ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը
Բացումը սեպտեմբերի 11-ին, ժամը 14.00-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում
Տիգրան Հայազնի ՛՛ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐ՛՛ կենսագրական հանրագիտարանից
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԶԱՔԱՐ ԱՎԱԳԻ
(ծն. 11.12.1924 թ., Սյունիքի մարզ, Սիսիանի շրջան, գ.Սառնակունք),
գեղանկարիչ, պրոֆեսոր (22.10.1992 թ.), ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1983 թ.),
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (2005 թ.), Սանկտ-Պետերբուրգի
գիտության և արվեստի Պետրովյան ակադեմիայի ակադեմիկոս (1995 թ.), Երկրորդ
համաշխարհային պատերազմի մասնակից, Սանկտ-Պետերբուրգի նկարիչների միության
անդամ (1956 թ.), Հայաստանի նկարիչների միության անդամ (1963 թ.): 1938 թ.
ավարտել է Սիսիանի 7-ամյա դպրոցը, 1941 թ.՝ Գորիսի մանկավարժական
ուսումնարանը, 1948 թ.՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի
ուսումնարանը, 1951 թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1956 թ.՝
գերազանցությամբ՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Սանկտ-Պետերբուրգի Ի.Ռեպինի
անվան ինստիտուտը, 1961 թ.՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Սանկտ-Պետերբուրգի
Ա.Գերասիմովի ստեղծագործական արվեստանոցի դասընթացը: 1941-1942 թթ-ին եղել է
Սիսիանի շրջանի Սպանդարյան և Շաղաթ գյուղերի դպրոցների գծագրության և
մաթեմատիկայի ուսուցիչ: 1942-1945 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում,
մասնակցել պատերազմին և Կովկասից հասել Բեռլին: 1961-1968 թթ-ին եղել է
Սիսիանի մանկական արվեստի դպրոցի տնօրեն, 1967-1970 թթ-ին՝ ՀԽՍՀ
լուսավորության նախարարության ուսուցիչների վերապատրաստման ինստիտուտի
գեղարվեստի կաբինետի վարիչ, 1968-1981
թթ-ին՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստական
դաստիարակության ֆակուլտետի գծանկարի ամբիոնի ավագ դասախոս, 1971-1984
թթ-ին՝ դոցենտի պաշտոնակատար, 1981-1994 թթ-ին՝ ՀՊՄՀ գծանկարի ամբիոնի
վարիչ: 1984 թ-ին ստացել է
դոցենտի գիտական կոչում: 1995 թ-ից ապրում և աշխատում է
Սանկտ-Պետերբուրգում: Հայտնի աշխատանքներից են ՛՛Սայաթ-Նովա՛՛ /1963 թ./,
՛՛Կոմիտաս՛՛ /1968 թ./, ՛՛Հին Մեղրի՛՛ /1970 թ./, ՛՛Արագած. ծաղիկներ՛՛
/1974 թ./, ՛՛Հին Երևանյան բակ՛՛ /1980 թ./, ՛՛Հին Ռիգա՛՛ /1980 թ./,
՛՛Սամարղանդ. Ռեգիստան՛՛ /1980 թ./, ՛՛Մեգալիթներ Սյունիքում՛՛ /1980 թ./,
՛՛Մանուշակներ և ձնծաղիկներ՛՛ /1982 թ./, ՛՛Վարդեր՛՛ /1982 թ./,
՛՛Ա.Զ.Խաչատրյան՛՛ /1982 թ./ կտավները: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել
Սանկտ-Պետերբուրգում /1956 թ./, Մոսկվայում /1974 թ./, Երևանում /1975
թ./, Շվեյցարիայի, Հնդկաստանի, Շվեդիայի, Ֆինլանդիայի տարբեր քաղաքներում:
Աշխատանքներից պահվում են Երևանի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի և այլ
պատկերասրահներում: Հրատարակել է ՛՛Զավեն Խաչատրյան՛՛ /2004 թ.,
Սանկտ-Պետերբուրգ, ռուսերեն/ ալբոմը: 1961 թ-ին Սիսիանում հիմնադրած
մանկական արվեստի դպրոցին տրվել է իր անունը: Պարգևատրվել է խորհրդային
Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի /1945 թ./, Կարմիր աստղի /1944 թ./
շքանշաններով, ՛՛Խիզախության համար՛՛ /1943 թ./ և այլ մեդալներով:
|