Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 24.11.2024, 12:40
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Август » 2 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
00:12
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԽԱՂԲԱԿՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Զաքարյան եղբայրների մղած ազատագրական կռիվներին մասնակցեցին Խաղբակ Խաչենցու զավակները: 1201-1203- ական թվականներին Վասակ Խաղբակյանը, նրա եղբայրներ Գրիգորը, Ջաջուռը, որդիներ Պապաք Ա-ն, Մգդեմը, Պռոշ Հասանը մասնակցել են Բջնիի, Դվինի, Վայոց Ձորի համար մղված մարտերին: Հաղթական պատերազմներից հետո Զաքարյան Իվանե Ա-ն Վասակ Խաղբակյանին հանձնեց Կեչառիսից մինչև Վայոց Ձոր, Արփա գետի վերին հոսանքներն ընկած հողերը՝ շնորհելով նրան իշխանական կոչում և տալով կողմնակալ-կուսակալի պաշտոնը: Վասակ Խաղբակյանն իր իշխանության մայրաքաղաքը դարձնում է Սրկղունք ավանը (ներկայումս՝ Եղեգնաձորի տարածաշրջանի Վերնաշեն գյուղը): Գրիգոր Խաղբակյանին տրվեց Ուրծ գավառի մի մասը (ներկայումս՝ Արարատի տարածաշրջանի հյուսիսային մասը): 
   Նոր իշխանատունը տոհմի հիմնադիր Վասակի հոր անունով ի սկզբանե կոչվեց Խաղբակյան, սակայն ի պատիվ Վասակի որդի ու իրավահաջորդ Պռոշ Հասանի՝ ստացավ Պռոշյան անվանումը:
    Զաքարյան իշխանապետությունը և բովանդակ հայ պատմությունը շատ աղքատ կլիներ առանց այս առնական, շինարար, մշակութանպաստ տոհմի:
   Անկախ նրանից, թե երկրում ինչպիսի իրադրություն էր, հարմար թե անհարմար, միևնույն է, հայը պետք է կառուցեր և կառուցեր հիմնավոր: Կառուցեր բերդեր, որ պաշտպաներ իր ինքնությունը, կառուցեր եկեղեցիներ, գրատներ, դպրանոցներ, համալսարաններ, որ իր ոգուն հավերժություն ապահովեին: Եվ Խաղբակյան տան բոլոր սերունդները իրենց իշխանատիրույթում կանգնեցին ազգանպաստ այդ մեծ գործի գլուխ: Արդեն 1214 թվականին Վասակ Ա-ի պատվերով ավարտվում է Կեչառիսի Կաթողիկե եկեղեցու կառուցումը: Սրան հաջորդում են Գլաձորի սուրբ Ստեփանոսը, Ոծոպը, Կուչին, Վանստանը, Աղջոց Սուրբ Ստեփանոսը, այլ կառույցներ: Բայց այս տոհմի շինարարական գործունեության գլուխգործոցը, անշուշտ, 13-րդ դարի 40-ական թվականներին Պռոշ Հասան իշխանի կողմից Զաքարյան Ավագից գնված Գեղարդավանքում 1280-ական թվականներին փորված վիմափոր եկեղեցիներն են:

   Իշխանական այս տոհմից են սերվել բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և հոգևոր գործիչ Զաքարիա Գնունյաց եպիսկոպոսը:
    Խաղբակյանները մինչև 13-րդ դարի սկիզբը հողային տիրույթներ ունեին Խաչենում, իբրև իշխանական տոհմ՝ հնարավոր է ունենային նաև զինանշան, սակայն այդ մասին հավաստի տեղեկություններ չկան: Իսկ երբ նրանք տեր դարձան Կեչառիսից մինչև Արփա գետն ընկած հողերին և ստանձնեցին կուսակալի պաշտոն, որդեգրեցին նոր զինանշան:
     Նոր զինանշանը ընդունվել է Վասակ Ա-ի օրոք և առաջին անգամ հանդիպում է Կեչառիսի Կաթողիկե եկեղեցում: Պատկերագրության առանցքը դիմահայաց արծիվն է, որը մագիլներով բռնել է խոյի ողնաշարից: Զինանշանը կրող քարը նախապես եղել է Վասակաշեն Կաթողիկե եկեղեցու պատին, բայց հետագայում ցած է ընկել: Զինանշանային այս պետկերագրության ընտրությունը, հավանաբար, կայանում է նրանում, որ Վասակ Ա Խաղբակյանը ցանկացել է հաստատել, որ իրենք՝ Խաղբակնանները, հանդիսանում էն Սյունյաց թագավորության իրավահաջորդները, և այդ ժառանգականությունը ապացուցում են վերջիններիս զինանշանը սեփականելով:
   Խաղբակյան տոհմի հաջորդ ներկայացուցիչները հետագայում լրացնելով, հարստացնելով պատկերավորման մանրամասները՝ հավատարիմ մնացին որդեգրած զինանշանին:
   Գլաձորի համալսարանի Սուրբ Ստեփանոս եկեղեցու գմբեթի թմբուկի հարավային պատուհանի պսակից վեր, արտաքուստ, կառուցման ժամանակ տեղադրվել է իշխանատիրույթի զինանշանը: Այստեղ ևս արծիվը պատկերված է դիմահայաց: Գլուխը տիրական տեսք ունի, աչքերը խիստ են, կտուցը՝ զորեղ: Թռչնի թևերը ամբողջովին բաց են, վերնամասում դրանք ձևավորված են զիգզագ նախշազարդերով, որոնք այնուհետև զուգահեռ ակոսներով իջնում են մինչև թևերի ծայրը: Կուրծքը լիքն է, ամուր, ձևավորված անկանոն՝ մեծ ու փոքր շրջանակներով: Հզոր մագիլներով  սեղմել, գամել է գլխով դեպի աջ դարձած խոյին: Կենդանու՝ դիտողին  ուղղված հայացքը, ցավից բնականորեն  ձգված ոտքերն ավելի են ընգծում արծվի կամքը, ուժը: Արծվի մարմնի չորս անկյուններում գեղագիր տառերով փորագրված է եկեղեցու կառուցման թվականը՝ <<Թ (վին) ՉԻԲ (1273)>>:
     Խաղբակյանների զինանշանային տարբերակներից մեկը Գեղարդի վիմափոր գավիթում է: Սրահի երկու կամարները միացնող սյան գլխին երևում է ցուլի գլուխ՝ բերանից օղակ կախված, որից շղթայված են երկու իրար դեմ-հանդիման կանգնած և դեմքով դիտողին դարձած առյուծներ, որոնց պոչերի ծայրերն ավարտվում են վիշապի գլուխներով:  Շղթայի տակ, կենտրոնական մասում պատկերված է դիմահայաց, թևերը կիսաբաց, կուրծքը բնականորեն դուրս ցցված արծիվը, որը մագիլներով պահում է խոյի ողնաշարից: Գլաձորի պատկերաքանդակին հակառակ՝ այստեղ խոյը գլխով դարձած է դեպի ձախ, իսկ ամբողջ քանդակաշարքը մատուցված է առանց մանրամասների ընգծման, հարթ մշակմամբ: Սակայն ամբողջական պատկերը խիստ ազդեցիկ է ու խոսուն: Առյուծները կերպավորում են Պռոշ Հասանի Պապիկ Բ և Ամիր Հասան Ա որդիներին, որոնք հավերժորեն կապված են հայրենիք պաշտպանության շղթային:
Խաղբակյանների իշխանանիստ-մայրաքաղաքում՝ Սրկղունք գյուղում, կառուցվել է պալատ (դարբաս): Պալատի մուտքի բարավորին քանդակված է եղել տոհմական զինանշանը՝ դեմ-դիմաց կանգնած զույգ առյուծներով, սակայն այդ քարը հետագայում օգտագործվել է այլ նպատակով, և առյուծների պատկերները փշրվել են:
   Հետաքրքիր լուծում է տրված պատմական  Գոմբ գյուղում, 1277 թվականին կառուցվածորմնփակ խաչքարին: Գոմբ գյուղի որմնափակ խաչքարը կառուցվել է Խաղբակյանների տան ծառայական Խոդյանի որդիների՝ Մխիթարի և Արևիկի պատվերով: Որմնափակ խաչքարի արևելյան կամարին, պատուհանից վերև քանդակված է իշխանատիրույթի տերերի՝ Խաղբակյանների զինանշանը՝ դիմահայաց, կիսաբաց թևերով արծիվը, որ մագիլներով  ճզմել է դեմքով դեպի ձախ  դարձած խոյին: Այս քանդակի արծիվը ձևով կրկնում է Գլաձորի Սուրբ Ստեփանոսի թմբուկի վրա եղած քանդակին:
    Հետաքրքրական է, որ նույն որմնափակ խաչքարի արևմտյան կողմում, ներքևի ճակատին պահպանվել է ևս մեկ զինանշանային քանդակ. իրար դեմ-հանդիման կանգնած են առյուծ և ցուլ: Ինչպես Գեղարդում՝ Խաղբակյանների տոհմի հիմնական  զինանշանում, այստեղ ևս առկա են առյուծը և ցուլը: Հավանական է, որ որմնափակ խաչքարի նաև այս զինանշանային պատկերաքանդակը նույնպես պատկանում է Խաղբակյաններին: Որմնափակ պաչքարը, որ նույնաբնույթ հուշարձանների մեջ լավագույններից է, ինչպես նաև զինանշանները, պատրաստել են քարգործ  վարպետներ Մխիթարը և Շնորհավորը:
   Մեծանուն հայագետ Գարեգին Հովսեփյանցը դարասկզբին Գոմք գյուղի մոտ գտնվող գյուղատեղում տեսել, նկարագրել է մի խոյաձև  տապանաքար, որը պատրաստվել է 1264 թվականին, Փուրղուլի եղբոր՝ Ճուրղուլի հիշատակին: Տապանաքարի մի երեսին դեմ առ դեմ կանգնած են շղթայից զարկված առյուծ և ցուլ, իսկ մյուս երեսի պատկերների մեջ առկա է մագիլների մեջ խոյ բռնած արծիվը: Փաստորեն տապանաքարի վրա առկա են Խաղբակյան տոհմի զինանշանային պատակերները:


<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 69-73, Տիգրան Հայազն




ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ




Զաքարյանների իշխանապետության հզոր, ինքնօրեն իշխանատոհմերից են Օրբելյանները: Մոր կողմից Բագրատունիներից սերված Օրբելյանները, որ տիրույթներ ունեին Լոռիում և Ձորագետում, Հայաստանի արևելյան սահմանագլխին հայտնվեցին 12-րդ դարի վերջին:
    Էլիկում Ա-ն, հավանաբար, 12-րդ դարի 70-ական թվականներին Ատրպատականի, Առանի և Նախճավանի կառավարիչ Մուհամեդ  Փահլավանի կողմից նշանակվեց Երնջակ բերդի, Ճահուկ ավանի, Քալասրահի զորքերի գլխավոր: Նա ամուսնացավ տեղական մեծահարուստ Աբաս Ճահկեցու և Սյունյաց Ստեփանոս եպիսկոպոսի քրոջ աղջկա՝ Խաթունի հետ, որը կարևոր դեր կատարեց նրա քաղաքական կողմնորոշման գործում դեպի հայկականն ու հայությունը: Նա զոհվում է 1184 թվականին, Գանձակի ճակատամարտում: Միակ որդին՝ Լիպարիտ Գ-ն, մոր հետ արգելափակվում է Նախճավանում: 
    Իսկ հայ-վրացական զորագնդերն արդեն մոտենում էին Սյունիքին: Ստեփանոս եպիսկոպոսը դիմում է Իվանե Ա Զաքարյանին, Թամար թագուհուն, վերջինիս որդի Գեորգի Լաշային և նրա հովանավորությամբ կազմակերպում քրոջ որդու փախուստը Նախճավանից: Իվանե Ա Զաքարյանը Լիպարիտ Գ-ին նշանակում է Սյունիքի վրա հարձակվող զորաջոկատներից մեկի հրամանատար: Լիպարիտ Գ-ն կռվում է քաջաբար և Սյունյաց լեռնաշխարհն ազատագրելուց հետո Իվանե Ա-ից տիրույթներ է ստանում Գեղարքունիքում, Վայոց ձորում, Կոտայքում, Ուրծում: Այս Լիպարիտ Գ-ով էլ սկսվում է Օրբելյան իշխանատոհմը:
     Օրբելյան իշխանատոհմը հայ իրականությանը տվել է ականավոր ռազմական, քաղաքական և հոգևոր գործիչներ: Լիպարիտ Գ-ի որդի Սմբատ Բ-ն, որ մոնղոլների տիրապետության պայմաններում այնքան հզոր դիրք ուներ Հայաստանում և մոնղոլական արքունիքում, որ իր իշխանատիրույթում ինքնօրեն արքա էր ճանաչված, Տարսայիճ Ա-ն, վերջիններիս ժառանգներն ավելի քան երեք ու կես հարյուրամյակ տիրեցին երկրամասին՝ կռվելով բազում թշնամիների դեմ, անխարդախ ծառայելով հայ ժողովրդի հարատևության գաղափարին:
   Օրբելյան տոհմի հոգևոր կենտրոններում՝ Տաթևում և Նորավանքում, ինչպես նաև ընդարձակ իշխանատիրույթի մշակութային մյուս օջախներում՝ Հերմոնում, Ցաղաց քարում, Եղեգյաց անապատում, Մաքենյաց վանքում, Գնդևանքում, Մամասի վանքում և այլուր, նրանց հովանավորությամբ ստեղծվեցին հարյուրավոր մեծարժեք ձեռագրեր: Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, Օրբելյանների նպաստավորմամբ՝ բարձր տիպի միջնադարյան ուսումնական հաստատությունը վերաբացվում է Տաթևում և իր գործունեության ընթացքում հայ մշակույթի սպասավորների պատրաստման գործում անգնահատելի դեր կատարում:

    Մեծ է  Օրբելյանների իշխանատոհմի ծավալած շինարարական գործունեությունը: Ավելի քան մեկ դարի ընթացքում Օրբելյան տան տարբեր իշխանավորներ (Լիպարիտ Գ, Սմբատ Բ, Տարսայիճ Ա, Բուրթիլ Բ) կառուցել են Նորավանքի հոյաշեն եկեղեցիները, գավիթը, տոհմական տապանատունը: Այստեղ աշխատել ու շինությունները կառուցել են միջնադարյան Հայաստանի հանճարեղ ճարտարապետներ Սիրանեսը և Մոմիկը: Օրբելյան տան պատվերով են կառուցվել Արենիի հոյաշեն եկեղեցին, Սելիմի իջևանատունը, Սուրբ Կարապետը, բազմաթիվ բերդեր, պալատական շինություններ:
   Օրբելյանների տոհմը խնամիական կապերով կապված էր ժամանակաշրջանի մյուս հայկական իշխանատոհմերի հետ, իսկ Տարսայիճ Ա-ի Էլիկում որդու շառավիղ Բաշքեն Բ-ի դուստրը 15-րդ դարի առաջին կեսին Վրաստանի թագուհին էր, իսկ որդին՝ Ռուստամը, հասավ կարա-կոյունլու թուրքմենների պալատական վեզիրի պաշտոնին և նպաստեց Սյունիքում ու Այրարատում իր տոհմի իշխանությունը որոշ ժամանակով ամրապնդելուն:
 
Օրբելյանների իշխանատոհմի առաջին ներկայացուցիչների շրջանից զինանշանային պատկերներ չեն պահպանվել: Այն օրինակները, որ հասել են մեզ, վերաբերվում են 14-րդ դարի սկզբին և առաջին կեսին:
   Զինանշանանյին երկու պատկերներ պահպանվել են Օրբելյանների տոհմական տապանատանը՝ Նորավանքում:
    Կառուցման թվականով վաղագույնը Սմբատ Բ-ի դամբարանում գտնվող Տարսայիճ Ա-ի որդի Էլիկում Դ-ի տապանաքարի բարձրաքանդակն է: Այն պատրաստված է 1310-ական թվականներին: Տապանաքարի վրա փորագրված է հասակով մեկ կանգնած առյուծ, որը մարմնի վերնամասով շրջվել ու նայում է դիտողին: Առջևի թաթերը հպված են կողերին: Դեմքը տիրական է, խորն ընկած աչքերը՝ վեհ ու հերոսական, մեջքին առկա է բծավոր բաշը: Պոչը ոտքերի միջնամաով փաթաթված է ոտքին: Առյուծի պատկերով զինանշաններ ունեն Զաքարյանները, Վահրամյանները, Պռոշյանները, Հոնենք, սակայն այստեղ այլևս պայմանականություն չկա, և որպեսզի պարզ լինի, որ իրոք, տապանաքարի վրա զինանշան է պատկերված, ընթերցենք տապանագիրը. <<Թվիս ՉԽԹ (1300): Զգեղեցկատիպն Էլիկում, որդի մեծի Տարսայիճին որ առյուծորեն խրոխտ մռընչեր ընդէմ այլասեռ գնդին...>>:
    Արձանագրությունից հետևում է, որ Էլիկում Դ-ն առյուծաբար կռվել է այլացեղ թշնամիների դեմ: Հավանաբար, նույն պատկերը եղել է նաև նրա դրոշի վրա: Բուրթելաշեն եռահարկ եկեղեցու հյուսիսային պատի արևմտյան կողմում, պեղումների ժամանակ գտնվել է մագիլներով գառ բռնած արծվի արձանային քանդակ: Պատմաբանները կարծում են, որ քարը նախապես եղել է եկեղեցու վերնամասում, երկրորդ հարկի ճակատային մասում: Զինանշանը պատրաստվել է եկեղեցու կառուցման ժամանակ՝ 1330-ական թվականներին: Զինանշանը, ինչպես և եկեղեցին, հավանաբար, կերտել է Մոմիկ ճարտարապետը: Արծիվը պատկերված է դիմահայաց, հզոր, տիրական գլխով, ուղղորդված, սուր հայացքով: Թևերը մարմնից հեռացած ու ուղղահայաց իջնում են ներքև: Հոդերի մասում ձևավորված են կլոր վարդյակով, իսկ ընդհանրապես՝ զուգահեռ փոսիկներով: Մարմնի ներքնամասից սկիզբ առնող ոտքերը մշակված են թեփուկաքանդակային եղանակով: Հզոր մագիլներով հենված է գառան ողնաշարի վրա: Թեև վերջինիս մարմնի ոչ մի մանրամասնը շեշտված չէ, բացի ականջներից, բայց պատկերված է իրական գծերով: Կենդանու վիզը մարմնի համեմատ երկար է, ինչը երբեմն գառը եղնիկի հետ շփոթելու պատճառ է դառնում: Կենդանին պատկերված է առջևի ոտքերը ծալած, ծնկած վիճակում և լիովին արտահայտում է Օրբելյան իշխանավորի գերագահ դիրքը շրջապատի թշնամիների նկատմամբ, որոնց պահել է ծնկաչոք վիճակում: Հիշատակարաններում հենց այդպես էլ խոսվում է Բուրթել Բ-ի մասին, որ ժամանակակիցներից ստացել է Մեծ հորջորջումը:

   Սակայն արծվաքանդակի այսօրինակ մոտիվով զինանշանը Օրբելյան տոհմում առաջինն օգտագործել է Բուրթել Բ-ի հորեղբայր Ջալալ Օրբելյանը: Ջալալը Տարսայիճ Ա-ի և Մինախաթունի որդին է: Նրա տիրույթները գտնվում էին Ուրծաձորում և Արած գավառներում (ներկայումս՝ Արարատի և Եղեգնաձորի տարածաշրջաններում): Իշխանատիրույթի մայրաքաղաքը Չիվա գյուղն էր, որը 1298 թվականին նա վաճառեց  ավագ եղբորը՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանին: Ջալալի կինն էր Զաքարյան տոհմի Իվանե Բ-ի դուստր Գոնցան: Նրանք միասին ներկայիս Արածո գետի (Արարատի տարածաշրջանում) վերին հոսանքում կառուցեն են Սուրբ Կարապետ վանքը, որ կոչվել է նաև Սպիտակավոր Աստվածածին: Ահա այս կառույցում էլ պահպանվել է արծվի բարձրաքանդակով զինանշանը:  Այն առանձին քարի վրա է: Արծիվը դիմահայաց, կիսաբաց թևերով է, մշակված թեփուկաքանդակային եղանակով, մագիլներում ճզմել է գառան ողնաշարը: Զինանշանակիր քարը նախապես ագուցված է եղել եկեղեցու պատի մեջ ու հետագայում շենքի քանդվելու պատճառով ընկել է եկեղեցու ներսը Եկեղեցու կառուցումն ավարտվել է 1301 թվականին: Այդ նույն ժամանակ էլ, հավանաբար, պատրաստվել է զինանշանը: Տարիներ շարունակ հավատացիալները արծվակիր քարի վրա մոմ են վառել, որի հետևանքով զինանշանը ծածկվել է մոմի մնացորդներով ու սևացել:
   Փաստորեն, նույնապատկեր արծվակիր զինանշան ունեցել են Տարսայիճ Ա-ի որդիներ Էլիկում Գ-ի և Ջալալի ճյուղերը:
   Իսկ ահա Տարսայիճ Ա-ի եղբոր Իվանե Գ-ի թոռը՝ Լիպարիտ Դ-ի  որդի Չեսար իշխանը, որի տիրույթները տարածվում էին ներկայիս Գլաձորի և Վերնաշենի սահմաններում, զինանշանի համար ընտրել է այլ կենդանու՝ ցուլի պատկերը: Այն քանդակված է 1332 թվականին կառուցված Սելիմի իջևանատան մուտքի ձախ կողմում, վերնամասում: Ցուլը պատկերված է զոհի վրա հարձակվելու պահին: Առջևի ոտքերը համաչափորեն ծալված են, պոչը ցցված է մեջքի վրա: Կենդանին դեմքով նայում է դետողին: Կիսակլոր եղջույրները նույնպես շեշտում են ցուլի կատաղությունը:
   Խաղբակյան իշխանատոհմի ներկայացուցիչները, որ Օրբելյանների հարևաններն էին, ի սկզբանե որդեգրեցին Սյունյաց իշխանատան զինանշանային պատկերասրահի կենդանիներին (առյուծ, արծիվ, ցուլ)՝ դրանով հաստատելով իրենց ժառանգական իրավահաջորդությունը Սյունյաց իշխանատան նկատմամբ: Մինչդեռ Օրբելյանների իշխանատան առաջին ներկայացուցիչները, որոնք եկվոր էին, գիտակցաբար չդիմեցին այդ պատկերասրահին, իսկ մեկ հարյուրամյակ անց նրանց ժառանգներն օգտագործեցին դրանք:


<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 74-79, Տիգրան Հայազն

Просмотров: 1557 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/30
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Август 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz