր ու դստեր համար անսպասելի բակ մտավ հոռոմ ծառան և գլուխ խոնարհելով արքայազն Տիգրանին, ասաց. - Հյուրասրահում Օգոստոս կայսեր սուրհանդակը ձեզ է սպասում, արքայազն Տիգրան:
Արքայազնը մի պահ լարվեց: Ինչը կարող էր այսպիսի այցի պատճառ հանդիսանալ:
Եղբայր Արտաշեսը նոր պահանջ է ներկայացրել և իրեն այդ պիտի հայտնեն, թե… Նա
հիշեց հորը՝ արքայից-արքա Արտավազդին, արքայուհի մորը, իրեն և կրտսեր
եղբորը՝ Արտավազդին, եգիպտական գերության մեջ: Հիշեց այն չարաբաստիկ օրը,
երբ Ակտիումի ճակատամարտից հետո, որտեղ եգիպտական ծովային նավատորմը
գլխովին ջախջախվեց Օկտավիանոսի նավատորմի կողմից, ստոր Անտոնիոսի ու նրա
հոմանուհի Կլեոպատրայի սուրհանդակները եկան գերության մեջ հայտնված իրենց
բնակարան, իրենց ընտանյոք տարան պալատ ու հենց այդտեղ, առանց դատ ու
դատաստանի ոճիր գործեցին, աստվածային շնորհավ օծյալ Հայաստանի արքայից-արքա
Արտավազդին ու արքայուհուն գլխատեցին: Իր ներսում այդ օրը երբեք չջնջվող
հուշ էր թողել: Ու այդ ոճրագործ օրը հիմա կարծես կրկնվում էր:
Հավաքելով ամբողջ ֆիզիկական ու հոգեկան արհամարանքն իր ներսում, դեմքին
սովորական արտահայտություն տալով, Տիգրան արքայազնը մտավ տուն: Այստեղ նրան
էր սպասում Օգոստոս կայսեր բարձրաստիճան գրաբերը մի քանի զինվորների հետ:
Գրաբեր-սուրհանդակը աջ ձեռքը դրեց սրտին և խոնարհումից հետո Տիգրան
արքայազնին հանձնեց ոլորուն մագաղաթը: Տիգրան արքայազնը նայեց Օգոստոս
կայսեր կնիքին, պոկեց այն և գրությունը կարդալուց հետո, որով իրեն
հրավիրում էին պալատ, կրկին ոլորեց այն ու հանձնեց կողքին կանգնած դստերը՝
Էրատոյին: Ապա մտավ իր հարկաբաժինը և դուրս եկավ իր տոհմական
արքայական հանդերձանքով ու կայսեր սուրհանդակի և զինվորների ուղեկցությամբ
դուրս եկավ տնից: Էրատոն, եղբայրը՝ Տիգրանը, մայրը, հայ ու հոռոմ
սպասավորները հյուրասրահից մի քայլ չհեռացան: Սպասումը ծանր էր: Առանձնապես
անհանգստացած էր մայրը, նա լուռ էր և նրա լռությունը անհանգստության
մթնոլորտ էր ստեղծել հյուրասրահում: Մի քանի ժամ տևած սպասումից հետո
բակում լսվեց ռազմակառքի անիվների ձայն, սանձված ձիերի խրխինջ ու որոշ
ժամանակ անց ներս մտավ հայրը՝ Տիգրան արքայազնը: Նա գունատ էր, տխուր,
կարծես ծերացած: Բոլորի սպասողական հայացքները ուղղվեցն նրան: -
Դժբախտություն է տեղի ունեցել,- նայելով հարազատներին ասաց Տիգրան
արքայազնը:- Հայաստանում, Հայոց պալատում սպանվել է եղբայրս՝ արքայից-արքա
Արտաշեսը: Եվ Օգոստոս կայսրը, Հայոց ավագանու խնդրանքով, նրա փոխարեն ինձ
կարգեց Հայաստանի արքայից-արքա: Պատրաստվեք, մենք մեկնում ենք Հայաստան:
Ցավում եմ, որ չկարողացա կայսրին համոզել, որ եղբայրս՝ Արտավազդը ևս մեր
հետ մեկնի: Եվ մեկուսի մտքում ասաց. ՛՛Սրանով կայսրը շարունակում է իր խաղը, ձեռնաշղթա է դնում ձեռքերիս՝ հլու-հնազանդ ծառայելու իրեն՛՛:
Արքայական ընտանիքը պատրաստվում էր մեկնումի: Էրատոն, մյուսները, ծառաները
հավաքում էին անհրաժեշտ պարագաները: Այդ մի քանի օրերը երազային էին:
Հայրը, հորեղբայր Արտավազդը, որ արդեն տասնչորս տարի զրկված էին հայրենի
երկրից, այդ օրերին ամենաջերմ հուշերի մեջ էին ու միակ ցավն այն էր, որ
կրկին բաժանվելու են: Եվ ահա եկավ մեկնելու օրը: Իրենց ճանապարհելու էին եկել կայսեր մերձավորները, դեսպաններ, ժամանակի հայտնի անձինք:
Հայոց նոր արքայից-արքան, իր հայրը, երկար փարված էր գերության մեջ մնացող
եղբորը՝ Արտավազդին, որի հետ կիսել էին տասնչորս տարվա եգիպտական ու
հռոմեական գերությունը: Նա մեկիկ-մեկիկ համբուրեց Արտավազդի զավակներին և
մի վերջին անգամ ժպտաց եղբորը ու նստեց արքայական կառքը, որ սահուն
շարժվեց՝ հետևում թողնելով գերավայր Հռոմը: Մեր թվագրությունից առաջ 20 թվականն էր աշխարհում: Այդ օրերից անցել էր երեք տասնամյակ, ավելի շուտ արդեն 31 տարի: Արքայից-արքա Էրատոն բացեց աչքերը և արծվենի հայացքով նայեց գահադահլիճում կանգնած ավագանուն:
3
… Ծոփք: Հայաստանի Արևմտյան սահմանադուռ: Սահմանի այս հատվածում հավաքված
էին հայոց պետության կարևոր անձերը, բդեշխ-փոխարքաները, արևմտյան գավառների
նահապետ-գավառապետ-հրամանատարները:
Ձիգ շարքերով կանգնած են արքայական թիկապահ գնդի հեծյալ ու հետևակ
զինվորները, տեղական գնդերը իրենց դրոշներով, քրմական դասի
ներկայացուցիչները Հայոց մեծ քրմապետ Մաժաքի գլխավորությամբ: Արքայական կառքը կանգառ է անում: Թիկնապահ ռազմիկը բացում է կառքի դուռը: Հայոց հողի վրա իր առաջին մուտքն է անում Հայաստանի նոր արքայից-արքա Տիգրանը, արքայից-արքա Արտավազդի որդին:
Արքայից-արքայի ընտանիքի անդամները ևս իջնում են իրենց կառքերից:
Արքայից-արքա Տիգրանը, Սաթենիկ թագուհին, նրանց զավակները՝ Տիգրանն ու
Էրատոն հետևելով ծնողների օրինակին, ծնկի են գալիս և համբուրում պապենական
հողը, Հայոց հողը: Արքայից-արքայի հետ կանգնում են նաև մյուսները: Արքան բարձրացնում է ձախ ձեռքը և ողջույն հղում Հայոց աստվածներին: Հավաքյալ բազմությունը վանկ առ վանկ գոչում է. - Կեցցե Հայոց արքայից-արքա Տիգրանը, - Կեցցե Հայաստանի պետությունը:
- Զավակներս,- շրջվելով Տիգրան որդու և Էրատո դստեր կողմը արքայից-արքա
Տիգրանը ցածրաձայն, բայց հաստատուն ասում է,- ահա Հայաստանը, ձեր տունն ու
ձեր հայրենիքը: Այստեղ ձեր մտքում երդվեք, որ ձեր մնացյալ կյանքը նվիրելու
եք այս երկրին, նրա բարգավաճմանը, նրա հզորությանը և լուծելու եք ձեր պապի՝
արքայից-արքա Արտավազդի, ձեր հորեղբոր՝ արքայից-արքա Արտաշեսի վրեժը:
Էրատո արքայադստեր համար բացարձակ նոր էր հոր այս խոսքը, նոր էր նրա
մոտեցումը, իր առաջ կարծես բացարձակապես այլ մարդ էր, ոչ այն մարդը, որին
ինքը գիտեր ու ճանաչում էր Հռոմում: Հայոց հողի ոտնամուտը լրիվ փոխել էր
հորը, որ ամիսներ առաջ հլու-հնազանդ ենթարկվում էր իրեն գերի պահող
հոռոմներին, իսկ հիմա խոսում էր վրեժի մասին: Իսկ շրջապատում ցնծություն էր:
Այդ պահին նույն ցնծությունն էր ապրում ամբողջ Հայաստանը Ծոփքից մինչև
Քուռ, Գոդերձական նահանգից մինչև Մծբին: Հայաստանը ցնծում էր՝ վերադարձել
էր իր տերը, հզոր տոհմի գերյալ արքայազնը, Հայաստանի նոր արքայից-արքան:
Այստեղ, Հայոց արքայից-արքայի դիմավորողների թվում էին Հայաստանի բոլոր
շերտերն ու հոսանքները ներկայացնող ազնվական ու զինվորական
ներկայացուցիչները: Այստեղ էին թե պարթևական հոսանքի ներկայացուցիչները, թե
հռոմեասեր նախարարները, թե նրանք, որ հավատարմորեն ծառայել էին
արքայից-արքա Արտաշեսին ու նրա գլխավորությամբ վերադարձրել էին երկրի
երբեմնի փառքը, հայրական ժառանգություն ներկայացնող հողերը, Ատրպատականը
կցել էին Հայաստանին, վերատիրել էին Հայոց Միջագետքին: Այստեղ էին նաև
նրանք, որ Օգոստոս կայսեր հրահրությամբ ու նրա գործուն պահանջով ձեք էին
բարձրացրել արքայից-արքա Արտաշեսի վրա: Էրատոն այս ամենից դեռ ոչինչ չէր հասկանում: Նա չգիտեր հայրը ինչ և ինչպես կանի, դեռ չգիտեր հոր հաջորդական քայլերի մասին:
Իսկ հայրը՝ արքայից-արքա Տիգրանը, որ երրորդն էր նույն տոհմի արքաներից,
արդեն ամեն ինչ հստակ գիտեր ու որոշել էր: Հնազանդության մասին խոստումը,
որ նա տվել էր Հռոմին ու Օգոստոս կայսերը մնացել էին Հռոմում: Ամբողջ
ճանապարհին նա մտորել էր իր անելիքի մասին և իր որոշումը կայացրել էր
հանուն Հայաստանի: Այստեղ, Հայաստանում, նա հենվելու էր հայոց դարավոր
դիմադրողունակության վրա, վարելու էր հանուն Հայաստանի քաղաքականություն և
Հռոմի ու Պարթևական պետությունների սպասարկուն չէր դառնալու: Սա
բացարձակ նոր իրավիճակ էր: Արքայից-արքան հասկանում էր, որ իր համար դժվար
ընտրություն է կատարում, քանզի եղբայրն այդպես էլ պահվեց Հռոմում ու որպես
գործիք օգտագործվելու էր իր դեմ, բայց նաև հաստատ գիտեր, որ Հայաստանը
Պարթևստան կամ սահմանակից այլ պետություն չէր, որ Հայաստանը ծայրեծայր մի
ժողովրդի՝ հայերի երկիր էր և հակառակ հարևանների, միշտ պայքարելու էր իր
ինքնության պահպանության, իր երկրի համար և անկախ նվաճողների արյունալի
բռնակցումներին, անկախ Հռոմում կտրված ու կտրվելիք ՛՛Հայաստանը նվաճված՛՛
ոսկե ու արծաթե դրամներին, այնքան հզորություն ու ներուժ ուներ, որ երբեք
չէր հանդուրժի օտարի լուծը: Այստեղ, Ծոփքի սահմանագլխի հանդիսավոր
դիմավորումն ու ցնծությունը ջերմություն էր լցրել նաև պատանի արքայազների՝
Տիգրան արքայազնի ու Էրատո արքայադստեր սիրտը: Նրանք, որ գերության
տարիներին հեզ աղավնյակներ էին, հիմա ազատ էին իրենց զգացումների ու
մտածումների մեջ, հիմա անկախ պետության թագակիր արքայազներ էին և նորովի
էին արժևորում իրենց դերն ու դերակատարությունը Հայոց իրականության մեջ,
որին խորթ չէին, քանզի իրենց հայրը կնության վերցնելով հայուհու, իրենց
ծնված պահից, թեկուզ գաղտնի, իրենց դաստիարակել էր հայեցի ու հիմա իրենք
այս հողի վրա միանգամայն օտար չէին ոչ լեզվով, ոչ դաստիարակությամբ: …
Արտաշատ: Հայոց պետության մայրաքաղաք: Հայոց արքաների պալատ: Գահադահլիճը
տեղավորել է բոլորին: Ընդունված կարգով թագադիր նախարար-գործակալ Բագրատ
Բագրատունին արքայից-արքա Տիգրանի գլուխը օծում է իր պապենական արծվակիր
թագով: Արքայից-արքա Տիգրանը բազմում է Հայոց գահին: Նրա կողքին նստած է
թագուհին, աջում կանգնած է արքայազն Տիգրանը, իսկ նրա կողքին Բագրատ
Բագրատունին: Ձախում կանգնած է Էրատո արքայադուստրը ու նրա կողքին Հայոց
Աստվածատան մեծ քրմապետ Մաժաքը: Բոլորը սպասում են արքայից-արքայի խոսքին:
Արքայից-արքա Տիգրանը արծվենի հայացքով նայում է գահադահլիճում գտնվող
հայոց ավագանու անդամներին: Եվ, անկախ իր երկարատև բացակայությունից,
Հայաստանի վրայով անցած անցքերից, հատ-հատ նայում է բոլորին: Եվ խոսում է: Էրատո արքայադստեր ականջներում միշտ կհնչեն հոր այդ պահին ասված խոսքերը, որ ծանր էին, դառն էին, բայց արդարամիտ.
- Հայոց քաջազուն այրեր: Ձեր տոհմերի մեծագույն մասին պաշտնների է կոչել
իմ մեծ պապ, Արշակունյաց Վաղարշակ արքան, որ հենվել է ձեր ուժի,
հավատարմության վրա և Ասիայում հաստատել հայկական գերիշխանություն: Ձեր
ուժի վրա է հենվել նաև իմ պապ արքայից-արքա Տիգրանը իր իշխանությունը
հաստատելով մերձավոր ու հեռավոր տարածքների վրա և նվաճելով մինչ այդ
պարթևներին պատկանող արքայից-արքա տիտղոսը, որ այսօր նույն կարպ փոխանցվել է
ինձ: Իմ եղբոր եղերական սպանությունից հետո, շնորհելով ինձ հայոց գահը՝
Օգոստոս կայսրը պաշտպանեց հայերի գերիշխանությունն այս տարածաշրջանում և
անփոփոխ թողեց ուժերի հավասարակշռությունը Հայոց համար պահպանելով
արքայից-արքա տիտղոսը: Սա ուղղակի սովորական զիջում չէր, այլ մեր ուժի, ձեր
ուժի գնահատանքն էր: Կայսրը կարող էր Հայաստան պետությունն ընդհանրապես
ջնջել և դարձնել Հռոմի սովորական մարզ, ինչպես իր պապերը վարվել են ոչ
պակաս ուժեղ երկրների հետ, իսկ ինքն անձաբ Եգիպտոսի պարագայում: Բայց նա
էլ, գերազանց հասկանալով Հայաստանի կարևորագույն դերը Արևելքում, չգնաց այդ
քայլին: Եվ, այնուամենայնիվ, ես հիմա ձեր բոլորի, այստեղ գտնվող օտար
երկրների դեսպանների ներկայությամբ երդվում եմ, որ ես Հայաստան չեմ
վերադարձել ոչ Հռոմին ծառայելու և այստեղ նրա խնդիրները լուծելու և ոչ էլ
որևէ այլ երկրի մեր ուժերը ծառայեցնելու համար: Ես եկել եմ, որ մենք
միասնաբար վերականգնենք Հայոց պետության հզորությունը և այն ծառայեցնենք
մեր ժողովրդին: Սա ես ասում եմ և հաստատելու եմ իմ գործերով ու դուք
դրանում շուտով կհամոզվեք: Արքայից արքան լռեց և ամենակարևոր քայլ անելուց առաջ դարձյալ սկսեց ուսումնասիրել դահլիճում նստածներին:
Էրատո արքայադուստրը նայեց հոր կողմը: Հոր դեմքը լարված էր, կոշտ, սառը:
Կարծես այն, ինչ հիմա ասելու էր, կրակի ազդեցություն էր ունենալու, այրելու
էր նստածներին: Բայց արքայից-արքան կարողացավ հաղթահարել իր այդ պահի
զգացումը և քիչ առաջվա հանդարտ տոնով շարունակեց դիմելով բանակի գլխավոր
հրամանատար սպարապետ-նախարար Մամիկին. - Մեր թշնամիները եկել-գնացել
են, ավերել ու թալանել են մեր քաղաքներն ու գյուղերը, մեր գանձատները, բայց
նրանք երբեք չեն կարողացել հաղթել մեր բանակին: Բանակը եղել է և պետք է
լինի մեր պետության կարևորագույն հոգսը։ Բանակը մեր ազգի հիմնական պաշտպանն
է և այստեղ գտնվող բոլոր աստիճանի տերերի խնդիրը: Մեր երկիրը, ինչպես
պապերիս ժամանակ, պիտի ունենա թագավորական զորագունդ-բանակ, Հայաստանի չորս
սահմանները պահող բանակներ՝ փոխարքաների գլխավորությամբ և գավառների
զորագնդեր իրենց նահապետների հրամանատարությամբ: Նախարար Մամիկ, դուք
գլխով եք պատասխանատու բանակի համար: Հազարապետ-նախարար Աբեղոն Աբեղյանի
խնդիրը հարկահավաքությունն է և բանակի ապահովումը, ինչպես նաև պետության
կյանքի կարգավորումը: Մյուս գործակալությունները պետք է կատարեն իրենց
գործերը: Արքան կրկին լռեց: Հիմա եկել էր ամենակարևոր պահը: Ծանր լռությունից հետո արքայից-արքա Տիգրանը շարունակեց.
- Դուք գիտեք, մի մասով ականատես եք, մի մասով ականջալուր, թե ինչ
կատարվեց իմ հոր, Հայաստանի արքայից-արքա Արտավազդի հետ: Երկու անգամ իմ
հայրը մերժեց Անտոնիոսին ու չգնաց նրա հետ հանդիպման: Բայց երրորդ անգամ
հայրս ընդունեց նրա բանակցելու առաջարկը և ընտանյոք գնաց
հանդիպման-խնամախոսության: Հայրս՝ Ասիայի հզոր տիրակալը, չէր մտածում, որ
իր համար որոգայթ է լարվել և Անտոնիոսի ռազմակայան հասնելուն պես շղթայի է
դրվելու, գերեվարվելու է Եգիպտոս ու ի ցույց է դրվելու սինլքոր, ստախոս,
ողորմելի Անտոնիսի հաղթահանդեսում և եռամյա գերությունից հետո գլխատվելու
է: Նրան ստորաբար սպանողները երկար չվայելեցին իրենց հաղթանակը: Եվ
Անտոնիսը, և Կլեոպատրան ավելի երկար չապրեցին ու պատժվեցին՝ իրենց մահով
փարատելով իմ վրեժխնդրության ցանկությունը, իսկ նրանց զավակները զարդարեցին
Օկտավիանոսի հաղթահանդեսը Հռոմում ու ես անձամբ եմ այդ տեսել: Իսկ
եղբայրս՝ Հայոց արքայից-արքա Արտաշեսը սպանվեց նույն Օգոստոս Օկտավիանոսի
հրահրմամբ այստեղ նստած հարազատների ձեռքով: Ու նրանք, ովքեր իրենց ձեռքերն
արյունոտել են թագադիր արքայի արյունով, ապրելու իրավունք չունեն և
ներում՝ նույնպես: Բոլորը, ինձ հարազատ, թե օտար հենց այսօր կհատուցեն
դավաճանության համար ի տես բոլորի, որ յուրաքանչյուրին պարզ լինի, թե ինչ է
սպասում հայրենադավներին: Արքան լռեց: Գահադահլիճը նույնպես լուռ էր:
Բոլորը գիտեին արքայից-արքա Արտաշեսի սպանողների անունները և հիմա սպասում
էին հագուցալուծմանը: Արքան աջը բարձրացրեց: Մուտքի մոտ սպասող
թիկնապահ զորքի հրամանատար Մերուժանը գլուխ տվեց արքայից-արքային ու
հրամայեց զինվորներին մտնել գահադահլիճ: Արտաշես արքային դավաճանաբար
սպանած անձինք մեկ առ մեկ գահադահլիճից դուրս բերվեցին: Այսպես
արքայից-արքա Տիգրանը, ի դաս բոլորի, նրանց ովքեր ձեռք էին բարձրացրել
օծյալ տիրոջ, աստծո փոխանորդի վրա, դատապարտեց մահապատժի: Էրատո արքայադուստրը այս դասը միշտ պիտի հիշեր ու մտապահեր, բայց խնդիր է՝ կկարողանար հենց այնպես վարվել, ինչպես հայրը: Մեր թվագրությունից առաջ 10 թվականն էր աշխարհում:
4
Հայրս՝ արքայից-արքա Տիգրանը, տաս տարի խաղաղորեն կառավարեց Հայաստանը: Նա
մեծ արքա էր: Հռոմին ու Օգոստոս կայսերը խոստանալով լինել նրա մարդը
Արևելքում, հռոմեական զորքով մտնելով Հայաստան, հենց սահմանին դարձավ այլ
մարդ, փոխեց իր մոտեցումները Հռոմի հանդեպ և վարեց բացարձակ ինքնուրույն
քաղաքականություն: Հռոմեական զորամասը, որ նրա համար զսպիչ դեր պիտի
կատարեր, ու արքան այդ գիտեր, շատ արագ հետ ուղարկեց Հռոմ: Արքայից-արքան
Հայոց գահին բազմելու օրն անխնա պատժեց իր եղբորն սպանողներին ու հայոց
ավագանուն պարզ հասկանալ տվեց, որ երբեք չի ների դավաճանությունն ու
դավաճաններին: Հայտարարեց, որ Հայաստանը խաղալիք չի դառնա ոչ Հռոմի, ոչ
որևէ այլ երկրի ձեռքին ու իր կառավարման տարիներին կատարեց իր խոստումը:
Հայրս ինձ ու եղբորս առանձին մի քանի անգամ ասել է. ՛՛Հռոմը հեռու է, մենք
անհրաժեշտ պահին նրանից օգնություն չենք կարող ակնկալել, բայց մեր հարևան
երկրները՝ Պարթևստանը, Մարաստանը մեր կողքին են և ցանկացած պահի կարող են
մեզ վնասել, բայց համագործակցության դեպքում կարող են լինել հենարան ու
օգնական մեր երկրի սահմաններն ամուր պահելու համար: Եվ հիմա և հետո, երբ
դուք կկառավարեք այս երկիրը, միշտ տեղեկացված եղեք այս երկրների քայլերին,
համեմատեք նրանց խնդիրները, օգտվեք նրանց իրար նկատմամբ ունեցած
հակասությունների, նրանց և Հռոմի հետ եղած հակասությունների արդյունքից
քաղել Հայաստանի շահը՛՛: Ճիշտ է Հռոմը հորս շնորհեց արքայից-արքա տիտղոսը,
որին հավակնում էր նաև պարթևական արքան, Հայաստանին թողեց Հայկական
Միջագետքից Կովկաս ունեցած հողերը, սակայն Հայաստանից անջատեց Արտաշեսի
նվաճած Մարաստանն ու այնտեղ թագավոր կարգեց գերված ու սպանված
Մար-Արտավազդի Հռոմում դաստիարակված Արիոբարզան որդուն: Հռոմի այս քայլը
ահավոր վիրավորեց հորս: Նրան վիրավորեցին նաև Հռոմում կտրված դրամները,
որոնք կրում էին ՛՛Հայաստանը նվաճված՛՛ մակագրությունը, վիրավորում էին
Հռոմում գրված ներբողները, որոնցում գովերգվում էին Հայաստանն իբրև թե
նվաճած հռոմեացի զորավարները: Իսկ Հայաստանը ինչպես եղել էր մեծ, դեռ իր
պապի՝ արքայից-արքաներ Տիգրանի, հոր՝ Արտավազդի, եղբոր՝ Արտաշեսի օրոք,
մնում էր այդչափ մեծ ու անկախ երկիր: Եվ հայրս, ի հեճուկս Հռոմի, որ
հռոմատյաց արքայից-արքա Արտաշեսի սպանությամբ ու նրա փոխարեն հռոմեասեր
հորս արքայից-արքա կարգելով, որոշել էր Հայաստանը դարձնել խամաճիկ երկիր,
սխալվեց: Հայրս բարի դրացիական հարաբերություններ հաստատեց պարթևական
արքունիքի հետ, կարողացավ հարթել եղած խնդիրները, անգամ իր հատած առաջին
դրամների վրա արևելքին հատուկ միրուքով պատկերներ փորագրել տվեց ու
լատիներենի փոխարեն դրանք մակագրել տվեց պահլավերեն, որով Հռոմին հասկացնել
տվեց, որ ինքը խամաճիկ չի եղել և չի լինի: Իհարկե, անհրաժետ պահերին հայրս
կարողանում էր բարիդրացիական ցույցեր անել նաև Հռոմին: Եվ այդ երևում է
նաև ավելի ուշ հատված նրա դրամների վրա, որտեղ նա հռոմայեցվոց նման ածիլված
դեմքով է, իսկ դրամների վրա էլ լատինատառ մակագրություն. ՛՛Արքայից-արքա
Տիգրան՛՛: Տաս տարին արագ անցավ, խաղաղության պայմաններում Հայաստանը
բուժեց պատերազմական վերքերը, վերականգնեց տնտեսական կարողությունները,
անգամ հզորացավ: Հայաստանը պահեց իր վեհությունը և այդ ժամանակի Ասիայի
ամենահզոր երկիրն էր: Էրատո արքայադուստրը, որ արդեն քսանն անց
բարձրահասակ, երկարավիզ, հաճելի արտաքինով օրիորդ էր դարձել, հիշում է հոր
հետ ունեցած մի խոսակցություն: Հայրը մի օր ասաց. ՛՛Դու Ասիայի ամենագեղանի
արքայադուստրն ես և կարող ես լինել ցանկացած թագավորության թագուհի, մեր
երկիր եկող-գնացող դեսպանները մեկուսի քննարկում են այդ հարցը, բայց ես
միայն քո որոշմանն եմ սպասում: Ես ինձ այքան էլ լավ չեմ զգում և ուրախ
կլինեմ, որ դու ընտրություն կատարես ու ես քեզ երջանիկ տեսած՝ այս աշխարհին
հրաժեշտ տամ: Բայց ինչպես դու ուզես՝ այդպես կլինի՛՛: Հոր խոսքերից շոյված
Էրատոն, այնուամենայնիվ ընդդիմացավ ու հայտարարեց, որ այս աշխարհում ինքը
Հայաստանից դուրս ապրելու, որևէ այլ երկրում թագուհի լինելու ցանկություն
չունի և միշտ կմնա Հայոց երկրում ու կապրի հայրական տանը՝ հոր ու եղբոր՝
Տիգրանի կողքին: Հայրը, ճանաչելով իր կամային բնավորությամբ դստերը,
իմանալով քրոջ ու եղբոր ամենաջերմ վերաբերմունքը միմյանց նկատմամբ, նրանց
կապվածությունն ու միմյանց լրացնելու, միասին մի մարդ ներկայանալու
կարողությունը, այլևս Էրատոյի ամուսնության մասին որևէ ակնակ չարեց:
Եվ, ինչպես լինում է, եկավ մի օր, որ արքայից-արքա Տիգրանի աշխարհիկ կյանքի
վերջը մոտեցավ: Ու նա կատարեց անկախ երկրի միապետ-արքայի իր քայլը: Գահադահլիճում հավաքելով հայոց ավագանու կարևոր դեմքերին ու դիմելով նրանց, արքայից-արքա Տիգրանը հայտնեց իր որոշումը.
- Հայոց պատվարժան այրեր, Ձեզ հետ միասին մենք Հայոց երկիրը բարեշինեցինք,
հզորացրինք, մեր աշխարհում խաղաղություն է, մեր բանակները պահում են երկրի
սահմանները: Բայց քանի-որ յուրաքանչուր տիրակալ իր ժամանակն ունի և իմ
ժամանակն էլ հասել է ավարտին, ես Հայոց երկրի կառավարումը կտակում եմ իմ
զավակներին՝ Տիգրանին ու Էրատոյին: Քույր ու եղբայր հայտարարվում են
համազոր տիրակալներ՝ արքայից-արքաներ: Արխակունի Չորրորդ Տիգրանի և Էրատոյի գլուխներին դրվեցին Հայոց արծվակիր թագերը և նրանք օծվեցին արքայից-արքաներ: Գահադահլիճում գտնվողները վանկարկեցին.
- Կեցցեն Տիգրանն ու Էրատոն, կեցցեն Հայոց նոր տիրակալները, արևշատություն
նրանց հորը՝ արքայից-արքա Տիգրանին, որ շեն ու հզոր պետություն է հանձնում
իր զավակներին: Վատառողջ արքայից-արքա Երրորդ Տիգրանը Արշակունյաց
տոհմում երկրորդ տիրակալը դարձավ, որ իր պապ Երկրորդ Տիգրանի նման, որ
թագադրել էր Արտավազդ որդուն, իր կենդանության օրոք, խաղաղ պայմաններում
թագադրեց իր զավակներին՝ Տիգրանին ու Էրատոյին: Նա դողդոջուն ձեռքերը
դնելով իր առաջ չոքած զավակների ուսերին՝ ասաց. - Ձեր տոհմի արժանի կառավարիչ-տիրակալներ եղեք, շեն ու ազատ պահեք Հայաստանը: Մի քանի օր հետո արքայից-արքա Երրորդ Տիգրանը մահացավ: Հայոց աշխարհը սգաց նրա կորուստը և արքայական պատիվներով հողին հանձնեց Բագարանի արքայական դամբարանում: Մեր թվագրությունից առաջ 10 թվականն էր աշխարհում:
5
Արտաշատի Հայոց պալատի փոքր գահասրահ:
Երկար, կաղնու փայտից պատրաստված սեղանի գլխամասում դրված երկու արքայական
աթոռներին նստած են արքայից-արքաներ Տիգրանն ու Էրատոն: Արքաներն առանց
թագի են և ամենօրյա ծիրանագույն թիկնոցներ են կրում: Սրահում են
գործակալ-նախարարները, մեծ քրմապետը, արքայական թիկնապահ գնդի հրամանատարը:
Արքան ավագանու ներկայացուցիչներին հրավիրում է տեղ գրավել սեղանի մոտ:
Վաղարշակ Արշակունի արքայի կողմից սահմանած կարգի համաձայն ավագանու
ներկայացուցիչները նստում են իրենց աթոռներին: Սեղանի վրա Ասիա
երկրամասի քարտեզն է: Այս քարտեզը պատրաստվել է արքայից-արքա Երկրորդ
Տիգրանի հրամանով և իր վրա կրում է Հայաստանի ու հարևան երկրների մանրամասն
պատկերը: Արքայից-արքա Տիգրանը դիմում է ներկաներին: - Մենք,
հորիցս հետո, ձեզ հետ առաջին անգամ խոսելու ենք մեր գործերի մասին: Հայրս
իր կտակով թագադրելով մեզ՝ դեմ գնաց Հռոմին և մեր հարևաններին ի տես
առաջինն Ասիայում հաշվի չառավ Հռոմի կարծիքն ու գործեց, որպես անկախ երկրի
տիրակալ: Հռոմն այս ապտակը դժվար կուլ կտա և կդիմի տարաբնույթ
խարդավանքների, մեր դեմ կհանի իր դրածո երկրներին՝ Պարթևստանին,
Մարաստանին, մյուսներին, կօգտագործի մեր ներսում եղած հռոմեասեր
նախարարներին, մեր վրա կուղարկի Կովկասից այն կողմ ապրող լեռնցիներին,
անգամ պատերազմ կսկսի մեր դեմ: Այսպիսի վիճակում մենք պետք է առավել զգոն
լինենք: Բանակի գլխավոր հրամանատար-նախարար Բագրատ, շարունակեք բանակի
ամենօրյա մարզումները, համալրեք գնդերը, պարբերաբար ստուգեք փոխարքաների
բանակները, ըստ կողմերի ստուգեք նախարարական գնդերը: Ավելացրեք ծանր ու
թեթև հեծելազորը: Մեծ պապիս՝ արքայից-արքա Տիգրանի մարտավարական
կարևորագույն քայլը բանակում եղել է արագընթած հեծելազորի կազմավորումը,
պիտի շարունակել այդ գործը և հասնել նրան, որ մեր բանակի կեսը լինի ձիավոր:
Դրա համար երկրի բոլոր ձիաբուծարանները դնում եմ ձեր հսկողության տակ:
Ձիերի վաճառքը հարևան երկրներին սահմանափակեք: Հետևեք, որ որևէ փոխարքա,
որևէ նախարար ձիերի վաճառքով չզբաղվի: Նմաններին խստագույնս պատժեք, պատժեք
ամենադաժան մահով: Հատկապես ուշադրություն դարձրեք, որ ձիեր չվաճառվեն
Փյունիկիայում, այդպես մենք կզինենք մեր ուղղակի թշնամի հոռոմներին:
Ուշադրություն դարձրեք զինվորների ձմեռանոցներին, սննդին, երկրի տարբեր
տեղերում միայն ձեզ ենթակա ու գաղտնի մթերանոցներ ստեղծեք: Դրանց մասին
միայն ձեր մարդիկ պիտի իմանան և ուրիշ ոչ ոք, լսում եք: - Լսում եմ, տեր արքա,- գլուխ տալով արձագանքեց Բագրատ Բագրատունին: Արքան դիմեց հազարապետ Աբեղոն Աբեղյանին:
- Հազարապետ, մեր երկիրը հարուստ երկիր է և այս տաս տարվա խաղաղությունը
նպաստել է, որ կյանքը կարգավորվի: Ուշադրություն դարձրեք
հարկահավաքությանը: Հավաքված մթերքի երրորդ մասը հանձնում եք բանակի
գլխավոր հրամանատարի մարդկանց: Պատրաստեք չոր մսի պաշարներ, դրա համար մենք
և անասունների, և շարքից դուրս եկող ձիերի մեծ քանակ ունենք: Ավելացրեք
աղի վաճառքը հարևաններին և դրանով փակեք ձիերի վաճառքի արգելքից առաջացող
վնասները: Արծաթահանքերից ստացվող արծաթը մի տեղ չկենտրոնացնեք, դրանք
տարբեր գանձատների վրա բաժանեք և հատկապես ամուր բերդերի գանձատներում
պահեք: Երկրում շրջանառության մեջ պահեք մինչև հիմա մեր նախորդ տիրակալների
հատած դրամները և հանձնարարություն արեք Արտաշատի փողերանոցին նոր
տիրակալների պատկերով արծաթե, պղնձե դրամ հատելու: Դրամի մի երեսին թող
դնեն իմ պատկերը՝ ՛՛Արքայից-արքայի Տիգրանի՛՛ գրությամբ, մյուս երեսին՝
արքայից-արքա Էրատոյի պատկերը: Այստեղ առաջին անգամ նայելով նրան, խոսք խնդրեց Էրատոն: - ՛՛Էրատո. արքայի Տիգրանի քույր՛՛ գրությամբ, տիրակալ, ես այդպես եմ ուզում: Արքայից-արքա Տիգրանը գորովանքով նայեց քրոջը և գիտենալով նրա խոսքի վերջնականությունը, ասաց.
- Այդպես էլ թող լինի:- Եվ դիմելով դիվանապետ Ձեռես Գնթունուն, ասաց:-
Հայաստան եկող բոլոր դեսպաններին, նրանց հետ եկողներին լավ շոշափեք: Նրանց
մուտքից սկսած հետևեք բոլոր քայլերին, հանդիպումներին: Զգուշորեն հետևեք
հատկապես մերոնց, նրանց բոլոր քայլերին, նրանց ծառաներին, փորձեք պարզել
նրանց կապերը դրսից եկող-գնացողների հետ: Ոչ մի ցուցադրական քայլ չանեք:
Կասկածվողներին ձերբակալում եք միայն երկրից դուրս գալու պահին և այնպես,
որ մերոնք այդ մասին չիմանան: Հարցաքննում ու պարզում եք խոսակցությունները
և ներկայացնում ինձ: Հավատարիմ մարդիկ ուղարկեք հարևան բոլոր երկրներ և
հետևեք այդ երկրներում տեղի ունեցող դեպքերին, մենք մեկ քայլ առաջ պիտի
լինենք և պատրաստ հակաքայլեր անելու: Անհրաժեշտության դեպքում կաշառեք այդ
երկրների անհրաժեշտ մարդկանց, նրանց շարքերում ճանաչեք տերերից դժգոհներին
ու դարձրեք մեր օգտին աշխատողներ: Ոչ մի մանրուք զանց չառնեք, երբեմն
գաղտնիքն հենց այդ մանրունքների մեջ է թաքնված լինում: Հետևեք հատկապես
պարթևների արքայի քայլերին, հետևեք մարերի երիտասարդ արքայի քայլերին, այդ
երկրներ եկող-գնացող դեսպաններին ու հնարավորինս ճշտեք մեր հարևանների
նպատակները: Ուշադրության տակ պահեք մեր փոխարքաների գործողությունները:
Ամենափոքր կասկածի դեպքում անգամ ինձ զեկուցեք: Աշխատեք ճշտել Հռոմի
լրտեսներին: Թույլ տվեք թող տեղաշարժվեն, իմացեք հանդիպավայրերը,
հանդիպողներին: Արքայից-արքան լռեց: Ապա դառնալով Էրատոյին հարցրեց. - Դու որևէ բան ունես ասելու: Էրատոն մի պահ լարվեց, բայց արագ կողմնորոշվեց ու ասաց.
- Իմ խոսքն ուղղում եմ մեծ քրմապետին: Տեր քրմապետ, հորեղբայր, հայերը
պաշտում են մեր աստվածներին, հայ աստվածներին և այդպես ճիշտ է: Մեր պապը՝
արքայից-արքա Տիգրանը հելլենիզմի պաշտպան ու տարածող էր, Հայաստան էր բերել
շատ հռոմեական աստվածների արձաններ ու դրել մեր աստվածների բագիններում,
բայց այս տարիների ընթացքում դրանք այդպես էլ չընդունվեցին մեր ժողովրդի
կողմից: Ու այդ մի մասով էլ հենց հոռոմների գործերի պատճառով: Լուկուլլոսը,
Պոմպեոսը, Կրասոսը Հայաստան մտնելով թալանում էին մեր աստվածների
տաճարները, սպանում քրմերին, իսկ Անտոնիոսը Երիզայից գողացավ ու Եգիպտոս
տարավ Անահիտ դիցուհու ոսկեձույլ արձանը: Սա մեծ անպատվություն էր ու մեր
ժողովուրդը նման դեպքերի պատճառով ավելի շատ է ատում հոռոմներին: Աշխատեք
այդ ատելությունն առավելս օգտագործել և հայերին հայրենասիրությամբ տոգորել
մեր երկրի, մեր աստվածների միջոցով: Ես իմ կյանքի կեսն ապրել եմ Հայաստանից
հեռու, բայց այս կեսը, որ ապրում եմ Հայաստանում ինձ մեծ դաս է տվել: Մեր
ժողովրդի համար մեր աստվածները անփոխարինելի են: Սա շատ կարևոր է և
լրացուցիչ ուժ կտա թշնամու դեմ կռվելու, երկիրը պահելու համար: Բարեկարգեք
մեր աստվածների տաճարները, ժողովրդին առավելս կապեք մեր աստվածների հետ: Էրատոն լռեց: Յուրաքանչյուրի համար ակնառու էր նրա խոսքի խորքը: Արքայից-արքա Տիգրանը, ավարտված համարելով հանդիպումը, ձեռքերի լայնակի շարժումով ցուցանեց իր գոհունակությունն ու կարճ ասաց. - Ի գործ: