''ՀԱՅԱՍՏԱՆ՛՛ ՇԱՐՔ Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն
Հայաստան, Ես քո սահմանին կանգնած զինվոր եմ, Ես քո սահմանի երկայնքով շարված սահմանա սյուն եմ:
Հայաստան, Ես կմնամ այստեղ, քո սահմանին, որ սահմանիդ ներսում երեխաներդ ծնվեն հայերեն, ապրեն հայերեն, սովորեն հայերեն, փեսայանան ու հարսնանան հայերեն, զավակներ ունենան հայերեն...
Հայաստան, Ես քո սահմանի երկայնքով շարված սահմանասյուն եմ, Կմնամ այստեղ, քո մեծ բանակի չզորացրվող մշտագո զինվոր, Որ դու, Հայաստան, միշտ հարատևես...
2012
Ե Ր ԵՎ Ա Ն
Երևան, Հայոց քաղաքամայր, Արգիշտին է դրել քո հիմնաքարը, Բայց դու կայիր դեռ նրանից առաջ: Դու Մարդատուն էիր, Դու Հայատուն էիր դեռ նրանից առաջ: Հրազդանի ձորում հարյուր հազար տարի մշակույթ էիր կերտում, Շենգավիթ էիր հիմնում, Ծիծեռնակաբերդում թշնամիներիդ դիմակայող բերդ կառուցում...
Երևան, Հայոց քաղաքամայր, Հայկական զեն ու զորքով Արգիշտի արքան եկավ Եվ կարմրահող բլրի վրա, Արարատի դիմաց, Հիմնաքարդ դրեց Ու կոչեց քեզ Էրեբունի:
Երևան, Հայոց քաղաքամայր, Քո գլխով դարերը ակնթարթի պես սահեցին, Թշնամիներդ փոշի դարձան դարերի մեջ, Եվ դու Էրեբունուց դարձար Երևան...
Երևան, Հայոց քաղաքամայր, Դու Հաղթել ես Ժամանակին, Դու եղել ես, դու կաս, Եվ պարտք ունես՝ Մնալ Հավերժ մայրաքաղաք...
1967
ՏԻԳՐԱՆ ԱՐՔԱ
Ես քո զինվորն եմ եղել, Արքա Տիգրան, Քո զորքի հետ քայլել, կռվել, հաղթել եմ Հայքի ոսոխներին, Արցունքակալ աչքով պարտությունից կրծել շուրթերը իմ, Լիզել արյունածոր վերքը, որ տվել է ինձ Հրոսակի քոչվոր զինվորը նեռ... Ես քեզ եմ պարտական, Արքա Տիգրան, Որ աշխարհը այն, քո օրերի, մերձավոր ու հեռու Քեզ հռչակեց արքաների արքա Ու Երկիրը իմ՝ Հայոց Ոստան կամ Հայաստան...
Քո կողքին եմ եղել, երբ հասել-անցել ենք Լեռնաշղթան Կովկաս, Երբ հասել ենք Կասբք, Հասել ենք Եգիպտոս, Հասել Կապադովկիա, Ծոցը Պարսից Ու Բակտրիա...
Ու Արևելքից Արևմուտք, ու Հյուսիսից Հարավ Արքայիկներ բազում, ու արքաներ հզոր Քո դեմ ծնկի եկան, Արքա Տիգրան...
Ես ապրում եմ այսօր, Քեզնից երկու հազար տարի հետո, Բայց կրում եմ իմ մեջ և Քեզ, և ժամանակը Քո Ու կոչում եմ ժամանակն այդ Տիգրանական...
08.11.2012
Ա Ր Ա Ր Ա Տ
Արարատ, իմ Սուրբ լեռ, Մենք տարեկից ենք, Մեկ միլիոն, հինգ միլիոն, յոթ միլիոն տարեկան:
Արարատ, իմ Սուրբ լեռ, Մեկ միլիոն, հինգ միլիոն, յոթ միլիոն տարի Մենք դեգերում ենք նույն Տիեզերքի, նույն Արևի տակ, Դու միշտ նույն տեղում, մենք պարագծով, Քո պարագծով, Ու Աշխարհով մեկ:
Արարատ, իմ Սուրբ լեռ, Մենք կանք, հավերժ ենք, Այս Տիեզերքում, Այս Արևի տակ՝ Միայն քեզանով...
1967
Ե Ռ Ա Բ Լ ՈՒ Ր
Այստեղ, Արարատի դիմաց, Հայկի անմեռ Ոգին է թևածում Նրա ուժն Արարչական...
Այստեղ Հայկի ժառանգներն են Հավաքական մտքով, Ազգապատկան սրտով, Մեկիկ-մեկիկ եկել ,,Եռաբլուր,, անվամբ բանակ դարձել...
Եվ բանակը այս Անմեռների շարք-շարք Զորատես է կազմել...
Այստեղ նրանց հրկեզ Ոգիներն են անտես՝ Զորավար Անդրանիկ, Սպարապետ Վազգեն, Ինքնամոռաց Ավո, Գեներալ ու զինվոր...
Նրանց Ոգիներն են Խռով ու անխռով...
Սա այն բանակն է, որ Ծառայել է միայն Հայաստանին, Եվ բանակը այս Այսօր, վաղը և միշտ Անզորացիր կամքով՝ Ի սեր Հայաստանի, Միշտ կլինի շարքում, Միշտ կլինի զինյալ՝ Արարատի դիմաց Հանուն Ազատության, Հանուն Անկախության, Հանուն Հայաստանի...
06.11.2012
ԿԱՊՈՒՅՏ ՉԵՆ ԵՂԵԼ ԱՉՔԵՐԸ ՀԱՅԻ
Կապույտ աչքեր է ունեցել հայը... Յուրի Սահակյան
Կապույտ չեն եղել աչքերը հայի Ոչ միլիոն տարի, ոչ հազար տարի, ոչ դարեր առաջ, Ոչ մի ժամանակ... Սև աչքերով են ծնվել հայերը՝ Ածուխի պես սև, Մրի նման սև, Սև կուպրի նման...
Իր Արարչական տարածքը Հային սև աչք է տվել, Սև մազ ու մորուք, Եվ այդպես է նա Անցել պատմական իր ուրույն ուղին...
Բայց ունեցել ենք այլագույն աչքով Հազար թշնամի, հազար բարեկամ, Ու երբ եկել են ու Հայքին տիրել այլագույն աչքով ազգ-թշնամիներ Նաև բարեկամ, Հայի գենի մեջ գույներ են խառնել, Ու միլիոնի մեջ նաև մեկ-երկու Այլագույն աչքով հայեր են ծնվել...
Բայց գենը հայի, Գենն Արարչական, Ինքնամաքրումի բանական ճամփան Երբեք չի շեղել, Ու հայը միայն ծնվել-ապրել է Իր սև աչքերով, Բեղ ու մորուքով՝ Ածուխի պես սև, Մրի նման սև, Սև կուպրի նման...
Միշտ սև են եղել աչքերը հայի...
1970
ԴՐԱԽՏ ՀԱՅԱՍՏԱՆ
Արարիչն արարեց Աշխարհը, Արարիչն արարեց Դրախտը, Դրախտում արարեց Հայաստանը: Եփրատն ու Տիգրիսը դարձան Դրախտի եզրեր, Հայաստանը դարձավ Արարչածին կենտրոն...
Եվ Արարչածին Դրախտում Հայոց Ծագեցին լեզուներ, Ծագեցին արհեստներ, Ծագեց գիտություն...
Լեզուներին հետո տրվեց անուն՝ հնդեվրոպական, Արհեստները դարձան համաշխարհային, Իսկ գիտությունը՝ տիեզերական: Ու մեր պապերը դրանք տվեցին Համայն Աշխարհին...
Զենով ու զենքով և խաղաղությամբ Մտան Միջագետք, Իրան, Եգիպտոս, Հնդկաստան, Աֆրիկյան ափերով հասան Ջիբլարթար՝ Մտան Եվրոպա, Անցան Կովկասը և հայտնվեցին Նույն Եվրոպայի հարթավայրերում...
Հին, Աշխարհի պես հին այս գիտելիքը Նոր-նոր ազգերի քիմքին փուշ դարձավ, Ու հենց նրանք այն պատեցին փոշով...
Այսօր մաքրում ենք դարավոր փոշին Հայոց պատմության մոռացված ծիրից, Մեր պատմությունից...
Ու Աշխարհի դեմ դնում ենք պայման Հայոց պատմության Երթին տալ թևեր Ու վերադառնալ Դրախտ Հայաստան...
16.11.2012
|