Աշոտ Աջամօղլյան. Այս գիրքը կարծես զավակի ծնունդ լիներ
28.11.2012
Մանկավարժական
համալսարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ ՀՊՄՀ
սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Աջամօղլյանի ՛՛Վերելք Արարատ՛՛ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, հյուրեր ԵՊՀ-ից, դասախոսներ և ուսանողներ:
Բացման
խոսքով հանդես եկավ համալսարանի գիտական գրադարանի տնօրեն, գրքի խմբագիր
Տիգրան Պետրոսյանցը: Վերջինս կարևորեց գրքի լույսընծայումը` համարելով այն և
գիտական, և հանրամատչելի աշխատություն. ՛՛Օտարները հիացել են Արարատով,
երբեմն այն անվանել ՛՛լեռների լեռ»՛՛ կամ ՛՛սարերի սար՛՛: Այս գրքի
ընթերցողը ականատես կլինի մոտ մեկ դարի ընթացքում կատարված վերելքների ողջ
ընթացքին ու հաղթահարած դժվարություններին՛՛:
Գրքի
հեղինակ Աշոտ Աջամօղլյանին շնորհավորանքի խոսքեր ասացին ԵՊՀ
աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոսներ Արամ Ավագյանը,
Գուրգեն Հովհաննիսյանը, երկրաբան Կարապետ Վարդանյանը, գործընկերներ
Միքայել Մանուկյանը, Բորիս Մնացականյանը, Աշոտ Գալստյանը, մագիստրոս Շողիկ
Սահակյանն ու պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ
Գևորգյանը: Վերջինս
պատմաբանի անվրեպ հայացքով ներկայացրեց ՛՛Վերելք Արարատ՛՛ աշխատությունը`
նշելով, որ, այնուամենայնիվ, դժվար է խոսել Արարատ լեռան մասին. այն հայ
ժողովրդի համար ունի անանց նշանակություն: Խոսելով գրքի ստեղծման մասին` հեղինակն անդրադարձավ 2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի` դեպի Արարատ կազմակերպած վերելքի
մասին, երբ 35 երկրների պատվիրակներից մի քանիսին` այդ թվում նաև
Հայասատանի ներկայացուցիչներին, թուրքական կառավարությունը մերժել է
բարձրանալ Արարատ:
՛՛Այդ
օրվանից հոգիս ալեկոծվում էր: 2010 թվականին վերջապես ճանապարհորդեցի
պատմական Հայաստանում: Բարձրանալով Արարատի լանջերով՝ գործնականում
համոզվեցի, որ Արարատն է ՛՛լեռների լեռը՛՛,-հիացմունքով նշում է գրքի հեղինակն ու ավելացնում. ՛՛Բնասեր,
թե ճանապարհորդ, զբոսաշրջիկ թե լեռնագնաց, ով առաջին անգամ հյուրընկալվում
է հայկական գեղեցիկ բնաշխարհում, անմիջապես հետաքրքրվում է իր առջև հառնող
երկնասլաց առասպելական Արարատ լեռով, որի ուսումնասիրման կարևորագույն
ժամանակաշրջանը 19-րդ դարն է՛՛: Գրքում
առանձնակի տեղ է հատկացված հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանին, որը
1829 թվականին Ֆ.Պարրոտի, իսկ 1845 թվականին՝ Հ. Սեյմուրի հետ բարձրացել է
Արարատի գագաթը: Համառոտ
ներկայացված են նաև Արարատի երկրաբանական ու ֆիզիկաաշխարհագրական
նկարագիրը, լեռ բարձրացած գիտնականների դիտարկումները՝ կապված 1840 թվականի
հունիսի 20-ի երկրաշարժի հետ:
Նշենք,
որ շնորհանդեսն ուղեկցվում էր նաև Մանկավարժական համալսարանի
սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի աշխատակից, քարտեզագիր Տիգրան
Բաբայանի` ՛՛Արևմտյան Հայստանը լուսանկարներում՛՛ խորագրով լուսանկարների ցուցադրությամբ:
|